ՉՄՈՌԱՑՎՈՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲՌՆԱՏԵՂԱՀԱՆՎԵԼՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑ

Ռուզաննա Հովհաննիսյանը ծնվել է 1989թ. նոյեմբերի 30-ին Ստեփանակերտում: Ավարտել է Ստեփանակերտի հ.3 դպրոցը: Սովորել է ԱրՊՀ քիմիայի եւ կենսաբանության ֆակուլտետում եւ ստացել կենսաբանի մասնագիտություն: 2012թ. ամուսնացել է հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ ԱՀ ՊԲ սպայի հետ, ունեցել երկու զավակ:

Մեր զրուցակից Ռուզաննան, ծնվելով Արցախի համար պատմական ժամանակաշրջանում, երբ ծնողները մասնակցում էին Արցախի ազատագրական շարժմանը, չէր կարող չսերմանվել հայրենասիրական գաղափարներով: Ռուզաննան իր հասակակիցներից շատերի նման պատերազմի այն սերունդն է, որոնց վաղ մանկությունն անցել է նկուղներում, իսկ թոթով լեզվի առաջին խոսքերն ու արտահայտությունները «Ալազան», «Կրկժանից խփում են», «Գրադ» եւ նման բառերն էին:

Արցախցիներին պատուհասած ճակատագրային պատերազմները անմասն չեն թողել նաեւ Ռուզաննային ու նրա ընտանիքին: Հայրենանվեր սպայի կին լինելն արդեն իսկ հասկանալի է դարձնում, թե ինչ դժվարությունների պետք է հանդիպեր, երբ Արցախը վտանգված էր, իսկ ամուսինը գրեթե միշտ թեժ կետերում կռիվ էր տալիս: 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արդեն ծնված էր նրանց դուստրը: Ռուզաննան, փոքր երեխան ձեռքին, շատ անհանգիստ պահեր է ապրել, մինչեւ որ ռազմական գործողությունները դադարել են, իսկ ավելի ուշ ամուսինը կարողացել է տուն գալ: Չնայած նրան, որ օդում միշտ էլ կախված էին սպասվող պատերազմի մասին լուրեր, այնուամենայնիվ Արցախում ապրելու ու երեխաներ դաստիարակելու նրանց ցանկությունը վեր էր ամեն ինչից: 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ արդեն ծնվել էր նրանց որդին: Իրավիճակը կարծես կրկնվում էր: Ամուսինը պատերազմն սկսվելու առաջին պահից մեկնել էր ճակատ: Ռուզաննան հիմա էլ երկու փոքր երեխաների հետ էր մենակ մնացել ու ստիպված իջել իրենց շենքի ապաստարան: Սակայն այս անգամ դրությունն ավելի լուրջ էր, ռմբակոծվում էր նաեւ Ստեփանակերտը: Մարդիկ դուրս էին գալիս Արցախից: Ռուզաննան երկար մտածեց, բայց ի վերջո նա էլ երեխաների հետ տեղափոխվեց Հայաստան: Պատերազմն դադարելուց հետո վերադարձան Ստեփանակերտ, հարազատ տուն՝ հասկանալով, որ ամեն ինչ այլեւս առաջվանը չէ:

Մեզ հետ զրուցելիս Ռուզաննան իր ապրումներով այսպես է կիսվել. «Արցախում ապրելը գիտակցված ընտրություն է եղել: Նույնիսկ 2020թ. պատերազմից հետո Արցախ վերադառնալը գիտակցված էր: Մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց երեխաների հետ վերադարձանք` հասկանալով, որ առաջնագծում ենք հայտնվել: Բայց մենք ունեինք հողը պահելու պարտականություն: Մենք ունեինք մեր մեծերի՝ պապիկների, տատիկների, ծնողների օրինակը մեր առջեւ, այն է՝ հողը ամուր պահել՝ ապրելով Արցախում: Ամուսինս շարունակում էր ծառայությունը ՊԲ-ում՝ պահելով մի բուռ դարձած Արցախի սահմանները: Իսկ ես մտածում էի, որ իրավունք չունենք թողնել մեր զինվորներին մենակ: Եթե սահման պահող զինվորը շրջվի, նա պիտի զգա ու տեսնի, որ ինքը ոչ միայն մենակ չէ, այլեւ թիկունքում նույնպես պայքարում են հայրենիքի ազատության համար»:

2022թ. դեկտեմբերին փակվեց դեպի Մայր Հայաստան տանող կյանքի միակ ճանապարհը: Արցախը հայտնվեց կատարյալ շրջափակման մեջ: Վրա հասած բլոկադային արցախցիները դիմադրում էին ինչպես կարող էին: «Բլոկադային պայմաններում ամենածանրը թերեւս այն էր, որ երեխաները քաղցր էին ուզում, իսկ մենք ունեինք գումար դա գնելու համար, բայց գնելու ոչ մի բան չկար: Երեւի քարից են արցախցի մայրերիս սրտերը, երբ գիտակցում էինք, որ շատ շուտով երեխաներին տրվող այն մի կտոր հացն էլ չի լինելու, սակայն չէինք կոտրվում, առավել եւս հանձնվում: Բարոյապես շատ դժվար էր, բայց նախընտրում էինք մահը, քան թե թշնամուց հաց խնդրելը, այն էլ այն թշնամու, որի ստորության մակարդակը սահմաններ չունի: 2023թ. սեպտեմբերին մեր որդին պետք է գնար առաջին դասարան: Անհրաժեշտ գրենական պիտույքներ չկային, հագուստ չէր գտնվում, բայց մենք, օգտագործելով արցախցու հնարամտությունը, ինքներս պատրաստեցինք տետրեր: Օգտագործեցինք տան եղած հին տետրերի մաքուր էջերը, կազմեցինք, մի տեղից գրիչ, մի տեղից մատիտ, ամենակարեւորը՝ ծաղիկ էլ գտանք ուսուցիչների համար ու այդպես երեխաներին ուղարկեցինք դպրոց»,-վերհիշում է Ռուզաննան:

«Սեպտեմբերի 19-ին երեխաներին տարա դպրոց:  Բլոկադային պայմաններում դասաժամերը կես ժամ էին տեւում, ուստի ժամը 12-ի կողմերը վերջանում էին մեր երեխաների դասերը: Մենք ապրում էինք Ստեփանակերտի Հեքիմյանի փողոցի շենքերից մեկում, երեխաները հաճախում էին Ավ.Իսահակյանի անվան հ.10 դպրոցը: Երբ գնում էի երեխաների հետեւից, դեռ չհասած դպրոց, ականջիս ձայներ էին հասնում, կարծես խուլ պայթյունների ձայներ լինեին: Ես գիտեի, որ վիճակը շատ լարված է: Եթե մինչ այդ ամուսինս կարողանում էր ոտքով տուն գալ ճաշելու, ապա վերջին օրերին չէր էլ գալիս: Ինչպես վիճակն էր տագնապային, այնպես էլ մեր ներքին ապրումները: Դպրոցում հանդիպեցի մայր ծնողների, որոնք ասացին, որ Հարավի դիրքերին խփում են: Եղբայրս այնտեղ էր: Փորձեցի զանգել նրան: Երբ հաջողվեց կապվել հետը, ասաց, որ բան չկա: Բայց շատ անհանգիստ էի: Կապվեցի ամուսնուս հետ, նա էլ իր հերթին բարկացավ, թե բան չկա: Կարծես բոլորը պայմանավորվել էին, որ իրականությունը պետք է թաքցնեն, այդ թվում եւ՝ ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը: Աղջիկս այդ օրը պետք է պարի ու նկարչության խմբակներ գնար, բայց ես, ելնելով իմ ներքին անհանգստությունից, չտարա: Երբ սկսվեց հրթիռակոծությունը, մենք տանն էինք: Իհարկե, սարսափելի ձայներին ծանոթ էի, հասկանում էի՝ ինչ է, բայց արգելակվել էի: Երեխաների վախեցած հարցադրումներից սթափվեցի, հապճեպ բռնեցի նրանց ձեռքերից եւ վազելով իջանք շենքի ապաստարան: Մեզ հետ էր ապրում ամուսնուս տարեց պապիկը, որը ձեռնափայտին հենվելով՝ հետեւեց մեզ եւ եկավ մեր կողքը: Նկուղում իրարանցում էր: Մարդիկ չգիտեին, թե որտեղ են իրենց տան անդամները, երեխաները: Մարդկանց մի մասը աշխատանքի էր, մի մասը հերթերում, շատ երեխաներ դեռ դպրոցից չէին վերադարձել կամ ճանապարհին էին: Նկուղում մեզ է միանում մեր հարեւանի աղջիկը, որը նույնպես սովորում էր 10-րդ դպրոցում: Նա շատ վախեցած էր, պատմում էր, որ ռմբակոծության հետեւանքով դպրոցի պատը փլվել է, մի կերպ կարողացել է վազել հասնել շենքի նկուղ:

Ձայներն ինտենսիվանում էին, իսկ մենք ավելի ու ավելի էինք տագնապում: Մի կողմից վախը, մյուս կողմից նկուղում ջրի, սննդի, դեղերի ու այլ անհրաժեշտ իրերի բացակայությունը վատթարացնում էին իրավիճակը: Չնայած ինքս էլ վախենում էի, բայց համարձակվեցի բարձրանալ տուն ջրի եւ իրերի հետեւից: Շենքը դղրդում էր: Արագ վերցրի ինչ կարողացա եւ նորից իջա նկուղ: Ժամ առ ժամ սարսափելի լուրեր էին հասնում: Կապի միջոց չկար: Արդեն չեմ հիշում երբ էր, որ ամուսինս մի քանի վայրկյանով մտավ նկուղ, գրկեց երեխաներին, իսկ իմ աչքերին չէր նայում: Նա ինձ փոխանցեց բռի մեջ պահած ոսկյա զարդերը, եւ իմ հարցերն անպատասխան թողնելով՝ հեռացավ: Ի՞նչ էր դա: Մի՞թե նրա հրաժեշտն էր. մտածում էի ես ու ատամներս սեղմելով՝ կուլ տալիս արցունքներս, որ հանկարծ չճչամ:

Մթնել էր: Երեխաներին պառկեցրել էի՝ մի ձեռքս մեկի, մի ձեռքս՝ մյուսի վրա պահելով: Զգում էի նրանց անհանգիստ շունչն ու սրտխփոցը: Ամեն պայթյունի ձայնից տղաս վեր էր թռչում, ասում էինք, որ մերոնք են, որ մի քիչ գոնե հանգստանան: Մինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ անօդաչուի սուր ձայնը, որը գնալով մոտենում էր, ասես գալիս էր հենց մեզ վրա: Ահասարսուռ ձայնին գումարվել էին նկուղից դեպի դուրս փախչել ցանկացող երեխաների գոռոցները, անհանգիստ ճչերն ու ընդհանուր լացը: Խուճապ էր: Մեծ ու փոքր իրար գլուխ բարձրանալով՝ շտապում էին դուրս պրծնել ապաստարանից: Ես քարացել մնացել էի երկու երեխաներիս գրկած: Քաոսի ու խուճապի ձայների մեջ սկսեց նահանջել անօդաչուի ձայնը, հավանաբար այն հեռացավ: Նկուղում շնչելը դժվար էր, կրծքավանդակս շատ էր ծանրացել: Մի րոպեով ցանկացա դուրս գալ թթվածին հավաքել: Դրսում խավար էր: Դեռ լիաթոք չշնչած՝ երկինքը լուսավորվեց շղթայական լույսերով: Կասետային ռումբերն էին, շողշողալով, մահ ու ավերածություններ սփռում Ստեփանակերտի վրա: Հնարավոր չէր մնալ դրսում: Չգիտեի՝  ինչ է սպասվում մեզ: Միամտորեն կարծում էի, թե ուր որ է օգնության կգան մեզ: Բայց ոչ մի օգնություն չկար: Մեր տղաները մնացել էին մենակ՝ իրենց վրա վերցնելով համայն հայությանն ուղղված հուժկու հարվածը:

Գիշերվա ժամը երեքին սկսվեց ներքին տեղահանվածների առաջին ալիքը: Գետավանից էին եկել ու հայտնել, որ պայթեցրել են կամուրջը, Գետավանն այլեւս չկա: Հոգնած, շոկային վիճակում երեխաներ, տարեցներ, կանայք էին, որոնք տեղավորվեցին Ստեփանակերտի  ապաստարաններում: Մեր հարազատներից ոչ մեկի հետ կապվել չէր ստացվում: Ես գիտեի, որ ամուսինս նույնպես այդ դիրքերում կարող էր լինել: Մղձավանջային ապրումներս թեթեւացան մեր հարեւանների միջոցով ինձ հասած տեղեկությամբ, որ ամուսինս ողջ է:  Մի կերպ լուսացրինք: Սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ին մեզ համար կյանքը կանգ առավ: Հայտնի դարձավ, որ զինաթափման հրաման կա, եւ որ ճանապարհը բացվել է մեր դուրս գալու համար: Մեր շրջապատում գրեթե բոլոր տղամարդիկ զինծառայողներ էին: Նրանցից ոմանք սկսեցին գալ տուն, համազգեստ էին վառում, ոմանք տան իրերն էին հավաքում: Բայց ամուսինս չէր գալիս տուն:

Քաղաքի վերեւի մասից լսելի էին ինքնաձիգի կրակոցներ, փոխհրաձգության նմանվող ձայներ: Ամենասարսափելի բաներն էի մտածում: Թվում էր, թե անպաշտպան ենք: Մտածում էի, որ կարող է պատահել զինված թշնամին ներխուժի քաղաք ու ապաստարաններ: Նպատակային համարեցի երեխաների հետ բարձրանալ բնակարան: Շուտով մեր տուն եկան քաղաքի Արմենավան թաղամասում բնակվող ամուսնուս բարեկամները: Իրենց տանը մնալն արդեն վտանգավոր էր: Մեր շենքի միջանցքում փայտե վառարան էինք տեղադրել: Դույլով ջուր էի տաքացրած պահում, սպասում էի, որ ուր որ է կգա նաեւ ամուսինս, որ կարողանա լոգանք ընդունել, լվացվել: Շենքի զինվորական տղամարդիկ եկել էին: Նրանք մտերիմ էին ամուսնուս հետ, եւ իհարկե գիտեին, որ ամուսինս գնացել է Կրկժան՝ օգնելու կասեցնել թշնամու մուտքը Ստեփանակերտ: Ես սկսում էի հասկանալ, որ եթե բոլորը այստեղ են, իսկ ամուսինս դեռ ոչ, ուրեմն վտանգ կա, որի կենտրոնում չլինել ամուսինս ուղղակի չէր կարող:

Սեպտեմբերի 21-ին որոշեցի գնալ ծնողներիս տուն, եղբորիցս նույնպես տեղեկություն չունեի, կապի միջոց առայժմ չկար: Իմ հայրական տունը շատ հեռու չէր, Կարմիր խաչի գրասենյակի մոտակա շենքում էր: Ոտքով գնացի, հանդիպեցի ծնողներիս, բարեբախտաբար եղբայրս ողջ էր, բայց դեռ տանը չէր:

Մեր քաղաքն ասես ուրիշ լիներ: Ամենուրեք տեղահանված մարդկանց խմբեր, վառարաններ փողոցների կողքերին, մի կողմից վառվող համազգեստի ու տան իրերի տհաճ հոտն էր զգայարաններս ներծծում, մյուս կողմից լսելի էին հրաձգության ականջահյուծիչ ձայները, իսկ աչքերիցս չէր վրիպում հուսահատված ու սոված մնացած մարդկանց շարժումները, որոնք փորձում էին քաղաքում աճող պոպոքի ծառից մի քանի պոպոք հայթայթել սնվելու համար: Ինչ դաժան էր իրականությունը:

Երբ տուն վերադարձա, բարձրացա տանիք, որտեղ կապը խափանումներով, բայց բռնում էր: Կարողացա կապվել ամուսնուս հետ, որի հետ խոսելու ընթացքում լսվող ձայներից ինձ հասկանալի դարձավ, որ նա քաղաքի արվարձաններում մարտեր է տալիս: Որպես կին ու երեխաների մայր, ես նրան մեղադրում էի, որ կարող էր գալ, բայց նախընտրեց մնալ ու պաշտպանել մեզ մինչեւ վերջ: Բայց որպես սպայի կին հասկանում ու հարգում էի նրա ընտրությունը: Վայրկյաններ տեւած մեր խոսակցության ընթացքում հասցրեցի ասել, որ երեխաները իրեն են սպասում, նա պատասխանեց, որ խոստանում է գալ: Հետագայում պարզվեց, որ քիչ հետո վիրավորվել էր…

Ամուսինս վիրավորվել էր ոտքից, ընդ որում՝ այն զինատեսակից, որի կիրառումն արգելված էր: Մենակ մնալով թշնամու կրակոցների տակ, արյունահոսող վերքով ու մերթ սողեսող, մերթ գլորվելով մարտ տալով նրան հաջողվել է թույլ չտալ թշնամու առաջխաղացումը եւ տեղափոխվել քաղաքի բանուկ մաս, որտեղ հանդիպելով մեր ոստիկաններին՝ համատեղ ջանքերով տեղափոխվել է հիվանդանոց:

Մեր զինծառայողները մինչեւ վերջ պայքարել են, եւ կատարել են դա պատվով: Ի պատասխան այն խոսակցությունների, թե արցախցիները չեն կռվել, հայտարարում եմ, որ արցախցի զինծառայողները պայքարել են մինչեւ վերջ, արել են հնարավորն ու անհնարը պաշտպանելու հայրենիքում ապրելու մեր իրավունքն ու ազատությունը՝ կասեցնելով թշնամու մուտքը Ստեփանակերտ»:

Ամուսնու վիրավորվելու լուրն իմանալուն պես Ռուզաննան գնում է հիվանդանոց, տեսնում, հասկանում, որ նա ծանր վիրավոր է: Բայց նրան Հայաստան տեղափոխելու այլ միջոց ու բժշկական ուղեկցություն չկար: Ծանր վիրավորում ստացած ՊԲ սպան պետք է հատեր սահմանը բոլորի պես:

Բռնատեղահանման ճանապարհը, որը ստացել է «Դժոխքի ճամփա» անունը, մղձավանջային էր նաեւ Ռուզաննայի ու նրա ընտանիքի համար: Դժվար էր նաեւ Հայաստանում փախստականի կարգավիճակով ապրելը, երկու բալիկների հետ վիրավոր ամուսնուն խնամելը, մինչեւ վերջինս վիրահատություններից հետո կկարողանար ոտքի կանգնել:

Շուրջ երկու տարի է անցել 2023թ. սեպտեմբերյան դեպքերից, բայց սարսափելի օրերը հիշողության մեջ դեռ վառ են մնում: Սփոփվում են Արցախ վերադարձի հույսով, ինչն էլ ցանկալի է, որ չմարի ոչ մի արցախյան ընտանիքում:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ