ՀՈԳՈՒՍ ՏԱՃԱՐԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք արցախցի թոշակառու մանկավարժ  Սուրայա Ղազարյանը մասնակցել է «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ի կազմակերպած «Իմ եկեղեցին»  խորագրով մրցույթին և արժանացել  առաջին կարգի մրցանակի «Լավագույն միտք» անվանակարգում: Շնորհավորում ենք և  ներկայացնում նրա  ստեղծագործությունը:

Սրտիս եռքը քեզ համար է,

Հոգուս ճիչը քեզ համար է,

Քեզ համար է տվայտանքս,

Քեզ համար է երազանքս…

Ա՜խ, ե՞րբ պիտի մին էլ տեսնեմ…

Ծնվել ու հասակ եմ առել աշխարհագրական մի այնպիսի տարածքում, որը խորհրդային տիրապետության շրջանում հայտնի էր որպես աթեիզմի բացառիկ կենտրոն: Շրջապատում եկեղեցի չկար, խունկ ու մոմ չէինք վառում, ծնողներս չէին աղոթում, մենք՝ նույնպես: Ուխտի չէինք գնում, պաս չէինք պահում.չգիտեինք՝ Սուրբ ծնունդն ինչ է, Զատիկն ինչ է, Վարդավառը՝ ինչ, Հայր մեր-ը՝ ինչ…

Մի խոսքով՝ այս բոլոր ավանդույթներն ու սովորույթները, եկեղեցական տոները չէինք պահպանում, սակայն յուրաքանչյուրիս երկրորդ բառը առնչվում էր Արարչի հետ. ա՜խ, Աստված ջան, օգնիր, Աստված տա, Աստված քեզ հետ, Աստված հասցնի, Աստված մեծ է, Աստծո պահածն է և այլն:

Առանց եկեղեցու գոյության, առանց աղոթքի և ուխտի, առանց ծիսական որևէ արարողության բոլորս Արցախում ունեինք մեր Աստվածը ու մեր հոգու եկեղեցին, մեր հավատն ու հավատամքը: Անծանոթին հյուրասիրում էինք հարազատի պես ու օթևան տալիս, նեղության մեջ գտնվողին ձեռք էինք հասցնում, անպաշտպանին՝ պաշտպանում, դժբախտության մեջ գտնվողին՝ ցավակցում ու մխիթարում, հարևանին՝ աջակցում, բերք ու բարիքից բաժին հանում, վիրավորին՝ սփոփում, հիվանդին՝ առողջությոն մաղթում, մեծերին՝ օգնում, անհաշտ փոքրերին՝ խաղաղեցնում, մոլեգնածին՝ հանդարտեցնում, անհաշտին հաշտեցնում, ուրիշի խինդով՝ ցնծում…

Եթե մարդ իր կյանքում այսպես է ապրում, ուրեմն նրա հոգում 100-ավոր եկեղեցիներ են գործում, և պարտադիր չէ նրանց ֆիզիկական գոյությունը: Այսպես առանց եկեղեցու ապրում էինք, սակայն ունեինք մեր սրբավայրերը՝ հիմնականում ժայռափոր, ուր ամեն առիթով ուխտի էինք գնում՝ զավակ չունեցողին պտղավորվելու, հիվանդին բուժվելու, զինվոր որդուն պաշտպանելու, զավակներին երջանկություն մաղթելու, շրջանավարտի երազանքն իրականացնելու և, վերջապես, Արցախյան պատերազմներից հայրենյաց պաշտպանի ողջ ու առողջ վերադարձի ակնկալիքով…

Չունեինք եկեղեցի, բայց բոլորս ապրում էինք Աստծո հետ կողք կողքի՝ երբեք չհակառակվելով նրա պատվիրաններին:

Արցախյան գոյամարտը դարձավ ոչ միայն մեր ֆիզիկական անկախության առհավատչյան, այլև խորհրդային հազարավոր կապանքներից մեր հոգևոր աշխարհի վերածնունդը:

Դարերի փոշուց ու անտարբերության բազմաշերտ ծածկոցի տակից վեր հառնեցին Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ եկեղեցին, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը և մյուս սրբությունները, կառուցվեցին նորերը, ու մենք սկսեցինք ապրել իսկական հայ քրիստոնյայի պես՝ հարստացնելով մեր հոգևոր արժեքները: Դպրոցներում սկսեցին դասավանդել ,,Հայոց եկեղեցու պատմություն,, առարկան, սիրով Սուրբ ծնունդ, Զատիկ, Վարդավառ էինք տոնում, Թարգմանչաց տոն նշում: Դրանով մեր սաները և մենք կարողացանք հագեցնել մեր հոգու պապակը: Համարյա ամեն տարի այդ առարկայից մեր դպրոցը հաղթող էր ունենում օլիմպիադայի հանրապետական փուլում /ՀՀ/: 2010-ականներին էլ հայոց լեզվից օլիմպիադայում հաղթող սանիս հետ հնարավորություն ունեցա այցելելու Վաղարշապատի Գևորգյան ճեմարան /հանրապետական փուլն էր/, որտեղ մոտիկից առնչվեցինք Մայր Աթոռին, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներին: Շատ հպարտ ու երջանիկ էինք բոլորս:

Հայրենապաշտ ու բարերար մարդկանց ջանքերով պատրաստվում էինք փլատակներից վեր հանել ու վերականգնել Սուրբ Հակոբավանքը /արդեն ահագին աշխատանք էր կատարվել/, բայց…

2020 թվականին մասնավորապես և 2023-ին վերջնականապես արցախցիներս կորցրինք մեր դարավոր հոգևոր արժեքները, որ բաժին ընկան բարբարոս ու այլադավան ոսոխներին, որոնք շատ կարճ ժամանակում ,,սեփականաշնորհեցին,, մեր սրբությունները…

Դարեր շարունակ հայոց եկեղեցին է հայ պահել մեր ժողովրդին: Չենք ունեցել պետություն ու պետականություն, սակայն ունեցել ենք եկեղեցի ու հայրենասեր սպասավորներ, որոնք երկրի ճակատագրական ու օրհասական պահերին կանգնել են հայրենյաց պաշտպանի կողքին, ոգևորել նրանց ու հաղթանակներ կռել: Պատմությունը հարուստ է նման օրինակներով: Հիշենք Ղևոնդ Երեցին Ավարայրի ճակատամարտից. նա Ավարայր էր եկել և իր դասակիցներով կռվել Վարդանի կողքին: Հիշենք Սահակ Պարթևին, Մեսրոպ Մաշտոցին, Մովսես Խորենացուն, Գրիգոր Նարեկացուն, Ներսես Շնորհալուն, Սարդարապատի ճակատամարտի ժամանակ խրամատից խրամատ շրջող ու մարտիկին խրախուսող Գարեգին սրբազանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին, որին փորձում էին կաթողիկոսության հետ միասին տեղափոխել անվտանգ վայր, երբ թուրքը, գրավելով Ալեքսանդրապոլը, մոտեցել էր Էջմիածնին: Սակայն նա հրաժարվել է՝ գերադասելով իր մահը տեսնել Մայր Աթոռում. ,,Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից,,:

Արցախյան պատերազմների տարիներին ականատես եմ եղել, թե ինչպես էին երիտասարդ հոգևորականները մեր զինվորների կողքին մարտնչում Արցախի ազատության համար: Նրանք են ամուր պահել մեր հավատը՝ շատ հաճախ դառնալով ոսոխի գնդակի բաժին:

Հարազատ գյուղիս սրբավայրը՝ Մեծ Նանը, իր զորությամբ միշտ հեռու է պահել մեզ վտանգներից: Գտնվելով անմատչելի վայրում՝ ոչ ոք երբեք չի տուժել նրա վտանգավոր ճանապարհների պատճառով: Մեծ էր մեր հավատը նրա զորության հանդեպ: Արցախի համարյա բոլոր բնակավայրերն էլ ունեցել են իրենց սրբատեղիները, որ Նահատակ էին կոչում:

2023 թվականի բռնի տեղահանությունից հետո իմ Եկեղեցին՝ իմ Սրբությունը, մնաց հեռուներում՝ մշուշոտ ու սեգ սարերում, մութ ու թավ անտառներում, սառնորակ աղբյուրների պաղ ու ջինջ ջրերում, մանկությանս անդաստաններում, պատանեկությանս վառ ու գունեղ երևակայություններում ու ծերությանս թախծոտ ոլորաններում…

Հիմա այնտեղ ոսոխն է վխտում:

Այս խոր ցավի ու կարոտի օվկիանի միջից ուզում եմ գոչել.

-Կա՛նգ առ, ազգուրա՛ց դավաճան, այս Հայրենի՞քն էլ ես գայլերի բաժին դարձնում… Սերունդները չեն ներելու, անեծքով են հիշելու ողջ տոհմդ…

Իմ Եկեղեցին հավերժ է ու անսասան, հավատս ամուր է, և ոչինչ ու ոչ ոք չի կարող փլել Հոգուս Տաճարը: Ամեն անգամ մոմ վառելիս Աստծուց մի բան եմ խնդրում՝ վերադարձրու՛ իմ եկեղեցիների եկեղեցին՝ Արցախս…