ԻՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ը

Մաս 1.

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սեպտեմբերի 19-ը՝ անկախ այդ օրը գտնվելու վայրից, տարիքից, սեռից, մասնագիտությունից, սոցիալական դիրքից: Բազմաթիվ են  2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ու դրա հետեւանքները կրած ականատեսների հոգեցունց պատմությունները:  Շատ են նաեւ այն պատմությունները, որոնք դեռ չեն վերհանվել կամ գերադասվել է դրանց մասին չխոսել: Որ լռելը չդիտարկվի որպես համաձայնության նշան, ավելի շատ պետք է բարձրաձայնվի  յուրաքանչյուրիս «սեպտեմբերի 19-ը»  եւ  գիտակցվի, որ ամենքս մասն ենք հազարավոր ճակատագրեր խեղած, մեզ անտուն ու անհայրենիք դարձրած՝ ահավոր ու անարդար փաստի, որ ցեղասպանություն է կոչվում, եւ որի հետ չի կարելի համաձայնվել:

2023թ. չարաբաստիկ սեպտեմբերին ես էլ, ինչպես իմ հայրենակիցները, դեռ ապրում էի իմ հայրենիքում,  հայրենի Ստեփանակերտում: Ոչ շատ հեռու անցյալում վստահ էի, որ Ստեփանակերտը աշխարհում ամենաանվտանգ վայրն է: Չնայած նրան, որ միշտ օդից կախված էր պատերազմի վտանգը, բայց հայրենի քաղաքում ապահով էինք զգում մեզ: Կարելի էր չկողպել դուռը գիշերը եւ հանգիստ պառկել քնելու:  Ամենից շատ սիրում էի Ստեփանակերտի ամառային տաք երեկոները:  Քաղաքի կենտրոնական մասում միշտ լսելի էին քաղաքային զբոսայգու ճոճորանների աշխույժ աղմուկը եւ զվարճացող երեխաների, ինչու չէ նաեւ մեծերի զվարթ ձայները: Մարդիկ դուրս էին գալիս քաղաք եւ ուղղակի վայելում էին մաքուր լեռնային օդն ու միմյանց հետ շփումը: Ես զբաղվում էի արեւելյան մարտարվեստով:  Պատահում էր, որ մարզումներս ավարտում էի ուշ երեկոյան, բայց կարող էի  հանգիստ քայլելով տուն գնալ՝ չվախենալով ոչ մի բանից: Ես երջանիկ էի իմ ծննդավայր Ստեփանակերտում:

2020թ. սեպտեմբերի 27-ին ամեն ինչ փոխվեց: Թշնամին լայնամասշտաբ հարձակում սկսեց, որը ստացավ 44-օրյա պատերազմ անունը: Արցախը դիմադրեց մինչեւ նոյեմբերի 9-ը, եւ ահա պատերազմը լռեց, պապանձվեցին հրանոթներն ու տանկերը, բայրաքթարներն իրենց բները վերադարձան: Սակայն Արցախի Հանրապետությունը կորցրեց հերոսների արյամբ ազատագրված  իր տարածքի 75 տոկոսը: Ստեփանակերտը, որն այն ժամանակ թեպետ սահմանից հեռու էր, պատերազմի օրերին ասես վերածվել էր զանազան ռազմական զենքերի փորձարկման ընդարձակ դաշտի՝ պոլիգոնի: Այն քաղաքը, որը 44 օր շարունակ դիմակայել էր հրթիռային համակարգերի, հրթիռահրետանային զենքերի հարվածներին, նոյեմբերի 9-ից հետո դարձել էր սահմանամերձ: Բայց նույնիսկ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո` չնայած Արցախի վտանգված ու անորոշ ապագային,  չփոխվեց Արցախում ապրելու, հերոսների արյամբ պահած սուրբ հողը  շենացնելու՝ շատերիս անսասան կամքը: Մտածում էինք, որ հայրենիքում մնալը արտաքին վտանգի դեմ ամենահզոր զենքն է:

Ծանր ժամանակ էր: Անճանաչելի դարձած Ստեփանակերտում ընթանում էր շինարարություն, քաղաքը վերականգնվում էր, սակայն նույնը չէր կարելի ասել բնակիչների սրտերի մասին: Շարունակվում էին որոնողափրկարարական աշխատանքները՝ օրեցօր ավելացնելով զոհված մեր հայրենակիցների թիվը:  Բոլորը տխուր էին: Հաջորդած` Փառուխի դեպքերը, հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնելը, անմարդկային  շրջափակումը, մտահոգություն էին առաջացնում արցախյան բոլոր ընտանիքներում:  Համառությամբ դիմադրում էինք՝ փորձելով հաղթահարել դժվարությունները, սակայն դժվար էր ապրել բնականոն կյանքով: Կենցաղային կարիքները  հոգալը դարձել էր դժվարագույն խնդիրներից մեկը: Փորձում էինք չշեղել մեր կյանքի հունը, բայց ցավոք չկար մի այնպիսի ոլորտ, որին չանդրադառնար դաժան բլոկադան: Շարունակում էի  զբաղվել սիրելի մարզաձեւով եւ  մարզել աղջիկների` առողջարար մարմնամարզությամբ, բայց հաճախելիությունը նվազել էր վերջին շրջանում: Աղջիկներն  ու կանայք իրենց ռեսուրսները սպառում էին հացի հերթերում, սննդի վաճառքի կետերում եւ ժամանակ ու բավական էներգիա չէր մնում մարզումների հաճախելու համար: Ոչ մեկին չէի մեղադրում, քանի որ ինքս էլ նույն վիճակում էի:  Շարունակում էի հոդվածներ գրել հարազատ թերթի՝ «Լուսարար»-ի համար, որը չնայած սուղ միջոցներին շարունակում էր լույս տեսնել՝ թեկուզ ուշ-ուշ ու քիչ քանակով, բայց մոտիվացնելով ու հույս ներշնչելով հուսակտուրության եզրին կանգնած՝  Արցախի բնակչությանը:

Այդուհանդերձ կյանքն Արցախում շարունակվում էր: Շրջափակման սկզբնական շրջանում էլ մարդիկ ուրախանում էին, ծնունդներ ու հարսանիքներ էին տոնում, վայելում էին իրենց հանգիստը դեռեւս աշխատող  սրճարաններում ու ռեստորաններում:

Ես հանդիպում էի սիրելի տղամարդու՝ Արթուրի հետ, որի հետ ծանոթացել էի 2022-ի սեպտեմբերին, երբ դեռ շրջափակում չկար: Արթուրը զինծառայող էր: Ծառայության բերումով հաճախ էր բացակայում քաղաքից, բայց երբ քաղաքում էր լինում, նա էլ ինձ պես սիրում էր մայրաքաղաքի տեսարժան վայրերում լինել: Հատկապես սիրում էինք Ստեփանակերտի մատույցներում գտնվող բարձունքից նայել ու հիանալ մայրաքաղաքի պատկերով: Շատ զույգերի պես մենք էլ ապագայի հետ կապված մեր ծրագրերն ունեինք: Ուզում էինք ամուսնանալ, ապրել Արցախում: Որպես առողջ ապրելակերպի հետեւորդ՝ ուզում էի նրան էլ ներգրավել առողջ լինելու իմ բանաձեւի մեջ. հորդորում էի, որ թողնի ծխելը, սնվի հստակեցված ռեժիմով, ավտոմեքենայով շարժվելը փոխարինի զբոսանքով: Առողջ ապրելակերպին իհարկե կողմնակից էր, բայց վնասակար սովորություններից միանգամից հրաժարվել դժվարանում էր: Ասում էր` չի կարող վերջ տալ այդ վնասակար  սովորություններին, չգիտի, թե ինչ պետք է կատարվի, որ կարողանա թողնել այդ սովորությունները: Այդ ժամանակ չէինք պատկերացնում, որ շուտով հայտնվելու էինք շրջափակման մեջ, վառելիքի պակասության պատճառով ավտոմեքենաները կկանգնեին, դրանց փոխարինելու կգային հեծանիվները կամ ստիպված քայլելը, զբոսանքներին կփոխարինեին հացի հերթերը, սնունդը լիարժեք չէր լինի, իսկ ծխախոտ չլինելու պատճառով մարդիկ ստիպված կլինեին չծխել: Չէի պատկերացնում, որ  Արթուրը կդառնա իմ մութ օրերի լուսավոր ընկերը՝ դժվար պահերին միակ օգնողն ու հուսադրողը:

Բլոկադան խորանում էր ու իր խմբագրումներն էր անում մեր առօրյայում: Սննդի ու դեղորայքի սպառման հետ նաեւ մեր անվտանգության զգացումն էր հետզհետե սպառվում: Մենք լցված էինք անորոշությամբ ու տագնապով:  Բոլորիս ուղեղները զբաղված էին  հանապազօրյա հացի հայթայթմամբ:  Բազմահազարանոց բնակչությամբ քաղաքի հացի փռերը, որոնք զրկված էին մշտական էլեկտրաէներգիայից ու հովհարային անջատումների ռեժիմով էին աշխատում, ի զորու չէին ապահովել բնակչությանը օրական հացի նվազագույն նորմայով: Միշտ աղմկոտ քաղաքային շուկան լռել էր: Դատարկ էր: Դեղատներում դեղորայք չկար: Ստիպված էինք ապրել մեկ օրով, որի մեսիջը սահմանափակվում էր հացի որոնումով: Հիվանդանալու իրավունք չունեինք: Բայց մի՞թե կարող էին դիմանալ մարդկանց սրտերը:Պատերազմ ու կորուստ տեսած  մարդկանց սրտերը չէին դիմանում հայրենիքի գոյության վրա պատուհասած արհավիրքներին ու անողոք  իրականությանը: Արցախի ճակատագրով մտահոգված ու զգայուն սրտի տեր մարդկանցից է նաեւ հայրս

Հայրս իր ուրույն ներդրումն է ունեցել Արցախյան գոյապայքարում: Լինելով ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում բարձրակարգ մասնագետ՝ իր գիտելիքներն է ներդրել դեռ առաջին պատերազմի ժամանակ՝ սկզբում ինքնապաշտպանական ուժերի կազմում նախաձեռնելով եւ պատրաստելով բացակայող՝ կարեւոր նշանակության էլեկտրոնային սարքավորումներ, հետագայում ծառայությունը շարունակելով ՊԲ-ում՝ առկա անհրաժեշտ սարքավորումների պատշաճ աշխատանքն ապահովելու գծով:

Շրջափակման պայմաններում պլանային վիրահատություններն Արցախում վաղուց դադարեցված էին, դեղամիջոցները խիստ խնայողաբար էին օգտագործվում:  Իսկ եթե բժշկական այնպիսի միջամտության կարիք կար, որը Ստեփանակերտում չէին անում, խնդիրները կրկնապատկվում էին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ գուցեեւ ստացվում էր անհետաձգելի բժշկական միջամտության կարիք ունեցող հիվանդներին տեղափոխել Հայաստան, սակայն մեր հայրենակցի՝ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալման  դեպքը անցակետում  տեղիք էր տվել խորը մտահոգվելու եւ դաժան ընտրության առջեւ կանգնեցրել նման վիճակում հայտնված մարդկանց. Կա՛մ մնալ Արցախում եւ անհրաժեշտ բուժօգնություն չստանալով մահանալ, կա՛մ դիմել կառույցին, եւ եթե համաձայնեն տեղափոխել, ապա պատրաստ լինել, որ հնարավոր է անցակետում ձերբակալեն:

Հայրս աչքի վիրահատության կարիք ուներ: Բազմիցս դիմել էր աչքի վիրահատության համար, բայց մերժվել էր՝ անընդհատ հետաձգելով: Վերջապես սեպտեմբերի 14-ին հայտնել են, որ քիչ քանակությամբ աչքի վիրահատական պարագաներ են ստացել հիվանդանոցում եւ հերթականությունը պահպանելով՝ առաջարկել են հորս վիրահատվել: Հայրս ներկայացել է հիվանդանոց, նախնական բուժզննման ժամանակ հայտնաբերել են սրտի իշեմիկ հիվանդություն՝ տարած ինֆարկտի նշաններով, որի ժամկետները համընկել են 2022թ. հոկտեմբերի 6-ին, երբ լսել է, որ ՀՀ վարչապետը Պրահայում ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս:  Դիմացել է տան պայմաններում՝ վատ զգացողությունը վերագրելով տեղի ունեցած աղետալի դավաճանական հանգամանքին, որը հղի էր Արցախի կորուստով: Բացահայտված առողջական խնդիրը անհամատեղելի էր աչքի վիրահատության հետ: Նշանակվում է անհապաղ զոնդավորում  (կորոնարոգրաֆիա), որը ցույց կտար բուժման հետագա ընթացքը: Օրը նշանակվում է սեպտեմբերի 19-ին:

Շատ մտահոգված էի՝ մի կողմից հորս առողջական վիճակով, մյուս կողմից՝ մեր եւ ընդհանուր երկրի վիճակով: Անհանգստությունս կիսում էի  Արթուրի հետ, նա էլ իր հերթին թեպետ փորձում էր հանգստացնել ինձ, բայց չէր էլ կարողանում թաքցնել, որ վիճակը շատ է լարված, եւ ամեն պահի սպասում են գործողությունների: Երբ մտահոգված հարցնում էի, թե ինչ պետք է անենք, ասում էր, որ ամենքս պետք է անենք մեզանից կախվածը, եւ ամեն ինչ վստահենք Աստծուն:

 2023 թվականի սեպտեմբերի 19-ի երեքշաբթի օրը դաջվեց իմ եւ մեր հայրենակիցների հիշողության մեջ որպես մղձավանջային օր:

Պետք է պատրաստվեինք հիվանդանոցում անցկացվելիք շրջանին, բայց եղած պայմաններում դա շատ բարդ էր: Նախօրեին մեր շենքի մերձակայքում աշխատող միակ խանութից միրգ էի գնել՝ նուռ, պինդ խնձոր, որոնց գների մասին հիշելն անգամ ծանր է: Տան ունեցած բոլոր պաշարները սպառվել էին,  ունեինք մի քիչ մեղր, իսկ  /։/ խնձորից ու նռան հատիկներից հյութ պատրաստեցի, որ հիվանդանոց գնալիս վերցնելու բան ունենանք: Սեպտեմբերի 19-ի առավոտյան  հայրս  ավտոտնակից հանեց վաղուց կանգնեցրած ավտոմեքենան, եղած վերջին բենզինի կաթիլներով հասանք «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ որ պետք է կատարվեր նշանակված հետազոտությունը: Հիվանդանոցում մեզ միացավ հորեղբայրս, իսկ քույրս մնացել էր տանը,  որ եղած վերջին ալյուրով հասցներ հաց թխել՝ հոսանքի հովհարային անջատումների ու միացումների ընթացքում: Մինչ բժիշկն ընդունում էր հորս ու պատրաստում նրան հետազոտությանը՝ ես ու հորեղբայրս նստել էինք հիվանդանոցի սպասասրահում եւ սպասում էինք արդյունքին: Ժամը 11-ի կողմերը լուրեր տարածվեցին, որ դպրոցում գտնվող երեխաներին ապաստարաններ են իջեցնում, հետո տեղեկատվական շտաբը հաղորդեց, հղում անելով ԿԳՄՍ նախարարությանը, որ դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն: Անհասկանալի էր, թե ինչ է կատարվում: Հիվանդանոցի սպասասրահում շատ մարդ կար: Ժամը 12-ի  կողմերն էր, երբ սպասասրահում գտնվող եւ հավանաբար մեզ նման սպասող զինվորական հագուստով որոշ տղամարդիկ մռայլ դեմքեր ընդունեցին ինչ-որ զանգից եւ արագ դուրս եկան: Դրան հաջորդեց Արթուրի հաղորդագրությունը, որում հայտնում էր, որ չի կարող գալ մեզ մոտ. իրենց էլ են կանչել: Տագնապներին սովոր էինք, բայց այս անգամ այլ էր, շատ անհանգիստ էինք:  Չկա ավելի տանջալից բան, քան սպասումի րոպեները, որոնք կարծես ավելի երկար են տեւում, քան սովորական ժամանակ: Անորոշությունից ու տագնապից մարդու սիրտ էր դուրս գալիս: 12:50 էր, երբ վերջապես կանչեցին մեր ազգանունը, որ մոտենանք կորոնարոգրաֆիայի բաժին՝ բժշկի հետ խոսելու. հետազոտությունը վերջացրել էին: Ես ու հորեղբայրս մոտեցանք այն պահին, երբ հորս պետք է տեղափոխեին պալատ, իսկ բժիշկը մեզ հետ պետք է խոսեր: Բժիշկ Վարդան Լալայանն ասաց, որ վիճակը բարդ է, անհետաձգելի սրտի բաց վիրահատության կարիք կա, քանի որ կորոնար անոթները 90 տոկոսով փակված էին: Բժշկական նման միջամտություն Ստեփանակերտում իրականացնելը հնարավոր չէր, բժիշկը խորհուրդ էր տալիս տեղափոխել Երեւան՝ Նորք-Մարաշի սրտաբանական կլինիկա: Երբ բժիշկը հայտնեց ախտորոշումը, թվում էր՝ փակուղու առջեւ եմ հայտնվել: Մտքում Արթուրի խոսքերն էին, որ յուրաքանչյուրս պետք է անենք մեզանից կախվածը եւ վստահենք Աստծոն: Ինձանից կախված այդ պահին ոչինչ մտքովս չէր անցնում, քան աղոթելն, որ  Աստված ցույց տա ճանապարհը:  Եվ ահա պատասխանը չուշացավ… Բայց մի՞թե փրկվելու գինը սա էր…Ի՞նչ արած՝ Աստծո գործերն անքննելի են:

Բարձրացանք պալատ: Մինչ բուժքույրը կաթուցիկն էր միացնում ու պառկեցնում հորս, իսկ մենք մտահոգված քննարկում էինք, թե Երեւան տեղափոխելու անհնարինության պայմաններում ի՞նչ կարող ենք անել, Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում անսպասելի դղրդյուն լսվեց: Չնայած հայտնի էր, որ շատ լարված է իրավիճակը, ամեն վայրկյան սպասում են ինչ-որ գործողությունների,  բայց սովորաբար անսպասելի է սկսվում այն, ինչին սպասում ես:

Պատերազմը սկսվեց կեսօրին, այն ժամին, երբ երեխաները դպրոցում էին՝ թիրախավորելով նաեւ դպրոցներ: Շատ մարդիկ առավոտից ոտքով  գնացել էին սնունդ հայթայթելու կամ այլ կենսական կարիքներ հոգալու: Երբ սկսվեց  հրթիռակոծությունը, հիվանդանոցում ու քաղաքում քաոս առաջացավ: Բժիշկները մեզ հրահանգեցին իջնել հիվանդանոցի ապաստարան, իսկ բուժքույրերը գնացին օգնելու հավանաբար ավելի ծանր հիվանդներին: Թեպետ հորդորել էին հորս երկու ժամ չշարժվել, բայց պետք էր իջնեինք: Հորեղբորս օգնությամբ հագցրեցինք նրան, կաթուցիկը ինքնուրույն անջատելով՝ օգնեցինք, որ իջնի աստիճաններով: Պինդ կապված ձեռքը  աշխատում էինք հնարավորինս անշարժ թողնել:

(շարունակելի)

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ