ԲԱՐՁՈՒՆՔԻ ԱՐԱՀԵՏԸ

 Համատեղ մտագործունեության արդյունքում մենք ձևակերպում ենք Հայոց երկրի տեսլականը, առաքելությունն ու նպատակները, որոնք ընկալելի և ընդունելի կլինեն հայ ժողովրդի լայն շերտերի համար։

«ԲԱՐՁՈՒՆՔ»

 2020թ Արցախյան 44 օր տևած պատերազմում կրած պարտությունը մեծ ու դառը ծանրություն ու կորուստ էր մեր ազգի համար։  Նույն պատերազմի մասնակից ու ողջ մնացած շատ երիտասարդների համար այդ պարտությունը նաև մեծ դաս էր։ Եվ 2020-ի վերջին նրանցից ոմանք ՀՀ տարբեր մարզերում, հիմնականում Երևանում ստեղծեցին ռազմահայրենասիրական, ռազմամարզական, կրթամարզական հասարակական կազմակերպություններ, դպրոցներ, որոնց նպատակն է հայ երեխաներին, երիտասարդներին, ինչու չէ, նաև տարեցներին պատրաստել դիմակայելու ցանկացած դժվարության, լինել միասնական, ճանաչել հայրենիքը, բնությունը և այլն։ Նման կազմակերպություններից է «Բարձունք»-ը, որի հիմնադիրներ Գեղամ Օհանյանը, Հայկ Նավասարդյանը և այլոք նույնպես մասնակից էին պատերազմին։ Հինգ տարիների ընթացքում «Բարձունք»-ը տարբեր ծրագրեր է իրականացրել ու շարունակում է։ Սակայն ՀԿ-ի կարևոր ծրագրերը նախատեսված են 20 տարվա համար։

Հունիսի 21-22-ին ՀՀ Լոռու մարզի Մարց գյուղում «Բարձունք»-ն իրականացրեց «Արահետ»՝ արդեն երրորդ հայրենաճանաչ լեռնարշավային առաջնությունը։ Հունիսի 22-ին տեղում՝ վրանային ճամբարում, ծանոթացա «Արահետ»-ի 2025թ իրականացված և շարունակվող ծրագրին։ Զրուցեցի «Բարձունք»-ի առաջնորդող խորհրդի(ԱԽ) անդամների՝ Գեղամ Օհանյանի, Տիգրան Արեգունու, Գայանե Թունյանի, ինչպես նաև ծրագրին մասնակցող թիմերի անդամների հետ։

Գ Օհանյանը տեղեկացրեց, որ 2025-ին «Արահետ» ծրագրին մասնակցում է 25 թիմ, որոնցից որոշները՝ արդեն երրորդ անգամ։ Հավելեց նաև՝ եթե անցած տարիներին ծրագրին մասնակցել են հիմնականում արշավական, ռազմամարզական ու նման կառույցների թիմեր, այս տարվա կարևոր հաղթանակներից է, որ ծրագրին մասնակցում են նաև դպրոցներ, սփյուռքահայեր և այլոք։ Ի՞նչ ծրագիր է «Արահետ»-ը հարցին՝ պատասխանն է «2023թ առաջին անգամ իրականացված «Արահետ»-ը լեռնարշավային ամենամյա առաջնություն է, որի նպատակն է զարգացնել լեռնագնացության մշակույթը բնակչության շրջանում։  «Արահետ»-ը նախատեսված է 16 տարին լրացած բոլոր անձանց համար, որոնք հետաքրքրվում են լեռնագնացությամբ։ Առաջնության մասնակցությունը պարտադիր 6 հոգուց բաղկացած խմբերով է»։ 2023-ին «Արահետ»-ի՝ Վայոց Ձորում կայացած առաջնությանը մասնակցել է 10 թիմ՝ 60 հոգի և 34 կամավորական, 2024-ին Գեղարքունիք-Տավուշ մարզերում՝ 20 թիմ՝ 120 հոգի, 40 կամավորական։ 2025-ին լեռնագնացությանը մասնակցեց 25 թիմ՝ 150 հոգի։ Այս անգամ թիմերը մասնակցեցին շուրջ 11 կմ Մարց-Խաչքարեր-Սուրբ Սարգիս եկեղեցի-Քարինջի խաչ-Մարց սիրողական և 28 կմ Մարց-Քարինջի Սուրբ Սարգիս եկեղեցի-Եղնախաղաց-Մրցաքար-Դժարսար-Մարց պրոֆեսիոնալ  երթուղու հաղթահարելուն։

Ինչպես տեղեկացրեց «Բարձունք»-ի  ԱԽ անդամ Գայանե Թունյանը, «Արահետ»-ի կարևոր նպատակներից է հայ մարդուն վերադարձնել լեռները։ Առաջին տարիներին առաջնությունը եղել է մեկօրյա, իսկ այս անգամ՝ եռօրյա։ Տեղեկացրեց նաև՝ առաջնության անցկացմանը հետևում են երթուղիներում հերթապահող կամավորականներ, որոնք դրոշակներ են տրամադրում իրենց մոտով անցնեղ թիմերին։ Այդ պահին ծրագրի ղեկավար Մհեր Սանոսյանն ու Ալեքս Մելիքյանը տարածքում հսկում էին շուրջ 70 կամավորների աշխատանքը։  Բացի դրանից՝ թիմերն ունեն կապի միջոցներ, իրենք էլ հետևում էին նաև համացանցով։ Իսկ սիրողական, թե պրոֆեսոնիալ երթուղիներն ընտրում են թիմերը՝ նախապես գրանցվելով։

Երթուղու ամենաբարձր կետը Գուգարաց լեռների արևմտյան ճյուղավորություններից 15կմ երկարությամբ Սևորդյաց լեռնաշղթայի Դժարսար գագաթն  է՝ 2245մ բարձրությամբ։ Տեղեկացրեց նաև՝ սիրողական երթուղու մասնակից թիմերից արդեն կան վերադարձողներ։ Առաջին տեղում է «ArmGeo Runners», 2-րդում՝ «ԶԱՐԿ», իսկ 3-րդում՝ «Սեբաստացիներ» թիմերը։ Տեղեկացրեց նաև՝ հաղթող թիմերին հատկացվելու են գործընկեր camp.am-ի նվեր-քարտեր, որոնցով կարող են հատուկ խանութից գնել արշավային պարագաներ։ Պրոֆեսոնալների համար նախատեսած է՝ առաջին տեղ՝ 1,000,000, երկրորդ տեղ՝ 800000, իսկ երրորդ տեղ՝ 500000 ՀՀ դրամ։ Սիրողական երթուղու հովանավորն է «Ամրոց» հիմնադրամը։ Առաջինը հաղթահարող թիմն արժանանում է 400000, երկրորդը՝ 300000, երրորդը՝ 200000 ՀՀ դրամ գումարի նվեր-քարտ։ Յուրաքանչյուր մասնակից թիմ առաջնության համար վճարելու է մասնակցության գումար։ Իրենց հետ համագործակցում են ու առաջնությանը մասնակցում «Ազատազէն»-ը, «Խարույկ»-ը, «Վարը վարենկ»-ը, ՈՄԱ-ն և այլ կառույցներ։
Զրույցի ընթացքում վերադարձան նաև պրոֆեսոնիալ երթուղին առաջինը հաղթահարած «Խարույկ» թիմի անդամները՝ Սևադան, Արան, Վարդանը, Սիմոնը, Արարատը, Հովհաննեսը։ Թիմի անդամները գոհ էին
կայացել էր թիմային անցում։ Երկրորդը պրոֆեսիոնալներից տեղ հասավ «Թրայ Քլաբի համեստներ», իսկ երրորդը՝ «North Peak Mountain Club» թիմերը։ 28 կմ երթուղի անցած Մերի Մխիթարյանն ու Ռիմա Կաբրիելյանցը, չնայած հոգնածությանը, երջանիկ էին թիմակիցների հետ հաղթահարել էին լեռնային դժվար ճանապարհը, կարողացել էին կողմնորոշվել անտառում։ «North Peak Mountain Club»-ի ֆեսբուքյան էջում, որպես հետաքրքիր փաստ, նշված է «Արդեն երկրորդ տարին է, ինչ մրցանակային եռյակի թիմերից միայն մեր թիմում կան աղջիկներ։ Մեր ակումբի թիմն այս պահին միակն է, որը 3 առաջնությունների ընթացքում տեղ է գրավել մրցանակային եռյակում։ Նարեի և Սարգսի ջանքերով 3-րդ (էլի երրորդ)) տեղն ենք գրավել նաև հրաձգության մրցույթում»։ Պրոֆեսիոնիալ երթուղին 4-րդը հաղթահարեց «Ազատազէն» թիմը։ Իրենց ֆեսբուքյան էջում գրել են «5 ժամ 5 րոպեում հաղթահարելով 28կմ երկարությամբ երթուղի` մենք զբաղեցրել ենք 4-րդ հորիզոնականը։ Առաջնությունը լավ հնարավորություն էր մարզվելու, կոփվելու և զարգացնելու թիմային աշխատանքը։ Շնորհակալ ենք մեր գործընկեր «Արահետ»-ին՝ նման նախաձեռնության համար։ Շնորհավորում ենք բոլոր հաղթանակած թիմերին։ Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն ստացել են «Ազատազէն»-ի ծառայություններից օգտվելու նվեր քարտ»։ «Բարձունք»-ի համահիմնադիր Տիգրան Արեգունին կարևորեց իրենց կառույցի դերը որպես կրթական կամավորական շարժում, որի նպատակն ու առաքելություննն է լուսավորել երկիրը՝ կրթելով, համախմբելով ու արարելով։ «Նշված 3 բաղադրիչներով բխեցնում ենք մեր ծրագրերը։ «Արահետ»-ը դիտարկում ենք որպես կրթական ծրագիր, որն իր մեջ ներառում է հայրենաճանաչողություն, ֆիզիկական պատրաստություն, քարտեզագիտություն և ամենակարևորը՝ թիմային մտածողություն»,- հավելեց Տ Արեգունին։ Շնորհակալություն հայտնեց աջակից ու համագործող կառույցներին՝ Վանաձորի ՈՄԱ-ին, որ ճամբարում իրականացրել է «Թիրախային խոցում» մրցույթը, առաջնության մասնակից ու աջակից «Ազատազէն»-ին՝ դարձյալ մրցույթի կազմակերպիչ, որը հաղթող թիմերին նաև նվեր-քարտեր է հատկացնելու, «Վարը Վարենկին», որ իրականացրել է մշակութային ծրագիր, «Իրական դպրոց»-ին, որից երեք թիմ՝ Երևանից, Իջևանից ու Վանաձորից, մասնակցում էին առաջնությանը, «Կարապ» հավելվածին՝ աուդիո գրքերի տարեկան բաժանորդագրություն կատարելու համար։ Նշեց նաև՝ իրենց հետ են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության ներկայացուցիչներ։ Ճամբարում գործում էր նաև բժշկական ու առաջին բուժօգնության ծառայություն։ Յուրաքանչյուր թիմ ուներ հատուկ պայուսակ՝ նախատեսած առաջին օգնության համար։

Զրուցեցի նաև ծառայություն կատարող ոստիկանների հետ։ Ալավերդու բաժանմունքի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արտակ Ծատինյանն ասաց՝ ողջ գիշերը տեղում են եղել։ Նրա հետ էր ոստիկանության կրտսեր-սերժանտ Դավիթ Պարանյանը։ Ասացին, որ հետաքրքիր ու կարևոր միջոցառում է։

Երեկոյան ճամբարում կայացավ համերգ՝ Վահագ Ռաշի և Լիլիթ Պիպոյանի մասնակցությամբ։

Ճամբարը նաև առիթ էր, որ Մարցի բնակիչներն իրենց արտադրած գյուղմթերքի որոշ մաս կարողանան վաճառել, հյուրասիրել։ Առաջնության մասնակից «Լավաշ տուր»-ի ֆեսբուքյան էջում կարդում ենք ««Բարձունք» ՀԿ-ն վաղուց սովորել է շատերիս հավաքել գաղափարի շուրջ, թիմի շուրջ, ու այդ եռուզեռի մեջ տալ յուրաքանչյուրիս այդ շղթայի մեջ կարևոր օղակ լինել զգացողությունը․․․ Եվ @arahet_bardzunk-ն այդ կրթական փայլուն նախագծերից մեկն է, որտեղ, այս տեխնոլոգիական ժամանակաշրջանին ի հակադրություն, սովորում ես լինել բնությանն ու մարդուն ավելի սերտ, ճանաչել հայրենիքը կենացներից ու ճառերից դուրս, իրական ու մոտիկ։ Շնորհակա’լ ենք @arahet_bardzunk-ի կամավորներին ու հովանավորներին, բոլոր մասնակից թիմերին, ԱԻՆ-ի ու ոստիկանության աշխատակիցներին, տեղացիներին` ֆանտաստիկ հյուրասիրության համար, և բոլոր բոլորին, ովքեր թեկուզ մի փոքր ներդրում են ունեցել այս գաղափարի իրականացման համար»։

«Արահետ»-ի ֆեսբուքյան էջում երրորդի մասին գրված է «Շուրջ 300 գաղափարակիցներ մեկ վայրում… մեր հայրենիքի հյուրընկալ գրկում՝ Մարցում «Արահետ-2025»-ն այլևս իրողություն է… Այս լեռնարշավային պատմությունը կերտեցինք բոլորս՝ մասնակիցներ, կամավորներ, գործընկերներ, մարցեցիներ ու աջակիցներ․․․ «Արահետ»-ը համախմբման, հաղթահարման և հայրենիքը նորովի բացահայտելու մեր ճանապարհն է, բոլորիս հաղթանակն է։ Չէ՞ որ, բարձունքները միասին են նվաճվում»։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ