,,ԹՈՒՄԱՆՅԱՆԸ,,՝  ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Աշխարհի որ անկյունում էլ որ լինի, որտեղ թեկուզ մեկ հայ է ապրում, այնտեղ շնչում ու ապրում է Թումանյանը, քանզի առանց Թումանյանի աշխարհը դատարկ է ու անիմաստ, զուրկ՝ վեհ արժեքներից: Որտեղ որ Թումանյանն է ապրում, այնտեղ մարդիկ բարի են ու հոգատար, կամեցող են ու մարդամոտ, հեռու՝ չարամիտներից ու ազգադավներից: Թումանյանն է այն պարզ հայելին, որում ընդգծվում է  մեր հոգու արտացոլանքը:

Վերջերս ,, Թումանյանը Մոսկվայում էր,,՝ հագեցնելու այն ծարավը, որով պապակվում են մոսկվաբնակ հայերը. նրանք շատ են տենչում Թումանյանի խոսքն ու նրա արժեքները:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը մանրամասնեց մոսկովյան հետաքրքիր հանդիպումները՝ հավելելով, որ շրջագայությունների միջոցով փորձում են Թումանյանի ուղերձները տարածել ոչ միայն մարզերում, այլև Հայաստանից դուրս:

Հրավերը ստացան Մոսկվայի ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնից ու սիրով համաձայնեցին:

Հունիսի 7-10-ը գտնվում էին Մոսկվայում: Այնտեղ հանդիպումներ ունեցան Մոսկվայի ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնում, ՌԴ Հայերի միության գրական խմբակի անդամների հետ և կիրակնօրյա դպրոցում: Ծրագրի նպատակը Թումանյանի և թումանյանական արժեքների հանրահռչակումն էր Մոսկվայի հայ համայնքում, հայկական վարժարաններում և մշակույթի կենտրոնի հայագիտական բաժնում:

Միջոցառումն ամբողջությամբ նվիրված էր ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 80-ամյակին:

Երկօրյա ծրագիրն ուներ երեք բաղադրիչ՝ կրթական, որն ընդգրկում էր թեմատիկ ֆիլմեր և մուլտֆիլմեր, ,,Թումանյանը՝ ճամփորդ,, թեմատիկ ցուցադրություն և դասախոսություններ:

Առաջին օրը պաստառների ցուցադրություն կատարվեց, որտեղ երևում էր Թումանյանի ճամփորդական քարտեզը: Ցուցադրությանը զուգահեռ ընթացավ Լուսինե Ղարախանյանի դասախոսությունը ճամփորդ Թումանյանի մասին. ,,Թումանյանի ճամփորդությունները Արևմտյան Հայաստանի Անի բերդաքաղաք ուղիղ աղերս ունեն բերդաքաղաքի նկատմամբ ունեցած նրա գիտական ու գեղարվեստական հետաքրքրության հետ, արն արտացոլվել է ոչ միայն նրա գեղարվեստական ստեղծագործություններում /,,Հովհաննես Սմբատ,, ողբերգությունը, ,,Սմբատ Բ,, խորագրով պատմադրամատիկական անավարտ երկը/, այլև երկու ճամփորդությունների /1901, 1904/ ժամանակ նրա կողմից արված լուսանկարչական նեգատիվներում ու լուսանկարներում: Թանգարանին են փոխանցվել 15 լուսանկարչական նեգատիվներն ու լուսանկարները: Այդ նեգատիվներից ստացված նկարները տարբեր առիթներով ցուցադրության նյութ են դառնում թանգարանային գործունեության համար:

Հովհաննես Թումանյանի կերպարը՝ որպես լուսանկարչի, նվազ է բացահայտված: Քչերին է հայտնի, որ լուսանկարելը բանաստեղծի նախասիրություններից էր: Առաջին լուսանկարչական սարքը ձեռք է բերել 1896 թվականին: Ունեցել է երեք տեսախցիկ, որոնցից ոչ մեկը, ցավոք, չի պահպանվել: Լուսանկարչական մշակույթը նրա ընտանեկան, անձնական ու հանրային կյանքի անբաժանելի մասն էր: Լուսանկարներում իր առանձնահատուկ տեղն ունի նաև Անի բերդաքաղաքը /Անի.Մայր տաճար /1901/, Անի.Աղջկա բերդը /1901/, Անի.Ապուղամրենց եկեղեցին /1901/, Անի.Պարոնի պալատը /1901/, Անի. Բագրատունիների պալատը /1901/,Անի. Առաքելոց եկեղեցու ավերակները /1901/ և այլն/:

Անիի լուսանկարների ցուցադրությունը դարձել է շրջիկ: Ցուցադրվել է նաև Արցախում՝ Շուշի և Ստեփանակերտ քաղաքներում /2013թ./:

Բանաստեղծ Հովհաննես Կոստանյանի հուշերում կարդում ենք. ,, Թումանյանը հաճախ, այդ հուշարձանների առաջ կանգնած, բացականչում էր.

-Ի՜նչ հոյակապ ճարտարապետություն, որքա՜ն բարձր մշակույթ է եղել, որքա՜ն ճաշակ, եռանդ և աշխատանք, և դարերից հետո նայում են էնպես, կարծես երեկ են շինվել…,,:

Ավետիք Իսահակյանն էլ գրում է. ,,Անին իր հիասքանչ ճարտարապետությամբ շատ մեծ տպավորություն թողեց Օհաննեսի վրա: Երբ մեկնում էինք Անիից և պարիսպներից դուրս էինք արդեն, Օհաննեսը վերջին անգամ նայեց Անիին և ասաց.

-Ինչքա՜ն մարդ պիտի անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա: Մի՞թե այս գեղեցկությունը պիտի մեռնի առանց հետք թողնելու հայկական և ուրիշ ժողովուրդների արվեստի վրա: Այսօր զարգացման ի՜նչ աստիճանի հասած կլիներ մեր արվեստը, եթե թուրք-թաթար ցեղերը չքայքայեին մեր ժողովրդին,,:

Առաջին օրը ցուցադրված ֆիլմը նվիրել էինք Վիգեն Թումանյանին,- շարունակում է թանգարանի տնօրենը,- հաշվի առնելով, որ նա Հայրենական մեծ պատերազմում զոհվել է ընդամենը 21 գարունը բոլորած:

,,Թումանյանը և ռուս գրականությունը,,  թեմայով դասախոսությամբ հանդես է եկել թանգարանի գիտաշխատող Մարինա Բաղդասարյանը:

Նույն օրը կազմակերպել ենք նաև ,,Ոսկեդարան,,-ի շնորհանդեսը, որն անընդհատ համալրվում է և առաջիկա ամիսների ընթացքում կունենա Թումանյանի պոեմները, լեգենդները, քառյակները, և, ինչպես խոստացել էինք, այն կդառնա ընտանեկան հավելված,,:

ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը և գիտաշխատող Մարինա Բաղդասարյանը պարգևատրվել են դիպլոմներով, իրենք էլ Նվարդ Թումանյանի երկհատորյակն են նվիրել կենտրոնին ու պարգևատրել Թումանյանի մահվան 100-ամյակի և թանգարանի հիմնադրման 70-ամյակի առթիվ թողարկված մեդալով:

Մարինա Բաղդասարյանը տպավորված պատմում է, որ միջոցառմանը ներկա է եղել Թումանյանի կրտսեր որդու՝ Արեգի ծոռը՝ մեծ բանաստեղծի կոռը՝ Ամալյա Յաստրեբովան, որը հիացած բացականչել է. ,,Ինչքա՜ն նոր բան իմացա այս այցի շնորհիվ: Շնորհակալություն,,:

Երկրորդ օրը հյուրընկալվեցին Ռուսաստանի հայերի միության կիրակնօրյա դպրոցի և գրական խմբակի կողմից: Այստեղ բոլոր հանդիպումները համակարգում էր Տաթևիկ Մաղաքյանը /գրական խմբակի և կիրակնօրյա դպրոցի գործերի համակարգող/:

,,Գրական խմբակը մեզ համար անակնկալ էր պատրաստել. դա թումանյանականկերպարների համադրությամբ մի պատկեր էր, որով Քաջ Նազարը, Թմկա տիրուհին, Անբան Հուռին, Շունը, Վաճառականը հետաքրքիր ուղերձներ էին հղում մեզ իրենց դերասանական խաղով: Նրանք իրենց ,,վաստակավոր դերասաններ,, էին համարում: Այդ գրական խմբակում չափազանց շատ են հետաքրքրված Թումանյանով:

Երկու տեղերում էլ մեր հանդիպումներն անցել են շատ ջերմ մթնոլորտում,- ոգևորված պատմում է Լ.Ղարախանյանը: -Մշակել ենք պլաններ՝ հետագա համագործակցության համար: Կարծիքներ ենք փոխանակել, թե Թումանյանի թանգարանն էլ ինչպես կարող է իր ներդրումն ունենալ հայկական համայնքներում հայկականության, թումանյանական արժեքների քարոզման ու տարածման գործում:

Համայնքը կարոտ ու ծարավ է թումանյանական խոսքին, ընդհանրապես մեր ազգայնի խոսքին: Երջանիկ եմ հպարտ, որ չեն ձուլվում, այլ սիրով սպասում են մեր հերթական նախաձեռնություններին: Ունկնդիրների մեջ էին նաև Արցախից բռնի տեղահանված մանկավարժներ, որոնք, անհագ ծարավով, կարոտով ու սպասումով լեցուն, եկել էին՝ մեկ անգամ ևս հաղորդակցվելու ազգային, թումանյանական մնայուն արժեքներին:

Մեզ համար ամենահետաքրքրականն այն էր, որ ՀՀ դեսպանատունը գտնվում է պատմական փառահեղ անցյալ ունեցող Լազարյան ճեմարանի շենքում: Այստեղ են նաև մշակութային կենտրոնը, որը ղեկավարում է Վլադիմիր Ռուբենի Գաբեն, և հայագիտության ամբիոնը, որ ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ Աիդա Մարանջյանը:

Մտահոգող խնդիրն այն է, որ Լազարյան ճեմարանը՝ որպես գիտակրթական կենտրոն, մեկուսացված է աշխարհի մյուս գիտակրթական կենտրոններից ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով,, ,-իր խոսքն այսպես ավարտեց թանգարանի տնօրենը՝ ներկայացնելով այն շնորհակալագիրը, որով պարգևատրվում է Հովհաննես Թումանյանի թանգարանի կոլեկտիվը՝ Ամենայն հայոց բանաստեղծի գրական գործունեության և ազգային-հումանիստական ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Շնորհակալագիրը տրվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի կողմից: Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ