34 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, հռչակվեց Արցախի Հանրապետությունը։ Սակայն 2023թ․ սեպտեմբերի վերջին Արցախը բռնի հայաթափվեց։ Ու Արցախյան գոյամարտում մարտիրոսված բազում քաջորդիների շիրիմներ մնացին գերության մեջ։ Նույն հերոսների հարազատներն այսօր հնարավորություն չունեն այցելելու նրանց շիրիմներին։ Որպես սփոփանք՝ 2024թ. սեպտեմբերի 24-ին Երևանում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշահամալիրի հիմնարկեքի արարողությունը։ Ծրագիրը նախաձեռնել է ԱՀ 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը, ֆինանսավորումը՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի։ Հուշարձանի տարածքը տրամադրել է ՀՀ իշխանությունը։ Ըստ հեղինակ-ճարտարապետ Միքայել և Վլադիմիր Սարգսյանների՝ հուշահամալիրը, որի շինարարությունը համակարգել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, հնարավորինս նման է լինելու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հուշահամալիրին։

Սեպտեմբերի 2-ին՝ օրվա խորհրդին համահունչ, Եռաբլուրում կայացավ «Արցախի կանչը» հուշահամալիրի օծման և բացման արարողությունը։ Ներկաների շարքում էին հարազատներ կորցրած շատ արցախցիներ, Արցախի ղեկավարությունը, հոգևոր դասը։ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ և հոգևորականների օգնությամբ օրհնվեցին ու օծվեցին Արցախյան բոլոր պատերազմների զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թ․ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի խաչքարերը։ Վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակը հավերժացնող քանդակի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է։ Տատ ու պապի, Արցախյան այլ խորհրդանիշների քանդակներով սպիտակ հուշակոթողի քանդակագործն է արցախցի ճանաչված նկարիչ ու քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը, որն իր խոսքում ասաց․ «Ամենից կարևորը Տատն ու Պապն են, որ մեկը մի կողմ է նայում, մյուսը՝ հակառակ կողմ՝ գերեզմաններին։ Իրենց թոռնիկի հետ հասել են այստեղ, ինձ թվում է՝ նորից վերադառնալու են Արցախ։ Արցախի արմատը չի չորանում, միշտ մնալու է հողի մեջ»։

Հուշահամալիրի խաչքարերի օծումից ու ծաղիկների խոնարհումից հետո ելույթներով հանդես եկան որդեկորույս ծնողներ։ Արցախցի հայտնի լրագրող Միքայել Հաջյանի Նորայր որդին մարտիրոսվեց 2016 թվականին, իսկ Երվանդը՝ 2020-ին։ Ստեփանակերտում գտնվող նրանց շիրիմներն ու հիշատակին նվիրված հուշաղբյուրը գերության մեջ են։ «Սա սփոփանք է, որ ապրեցնում է մեզ և հույս է տալիս, որ մենք անպայման վերադառնալու ենք հայրենի Արցախ, անպայման վերադառնալու ենք մեր զավակների մոտ։ Ես ասել եմ՝ ես ու իմ տիկինը պառկելու ենք մեր զավակների կողքին»,- խոսքն ավարտեց Մ․ Հաջյանը։

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը կարևորեց հուշահամալիրի գոյությունը՝ որպես Արցախի բոլոր սրբավայրերի խորհրդանիշ։ 2023թ․ Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը, նշելով հուշակոթողի կարևորությունը, ասաց․ «Իմ որդու շիրիմն այստեղ է, և ես ունեմ սրբազան հնարավորություն այցելելու, խոնարհվելու նրա շիրիմի առաջ։ Բայց գիտակցում եմ, որ կան հարյուրավոր ծնողներ, որոնք այդ հնարավորությունը դեռ չունեն։ Այս հուշակոթողը մի վայր է, որտեղ կարելի է լուռ հիշել, աղոթել, կապ զգալ նրանց հետ, որոնց շիրիմներն այժմ հեռու են»։
Բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագանը, նույնպես հանուն Արցախի դարձավ Հավերժի ճամփորդ։ Որդեկորույս հայրը «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման առթիվ ասաց․ «․․․Նայում ես այս հրաշալի խոյանքին և ասում՝ այո՝ մեր հաղթանակն այլընտրանք չունի։ Եվ այն երազանքը, որն ունեցել են մեր հաղթական զավակները, պետք է կյանքի կոչենք՝ ինչ գնով էլ լինի»։ Իսկ հուշահամալիրի կայացումը նույն հաղթանակի հերթական քայլն է՝ ըստ Խ․ Մանուկյանի։
Իր ելույթում Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Աբրահամյանը, դիմելով ներկաներին, ասաց․ «Սիրո, կարոտի, հիշողության և հավատարմության աստվածածին զգացմունքներն այսօր վերստին համախմբել են ամենքիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ միասնական աղոթքով նվիրագործելու Արցախին նվիրված այս հոյակերտ հուշահամալիրը։ «Եռաբլուր»-ը, որ կարող ենք կոչել «Քաջերի բլուր», ստեղծվել է Արցախյան գոյապայքարին զուգահեռ՝ երկրավոր վերջին հանգրվան դառնալու հազարավոր մեր հայորդիների համար և ուխտավայր ամբողջ ազգի համար։ Հարության հույսով այստեղ հանգստացող մեր նահատակներն ամեն օր շշնջում են յուրաքանչյուր գիտակից հայի ականջին, որ հայրենիքն ավելին է, քան մի անտեսանելի իրականությունը․․․»։ Իսկ նորաօծ խաչքարերը, ըստ Սրբազանի, միայն քարեր չեն, այլ մեր համազգային ցավի, բայց և հպարտության խորհրդանիշ են և իրենց վեհ լռության մեջ ամեն ինչ ասում են շատ ավելի ազդեցիկ, քան հազարավոր բառեր։ Իսկ Անմահ Հեոսներին մխիթարելու համար Սրբազանը 2 կարևոր հանգամանք նշեց՝ աղոթքը նրանց հոգու համար, և ջանանք կառուցել անվտանգ, հզոր պետություն՝ անբաժան Արցախով։ «Արցախը, սրբացած տարածք լինելուց բացի, նաև կենդանի հոգի է, որ ապրում է յուրաքանչյուր արցախցու և հայի ներսում։ Ու քանի դեռ այդ հոգին կենդանի է, ուրեմն մեր տեսիլքն էլ պիտի շարունակվի։ Մենք՝ որպես քրիստոնյաներ, քաջ գիտակցում և հավատում ենք, որ ոչ միայն մենք ենք անհաշտ այս անարդարությունների հետ, այլև Երկինքն է անհաշտ։ Եվ մի օր Աստված պահանջելու է իր փոքրիկ հոտի արդար դատը», –խոսքի վերջում նշեց Արցախի թեմի առաջնորդը։
Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը նշեց՝ դժվար է խոսել մի վայրում, որտեղ հուղարկավորված են հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հազարավոր հերոսներ։ Իսկ նրանք իրենց կյանքը տվել են, որ ունենանք Հայաստանի Հանրապետություն, ունենանք Արցախի Հանրապետություն։ Հուշակոթողի հովանավոր Արթուր Վանեցյանը կարևորեց, որ Արցախի անկախության հռչակման օրը բացվեց «Արցախի կանչը» հուշահամալիրը։ Նշեց նաև՝ դեռևս հեռավոր իննսունականներին հայ ժողովուրդն ապացուցել է, որ իր հայրենիքում արժանապատիվ ապրելն այլընտրանք չունի։ Իսկ վերջին շրջանում Հայոց թշնամիները փորձում են մեզ համոզել, որ Արցախի հարցը փակվել է, բայց այդ հարցը փակել հնարավոր չէ։ Ցավ հայտնեց, որ այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրը նշում ենք «Եռաբլուր»-ում, միաժամանակ վստահեցրեց՝ կգա օրը, որ Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում, կլինի տոնական միջոցառում և այց Նահատակ հերոսների շիրիմներին։ Ելույթներից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրի կոթողների մոտ, մոմեր վառեցին ու խնկարկեցին։ Ու հավատ կար՝ Արցախ-տունդարձը լինելու է, իսկ մինչ այդ այստեղ ենք ոգեշնչվելու, աղոթելու բոլոր նահատակների հոգիների համար։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ