Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում,
երբ արժեք են ներկայացնում միայն մարտնչողները.
նույնիսկ անհուսության մեջ պայքարը մնում է որպես հույս:
Պայքարի մեջ են ծնվում մեծ արժեքներն ու մեծ մարդիկ:
Սոնա Ղահրամանյան
,,Ո՞վ կարող էր մտածել, որ այս փխրուն աղջիկը այս տարիքում գրքերի հեղինակ կարող էր դառնալ՝ այն էլ մարդու կողմից ստեղծված ամենացավոտ թեմայի՝ պատերազմի մասին: Չնայած վերնագրված է ,,Պայքար,, , բայց այս գրքի մեջ այնքա՜ն խաղաղություն կա… ,, ,- այս խոսքերով է Սոնային՝ գրքի հեղինակին, ներկայցնում պատվելի Գևորգ եղբայրը ԱՀԱԸ Երևանի գրասենյակի Հայ Ավետարանական եկեղեցու դահլիճում կայացած Պաշտամունքի արարողությունից հետո:

Հիշում եմ՝ 2021 թվականն էր. ես աշխատում էի Ասկերանի միջնակարգ դպրոցում: Դպրոցի դահլիճում տեղի ունեցավ դեռահաս աղջկա առաջին գրքի շնորհանդեսը՝ ,,Կյանք՝ կյանքի դիմաց,,: Տեսա, թե ինչքան էր ոգևորված Սոնան այդ հաջողությունից: Հաջորդ օրը իմ նախաձեռնությամբ կայացավ մեր հանդիպումը: Խորհուրդ տվեցի նրան՝ երբեք չհանգստանալ դափնիների վրա ու շարունակել մաքառումը՝ նորանոր բարձունքներ նվաճելու համար: Նա սիրով ընդունեց խորհուրդներս, պայքարեց, ու այդ պայքարից ծնվեց ,,Պայքար,,-ը՝ երկրորդ գիրքը: Ինչպես Սոնան է խոստովանում, երբեք չմոռացավ այն ժամանակ տվածս խորհուրդը, որն իր համար չափազանց կարևոր էր ու անհրաժեշտ: Պատահական չէր, որ երկրորդ գրքի շնորհանդեսին ինձ էլ էր հրավեր ուղարկել՝ կիսելու իր ուրախությունը և նվիրելու ,,Պայքար,,-ը:

Այսօր նա երախտապարտ է Աստծուն՝ իրեն պարգևած շնորհի համար: Ամեն անգամ, երբ գրիչը ձեռքն է առնում ու իր մտքերը բարձրաձայնելու անկարողությունից դրդված ճերմակ թղթերին է հանձնում դրանք, թեթևանում է հոգին ու փրկում իրեն աշխարհով մեկ գոռալուց: Գրել Արցախի մասին նրա կորստից հետո ծանր է ու դժվար: Ամեն մի տողում, ամեն մի բառում ծպտված մի կարոտ կա՝ անչափելի ու խեղդող, որ ուղեկցում է նրան քուն թե արթուն: Գիրքը, սակայն, միայն կարոտի մասին չէ. այն կյանքի, պայքարի, սիրելու ու սիրվելու, ներելու, երախտապարտ լինելու և, վերջապես, ապրելու ու հավատալու մասին է: Նրա հերոսները սովորական կերպարներ չեն. նրանք մահվան աչքերի մեջ նայած, մարդկային դաժանությունից ու անարդարությունից վիրավորված ու հոգնած անհատներ են, որոնք ապրել են ցանկանում և ապացուցում են, որ աշխարհում ապրելուց քաղցր բան չկա: Նրանք ապացուցում են, որ կյանքի ամենադժվար պայմաններում անգամ մարդ կարող է արարելու ելք գտնել, եթե չմոռանա լույսի գոյության մասին, Աստծո մասին…

Երիտասարդ հեղինակը իր հերոսների միջոցով փորձել է վկայել, որ նույնիսկ ամենաանարդար մրցակցության պայմաններում, նույնիսկ պատերազմի ճիրաններում պետք է շարունակել պայքարել ու չվհատվել, չնայած շատ մարդիկ կեսից հանձնվեցին, շատերը չունեին այդ հնարավորությունը, շատերն էլ դեռ պայքարը չսկսած տանուլ տվեցին: Նա համոզված է, որ մենք ունենք պայքարելու և հաղթելու հնարավորությունը, զգում է, որ իր վիրավոր սիրտը նորից բաբախում է, և Արցախը իր մեջ ապրում է:

,,Ուզում եմ հորդորել բոլորիդ, որ պարզապես ապրեք,- ասում է Սոնա Ղահրամանյանը,- ապրեք ու վայելեք այն գեղեցիկ հնարավորությունը, որ Աստված շնորհել է ձեզ: Իսկ եթե դժվարանաք, պարզապես հիշեցեք, որ Արցախում մի փոքրիկ կար, որ պատերազմում կորցրել էր հորը, որ բախվել էր անարդարությանը, որ գիշերը հացի հերթում էր կանգնում ու վերջում դատարկաձեռն տուն վերադառնում, ով տեսել էր ընկերների մահը ու հետո էլ կորցրել իր տունուտեղը, բայց սովորել է նորից ժպտալ, ապրել ու հավատալ, որ Աստծո կամքը կլինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա…,,:
Շնորհանդեսին Սոնան հրավիրել էր նաև Ասկերանի միջնակարգ դպրոցի հարազատ մանկավարժներին՝ տնօրեն Մարելլա Ավանեսյանին, իր առաջին ուսուցչուհի Էլմիրա Եղյանին, գրքի խմբագիր, իր մայրենիի ուսուցչուհի Սիլվա Ջհանգիրյանին, անգլերենի ուսուցչուհի Ինգա Զաքարյանին, ընկերներին ու բարեկամներին, որոնք շնորհավորեցին նրան նոր գրքի լույսընծայման առթիվ և նորանոր հաջողություններ մաղթեցին նրան հետագա ստեղծագործական կյանքում:
Սոնայի մայրը՝ Անահիտ Դանիելյանը, իր երախտագիտությունը հայտնեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվին՝ տնօրեն Մարելլա Ավանեսյանի գլխավորությամբ՝ Սոնային փայլուն գիտելիքներ փոխանցելու, նրա երազանքների իրագործմանն ուղեկից լինելու համար: Աղջկա այդ հաջողությունը նա համարում է բոլորինը: Թող Աստված ուժ, իմաստություն և խաղաղոություն պարգևի մեր ժողովրդին:
Գրքի խմբագիր Սիլվա Ջհանգիրյանը, շնորհավորելով իր սանին, ընդգծեց, որ ,,Պայքար,, գրքի գլխավոր հերոսը բարոյականությունն է, մաքրությունը, հավատը, պայքարը, կարոտը, հույսը: Գրքում ներկայացվածը մի ընտանիքի կյանքի պատմությունն է, որն ամբողջությամբ պայքար է, արժանապատիվ պայքար՝ հայրենի հողի ազատության, անկախության համար, որն իր մեջ ամփոփում է արցախյան հարյուրավոր ընտանիքների կյանքի պատմությունը: ,,Հեղինակը,- հավելում է խմբագիրը,- արցախյան մի ամբողջ աշխարհ է նվիրում ընթերցողին՝ արցախյան իմաստ, գույներ, բարբառ, և նրա որդիական սիրտը տրոփում է հայրենի եզերքի ու այդ եզերքում ապրող, այդ հողը պահող մարդկանց համար: Սրտի տրոփը լսվում է ամեն բառի, ամեն տողի մեջ: Այդ տրոփն իր մեջ ներառում է և՛ զայրույթ, և՛ հորդոր, և՛ կոչնակ, և՛ զգաստություն, և՛ կորցնելու վախ: Գիրքը ցաված սրտի, ցաված մտքի ճիչ է, բողոք՝ անարդար, անիրավ աշխարհին: Պարզ ճշմարտություն է՝ հայրենիքից դուրս երջանկություն չկա: Ցավի, կորստի, կարոտի մեջ հերոսները լավատես են և ապրում են Ետդարձի հույսով:
Մի օր հրաշք կլինի, հայի հրաշքը. մենք պետք է տուն դառնանք, պետք է հետ բերենք այն, ինչը բոլոր օրենքներով մերն է: Բարով ես եկել, ,,Պայքար,, , թող քո ծնունդը նորանոր հանդիպումների առիթ դառնա…,,:
Սոնան հոգու բոլոր թելերով կապված է Արցախին. կարոտը, թախիծը, տրտմությունը միահյուսված են նրա տողերում. ,,… Արդեն որերորդ տարին է՝ Արցախում աշունն այլևս գեղեցիկ չէ: Արցախում աշունը միայն կորուստ է բերում՝ 2020 թվականից սկսած: Կարծես ամեն անգամ, երբ ծառից մի տերև է ընկնում, պետք է մի քաջասիրտ զինվոր էլ ընկնի: Մայրերը արդեն սարսափում են այդ եղանակից: Սակայն, հաստատ, ո՛չ հերոս տղաները, ովքեր արիաբար կանգնել են սահմանին ու պատրաստ են իրենց հայրենիքը ամեն գնով պաշտպանել…
Ընտանիքի սյան կորուստը Հարութենց համար այնքան էր մեծ, որ ընտանիքը հուսահատ հեռացավ Արցախից, սակայն նրանից հեռու մնալ չկարողացավ: Տարիներ հետո նրանք նորից եկան ու հաստատվեցին Ասկերանում՝ հարազատ Հադրութից հեռու միա վայրում, որտեղ ոչինչ Հադրութի նման չէր, բայց փոխարենը հայրենիքում էին: Հայրենիքի լավն էլ դա է…
Ցավոք, հայ երիտասարդի համար բանակը միայն ֆիզիկական աշխատանքի վայր չէ, որտեղ տղային սովորեցնում են տղամարդ դառնալ: Այն փորձվելու և ուժեղ մնալու վայր է: Տառապելու ու չկոտրվելու վայր է: Երազելու և ընկերոջ կիսատ մնացած երազը ամուր պահելու վայր է: Բանակը տղայի կյանքի ամենալուսավոր և միևնույն ժամանակ ամենադաժան ժամանակահատվածից մեկն է…
Հովոյի զանգը շատ անսպասելի կտրվեց, իսկ Արցախում կիսատ մնացած զանգը ոչ մի լավ բանի խորհրդանիշ չէ: Հասմիկը հասցրել է սոցիալական բոլոր հարթակները թերթել. սահմանին տիրող լարվածության մասին լուր չկար…,,:
Սոնայի համար ծանր է, երբ ,,կյանքը բաժանվում է՝ մինչև պատերազմը ու հետո…
Երբ խոսում ես նրա մասին, ինչ գրելը ցավոտ է, բայց լռելը անհնար…,,:
Սոնա Ղահրամանյանը այժմ ուսանում է ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն-ֆրանսերեն բաժնում:
Աստված տա՝ Սոնայի հաջորդ գիրքը ծնվի ոչ թե ցավի ու տառապանքի միջից, այլ ողողված լինի հաղթության բերկրանքի լուսապայծառ շողերով:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ