ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՏՈՒՆԴԱՐՁԻ ՄՏՈՎԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ

1992թ մայիսի 17-ին ազատագրվեց ուղիղ մեկ տարի ադրբեջանական գերության մեջ մնացած Շուշիի շրջանի Բերդաձոր ենթաշրջանը՝ 4 գյուղերով։ Մեկ օր հետո էլ թշնամին փախավ Բերձոր-Լաչինից ու Զաբուղ-Աղավնոյից, և կայացավ միացումը։ 1993-ի վերջին, դեռևս պատերազմում գտնվող Արցախի Հանրապետությունում ձևավորվեց 7-րդ շրջանը՝ Քաշաթաղը՝ Բերձոր շրջկենտրոնով։ 1996-ից բնակություն հաստատեցի Բերձորում, և աշխատելով շրջանի կրթության ոլորտում, այնուհետև՝ «Մերան» թերթի խմբագիր, հաճախ էի դպրոցականների ու երիտասարդների հետ կազմակերպում ճանաչողական արշավներ ազատագրված մեր հայրենիքում։

Շուշիի շրջանի Բերդաձոր ենթաշրջանը գտնվում է համանուն գետակի ավազանում՝ Լիսագոր սարի արևմտյան հատվածում։ Մեծ Հայքի Արցախ աշխարհի Բերդաձորի գավառի մի հատվածն է, որտեղ խորհրդային տարիներին մնացել էին 4 հայկական գյուղեր՝ Հին շեն, Մեծ շեն, Տասի վերստ-Ծաղկաձոր և Եղցահող։ Իսկ Կանաչ Թալա գյուղակը, որ հայաթափ էր եղել 1960-70-ական թվականներին, վերաբնակեցվել էր թուրք հովիվներով։ Արցախյան գոյամարտի տարիներին նույն Կանաչ Թալա գյուղում, որտեղ կար ընդամենը 10 տնտեսություն, տեղակայվել էին թուրք ՕՄՕՆ-ականները և մեծ չարիք էին հայկական գյուղերի համար։ Ընդհանուր 1000-ից քիչ բնակիչ ունեցող հայկական Բերդաձորն այն ժամանակ շրջափակված էր բազմահազար թուրք-բնակիչ ունեցող Լաչինի և Շուշիի շրջանների բնակավայրերով: Ամենավտանգավորն էին Լաչին քաղաքն ու Լիսագոր գյուղը, որոնք գտնվում էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին և նույնիսկ խորհրդային «ամենաեղբայրական» տարիներին վտանգ էին հայության համար։ Արցախյան 44-օրյա կործանարար պատերազմից հետո էլ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում իսկական տերերն էին մնացել, չնայած շատ մոտ էին թշնամու հենակետերը։ Սակայն այսօր գերության մեջ է ողջ Արցախը, քանդվում ու ավերվում է մեր հայրենիքը, պղծվում են մեր սրբությունները, ու տանջում է ցավը, հիշողությունը․․․ Ամեն դեպքում, կա հավատ՝ տունդարձի․․․

 Ներկայացնում եմ երանելի տարիների մասին պատմող նյութեր, որոնք ժամանակին տպվել են «Մերան» և այլ թերթերում։



Զոհրաբ Ըռքոյան

                    Ուխտագնացություն Բերդաձոր

2020թմայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ երիտասարդներով այցելեցինք Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն և Մեծ շեն գյուղերը։ Այց-արշավը կազմակերպել էին շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի( ՄԵՀԲ) վարիչ Մարինե Ռուստամյանը և Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր, ազատամարտիկ, Բերդաձորի ինքնապաշտպանության մասնակից Զոհրաբ Ըռքոյանը։ Գյուղ հասնելուց հետո ոտքով ճամփա ընկանք դեպի Մեծ շեն գյուղի Պարին Պիժ եկեղեցին, որից քիչ ներքևում է մեկ այլ մատուռ։ Հայրս՝ Զոհրաբ Ըռքոյանը, որն Արցախյան գոյամարտի տարիներին մասնակցել է այս կողմերի ինքնապաշտպանական մարտերին, ճանապարհին ներկայացրեց գյուղի պատմությունը։ Մեծ շենը, շրջապատի 3 գյուղերով՝ Հին շեն, Եղցահող, Տասի Վերստ կամ Ծաղկաձոր, խորհրդային տարիներին եղել է հայաբնակ՝ 4 կողմից շրջապատված թուրքաբնակ բնակավայրերով՝ Լաչին, Զարիսլու, Հունանով, Աղանուս և այլն։ Ազատամարտի տարիներին 4 հայկական գյուղերում բնակչության թիվը չի գերազանցել 1000-ը։ Գյուղերը հաճախ են ենթարկվել թուրքական և խորհրդային բանակի հարձակումներին, անօրեն գործողություններին։  Մոտ 1-2 կիլոմետր բարձրանալուց հետո հասանք նպատակակետ, գյուղի մոտակա 1658թ կառուցված Պարին Պիժ-Սուրբ Պանտալեոն(Պանտալեոն՝ առյուծ) եկեղեցական համալիր։ Համեմատաբար մեծ եկեղեցին կոչված է ի պատիվ սուրբ 3-4-րդ դարերում Փոքր-Ասիական Նիկոմեդիա(այժմ Իզմիր) քաղաքում ապրած նահատակ-բժիշկ Պանդալեոնի(Պանդելեմիոն), որի մասունքները, ըստ ավանդույթի, ամփոփված են եկեղեցու հիմքում։ Սուրբն ուղղափառ եկեղեցում համարվում է զինվորների հովանավոր։ Արևմուտքում հավատում են, որ Սուրբ Պանդալեոնը ունի զինվորներին և առհասարակ մարդկանց հիվանդությունները, ինչպես նաև հոգևոր վերքերը բժշկելու շնորհ։ Տեղացիների պնդմամբ՝ սուրբը միշտ լսել է իրենց աղոթքներն ու օգնել, ինչի շնորհիվ ստացել է Բարի Բժիշկ անունը, որը ժամանակի և սերունդների միջև փոխանցվելուց հնչյունափոխվել է Պարին Պիժ-ի։ Նույնիսկ խորհրդային տարիներին են սրբատեղի այցելել ուխտագնացներ, ոչ միայն Մեծ ու Հին շեն գյուղերից, այլև այլ վայրերից։ Բերդաձորցիները լավ են հիշում, թե ինչպես, մեծից փոքր, 1989թ սեպտեմբերի 1-ին Հայ Առաքելական եկեղեցու՝ Արցախում վերաբացված թեմի առաջնորդ Պարգև արք Մարտիրոսյանի կողմից մկրտվեցին այս եկեղեցում։ 1991թ մայիսի 15-ից մինչև 1992թ մայիսի 17-ը Բերդաձորը գտնվել է թուրքական գերության մեջ՝ հայաթափված։ Այդ ընթացքում քանդել են փոքր եկեղեցին։ Իսկ մեծը՝ Պարին Պիժը, փորձել են քանդել, չի ստացվել։ Հայրս տեղեկացրեց՝ Բերդաձորի ազատագրումից հետո, երբ այցելել են եկեղեցի, տեսել են սրբատան դիմացի՝ հարավարևմտյան անկյունը քանդված էր։ Տրակտորն էլ ի զորու չի եղել քանդել հայոց սրբատունը։ Քանդված եկեղեցին վերակառուցվել է, մեծը հիմնանորոգվել Հովհաննիսյան եղբայրների կողմից և այժմ գործում է։  

Եկեղեցին, շնորհիվ բարձր դիրքի, ունի հրաշալի տեսարան։ Ներքևում բացվում է Մեծ շեն գյուղի գեղեցիկ պատկերը։ Գյուղը փոքր է՝ կենտրոնացած բլրի վրա։ Իր կարմիր կտուրներով ջերմություն է հաղորդում, իսկ պատմությունն իմանալուց հետո քեզ զգում ես տանը։ Ավելի հյուսիսում երևում է Եղցահող գյուղը՝ դիմացը նորաշեն եկեղեցի՝ բարձունքի վրա։  Աջ ու ձախ՝ ավելի բարձրում, երևում են Հաչաքարը, Քումինքարը և Քիրսի լեռները։ Քումին քարը Հին շենի մոտ է՝ արևմտյան կողմում՝ անտառապատ սարի գլխին։ Հայրս պատմեց՝ Գոյամարտի տարիներին այստեղ գյուղի դիրքերն են եղել։ 1990թ նոյեմբերի 21-ին Լաչինի շրջանի Աղանուս գյուղից թուրքերն ու խորհրդային բանակի զինվորները հարձակում են գործել գյուղի վրա։ Մարտնչել են՝ հետ շպրշտել թշնամուն, սակայն կորցրել են 2 զինակից ընկեր։ Այժմ նրանց նահատակման վայրում խաչքար-կոթող է կանգնեցված։

Հաջորդ կանգառը Հին շեն գյուղն էր։ Այստեղ այցելեցինք տեղի գերեզմանոց։ Մուտքի մոտ կանգնեցված էր Հայրենական մեծ պատերազմում  զոհված հինշենցիներին նվիրված հուշարձան, կողքին՝ Արցախյան գոյամարտի տարիներին նահատակվածներինը։ Փոքր Հին շեն գյուղը Մեծ Հայրենականին տվել է 6 տասնյակից ավելի զոհ։ Այցելեցինք Առնո Մկրտչյանի շիրիմին։ Առնոն Հին շենի բնակիչ էր, դպրոցում դասավանդում էր ֆիզիկա։ Դեռ խորհրդային տարիներին աչքի էր ընկել իր հայրենասիրությամբ, ու պատահական չէր, որ 1988թ Հայ Դատի ստեղծած Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի փոխնախագահը հենց ինքն էր (նախագահ՝ Անդրանիկ Հարությունյան)։  1991թ մայիսի 15-ին, «Օղակ» գործողության շրջանակում Առնոյին և 4 զինակից ընկերներին դատապարտում են գնդակահարության։ Մարտիրոսվել է Բաքվի բանտում, ամփոփված է հոր, դարձյալ ազատամարտիկ եղբոր, զինակից նահատակ ընկերների կողքին։

Վերադարձի ճաանապարհին այցելեցինք Մեծ շենի՝ Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր․ 11 քաջորդիների մարմարե նկարներն են՝ դիմացը՝ Մեծ Հայրենականում նահատակված նրանց շուրջ 90 պապերի ու հայրերի հուշակոթողը։ Այստեղ հարգանքի տուրք մատուցելով Մեծ շենի և Ազատամարտի բոլոր հերոսների հիշատակին՝ վերադարձանք Բերձոր։ Բերձոր-Շուշի ճանապարհին է Բերդաձորի՝ Արցախյան գոյամարտի ժամանակ նահատակված բոլոր քաջորդիներին նվիրված հուշակոթողը։  

 Վարսենիկ ԸՌՔՈՅԱՆ