Եթե հիշողությունն արթուն է, ապա հայրենի եզերք վերադարձը կլինի անկասելի:

Թերևս այս նվիրական երազանքի մղումն էր ասկերանցիներին հավաքել մի հարկի տակ՝ մասնակիցը դառնալու աղոթքի ու մայրական սիրո լեզվով գրված Վերա Գասպարյանի ,,Ասկերան. հուշապատում-տարեգրություն,, գրքի համալրված տարբերակի շնորհանդեսի:
Բացման խոսքով հանդես եկավ Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, որի աջակցությամբ իրականացել է Վերա Գասպարյանի և գրքի խմբագիր Անահիտ Պետրոսյանի մեծ երազանքը՝ գրքի վերահրատարակումը՝ լրամշակված տարբերակով:

Հուշապատում-տարեգրությունը արիության ու սխրանքի իրական պատմություն է՝ նվիրված Ասկերանի քաջարի զավակներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենի հողի ու փառքով պսակեցին իրենց անունը: ,,Գիրքը կարևորվում է նրանով, որ այն դառնալու է հուշարձան՝ ուղղված հետագա սերունդներին,-նշում է Կիմ Գաբրիելյանը,- չեմ կարող որևէ կոնկրետ բան ասել մեր վերադարձի մասին, բայց կասեմ՝ հրաշքներ միշտ էլ լինում են, ինչպես որ երբևէ մեր մտքով չէր անցնի, որ այսօր կհայտնվեինք այս իրավիճակում: Մի բան միայն լավ պիտի հիշենք՝ վերադարձ լինելու է, չկորցնենք մեր հույսը,,:
Նա առաջարկեց ՀԿ-ի նման մի կառույց ստեղծել՝ համախմբելու մեր հայրենակիցներին՝ ինչ-որ ձևով աջակցելու, օժանդակելու նրանց որոշակի խնդիրները լուծելու գործում:

Գրքի խմբագիր Անահիտ Պետրոսյանն իր ելույթում ընդգծեց այն հանգամանքը, որ գրքի առաջին տարբերակի տպագրությունն իրականություն է դարձել 2022 թվականին Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի, Պահեստազորի սպաների միության նախագահ Կարմեն Ասլանյանի և Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի հովանավորչությամբ: Գիրքը յուրահատուկ է նրանով, որ հեղինակն ականատեսի աչքով տեսածն ու վերապրածն է նկարագրել: Այն հավաքական դիմանկար է մի ամբողջ ժողովրդի, որը հողի մեջ արմատ ունի, հիշողության մեջ՝ ճշմարտություն, և արժանապատվության մեջ՝ պայքար. ՚Որպես խմբագիր գրքի հետ աշխատելիս գիտակցել եմ՝ մենք չենք գրում անցյալը, մենք ապրեցնում ենք այն։ Այն ունի իր կյանքը, իր ճակատագիրը, իր պայքարը, ինչպես և մեր հերոսները։ Ու քանի հերոսները մեր սրտերում են, մեր հիշողության մեջ, նրանք չեն մահանալուՙ:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը ցավով նշեց, որ իր պարտականությունները կատարում է հայրենիքից դուրս: Միակ մխիթարականն այն է, որ զոհված ազատամարտիկների հիշատակը հարգելու տեղը մնացել է Եռաբլուրը, որտեղ հաճախ են հավաքվում: Նա պատրաստակամ է իր աջակցությունը բերել հետագա բոլոր նախաձեռնություններին: Կոչ արեց չկոտրվել, համախմբվել ու միասնաբար լուծել այս դժվարին կացության մեջ գտնվող հայրենակիցների խնդիրները:
Պատմաբան Բելլա Բաբայանն անդրադարձավ այն իրավիճակին, որում գտնվում ենք բոլորս: Նրա կարծիքով՝ ճշմարտության մասին եթե չեն խոսում կամ կիսատ են խոսում, ապա այդ ճշմարտության հարթակը լցվում է հակաճշմարտությամբ: Ո՞վ կարող էր պատկերացներ ամենաչար երազում անգամ, որ արցախցին կարող էր դառնալ փախստական իր իսկ հայրենիքում: Անընդհատ պետք է խոսել նման փաստերի մասին, որոնք ապագայում անհրաժեշտ են լինելու սերունդների համար: Չպետք է հուսահատվել, և բոլորիս սուրբ երազանքը ՝ վերադարձը, միշտ աչքի առաջ ունենալ:
Բոլոր արտահայտվողները շնորհակալություն հայտնեցին գրքի հեղինակ Վերա Գասպարյանին (առողջական խնդիրներով պայմանավորված ներկա չէր շնորհանդեսին) և աջակցողներին:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ