Հոդվածի հեղինակ՝ վաստակաշատ մանկավարժ Լաուրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆն իր կյանքի ավելի քան քառասուն լավագույն տարիները, որից երկու տասնամյակ՝ որպես դպրոցի տնօրեն, նվիրել է մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության վեհ գործին: Նրա ղեկավարած՝ Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան հ. 2 հիմնական դպրոցը միշտ էլ աչքի է ընկել սաների հայրենասիրական դաստիարակության, հայրենիքի արժանավոր քաղաքացիներ աճեցնելու բարձր մակարդակով: Լ. Մարտիրոսյանի կենսագրությունը հայրենասեր հայուհու, հայրենիքին անմնացորդ նվիրվելու, իսկական մանկավարժի վառ օրինակ է: Նա նվիրվել է՝ չակնկալելով պետական բարձր կոչում, չնայած այն ինքնաբերաբար պատշածում է նրա գործունեությանը: Վաստակաշատ մանկավարժն այժմ անցել է վաստակած հանգստի: Բայց այդ ՚հանգիստՙ -ը հարաբերական է: Նրա անհանգիստ, պրպտուն միտքը հիմա էլ հանգիստ չի տալիս նրան, ինչը հարիր է ճշմարիտ մտավորականին, իր երկրի ճակատագրով մտահոգ, արժանապատիվ քաղաքացուն: Միշտ էլ ՚Լուսարարՙ-ի հետ ջերմ կապ ունեցող մանկավարժը այսօր էլ թերթի միջոցով իր մտորումներն է կիսում մանկավարժական հանրույթի և թերթի/Արցախի շրջափակման հետևանքով տպագրական հումք չլինելու պատճառով թերթն իր գործունությունը շարունակում է էլեկտրոնային եղանակով/ մյուս ընթերցողների հետ՝ դարձյալ կատարելով մանկավարժի ու իր երկրին նվիրված քաղաքացու բարձր առաքելությունը: Կուզենայինք, որ նրա օրինակին հետևեին մեր շատ մտավորականներ: Նրանց խոսքը նույնպես կօգնի դիմակայել շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Չէ՞ որ Ի Սկզբանէ է Բաննՙ:
՚ԼՈՒՍԱՐԱՐՙ
ՈՉԽԱՐԱԾՆԵՐԸ` ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՂՆԵՐ ԿԱՄ` ՔՈՉՎՈՐ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ` ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Հիմա` 21-րդ դարի առաջին քառորդում մեր հերթական ազգային մեծ ողբերգության` Հայոց Արևելից Կողմանց շատ մեծ հատվածի կորստի ժամանակահատվածում, առավել քան համոզվեցինք, թե հեռու տափաստանաբանակ, ոչ բնիկ ցեղախմբերը, որ ժամանակների մեջ քանիցս փորձել են մուտք գործել մեր լեռնաշխարհ և մշտապես հայրենապահ ուժերի, երևելիների կողմից մռութներին միշտ հարված ստացել, հետ են շպրտվել, այնուհանդերձ, իրենց համար պատմական պատեհ-անպատեհ ժամանակներում, նաև հայ ստահակի գործելաոճից առիթավորված, կարողացան իրենց չարածին որոմով մտնել Սրբազան Տաճարից, մաքրամաքուր Հայոց աշխարհից, Արցախից ներս` անմեղ-անճար ոչխարածների կերպարանքով, պարզ չոբանությամբ, որի ենթաշերտերում թաթար-ազերու մեծ, հեռագնա քաղաքականությունն էր. թիզ առ թիզ որոմ գցել մեր հնամենի երկրում` այստեղ-այնտեղ շերտընդմեջ խցկվելով (խցկվելու աշխարհագրությունն էլ պլանավորված էր) հայոց բնակավայրերի արանքները, ոչխարաբուծությամբ պայմանավորված` վրան ու բույն դնել, ոչխարի արոտ խնդրել. թաթարի ոչխարի համար` արոտ, մեզ համար` Հայրենիք, հայոց հնամենի հողը ծվեն-ծվեն ոտնատակ տալ ու տիրանալ։ Ինչպես Մեծ արցախցին` Բագրատ Ուլուբաբյանը կասեր՝ «Այս է թուրքի քաղաքականությունը. նախ` որպես հյուր մտնել տունդ, ապա` սպանել տանտիրոջը և տեր դառնալ նրա տանը»։ Այսպես, նման «փափուկ», ճկուն և բռնի ձեռագրով նրանք բնավորվեցին մեր մեծ և ողջ հայրենիքում, սկզբից` սեպի նման խրվելով, ապա իրենք շատանալով-շատանալով, թիզ առ թիզ տիրանալով, մեզ մեր հայրենիքում սեպ և հյուր դարձնելով։
Այո՛, հայս հայրենասեր է։ Եղել են ամուր, պինդ հայեր` Դալի Ղազարներ, Մելիք Աբովներ, Թյուլի Արզումաններ, հայրենադավ հոր հայրենասեր որդի Մելիք Ջումշուդներ, որ առաջնորդել, երկիր են պահել, բայց, ըստ երևույթին, ազգովին չէինք այդպիսին, որ ավարառուն կարողացավ մեր չափարը, ցանկապատը ծակել ու մտնել։ Մտնել: Ծակել, ճմոռել, մտնել ու հասնել Շուշի։ Զարմանում, շատ եմ զարմանում` խոսելով ու դատելով այսօրվա այս ծանր իրավիճակի մասին։ Աշխարհի որ ծայրից ասես խելոք, պաշտոնյա փողկապավորներ, աշխարհակարգ սահմանող «երևելիներ», թուրքի պոչից բռնած, եկան-հասան անառիկ հայաշունչ Շուշի, այնտեղից էլ զննեցին, դիտեցին մեզ ու գնացին` հաջորդ հերթափոխին ճանապարհ տալով։ Եվ զայրույթով դիմում եմ նրանց: Թերևս չեն լսում նրանք. «Այս աշխարհի ա՛յ դուք մեծամեծեր, գոնե մի անգամ անզեն, անաչառ աչքով ու մտքով զննել, նայե՞լ եք Հայաստան, Ադրբեջան պետությունների քարտեզներին (քարտեզին) տարածաշրջանային ընդհանրության մեջ։ Ու թե նայել-զննել եք, մի՞թե ձեր մեջ չկար մեկը, որ բարձրաձայներ, աղաղակեր արհեստածին, անքնին, անզեն աչքով տեսանելի, ակնառու այդ խցկումները, այդ կեղծ շինծու գծագրությունը տեսնելով։
Մենք հարյուր տարի է, ճչում, աղաղակում ենք, դուք չեք լսում, քանզի պետք չէ ձեզ երևի։ Նախիջևանն էլ այլևս հայոց լեզուն չունի, որ աղաղակի, թե ինչու է ինքը հայտնվել մայր Հայաստանին կպած, բայց այլևս շատ հեռու նման վիճակում` Ադրբեջան-պետության կազմում, երբ ազերու հետ մի թիզ, մի բո՜ւռ անգամ հողային սահման չունի, որ Ջրականից (Ջաբրայիլ) հազար տարիների Հայաստան Հադրութն իր գյուղերով, մինչև Ավետարանոց ու Քարին տակ, քարուքանդ անելով ծակած-մտած, Շուշի հասած այդ` երևի շատ որակյալ ասֆալտե մայրուղին, որ ձգվում է քարուքանդ արված հայոց գյուղերի, գերեզմանների միջով, ձեզնից մեկի սիրտն ու բանականությունը չշարժվե՞ց այդքանը տեսնելով, թե՞ հրճվանք էր ձեզ համար մի հաճելի, հիշելի օր այդ մաքուր օդն ու ջուրը վայելելը, ազերուն ազնիվ ու կեղծ ժպիտներ պարգևելն ու հեռանալը։ Զարմանում եմ, զայրանում, բայց ո՜ւմ հայտնես քո զարմանքն ու զայրույթը։
Սա էր և` է՛ նրանց հեռագնա քաղաքականությունը, մեր գնահատականով` բարբարոսություն, իրենց համար` ազգային պետականության կերտման ուղիղ և ճշմարիտ ճանապարհ` մեզնից արոտ, յայլա ուզելով, հետևողական, քայլ առ քայլ իրականացվող քաղաքականություն։
Հա՜, իսկ մենք թե՛ այնօր, թե՛ այսօր հանճարեղ մտքերով քննադատել, հետամնացություն, անքաղաքակիրթ, ցածրակարգ նիստուկաց ենք համարել ազերու ոչխար արածեցնելու դարավոր վարքը, տասը և ավելի երեխա ունենալու նրանց` թեկուզ յուրտերում, ախոռներում ոտաբոբիկ մեծացնելու, մեզ ավելի խելացի, ավելի քաղաքակիրթ ներկայացնելով ու պատմությունից, մեծ սայթաքումներից ու ճակատագրական սխալներից այդպես էլ դասեր չառնելով։ Որ հենց մեր հայրենիքը կորզողի կենսաբանաձևն է ամենից ճիշտը, լավ թե վատ ծննդյան միջավայր` մնալ, ապրել հայրենիքում, գոյամիջավայրդ բազմացնելով, զարգացնելով։ Այս ի՜նչ կործանարար երևույթ է, որ դար ու տարիներ նստել, բույն է դրել հայիս հոգեբանության մեջ։ Հակադարձություններ, հիմնավորող պատճառաբանություններ` ինչքան կարող եք, միևնույն է` ճիշտ չէ, սխալ է։ Միևնույն է, հայրենիքում քանակական ու որակական պատշաճ ու հարգի, արմատական կարգավիճակ ունենալու դեպքում ցանկապատդ ամուր կլինի, չի ծակվի, չես խոցվի։ Այն, ինչով զբաղվել ու զբաղվում ենք օտար ափերում, օտարին հաճոյանալով կամ վիզ ծռելով, այդ նույնը անենք հայրենի հողի վրա, տիրաբար։ Մեր, հիրավի, ազգային հինավուրց քաղաքակրթությունը մշտապես աշխարհին հիշեցնելով` միջազգային ամենից բարձր ատյանների խիղճն ենք ցանկացել արթնացնել, մեր ազգային մեծ ցավերից ծնվող ճիչը լսելի դարձնել` արդեն քանի՜ հարյուր տարի մեկ արևմուտք, մեկ հյուսիս ու արևելք նայելով ու` մինչ այսօր… Եվ թվում է` միայն ու միշտ` այդքանը միայն։ Այդպես էլ պետականաշինության, պետության հզորացման խստապահանջ առաջնահերթությունը միակ և գլխավոր ուղենիշը չդարձնելով։
Հար և հավերժ մեր գլուխը խոնարհենք հանուն հայոց հայրենիքի գոյության բոլոր ժամանակներում մարտիրոսված, նահատակված, պայքարած ու պայքարող նվիրյալների առաջ։
Հար ու հավե՛րժ փա՛ռք անմահ նվիրյալներին և բոլոր նրանց, ովքեր հանուն հայրենիքի ապրել և ապրում են ճիշտ։
Այո՛, ո՞ւմ է լսում աշխարհը։ Այսօր էլ այդքանը հասկացանք, և ցավալի է, աշխարհն իրականության ուժեղ, թելադրող կողմի հետ է սեղան նստում, մարդատեղ դնում, նրա հետ հաշվի նստում։ Եվ ո՞ւմ են պետք իմ ու քո սին, անզոր ճշմարտությունները, մեր պատմական վկայություններն ու հազարամյա հիշատակումները մեր մեծ հայրենիքի մասին, երբ Տակը Հող չկա արդեն, երբ դու քո ոտքերով հայրենի հողի վրա չես քայլում, երբ գետնի վրա այլ իրողություն է։ Գոնե հիմա, գոնե հիմա կարո՞ղ ենք ուղղել մեր սխալները, հասկանալ` որն է գլխավոր մնայունը, որը` անցողիկ։ Պետք է հասկանալ, պետք է ուղղել։ Երևի տեղին է հիշատակել. ինչքան մեծ էր, ինչքա՜ն հզոր հրեաների` որպես ազգի պետականաշինության ունակությունն ու գենը, որ կարողացան երկու հազար տարի անց ի մի գալ, հավաքվել, վերադառնալ իրենց տուն ու վերաշինել իրենց տունը։ Սովորենք, վերագտնենք ու վերածնենք մեր ազգային ոգու ուժն ու զորությունը և անենք այն, ինչը օգուտ կբերի հայրենապահությանը, պետականությանը, բոլորով լինենք այն մեծ բռունցքի մի մատը, որ միասնական ուժով կխփի զնդանին, իսկ հայրենիքի կողքին, հայրենիքի մեջ լինելու, երկիրը պահելու համար պետք է լինել հայրենիքում։ Կա՞ երկիրը պահելու այլ գոյաբանաձև։ Չկա՛։ Ամենից բարդ, անելանելի փակուղու առաջ անգամ կանգնելով` ցանկացած տարբերակ ստորադասվում է հայրենիքում ապրելու գերադասությանը։ Այո, այդպես է, այլ կարծիք չկա. թաթար-ազերին թալանչի է, բարբարոս, ավարառու, անարդար։ Բայց այդքանով հանդերձ իր այդ վարքուբարքով հլու-հնազանդ պետական քաղաքականություն է իրականացնում։ Իսկ մենք, որ բոլոր մեր պահանջների մեջ արդար ենք, ո՞րն է մեր արդարության ուժը։ Միայն հանճարեղ խոսքն ու բառը, միմյանց ծանակելն ու ձաղկելը, հայրենի հողը պակաս սիրելն ու այն թողնելն է, «լավ» կյանքի տուտը բռնած, հեռուներից առ հայրենիք լավ բառերով ելույթներ ունենալը, կամ թե` լավագույն դեպքում բարեգործություն անելը։ Թերևս դա` բարեգործությունը, շատ գնահատելի քայլ է` երկրապահության շատ կարևոր երակ։
Միտքս աղավաղված չհասկացվի. բնավ, մենք ոչ ավարառության, ոչ էլ բարբարոսության համակիրը, կողմնակիցը չենք։ Պարզապես շատ վատ է, որ մինչև հիմա թուրքի ձեռագրին դիպուկ պատասխանելու ձևն ու բանաձևը չգտանք։ Ժամանակների տեղեկատվական աղբյուրներին, մամուլին, ԶԼՄ-ներին հիմա էլ ավելացած բազում ավելի հասանելի հարթակների միջոցով ինչե՜ր ասես, որ չեն ասվում ու չեն գրվում, հենց այնպես՝ մեր ջրաղացին մի կաթիլ ջրով անգամ չօգնելով։ Մեծախոսության ժանրից օգտվողների պակասը չունենք, իսկ քաղաքակիրթ տպավորություն թողնելու նպատակով երևի արդեն հազար անգամ գրել ու հայտարարել ենք, թե ով է քոչվոր թաթար-ազերին. տասը երեխա կունենան գոմում, ախոռում, կեղտի մեջ կմեծացնեն և այսպես շարունակ… Իսկ մինչ մենք մեծախոսում էինք, անստեղծ դատարկության մեջ Կովկասի թուրք-թաթարը տիրելու և տիրանալու ճիշտ բանաձևին հլու-հնազանդ ցեղախմբերի խառնամբոխից հասավ ազգի կարգավիճակի, դա էլ քիչ էր, հիմա էլ տարածաշրջանում աշխարհակարգ ձևավորելու ակտիվ հեղինակ է, իրեն հարգել թելադրող պետություն։ Այսօր` տեխնիկայի, կյանքի զարգացման մեր դարում, «գոմախոռային» կենսակերպից նրանք շատ են բարձրացել։ Թերևս այդ կենսակերպին հարգանքով եմ մոտենում, և հայրենիքը պահելու այդ` միշտ արդիական ամենից մեծ արմատից հայը ամուր չբռնեց։ Մենք հավուր պատշաճի չպահեցինք, չպաշտեցինք մեզ ծնած-սնած, աճեցրած մեր Սուրբ ախոռն ու մսուրը։ Այո՛, Հայոց աշխարհի, ազգային համատարած թուլացման իրողության շոշափելի և անտեսանելի ողբերգությունների հիմքում մեր մեծ մեղքի բաժինն է, որ մենք և անցյալ-անցյալ շատ սերունդներ ամուր չկառչեցինք մեզ սնած ու կերակրած Սուրբ ախոռին, մեր հայրենի տանը։ Այստեղ գոմի և ախոռի մասին խոսույթը պետք է հասկանալ ու ընկալել և՛ ուղղակի, և՛ անուղղակի իմաստով` ազգային արմատը հայրենիքում պինդ պահելու իմաստով։
Ոչ մի ժողովրդի, ոչ մի ազգի համար հեշտ չի եղել և այսօր առավել քան հեշտ չէ հայրենի տունն ու բույնը ամուր, անեղծ պահելը։ Այո՛, ժողովուրդների, մարդկանց գաղթերն ու բռնագաղթերը բոլոր ժամանակներում ունեցել և ունեն իրենց դրսևորումների իրաբուխ պատճառները։ Բայց ազգային գիտակցությամբ առաջնորդվելով, պետության ու պետականության գերարժեքը մշտապես պահպանելու գիտակցումը ունենալով, հայ ժողովուրդն իր հայրենիքում չպետք է լիներ զանգվածային գաղթի կրողն ու հեղինակը (խոսքս հարկադիր- հարկադրված, բռնագաղթի ենթարկվելու մասին չէ)։ Թերևս հայրենիքում հզոր լինելու, հայրենիքը հզորացնելու ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում գուցեև չհամարձակվեն հարկադրել, բռնագաղթեցնել։
Եթե երկրիդ դարպասները ամուր կրունկներով են խրված քեզ ժառանգված հայրենի հողում` չեն համարձակվի։ Խնդիրը ազգային գոյութաբանության կենսափիլիսոփայության, քո երկրում ժողովրդագրական, ազգային-էթնիկական պատկերի որակական և քանակական պահանջվող անհրաժեշտ կարգավիճակը, մակարդակը պահելու մեջ էր և` է։ Պարզապես նրանք` հարևանները, կարողացել են օգտվել մեր սխալներից, մեր «քաղաքակիրթ» թուլություններից։ Աճեցին, բազմացան ու բարձրացան։ Այսօր մենք` թիրախ, իրենք` դիպուկահար… Մեր ազգային ողբերգություններում հարյուր պատճառ կա` հիմնավոր և անհիմն։ Բոլորս, ես էլ այդպես, ձեզ պես եմ դատում։ Բայց հայրենիքի պահպանության, պաշտպանության հարցում ո՛չ մի պատճառ ներում չունի, անընկալելի է։ Անընկալելի է, երբ մեկը նվիրյալ է, մյուսը` ոչ, անընկալելի է, երբ նույն ժամին մեկը մարտնչում է, մյուսը` հաճույք վայելում։ Անընկալելի է, երբ թվում է, թե բոլորս մի նավի մեջ ենք, բայց իրականում այդպես չէ և… Այսպես, ավա՜ղ, մեր ազգային առաքինի, բարձր ու մեծ արժեքների կողքին մինչ այսօր էլ ապրում, չեն մահանում մեր ազգային չարածին որոմներն ու բացերը։ Ամենից ծանր ու բարդ իրավիճակներում անգամ չենք գնահատում, չենք լսում, չենք հասկանում միմյանց, մշտապես սեփական ես-ը գերագնահատելու, մենք-ին չմիանալու ազգային մեղքն է մեր ուղեկիցը այն օրից այսօր` մեր վատ ուղեկիցը։ Եվ այդ վատ, չարածին ուղեկիցը չի մահացել, շարունակում է ապրել, սնվել և քանդել ու պառակտել։ Հաստատուն, անփոփոխ, վերջնական համոզմունք. տունը, ամրոցը ներսից է թուլանում, ճաք տալիս։ Իսկ ճաք տված պարիսպներն այնքան հեշտ ու արագ են փլվում, ինչպես փլվեցին քրիստոնյա աշխարհի երբեմի անզուգական Կոստանդնուպոլիսի, վաճառաշահ, Բագրատունյաց Հայաստանի չքնաղ Անին և հիմա էլ մեր մաշկին հասած մեր հայրերի, մեր պապերի կերտած պարիսպները, մեր օրրանի որմն ու պատը։ Մեր մեծ հայրենիքից մեզ մնաց մի սեպ, այն էլ` թշնամու որկորին։ Մենք` խոցելի թիրախ…
Սիրելի՛ իմ ժողովուրդ, սիրելի՛ խելոք ու խելացի հայեր, համախմբվե՛նք մեր տանը ոչ թե բառերով, գործո՛վ, նպատակո՛վ համախմբվենք, մեր բոլոր խելոքների հանրագումար, մեկ կենտրոն-գլուխ ստեղծենք` հանուն մեր հայրերից մաքրամաքուր, անեղծ սկուտեղի վրա մեզ փոխանցված հինավուրց Արցախ-Ղարաբաղ հայրենիքի, այսօր` խմորված, հունցված տաշտից ծորացող-թափվող, եզրերը պռատված Արցախ աշխարհի փրկության համար միավորվե՛նք, Ազգի՛ խելոքներ։ Երկիրը իրեն փրկելու կանչով, կոչո՛վ է դիմում ձեզ.
Միավորվե՛ք, որ փրկե՛ք ինձ, որ ապրեմ, որ լինեմ, որ հայն ապրի՛ իմ գրկում։
Դուք կարո՛ղ եք, հավաքե՛ք ձեր ուժերը իմ զավակներ….։
– Այո՛, մենք կարո՛ղ ենք…
Լաուրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ