Միայն երախտագիտության խոսքերով կարելի է արտահայտվել այն մարդկանց մասին, որոնք ամեն կերպ աշխատում են ուրիշներին երջանիկ պահեր պարգևել, ովքեր իրենց հոգում անթեղած կրակը ջահ են դարձնում՝ այլոց ճանապարհը լուսավորելու համար, ովքեր փորձում են հայրենակարոտ հայրենակիցների սրտում միշտ վառ պահել հայրենի բնօրրանի մասին քաղցր հուշերը և նրանց հոգում ապրեցնել հարազատ օջախներ վերադառնալու նվիրական ձգտումները: Մարդիկ, որոնք մանուկների ու պատանիների՝ կարոտով ու թախիծով լեցուն աչքերում փորձում են արևի ճաճանչներ տեսնել ու լուսե ապագայի հուսառատ աստղերը վառել:

Երգը մարդկային հոգու բացառիկ ճիչն է՝ ապրածի ու զգացածի մասին: Մարդու ներաշխարհից երգը ժայթքում է հրաբխի պես՝ շուրջը սփռելով շատ ջերմ ու տաք զգացմունքների հեղեղը: Երգով են դյութվում ու խաղաղվում կարոտած հոգիները, դառնում անվրդով:
Պատահական չէ, որ Երևանի Կամերային երաժշտության տանը կայացած ,,Վարանդա,, երգչախմբի համերգի ժամանակ խմբավարը՝ լիբանանահայ Զաքար Քեշիշյանը այսպես է արտահայտվել. ,,Երգում ենք, որ Արցախի հողը զգա մեր երգի թրթիռը… Մեր հոգեխոցը մեղմելու համար մենք պիտի շարունակենք երգել… Պիտի հավատանք, որ բարու և արդարության հաղթանակը միայն հեքիաթների մեջ չէ…,,:
Նվիրյալ խմբավարը Արցախում էր հեռավոր 1992 թվականից, երբ նրա նախաձեռնությամբ ստեղծվեց ,,Վարանդա,, երգչախումբը՝ Արցախի տարբեր շրջաններից եկած երեխաների կազմով: Խումբը համերգաշարերով հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում՝ պարգևելով մարդկանց արցախյան համով-հոտով հագեցած ջերմ ու կարոտաբաղձ զգացողություններ: Շուշիի ազատագրումն ու ,,Վարանդա,, երգչախումբը տարեկիցներ են: ,,Երգող Արցախ,,-ը շարունակում է իր գործունեությունը Արցախի հայաթափումից հետո: Չնայած այն հանգամանքին, որ արցախցիները ցրված են Հայաստանի մարզերով մեկ, այնուամենայնիվ, երեխաները սիրով հաճախում են երգչախմբի պարապմունքներին, հագեցնում իրենց հոգևոր /նաև արցախյան/ ծարավը՝ հաճելի ակնթարթներ պարգևելով Արցախացավով տառապող մեր հայրենակիցներին /ծնողներ, հարազատներ, ԱՀ կաառավարության անդամներ, հոգևոր հովիվ, որդեկորույս ծնողներ, երգերի խոսքի ու երաժշտության հեղինակներ, ՀՀ հայտնի կոմպոզիտորներ ու բանաստեղծներ/:
Հաճելի էր տեսնել մեր երգող երեխաների ու նրանց ծնողների ոգևորությունը, նվիրումը. թախծոտ հպարտություն էր ծորում նրանց դեմքերից:
Տպավորիչ էր մանավանդ այն հանգամանքը, որ Կամերային երաժշտության տանը հանդիպեցի համագյուղացիներ /խնապատցի/ Օլյա Մկրտչյանին ու Լուսինե Խաչատրյանին, որոնց երեխաները ևս ընդգրկված են այդ երգչախմբում ու երգում էին:
Արցախի բանահյուսության, բառ ու բանի համն ու հոտը պարուրել էր դահլիճի մթնոլորտը և ստեղծել այն տպավորությունը, որ գտնվում ենք հայրենի Եզերքում…
Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ և Արցախի բանահյուսությունից առած ,,Այան մածունը մերալ ա,, երգը ուրախության պահեր պարգևեց ներկաներին:
Համերգի ընթացքում երաժշտության ու խոսքի հեղինակների ելույթներով /Խաչիկ Մանուկյան, Գուրգեն Մելիքյան, Մարտին Վարդազարյան, Տիգրան Մանսուրյան և այլք/ ընդմիջումները, որ միմիայն շնորհակալական խոսքեր էին՝ ուղղված նվիրյալ խմբավար Զաքար Քեշիշյանին ու շնորհալի երեխաներին, ստեղծել էին մի անուշաբույր համաձուլվածք՝ կատարյալ ներդաշնակությամբ:
Արցախի բարբառով հնչող երգերը համեմում էին ողջ երեկոն ու կլանում ունկնդիրներին:
Երևանի Կամերային երաժշտության տունն այդ պահին վերածվել էր մի փոքրիկ Արցախի, որտեղ հավաքվել էին 2023-ի սեպտեմբերին բռնի տեղահանված և երկու տարվա պարտադրված բաժանումից չափազանց կարոտած ընկերներ, բարեկամներ, ծանոթ-անծանոթներ: Լքված հայրենի բնօրրանից՝ լցված սրտերով իրար էինք նայում ու խոսքեր չէինք գտնում… Ճակատագրի դառը քմահաճույքները ինչու՞ հենց մեզ բաժին հասան…
Ողջ երեկոյի ընթացքում երեխաների շուրթերից հնչող երգերի արցախյան համն ու հոտը վայելում էինք բոլորս:
Վերջում ,,Երգող Արցախ,,-ին միացան վարանդացի նախկին սաները, որ մեծացել, արդեն ընտանիք էին կազմել ու ներկայացել էին նույնիսկ մանկահասակ երեխաների հետ, չէին մոռացել իրենց սիրելի ուսուցիչ-խմբավարին: Միացան ու կարոտած սրտերով երգեցին ,,Երազ իմ երկիր հայրենի,,-ն ու վերջում, որպես խոր երախտագիտության վառ դրսևորում, կատարեցին ,,Իմ ուսուցիչ,, երգը: Հուզումնալից էր պահը. խմբավարը սիրով մոտենում էր ու գրկում բոլորին:
Իսկ երբ երեխաները հնչեցրին Արցախի օրհներգը, դահլիճը հոտնկայս միացավ երգչախմբին: Մեր կարոտի երգը.
Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք:
Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստվածային,
Քեզնով ենք հավերժանում…
Դահլիճի հուզմունքից զատ, թերևս, շատերը չնկատեցին, թե ,,Երգող Արցախ,, երգչախմբի առաջին շարքի մի քանի մասնակիցների՝ ամենափոքրերի անմեղ աչքերից ինչպես էին հոսում արցունքի մարգարիտները…Մանուկների զգայնությունն ավելի ակնառու էր:
Երեկոն ևս մեկ հավատ, հույս ներշնչեց, որ Արցախն ապրում է, և նվիրյալ մարդկանց շնորհիվ անմար են պահվում վերադարձի հույսի կրակները:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ