Այսօր փոխվում է կնոջ հանդեպ վերաբերմունքը, հիմա նրա մեջ չեն տեսնում միայն տնային տնտեսուհու, որին անհանգստացնում են միայն երեխաների դաստիարակությունն ու ամուսնու մասին հոգ տանելը: Պատմության մեջ մնաց կնոջ՝ տան օջախի պահապանի վերագրումը: Ներկայում կանայք տղամարդկանց հետ հավասար ակտիվ մասնակցություն են ունենում մեր երկրի ու հասարակության առջեւ ծառացած՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրների լուծման մեջ: Ներկա պահին կինը ղեկավար է, կազմակերպիչ, գաղափարական աշխատակից: Կինը կայուն զարգացման գաղափարների տարածողն է:

– Ո՞վ է ժամանակակից կինը:
– Ժամանակակից կինը հավասար իրավունքներ ունեցող, ակտիվ եւ ինքնազարգացող՝ հասարակության անդամ է: Նա անկախ է բոլոր ոլորտներում, ինքնուրույն պլանավորում է իր կյանքը, կրթվում է ու աշխատում, ինքնուրույն որոշում է զբաղվել պրոֆեսիոնալ, հասարակական, քաղաքական կամ այլ կարիերայով: Կինը սովորել է ոչ միայն իմաստուն լինել, այլեւ՝ խելացի: Նրան չի արգելվում գործունեության ոչ մի ձեւ: Ոչ մեկը եւ ոչ մի բան չեն ստիպում նրան զբաղեցնել որեւէ տեղ սոցիալական միջավայրում: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կինը սովորել է, թե ինչպես ավելի գեղեցիկ լինել: Նա քայլում է ժամանակի հետ: 21-րդ դարի կինը ուժեղ է, նա թույլ չի տալիս անհարգալից վերաբերմունք իր հանդեպ: Նա կանգ չի առնում ձեռքբերվածի առջեւ, ձգտում է հասնել ավելիին:
– Որո՞նք են ժամանակակից կնոջ գործառույթները:
– «Մարդ լինելը շատ բան է, բայց կին լինելը՝ ավելի»,-ասել է ֆինն գրող Մարտի Լարնին:
Առաջին հերթին կինը մայր է, որը ծննդաբերում է, կերակրում, հագցնում ու պաշտպանում իր զավակին: Սոցիալական եւ հոգեբանական մակարդակները որոշվում են նրա այնպիսի գործառույթների հաշվին, ինչպիսին են հոգատարությունը, աջակցությունը, դաստիարակությունը, երեխաների պահանջմունքների բավարարումը, օգնության ցուցաբերումը, կրթելը, փորձի փոխանակումը: Պետք է նշել, որ այս գործառույթը դեռ նշանակալի է ու արժեքավոր մեզ՝ հայ կանանց համար: Ի տարբերություն, այսպես կոչված, զարգացած երկրների կանանց, մեր կանայք ընտանեկան արժեքները վեր են դասում մասնագիտական կարիերայից: Ավելին, մենք հասցնում ենք եւ’ երեխաներ դաստիարակել, եւ’ մասնագիտական առաջընթաց ունենալ: Եվ, ճիշտն ասած, դա ուրախալի է:
Կինը՝ տիկին, որը տան օջախի պահապանն է, ընտանիքում հարմարավետություն ստեղծողը, տան մաքրությանն ու կարգապահությանը հետեւողը, բարի մթնոլորտն ու մարդկային հարաբերությունների ջերմությունը պահպանողը: Նա՝ որպես ամուսնու օգնական, աջակցում է նրան իր մեկնարկներում, օգնում է բացահայտել նրա լավագույն ընդունակությունները: Նա լիցքավորում է իրենով ամուսնու եւ ողջ ընտանիքի կյանքը:
Կինը՝ աշխատակից, ճկուն է որոշումներ կայացնելիս, ավելի ուշադիր է, պատասխանատու, նա ի վիճակի է հասնել ավելի մեծ հաջողության գործունեության ցանկացած ոլորտում. յուրացնել բարդ գիտություններ, մտցնել կառուցողական առաջարկներ տվյալ կազմակերպության զարգացման մեջ:
Ստեղծագործ կին: Նա ոգեշնչում է եւ արարում:
– Սեռերի միջեւ խտրականություն չդնելը ի՞նչ է տալիս հասարակությանը:
– Կանայք ու աղջիկները կազմում են երկրի բնակչության կեսը, դա մարդկության ամբողջ ներուժի մեկ երկրորդն է: Սեռային հավասարությունը կարեւոր դեր է խաղում հասարակությունում խաղաղության ու համաձայնության ապահովման, կայուն զարգացման համար մարդկային ներուժի լիարժեք իրացման մեջ: Հասարակական կյանքի մեջ կանանց ներգրավումն ապահովում է նաեւ տնտեսական աճ: Աշխարհը շատ է փոխվել, առաջացել են մեծ հնարավորություններ, կան շատ հետաքրքիր բաներ, եւ կանայք ուզում են իրադարձությունների կենտրոնում լինել, ինչ-որ կարեւոր բան անել: Բարեբախտաբար մեր երկրի բարոյական նորմերն ու մեր դաստիարակությունը դեռ թույլ են տալիս, որ մեր մայրերը, քույրերը եւ կանայք պատշաճ հարգալից վերաբերմունք վայելեն իրենց հանդեպ:
– Ակնհայտ է, որ բուհերում սովորող ուսանողների մեծ մասը աղջիկներ են: Բարձրագույն կրթությունը ի՞նչ է տալիս կանանց:
– Կրթված կինը կրթված ազգն է: Սա լոկ թեւավոր խոսք չէ: Առաջին հերթին կրթված կինը կարող է շատ ավելին տալ իր երեխաներին, եւ դա շատ կարեւոր է: Լայն մտահորիզոն ունեցող կինը հետաքրքիր է իր շրջապատին, նախ՝ ամուսնուն, երեխաներին, ինչպես նաեւ գործընկերներին, հարեւաններին: Նա տրամադրված է ոչ միայն ընտանիքով ու երեխաներով զբաղվելու ուղղությամբ, այլեւ կարող է իրեն թույլ տալ զբաղվելու երազանքի իրականացմամբ: Նա ակտիվ մասնակցություն է ունենում հասարակական կյանքում, զբաղեցնում է պատասխանատու պաշտոններ: Երկար ժամանակ ղեկավարող պաշտոնները զբաղեցնում էին առավելապես տղամարդիկ, մինչդեռ վերջին շրջանում այդ միտումը սկսել է զգալիորեն փոխվել: Կնոջ դիվանագիտությունը, սուր միտքը, հնարամտությունն ու խոհեմամտությունը դարձնում են նրան անփոխարինելի եւ հաջողակ՝ որպես խոշոր կազմակերպությունների գլխավորող:
– Արդյո՞ք բավարար ուշադրության են արժանանում հարազատի կորստի վիշտն ապրող, հայրենազրկության դառնությունը զգացած, բռնատեղահանվելուց հետո դժվարությունների բախված արցախցի կանայք :
– Արցախցի կանայք որքան նուրբ ու զգայուն են, նույնքան էլ ուժեղ են ու դիմացկուն: Շատ կարեւոր է, որ Մայր Հայաստանում արցախցի կանայք անուշադրության չմատնվեն, ինչը բարեբախտաբար այդպես է: Հնարավորն արվում է, որ մեր մայրերն ու կանայք հաղթահարեն ճգնաժամային, ողբերգական փուլը: Հուսահատվելն ու ոչինչ չանելը չեն փրկում: Բռնի տեղահանված արցախցի կանանց համար բազմաթիվ ծրագրեր են կազմակերպվում, որոնց մասնակցելը նպաստում են նրանց մասնագիտական ներգրավվածությանն ու հոգեսոցիալական արագ վերականգնմանը: Իհարկե, աջակցման ծրագրերը չեն կարող փոխարինել աշխատանքին: Հիմա, առավել քան երբեւէ, արցախցիներն աշխատանքի, ինքնադրսեւորվելու, իրենց օգտակար զգալու կարիք ունեն: Ոմանք կարողանում են հաջողել իրենց ձեռնարկումներում, ինչն էլ օգնում է կազդուրվել, ապաքինվել: Արցախցի կանայք լավ օրինակ են ծառայում հայաստանաբնակ կին հայրենակիցների համար՝ մոտիվացնելով նրանց դժվարությունների առջեւ չնահանջելով, ներդաշնակություն պահպանելով՝ հաջողությունների հասնելու:
Սիրելի՛ կանայք, մայրեր ու քույրեր, շնորհավորում եմ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ՝ ցանկանալով երջանկություն, լիակատար ներդաշնակություն, կանացի հմայք ու գեղեցկություն: Շարունակեք ձեր հոգատարությամբ ու նվիրվածությամբ նպաստել ձեր ընտանիքների բարօրությանը, եւ հիշեք, որ դուք կարող եք նոր գաղափարների տարածողը դառնալ՝օգնելով լուծել այն խնդիրները, որոնք որոշում են մեր վերադարձի ճանապարհը դեպի նոր Արցախ:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ