/Կորյուն Անանյան-120/

Մայիսի 7-ը հայ ազգային սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է, ու դա ևո մի առիթ էր, որ նրա անունը կրող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում՝ նրա գերեզմանի մոտ, համախմբեր երաժշտասեր հասարակության անդամներին ու երաժշտական տարբեր օջախների ներկայացուցիչներին՝ խնկարկելու, ծաղիկներ խոնարհելու և ևս մեկ անգամ հարգելու մեծ կոմպոզիտորի հիշատակը: Ինչպես Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինա Օթարյանն ասաց իր ողջույնի խոսքում, բոլորը հավաքվել են այդտեղ՝ մեծանուն կոմպոզիտորին ասելու իրենց շնորհակալական խոսքը. ՚Շնորհակալություն այն մեծ ավանդի, այն ամուր հիմնաքարի համար, որի հիման վրա այսօր մենք ունենք ազգային բարձրարվեստ երաժշտություն: Ասում են՝ Սպենդիարյանը որտեղ էլ լիներ, իր շուրջն էր համախմբում մարդկանց՝ հիմնականում երիտասարդներիՙ:

Օրը հիշարժան էր ոչ միայն մեծ երախտավորի հիշատակը ավանդաբար հարգելու, նրան մեծարելու առումով, այլև որ 97 տարի անց հնչեց Ալեքսանդր Սպենդիարյանի երախտագետ աշակերտ Կորյուն Անանյանի գրած ՚Սգո քայլերգՙ-ը:
1928 թվականի մայիսի 7-ին հաճարեղ կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն: Դա համազգային մեծ կորուստ էր, որն ավելի դիպուկ բնորոշել է Ռոմանոս Մելիքյանը՝ գրելով. ,,Մի աղբյուր ցամաքեց, որից ծով պիտի ծնվեր,,:
Ալեքսանդր Սպենդիարյանի նվիրյալ ուսանողները՝ Սերգեյ Շաթիրյան, Լևոն Խոջաինաթյան, Կորյուն Անանյան, որպես ինքնարտահայտում այդ մեծ կորստի, գրեցին ,,Սգո քայլերգ,,-եր՝ լարային քառյակի համար: Ուղիղ 97 տարի անց՝ 2025թ. մայիսի 7-ին, լսվեց Կորյուն Անանյանի ,,Սգո քայլերգ,,-ը իր հեղինակավոր ուսուցչի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի պայծառ հիշատակին, որը կատարեց ,,Մեղեդի,, լարային քառյակը: Այն առաջին անգամ կատարվել է մեծ կոմպոզիտորի հոգեհանգստին:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ հայ կոմպոզիտորական դպրոցի հայտնի անուններ վաղուց դուրս են եկել միջազգային հարթակներ, որոնց մեջ է նաև Ալեքսանդր Սպենդիարյանը:
Երաժշտագետ Դավիթ Ղազարյանն այն միտքն արտահայտեց, որ այդ օրը սգո օր չէ, այլ փառքի ու հպարտության օր: Հավաքվել են՝ իրենց խոնարհումը բերելու ,,Ալմաստ,, օպերայի հեղինակին: Բոլորը պարտավոր են պահպանել նրա թողած ժառանգությունը և շարունակել լավագույն ավանդույթները: Սպենդիարյանը հիմք դրեց մեր ազգային պրոֆեսիոնալ երաժշտությանը:
Երաժշտական աշխարհի ներկայացուցիչները և հրավիրվածները ,,Սգո քայլերգ,,-ը ունկնդրելուց հետո խնկարկեցին ու ծաղիկներ խոնարհեցին մեծ երաժշտի շիրիմին, այնուհետև ուղևորվեցին նրա տուն-թանգարան, որտեղ կոմպոզիտորի երախտագետ ու նվիրյալ ուսանող, երաժիշտ-կատարող Կորյուն Անանյանի /ծննդով՝ Շուշիից/ կյանքի ու գործունեության մասին զեկուցումով հանդես եկավ թանգարանի գիտաշխատող Նինա Հակոբյանը: Մտահղացումը հայ երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանինն է:
Կորյուն Անանյանը սերում է Արցախում հայտնի մելիքական՝ Շահնազարյանների տոհմից, որն աշխարհին տվել է 100-ավոր զորավարներ, հայտնի բժիշկներ ու գիտնականներ: Անանյանների ընտանիքում կար հինգ երեխա: Կորյունը շարունակել է իր մտավորական ընտանիքի լավագույն ավանդույթները:
Սովորել է Շուշիի ռեալական դպրոցում, որտեղ դասավանդում էին ժամանակի հայտնի մանկավարժները:
1920 թվականին Շուշիի ջարդերի ժամանակ Անանյանների ընտանիքը մազապուրծ ազատվում և տեղափոխվում է Հայաստան, բայց առանց Կորյունի, որի մասին ոչ մի տեղեկություն չունեին հարազատները: Բարեբախտաբար, շուտով հայտնվում է Կորյունը, ու խաղաղվում է նրա ընտանիքի անդորրը:
Ունենալով երաժշտական ձիրք՝ կրթություն է ստանում Երևանում: Իմիջիայլոց, 1960-ական թվականներին նկարահանված ,,Նվագախմբի տղաները,, ֆիլմի փոքրիկ Կորյունը մարմնավորում է հենց Կորյուն Անանյանին:
Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, որտեղ նրան դասավանդել են Ալ. Սպենդիարյանը, Արտեմի Այվազյանը:
1928 թվականին տեղափոխվում է Լենինգրադ, ընդունվում կոնսերվատորիա: Այստեղ էլ ընտանիք է կազմում ու հաստատվում: Թավջութակահար է աշխատում Լենինգրադի ռադիոկոմիտեի սիմֆոնիկ նվագախմբում:
1941-ին սկսվում է Մեծ Հայրենականը: Երբ սկսվում է լենինգրադյան բլոկադան, հարազատները հորդորում են, որ տեղափոխվի Հայաստան, սակայն նա չի լսում այդ հորդորները՝ պատասխանելով. ,,Եթե բոլորը հեռանան, ո՞վ պետք է պաշտպանի Լենինգրադը,,: Ու նա մնում է քաղաքում՝ մինչև վերջ ,,ճաշակելով,, բլոկադայի սահմռկեցուցիչ ու սարսափելի պայմանները:
Մոտ 800 օր տևած բլոկադայի պայմաններում նա չի կորցրել հավատը, հույսը, երբ շատերին թվում էր, թե այդ ծանր պայմաններում երաժշտությունը ավելորդ մի բան է, Կորյուն Անանյանն զգում էր, որ մարդիկ հոգևոր սննդի կարիք ունեն, ու ձեռնամուխ է լինում մի շատ կարևոր գործի: Բազում փորձերից հետո, երբ դեռ բլոկադան շարունակվում էր, օգոստոսի 9-ին բարձրախոսներով հնչում է Շոստակովիչի ,,Յոթերորդ սիմֆոնիան,, : Գերմանացիները, լսելով այն, հայտարարեցին. ,,Մենք չենք կարող այս ժողովրդին հաղթել,,:
1944 թվականի ամռանը Կորյուն Անանյանը գալիս է Հայաստան՝ հարազատներին տեսնելու, որոնք նորից հորդորում էին մնալ հայրենիքում, սակայն նա կրկին մեկնում է Լենինգրադ: Պարգևատրվել է ,,Լենինգրադի պաշտպանության համար,, մեդալով: Մահացել է 1948 թվականին, ամփոփված է Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկի գերեզմանատանը:
Չշրջանցելով այն փաստը, թե որքան է կապված եղել իր ուսուցչի՝ Ալ. Սպենդիարյանի հետ՝ զեկուցող Նինա Հակոբյանը մի դրվագ է մեջբերում Կորյուն Անանյանի կյանքից:

1928 թվականի ապրիլի 29-ին էր` Կորյուն Անանյանի ծննդյան օրը: Հավաքվել էին նրա ուսանողական ընկերները՝ ճաշակելու մոր պատրաստած համեղ ուտեստները: Չնայած հիվանդ լինելուն՝ ուսուցիչը չմերժեց սաների խնդրանքը՝ ներկա լինելու ծննդյան հավաքույթին: Բերեցին, ու նա մահից առաջ վայելեց իր ուսանողների ուշադիր ու հոգատար վերաբերմունքը: Շատ ուրախ էին բոլորը: Հաջորդ օրվանից սկսած՝ նրա առողջական վիճակը գնալով վատացավ, ու մեկ շաբաթ հետո կնքեց իր մահկանացուն:
Սա դեռ ամենը չէ ուսուցիչ-աշակերտ կապվածության մասին: Տարիներ առաջ, երբ Ալ. Սպենդիարյանը գրեց իր հանճարեղ ,,Ալմաստ,, օպերան, Թամարի առաջին դերակատարը դարձավ Թամար Շահնազարյանը, որը Կորյուն Անանյանի զարմուհին էր:
Պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը վերջում շնորհակալություն հայտնեց Նինա Հակոբյանին/ ի դեպ, նրա նախկին ուսանողուհին է/՝ մոռացության փոշուց Կորյուն Անանյանի կերպարը վեր հանելու այդ դժվարին գործը հանձն առնելու և այդքան դժվարությունների միջով անցած լինելով՝ այն պատվով կատարելու համար, մանավանդ որ զեկուցման ընթացքում նա երբեմն հուզական պոռթկումներ էր ունենում: ,,Չգիտեմ՝ կա,՞ արդյոք, այնպիսի մի դեպք, երբ ուսուցիչն իր վերջին օրն անցկացնում է սիրելի ուսանողների շրջապատում: Մենք չունենք լուսանկար, որ Սպենդիարյանը լուսանկարված լինի գործընկերների հետ, բայց կա իր ուսանողի՝ Կորյունի հետ Ալ. Սպենդիարյանի հոբելյանն էին նշում գործընկերները: Նա նստած էր բազկաթոռին՝ ծով ծաղիկներով շրջապատված: Պետությունը որոշել էր նրա անունով կրթաթոշակ սահմանել, ու հարցին, թե ո՞վ պիտի առաջինն արժանանար այդ կրթաթոշակին, նա բացականչել է՝ իհարկե, նա՝ իմ Կորյունը,,,- այսպես իր խոսքն ավարտեց Արմեն Բուդաղյանը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի տնօրեն Մարինա Օթարյանին, որը սիրով ընդունեց իրենց առաջարկը և իրականություն դարձրեց այդ միջոցառումը, որը լավ ազդակ կլինի Սպենդիարյանի տուն-թանգարանը նոր հետաքրքիր նյութերով համալրելու համար:
Իր հերթին Մարինա Օթարյանն արժանվույնս գնահատեց այդ ծրագիրն իրականացնողներին՝ ասելով, որ սա եղավ սկիզբ, որպեսզի Ալ. Սպենդիարյանի հիշատակի օրվան նվիրված հաջորդ միջոցառումներին հնչեն նրա մյուս երկու երախտապարտ աշակերտների՝ իրենց ուսուցչի պայծառ հիշատակին գրած ՚Սգո քայլերգՙ-երը՝ հաստատելով այն միտքը, որ ուսուցիչների հետ մեծարվում են նաև նրանց արժանավոր աշակերտները, նրանց հավերժացնելով՝ հավերժանում են նաև նրանց աշակերտները:
Չկա ավելի մեծ երջանկություն, քան այն, որ Ալ. Սպենդիարյանն ունեցել է արժանավոր բազում հետնորդներ, ու այդ ավանդույթները շարունակվում են այսօր:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ