ԱՐՑԱԽՑԻ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Գեղեցիկն արարելու համար անհրաժեշտ է հոգով մաքուր լինել:

Մ.Գլինկա

Սուրբ իմ հող՝

Սրբությունը մեր հին…

Թե ինչքա՞ն ենք մենք կառչած քեզ՝

Միայն հողմերը գիտեն,

Հողմերն անցած, հողմերը գալիք,

Իսկ հողմեր այնքան շատ ես դու ցրել,

Որ հիմա չգիտենք,

Որ մեկը հիշենք,

Որ մեկը հուշենք,

Արար աշխարհում որ մեկը պատմենք,

Որ մեկը լացենք, շարունակ երգենք:

Միլաս Մանասյան

Արցախցի երաժշտագետ, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դասատու,  նշանավոր կոմպոզիտոր Էդուարդ Ղազարովի մասին մենագրության և բազմաթիվ հոդվածների հեղինակ Նինա Հակոբյանը վերջերս երաժշտասեր հասարակայնության /և ոչ միայն/ դատին է հանձնել իր հոդվածների երկրորդ ժողովածուն՝<<О музыке>> վերնագրով, որը նշանակալից իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլև արցախյան երաժշտագիտության պատմության մեջ:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանի Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում: Նրա առաջին ժողովածուն լույս էր տեսել 2017 թվականին Արցախում՝ ,,Երաժշտական մշակույթ. պատմության էջերից,, վերնագրով:

<<О музыке>> ժողովածուն ընդգրկում է հայ դասական երաժշտության հսկաներին՝ Կոմիտասին, Սպենդիարյանին, Արամ Խաչատրյանին նվիրված հոդվածները: Որոշ հոդվածներ էլ լուսաբանում են արցախցի կամ արցախյան արմատներ ունեցող կոմպոզիտորների ու կատարողների կյանքն ու գործունեությունը:

Աշխատանքային կոլեկտիվը, որում հայտնվել է Նինա Հակոբյանը 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո, մոտ երկու տարի է՝ նրան հարազատի պես է շրջապատել՝ փորձելով մեղմել այն անհատակ ցավն ու կարոտը, որ կոչվում է հայրենազրկում: Նինան Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանում գիտաշխատող է և այնպես է մերվել կոլեկտիվին, որ իրեն համարում է նրանց մի մասնիկը: Գործընկերների ելույթներն էլ էին վկայում, թե ինչպես են վերաբերվում նրան ու ընդհանրապես Արցախին:

Նինա Հակոբյանն անդրադարձավ ժողովածուի՝ իր համար չափազանց կարևոր, իր կողմից խնամքով առանձնացված մի քանի հոդվածների՝ ամեն մեկի հետ կապելով այն քաղցր հուշերը, որ նրան տանում էին հայրենի երկիր, ուր դեռ երջանիկ էին բոլորը՝ չնայած բազում զրկանքներին: Ամեն մեկի հետ յուրատեսակ մի ցավ էր ապրում, ամեն մեկի համար յուրովի տառապում ու տառապել տալիս ներկաներիս: Երբեմն ժպտում էր արցունքների միջից՝ վերհիշելով այն քաղցր օրերի ոգևորությունն ու համառ արցախցու անկոտրում կամքը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ  Նարինե Ավետիսյանը, կարևորելով գրքի լույսընծայումը և օրվա հանդիպումը, նշեց, որ Նինայի հետ իրենց կապը երկար տարիների պատմություն ունի, քանի որ երաժշտական բազմաթիվ փառատոների և գիտական սիմպոզիումների ժամանակ շատ են հանդիպել: Խոսեց հատկապես այն հոդվածների մասին, որոնք շատ կարևոր են ոչ միայն մեծ երաժիշտների /Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Ալ.Սպենդիարյան/ կյանքն ու գործունեությունը ներկայացնելու առումով, այլև թե ինչպես կազմակերպել երաժշտական ուսուցումը: Նինան իրենց համար ոչ միայն սովորական մի կին էր, երաժշտագետ, որին հանդիպում էին երաժշտական մեծ իրադարձությունների ժամանակ, այլև մի օղակ, որով ներկայացնում էր Արցախ աշխարհն իր ողջ բազմազանությամբ ու հրաշալիքներով: Շատ է ցավում, որ այսօր մնացել են միայն քաղցր հուշերը արցախյան այն երանելի օրերի ջերմ ու սրտառուչ հանդիպումներից, անկրկնելի միջոցառումներից:

Միջոցառմանը ներկա կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի խոսքերով ու երաժշտությամբ գրված երգը՝ Արցախի մասին, ներկայացրեց շնորհալի երգչուհի Մարիա Խանդանյանը՝ մի նոր բռնկումով երկինք հասցնելով արցախցիներիս հոգում փոթորկվող կարոտի հրաբուխը.

Դարերի խորքից եկել ես, եղել ես, ապրել ես, ի՛մ Արցախ,

Վերքերից ապաքինվել ես, կանգնել ես ու քայլել անվախ,

………………………………………………………………………………………..

Բայց իմացիր, հպարտ ու ամուր կանգնած,

Քո ձեռքն ամուր բռնած՝ կողքիդ եմ՝ պաշտպան դարձած:

Արցա՛խ, նորից պիտի առնես թևեր, ազատ արծվի նման հառնես դեպ վեր,

Վաղվա օրվադ համար կյանքն իմ նվեր, որ դու ապրես հավերժ…

,,Այո՛, դա լինելու է անպայման, քանի որ Արցախի ժողովուրդն իր անկոտրում կամքով հասնելու է իր նպատակին,, ,- իր խոսքն այսպես ավարտեց Նարինե  Ավետիսյանը:

Գրքի հեղինակ Նինա Հակոբյանը, դիմելով դահլիճին, որտեղ հիմնականում իր համերկրացի հարազատներն էին ու գործընկերները, շնորհակալություն հայտնեց բոլորին ու հուզմունքը հազիվ խեղդելով՝ ներկայացրեց, թե ինչպես են ծնվել գրքում տեղ գտած իր հոդվածները, և ինչ դժվարություններով է իրեն հաջողվել տպագրել գիրքը: Որպես Արցախի քաղաքացի՝ նա պարտավորություններ է ունեցել իր ժողովրդի հանդեպ: Նրան, ինչպես բոլոր արցախցիներիս, երբեք չի թվացել, թե հնարավոր էր կորցնել Արցախը, և քանի որ ինքն այլ զենք չուներ՝ Արցախի համար պայքարելու համար, մնում էր միայն թուղթն ու գրիչը, որ կային իր ձեռքի տակ: Ապավինելով դրանց՝ փորձել է աշխարհին ցույց տալ Արցախի կոմպոզիտորների գործունեությունը ու հանձնել դրանք սերունդներին, որով էլ պիտի հարատևեր 2017-2023թթ. Արցախ աշխարհի մշակութային պատմությունը :

Երբ 2022-ին սկսվեց ծանր ու հոգեմաշ բլոկադան, Նինան մտածել էր, որ վերջ, դատապարտված ենք բոլորս, և այդ հոդվածներն ուղարկել է Հայաստան՝ իր գործընկերներին՝ փրկելու համար՝ չմտածելով անգամ, որ որոշ ժամանակ անց բոլոր արցախցիներն են տեղահանվելու մայր հայրենիք: Երախտագիտությամբ հիշեց բոլոր այն մարդկանց, ում շնորհիվ նա պասիվ կյանքից անցել է ակտիվ, ստեղծագործական կյանքի: Դա եղել է 2013 թվականին, երբ ինքը հրավիրված էր մասնակցելու համաշխարհային հանճար  Արամ Խաչատրյանի հոբելյանին նվիրված միջազգային կոնֆերանսին: Կոմիտասին կերպարին անդրադարձել է 2012 թվականին:

Ցավով անդրադարձավ նաև այն հոդվածներին, որոնք ծնվել են Արցախի համար շատ ծանր ու անտանելի պայմաններում: Նրանցից մեկն անանուն է, քանզի չի կարողանում հաղթահարել հոգու խոր ցավը ու վերնագրել այն:

2020 թվականի պատերազմից հետո Արցախում շատ կոմպոզիտորների հոբելյաններ նշվեցին. դրանք տեղի էին ունենում ցուրտ ու մութ դահլիճներում, որոնք ևս տեղ են գտել ժողովածուի հոդվածների շարքում: Հիշատակեց հատկապես կոմպոզիտոր Զաքար Քեշիշյանի անունը, որը 30 տարի շարունակ Արցախում էր՝ խթանելով նրա մշակութային կյանքը:

Հնարավոր չէր այդ շարքը՝ առանց Ալեքսեյ Հեքիմյանի կերպարի, մի մարդ, որ, մանկուց հոգում կրելով հոր կողմից ունեցած վիրավորանքը, չէր ուզում Արցախ այցելել, և միայն Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի ու մյուս նշանավոր արցախցիների հորդորով՝ գոնե մի անգամ լինել
Արցախում ու այլևս չայցելել, 1981 թվականին լինում է Արցախում ու համերգի ժամանակ, երբ սկսում է դաշնամուր նվագել, ու ողջ դահլիճն է երգում, հնարավորություն է ունենում ճանաչել Արցախը, հայտարարում է. ,,Այս ժողովրդին հնարավոր չէ հաղթել…,,: Այդ օրվանից նա սիրահարվում է Արցախին:

Երբ իր ելույթի ավարտին Նինա Հակոբյանը հորդորեց չխղճալ իրենց, այլ միայն աջակցել, Նարինե Ավետիսյանն ասաց. ,,Նինա ջան, ոչ ոք ձեզ չի խղճում, խղճալը մեղք է, և քանի որ դուք Արցախի օդն եք շնչել, Արցախի ջուրն եք խմել, գիտենք՝ ձեզ կոտրել չի լինի: Ուզում եմ միայն, որ բոլորդ Հայաստանն ընդունեք որպես ձեր Մայր հայրենիք, չլինի ղարաբաղցի կամ հայաստանցի, կլինի միայն հայ ու Հայաստան: Իմացեք նաև, որ մենք բոլորս սիրում ենք ձեզ,,:

Ելույթ ունեցավ նաև հայ երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը, որը միշտ եղել է Արցախի հետ, Արցախի մեջ, Արցախի կողքին: Նա կարևորեց Նինայի գործունեությունը, որ կատարված է սրտի թելադրանքով: Այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ, պետք է պահպանվի ՀՀ ազգային գրադարանում:

Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինա Օթարյանը եզրափակիչ խոսքում նշեց, որ երբևէ չի մտածել, թե երաժշտական հոդվածներ պարունակող գրքի շնորհանդեսը կարող էր այդքան հուզիչ լինել: Գնահատելով Նինայի աշխատանքը՝ նա ընդգծեց, որ հեղինակը վավերացրել է իր ժամանակի երաժշտական իրադարձությունները: Շնորհավորելով նրան՝ տնօրենը մաղթեց ստեղծագործական նոր վերելքներ ոչ միայն Մայր Հայաստանում, այլև Արցախում: Հիշատակեց նաև այն հանդիպումներն ու տպավորությունները, որ ունեցել է Արցախ այցելությունների ժամանակ, և թե ինչպես է Արցախից վերադառնալիս իրեն զգացել որպես արցախցի ու վերադարձի ողջ ճանապարհն անցել բուռն ոգևորության մեջ: Նա ևս շեշտեց, որ Նինան, ինչպես նաև բոլոր արցախցիները, իրենց հարազատ հողի վրա են, բոլորը սիրում են նրանց:

Գնահատանքի խոսքեր հնչեցին դահլիճից հարազատների ու գործընկերների կողմից: Հարազատներն ու բարեկամները ծաղկեփնջերով շնորհավորեցին Նինա Հակոբյանին:

,,Լուսարար,, թերթի գլխավոր խմբագիր Սվետլանա Խաչատրյանը, անձամբ ճանաչելով գրքի հեղինակ Նինա Հակոբյանին, շնորհավորեց նրան, իսկ տուն-թանգարանի անձնակազմին շնորհակալություն հայտնելով՝ ասաց. ,,Ես այսպիսի Հայաստան եմ ուզում, ուր բոլորը մեկ են, և չկա տարանջատում: Շնորհակալություն,,:

Հանճարեղ են Ս.Բուլգակովի խոսքերը. ,,Մարդկային հոգու արարումները նման են լեռների գագաթներին: Նրանց ձյունաճերմակ գագաթները մեր առջև ավելի ու ավելի են բարձրանում, որքան մենք ավելի ենք հեռանում նրանցից,,:

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանի կայքէջից