Շրջապատում հաճախ կարելի է լսել, որ մարդիկ գանգատվում են կյանքից, առողջությունից, այլ մարդկանցից, քաղաքական, սոցիալական իրավիճակից: Շատ դեպքերում էլ օգտագործում են տերմիններ, որոնց նշանակությունը ճշգրիտ չիմանալով՝ իրենց են վերագրում անհամապատասխան հիվանդություններ, հոգեկան խանգարումներ: Ունենալով վատ ինքնազգացողություն կամ տրամադրություն՝ զրուցակիցները հաճախ ասում են, որ իրենք դեպրեսիայի մեջ են կամ ենթադրում են, որ ունեն նևրոզ: Որոշակի ինֆորմացիա ստանալուց հետո հնարավոր է հասկանալ դեպրեսիայի ու վատ տրամադրության տարբերությունը:

Մեզանից յուրաքանչյուրը հաճախակի բախվում է վատ տրամադրության հետ: Պատճառները կարող են տարբեր լինել՝ կենցաղային անախորժություններ, կոնֆլիկտներ աշխատավայրում, խնդիրներ անձնական կյանքում, նույնիսկ պարզապես վատ եղանակը կարող է ազդել մեր տրամադրության վրա: Վատ տրամադրությունը երկար չի տեւում, քանի որ դա հաղթահարելը միանգամայն հեշտ է. սպորտ, հոբբի, հանդիպում ընկերների հետ եւ ուրիշ հաճելի զբաղմունքներն օգնում են վերդառնալ նորմային:
Իսկ եթե ահա վատ տրամադրությունը ձգվում է երկար ժամանակ ու սովորական բաները դադարում են ուրախացնել, ուրեմն արժե մտածել մասնագետի դիմելու մասին: Սովորական մելամաղձոտության կամ վատ տրամադրության հետեւում կարող է թաքնված լինել մեկնարկվող դեպրեսիան:
Ինչպե՞ս տարբերել:
Վատ տրամադրությունն ընդամենը վատ տրամադրություն է: Դյուրագրգռությունը, ընկճվածությունը, զայրույթը, նյարդայնությունը կարող են լինել նորմալ հոգեկան ռեակցիաներ: Եթե դրանց ուժն այնքան է, որքան նախկինում նման անկումների ժամանակ, ապա կարելի է չանհանգստանալ
Իսկ եթե տրամադրության անկումն ավելի արտահայտված է, քան նախկինում, կամ ստանում է ինչ-որ նոր երանգներ կամ , խորություն, ավելի է երկարում, զուգորդվում է նախկինում հաճույք պատճառող բաների հանդեպ հետաքրքրության կորուստով, անտարբերությամբ, ուրեմն արժե զգուշանալ: Դեպրեսիվ վիճակներում հայտնված մարդիկ հաճախ են նշում, որ նրանց թվում է՝ թե իրենց ամբողջ էներգիան սպառվել է, սովորական գործողությունները, ինչպես օրինակ ճաշ պատրաստելը, տուն հավաքելը, մեքենա վարելը դարձել են դժվար կատարելի:
Դեպրեսիայի ժամանակ ցածր հուզական ֆոնը, ապաթիան (անտարբերություն), անգեդոնիան (հաճույքների հանդեպ հետաքրքրության կորուստ) կարող են զուգորդվել հետեւյալ երեւույթներով.
սննդից հրաժարում կամ շատակերություն,
ինքնասպանության մասին մտքեր,
կպչուն մտքեր, հատկապես մեղքի կամ ինքնացածրացման ուղղությամբ,
տագնապայնություն,
տրամադրության անպատճառ փոփոխություններ կամ արտահայտված թախծոտություն,
շարժողական, սոցիալական եւ այլ ակտիվության նվազում,
Սոմատիկ ախտորոշումներ՝ ցավ, ծանրություն, անհարմարվետություն, որոնք չունեն բժշկական հիմք, օրինակ՝ մարդ կարող է գլխացավ ունենալ, բայց բժշկական հետազոտությունը որեւէ պաթոլոգիա չբացահայտի,
ուշադրության կենտրոնացման հետ դժվարություններ, հիշողության հետ խնդիրներ,
քնի խանգարումներ՝ անքնություն կամ շատ երկար քուն,
Լիբիդոյի (սեռական բնազդ) ցածրացում:
Այս ամենը դժվար է լինում նկատել դեպրեսիայի մեջ գտնվող մարդու համար: Մինչդեռ շրջապատի մարդիկ կարող են ուշադրություն դարձնել, երբ իրենց ծանոթը, բարեկամը, ընկերը կամ գործընկերը սկսում է անսովոր պահել իրեն:
«Ես վատն եմ, մյուսները վատն են, աշխարհը վատն է»: Դեպրեսիայում գտնվող մարդը, հատկապես դրա ծանր աստիճանում, չի կարող ասել գոնե ինչ-որ բան, որից նա գոհ է եւ համարում է դրական: Շատ հաճախ դժգոհությունը սկսում է իրենից: Այդ վիճակում ինքնաքննադատությունը մղվում է առաջին պլան, մարդը դառնում է բացարձակ դժգոհ իրենից ու կյանքի ցանկացած ոլորտից: Նույնիսկ սովորական հոգնածությունը կարող է դիտարկվել որպես սեփական ծուլություն: Այն դեպքերում, երբ սովորական մարդը կպառկի հանգստանալու, ապա դեպրեսիայում գտնվող մարդիկ կձգտեն աշխատել մինչեւ հյուծվելը՝ վատթարացնելով իրենց վիճակը:
Հաճախ բացասականը կարող է ուղղվել ուրիշ մարդկանց վրա: Շրջապատը ընկալվում է բացասական երանգներով՝ որպես պրոբլեմների ու դժվարությունների աղբյուր, առաջանում է ագրեսիա: Երբեմն մարդ «պայթում է» իր մտերիմների վրա: Դրանից բացի, կարող են լինել կպչուն մտքեր այն մասին, որ շրջապատում գոյություն ունեցող բացասականը պատիժ է նախկինում կատարած իր որեւէ գործողության համար: Դեպրեսիայով հիվանդը դադարում է գիտակցել, որ պրոբլեմները երբեմն առաջանում են հենց այնպես եւ կազմում են կյանքի նորմալ մասը. նա մեղադրում է իրեն, ուրիշներին կամ «չարամիտ ճակատագրին»:
Դեպրեսիվ վիճակում մարդու ներքին մարտկոցը մարում է: Պատահում է, որ մարդը մոտիվացիա չի ունենում նույնիսկ բարձրացնելու հեռախոսը, երբ իրեն զանգում են. չկան ռեսուրսներ, իսկ պատասխանելն ու զրույցի համար բառեր ընտրելը թվում է շատ մեծ աշխատանք: Դեպրեսիան զգալի անդրադառնում է աշխատանքի վրա. կորչում է մոտիվացիան, հօդս են ցնդում հետաքրքրությունն ու կրեատիվությունը, ի հայտ չեն գալիս նոր ծրագրեր ու գաղափարներ, սովորական խնդիրների լուծումը թվում է ահռելի ջանք պահանջող աշխատանք, գործընկերների հետ շփումը դադարում կամ երբեմն կոնֆլիկտային է դառնում, մարդ վատ է ընկալում ինֆորմացիան:
Դեպրեսիան հոգեկան խանգարում է, ինչը բացասաբար է անդրադառնում բնազդների վրա, որոնցից է ինքնապաշտպանական բնազդը: Դեպրեսիայի մեջ գտնվող մարդը, անբավարարված լինելով իրենով եւ իր կյանքով, արդյունքում սկսում է մտածել, որ ինքը անօգուտ, անհաջողակ մարդ է, ամեն ինչ վատ է, ուրեմն՝ ինչո՞ւ է նա ապրում: Մահվան մասին մտքերը վառ արտահայտված դեպրեսիայի նշան են, որի դեպքում անհապաղ մասնագիտական օգնություն է պետք:
Վերլուծեք ձեզ, համեմատեք ախտանշանները եւ եզրակացրեք՝ մի՞թե դեպրեսիայի մեջ եք, թե՞ պարզապես վատ տրամադրություն ունեք: Եթե հասկանում եք, որ այնուամենայնիվ ձեզ մոտ դեպրեսիայի նշաններ կան, մի հետաձգեք մասնագիտական օգնության դիմելը:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ