Ներկայանում է հեղինակը

Ես Մարտա Բաբայանն եմ, 22 տարեկան, ծնվել և մեծացել եմ Արցախում՝ Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել եմ Հովհաննես Թումանյանի անվան թիվ 9 հիմնական, ապա Վիտալի Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցում։
2021 թվականին ընդունվել եմ Արցախի պետական համալսարան՝ «Կենսաբանություն և քիմիա» մասնագիտությամբ։ 2023 թվականի պատերազմից հետո ուսումս շարունակել եմ Վանաձորի պետական համալսարանում՝ «Մանկավարժական կենսաբանություն» մասնագիտությամբ, որն ավարտել եմ գերազանցությամբ և ընդունվել եմ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրա՝ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» մասնագիտությամբ։
Մասնակցել եմ մի շարք ուսանողական գիտաժողովների՝ ներկայացնելով գիտական աշխատանքներ, որոնցից երեքը երաշխավորվել են տպագրության, մեկն արդեն տպագրվել է <<ՎՊՀ-2024թ. գիտաժողովի նյութեր>> ժողովածուի հերթական համարում։
Ստորև ներկայացված են ավելի մանրամասն տվյալներ այդ մասին։
• 2023թ. ԱրՊՀ – «Արցախի դենդրոֆլորայի դեղատու տեսակները» (երաշխավորված է տպագրության)
• 2023թ. ՎՊՀ – «Արցախի դենդրոֆլորան, նրա պահպանության հիմնախնդիրները» (երաշխավորված է տպագրության)
• 2024թ. ՎՊՀ – «Հայկական մեղրի որոշ նմուշների որակական ցուցանիշների որոշումը» (տպագրվել է <<ՎՊՀ ուսանողական գիտաժողովի նյութեր>> ժողովածուի հերթական համարում)
• 2025թ. ՎՊՀ – «Միկրոկանաչիների վիտամինային պարունակության համեմատություն դրանց հասուն համարժեքների հետ» (երաշխավորված է տպագրության)։
Բացի գիտական գործունեությունից, սիրում եմ նկարել, ստեղծագործել ու գրել բանաստեղծություններ։ Իմ նպատակն է արժանի ներդրում ունենալ Հայաստանի գիտական և կրթական ոլորտում
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռեքվիեմ
Մենք կորուստներ շատ ունեցանք.
Պատերազմի անգութ դաշտից
շատ-շատերը տուն չդարձան։
Մի լուռ մանուկ, աչքը ճամփին
Հոր գալուն է կարծես սպասում։
Խոստացել էր, որ տուն գալուց,
քաղցր կոնֆետ է բերելու։
Սակայն, ավա՜ղ, հոր խոստացած,
կոնֆետները նա չստացավ։
Ու շատ մայրեր, որ երազում,
թոռանն են ամուր գրկում,
Կորած որդու նկարն առած՝
Մի վերջին հույս սրտում պահած՝
Դռան զանգին են սպասում։
Գուցե նա գա,
գուցե ինչ-որ խուլ անտառում
նա տան ճամփան է որոնում։
Սակայն, ավա՜ղ, որդին վաղուց,
տան ճամփան էլ չի որոնում։
Մի օրիորդ էլ կա,
որ երկնքում անվերջ
մի վառ աստղ է փնտրում։
Նրան էլի իր երազում
սիրելին է լուռ այցելում։
Նա բերում է խամրած նամակ,
Մեջը` դաշտից քաղած կակաչ,
Չորացել է այն շատ վաղուց,
Արյունոտվել, ու վառոդի
անդուր հոտն է իր մեջ առել։
Իսկ նամակում իղձեր կան`
Երկար սպասված, չասված բառեր,
որոնք գուցե ժամանակին,
թե ասվեին սիրելիին,
կյանքի իմաստ կդառնային,
Պայքարելու ուժ կտային,
Կյանքից կառչած կպահեին։
Սակայն, ավա՜ղ, վաղուց արդեն,
դրանք այլևս իմաստ չունեն։
Մի պապիկ էլ աղոթում է,
Որ տառապած, պատերազմի խարան առած,
սուր փամփուշտից, խորը ծակծկված,
հազար տեսակ ցավից կոփված`
իր մարմինը մի օր սառած,
Օտար հողին բաժին չդառնա։
Մարիոնետ
Մենք տեսնում ենք, բայց չենք նկատում։
Մենք լսում ենք, բայց չենք ընկալում։
Ընկալածն էլ հաճախ ճիշտ չենք հասկանում։
Քայլում ենք, ինչպես մի կույր խաղացող,
Խաղում ենք, ինչպես լոկ մի մարիոնետ,
Ապրում ենք կիսաքուն կամ կիսարթուն։
Թվում է՝ կյանքը խաղ են դարձրել,
աշխարհը` խաղադաշտ,
մարդկանց`խաղաքար։
Խաղում են ինչ-որ անորոշ մարդիկ:
Հաճախ փորձում են մեզ և կամ փորձարկում,
Ինչպես մեխանիկը` մի նոր հնարած սարք։
Խառնում են նրանք մտքերը մեր քաոս,
ուղղորդում դրանց ըստ նպատակի,
Ու մեզ դարձնում ստանդարտ խաղալիք։
Որքան քաղքենի կյանքն անհատի,
այնքան հեշտությամբ կդառնա նա գերի։
Հաճախ կոտրվում են խաղալիքներն այդ,
զոհում են նրանց, անխիղճ, անողոքաբար։
Ցիտատ են հրապարակում, մարդկանց կուրացնում,
ասում՝ նպատակը միջոցն էլ է արդարացնում։
Թվում է՝ կարծես մարդկային կյանքը,
վաղուց է արդեն արժեքն իր կորցրել։
Խաղադաշտն էլ արդեն վաղուց է մասնատվում։
Ամեն մեկը իր բաժինն է մեծացնում,
բայց բաժնից առաջ շահն է առաջադրվում։
Մեկը նվիրում է հանուն այդ շահի,
մեկը գրավում, երբեմ էլ խլում։
Խաղում են ինչ-որ անծանոթ մարդիկ,
Աշխարհի տեր են իրենց հռչակում,
Կառավարում միտքը`մարդկանց միամիտ
Աշխարհը զոհաբերում հանուն անհատի։
Մենք նույն մոլորակից ենք,
Բայց տարբեր աշխարհներից
Մենք նույն մոլորակից ենք ,
բայց տարբեր աշխարհներից։
Ապրում ենք նույն երկնքի տակ,
բայց տարբեր հարկերում,
Քայլում նույն հողի վրա,
բայց տարբեր գին վճարում։
Մենք նման ենք իրար,
Եվ նույնքան տարբեր։
Տարբեր կյանք ունենք,
Տարբեր ճակատագրեր։
Բայց նույն Աստվածն է բոլորիս ստեղծել։
Մեր նախահայրըԱդամն է եղել,
Իսկ նախանյութը հողից է սերվել։
Մենք հարազատ ենք և նույնքան օտար։
Եվ կար ժամանակ, երբ ատոմները մեր
իրար են բախվել, իրար ճանաչել`
նույն մատերիայի մասնիկն են կազմել։
Բայց այսօր արդեն հեռու են դրանք։
Եվ բաժանվեցին աշխարհները մեր։
Տարբերակվեցին ճակատագրերը`
Խիստ օտարացան մերձավոր մասնիկները։
Մեր ճանապարհները հաճախ են խաչվում,
Բայց գրեթե երբեք չեն միահյուսվում։
Հարուստն իր անհոգ կյանքն է վայելում,
Աղքատը`տանջվում, հոգսերից մաշվում։
Մեկը շոկոլադը աղբամանն է նետում,
Մյուսը`նույն տեղում մի կտոր հաց փնտրում։
Մեկն այնքան շատ ունի`փողից անձրև է ստեղծում,
Մյուսը անձրևանոցի պակասից է նեղվում։
Մինչ գիտունը տքնաջան լուծում է փնտրում`
Անգետը անընդհատ խնդիրներ է ստեղծում։
Մինչ զինվորը անքուն սահմանն է պահում՝
Նախագահը անընդհատ կայծեր է բռնկում։
Մեկին ազատության տենչանքն է տանջում,
Մյուսին այն փչացնում`խելագար դարձնում ։
Մեկն ամեն ինչ ունի, բայց ոչինչ չի տեսնում,
Մյուսն անգամ անտեսանելին է տեսնում։
Մեկը կոտրվում է մի նետված քարից,
Մյուսն իր մեջքին ժայռեր է շրջում։
Գուցեև մեկը, ով ժպտում է դեմքիդ,
Մեջքիդ հետևում ծուղակ է շինում։
Գուցեև մռայլ, դժգոհ մեկ ուրիշն էլ,
Հենց այդ ընկերոջ ծուղակն է քանդում։
Մարդիկ տարբեր են`անկանխատեսելի,
Իրար շատ նման, բայց խիստ յուրօրինակ ։
Մենք նույն մոլորակից ենք,
բայց տարբեր աշխարհներից։
Փոշիացած անուրջներ
Կուզեի երևակայությունը
մի օր իրականություն դառնար,
Եվ այն ճանապարհը, որ օրերով անցանք,
Թռիչքային արագությամբ մեզ տուն հասցներ,
Հարազատ սարերը մեզ դիմավորեին։
Եվ ուրվականները քաղաքը լքեին,
Ու դիմակ հագած, կերպարանափոխված,
Հազար ցավ տեսած քաղաքները մեր լքված,
վերականգնեին դեմքը կորցրած։
Երկնքի ֆոնին, որպես հաղթանակ,
Ծածանվեր դրոշը մեր արցախյան։
Գմբեթին կրկին Սուրբ Խաչը փայլեր,
Եկեղեցու զանգն էլ ,
մեզ էլի տուն կանչեր։
Կուզեի քարը քարի վրա դրվեր,
Ու տունը ավերված կրկին շինվեր,
Գյուղ-քաղաքները մեր նորից շենանային։
Խաղա՜ղ, անմոռաց գիշերային երկնքի տակ,
Վառվեին լույսերը վաղուց անջատված։
Եվ աչք շոյեր պատկերն այդ հիասքանչ։
Փոշին չքանար մեր տան սեղանից։
Տաք թեյի բույրը տան օդը օծեր։
… Ես տանը լինեի այդժամ անպայման,
Այգի գնայի և ըմբոշխնեի օդը մեր հարազատ։
Թթենու ծառից ճոճանակ կախեի
Եվ փոշիացած հուշերն իմ վառ
այդ օրն անպայման կենդանանային։
Սեգ սարերը սպասում են դեռ
Մի գարուն էլ անցա՜վ, գնաց,
Սեգ սարերը զմրուխտ հագան,
Մեր պտղատու այգիները,
Ամեն տեսակ ծաղիկ առան,
Զարդարվեցին, պճնվեցին,
Բերք-բարիքի բուրմունք առան։
Կարծես կրկին լեռները մեր
Հարսանիքի են սպասում,
Սպասում են Ղազանչեցոց
Մեր սուրբ վանքի զանգ-ղողանջին,
Որ մեր Շուշվա վեհ բարձունքից,
Իր կաչներով հնչեղ ու հին`
Մի նոր սկիզբ կազդարարեր։
… Սպասում են հարսնացուին,
Ով շփոթված ու տառապած,
Դարդ ու ցավից արցունքոտված,
կոտորածի բիրտ հոտն առած՝
Ստիպված լքեց սարերն իր հարազատ։
Սպասում են փեսացուին,
Ով այդ դաժան, մութ օրերին `
Իր զենքն առավ, դիրքեր գնաց,
Ու խոստացավ, որ հետ կգա….
Գուցե մի օր իրոք կգա։
…Այգիները մեր զարդարված`
Սպասում են կարծես կրկին։
Կարծես, նորից մանուկները
Խինդ-ծիծաղով չարաճճի,
Բերք քաղելու էին գալու։
Ու երկինքն էլ խաղաղ է այնպես,
Մեր մանկության հին օրերի պես,
Կարծես նա չէ, որ փլվել է
Պատերազմի սուր հարվածից,
Կարծես նա չէ, որ զրկվել է
Թռչունների մեղմ դայլայլից,
Կարծես նա չէ, որ ողբագին`
չար ոսոխի ձեռքով կրկին,
հուր-կրակ է թափում մեր գլխին։
…Ջի՜նջ, աստղազարդ երկնքի տակ,
Մեն-միայնակ, տոկուն կանգնած`
Տատն ուՊապն էլ սպասում են դեռ…
Կարծես մի օր, ահավասիկ
«Բարի գալուստ մեզ կասեն… »
***
Ոչինչ մի թողեք հետոյին,
Հետո սուրճը կսառչի,
Հետաքրքրությունը կկորչի,
Օրըգիշեր կդառնա,
Երեխաներն էլ կմեծանան։
Կյանքը կողքովդ կանցնի,
Տարիներն էլ կչքանան։
Հետո… գուցեև զղջաս,
որ այսօրդ չապրեցիր,
Հետո… գուցեև զղջաս,
որ քո շանսը պայքարի այսօր
Հանգիստ բաց թողեցիր։
***
Ճակատագիրը մեզ իրարից հեռացրեց,
Բախտի քամին էլ տարբեր ափեր քշեց,
Կյանքը պայքարել մեզ սովորեցրեց,
Դարդը՝ դիմանալ,
Ցավը` հասկանալ, որ
կույր աշխարհում
Ամեն մեկը լոկ
Իր խղճից զատված`
Միշտ շահն է փնտրում։
Մի օրում հանկարծ
Տունը տաճար դարձավ,
Երկիրը`անհաս դրախտ,
Սև օրվա հացն էլ` երկնային մանանա։
Սուր կորուստը մեզ դաժան դաս տվեց,
Ու սովորեցրեց, որ
Կյանքն անկնթարթ է
Ու կարճ է տևում,
Այն, ինչ երեկ թանկ էր,
այսօր արժեք չունի,
Իսկ այն, ինչ անտեսվում էր,
այսօր կյանքի գին ունի։
Մեր սրտից քամված,
արյուն-արցունքը`
Մուգ թանաք դարձավ
Կյանքի էջերին։
Մթում ցնորված, մեր ծով մտքերից`
Գիշերն էլ սկսեց տողեր թելադրել։
Եվ այսպես ծնվեց պոետը խավարում։
Սարի ծաղիկ
Նա օտար էր, տարօրինակ
Նման բարձր լեռան ծաղկի,
Բարձունքին էր միայն սովոր։
Իր լեռներից թե հեռացնես,
Թեկուզ զով դաշտերում տնկես,
Մեկ է, էլի կչորանա։
Լեռնային օդ այն կտենչա։
Եվ նա, որպես մի արցախցի,
որպես բարձր լեռան ծաղիկ,
հայրենիքի լուռ կարոտից,
կարծես շուտով կչորանա։
Նա ամեն օր աղոթում էր
Երազում էր թիթեռ դառնալ
Անդարձ ճափով կրկին տուն դառնալ
Թեկուզ միայն մի օր ապրեր,
Բայց Արցախն իր կորուսյալ`
Թեկուզ ակնթարթ, բայց էլի տեսներ.
***
Թե դու կուզես, որ քո առաջ
բացվեն դռներն հաջողության՝
Երկար ճամփա պիտի անցնես,
Ու թե կուզես վաղն ունենալ այն,
ինչ ավաղ, չունես այսօր
Պիտի անշուշտ սկսես անել այն,
ինչ երեկ չէիր անում։
Բայց թե ճամփադ կիսատ թողած,
դեռ չփորձած, բայց փոշմանած,
կույր կասկածից խիստ մոլորված՝
կեսից պիտի դու հետ դառնաս,
մութ անտառում չխորանաս։
Իսկ թե կուզես հանգիստ ապրել,
Թող ժպիտդ զենքդ դառնա,
Լռությունդ՝ ամուր վահան,
բարությունդ՝ հաղթանակդ:
Ինչքան էլ որ փորձեն սադրել,
Կույր մեղադրել ու ցավեցնել,
Ինչքան էլ որ անցած ճամփադ,
Փշոտ լինի ու քարքարոտ,
մարդկությունդ դու մի՝ կորցրու:
Եղի’ր խոնարհ խղճիդ ծառան,
բայց տերը վստահ, կյանքիդ ու կամքիդ:
***
Միշտ արձագանքող մի
Հզոր ձայն կա հայոց լեռներում։
Խիստ ոգեշնչող, հոգին պարուրող ,
Միտքը արթնացնող, սիրտ հագեցնող,
Մեր պարտքի մասին մեզ միշտ հիշեցնող՝
մի հզոր ուժ կա զմրուխտ սարերում։
Իրենց դարավոր կյանքի ընթացքում
մեր հաղթանակի ու մեր պարտության
անխոս վկան են նրանք միշտ եղել։
Գուցե հենց դա է վեհություն ծնել,
որը հպարտության առիթ է դարձել,
պատմությունը շարունակելուն՝ իմաստ հաղորդել,
Կորցրածը վերադարձնելու երազանքը ստեղծել։

«Հարսանիք լեռներում»։
Նկարը պարունակում է խորապես խորհրդանշական գաղափարներ։ Երկնքի դեղնավարդագույն երանգները խորհրդանշում են սպասված արշալույսը՝ հայրենիքի վերածննդի և վերադարձի հույսի խորհրդով։ Երկնքում սլացող երեք ծիծեռնակները մարմնավորում են Հույսը, Հավատը և Սերը դեպի հայրենիք։ Դրանք այն ուժերն են, որ առաջնորդում են դեպի ազատություն ու վկայում սպասված ավետի մոտալուտ լինելը։ Կարմիր կակաչները խորհրդանշում են հանուն հայրենիքի թափված արյունը՝ անմոռանալի զոհաբերության վկայություն։ Հարսնացուի զինվորական հանդերձը դառնում է միասնական պայքարի խորհրդանիշ։ Այն հստակ ուղերձ է՝ կանայք ոչ թե պետք է պարզապես դրոշ հանձնեն տղամարդկանց ու ճանապարհեն նրանց անմահության պայքարի, այլ անձամբ կանգնեն նրանց կողքին՝ կոչ անելով թշնամուն զոհել և ապրել հանուն հայրենիքի։ Այն նաև վկայում է, որ պայքարը համահայկական է, և յուրաքանչյուր հայի ներդրումն անփոխարինելի է հայրենիքի վերադարձի սրբազան ճանապարհին։ Իսկ հարսանիքը՝ որպես կենտրոնական սիմվոլ, խորհրդանշում է խաղաղության վերականգնումը, բարօրությունը և հայրենի հողում վերագտնված երջանկությունը։