ՊԱՏԻՎ  ԵՎ  ՀԱՐԳԱՆՔ՝  ՆՎԻՐՅԱԼ  ՀԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

2019 թվականի աշնանը հայելային այցելության շրջանակում Արցախ էին ժամանել ադրբեջանցի լրագրողներ։ Իբրև լրագրողական կազմակերպության ղեկավարի՝ ծրագրի պատասխանատուներն ինձ խնդրել էին ուղեկցել ազերիներին։ Ի թիվս այլ վայրերի, հյուրերը եղան նաև Շուշիի երկրաբանական թանգարանում։ Տեղեկանալով, որ ներկայացված ցուցադրանմուշները հավաքվել են Գրիգոր Գաբրիելյանցի անձնական միջոցներով, լրագրողներից մեկն ինձ հարցրեց՝ արդյո՞ք Գրիգոր Գաբրիելյանցն իմ մերձավոր ազգականն է։  Ես նրան պատասխանեցի․

– Գրիգոր Արկադևիչը բոլոր արցախցիների ազգականն է։

Ազերին խորամանկ ժպտալով լռեց, բայց ես իմ խոսքերի մեջ ոչինչ չէի չափազանցել։ Երբևէ անձնապես չեմ շփվել Գրիգոր Գաբրիելյանցի հետ, անգամ միասին լուսանկարվելու երջանիկ պատեհություն չեմ ունեցել, սակայն ինձ համար նա մի անհատ էր, ում ժամանակակիցը լինելն արդեն իսկ հպարտանալու առիթ է։ Նրա արցախանպաստ գործունեությունը և հատկապես բարեգործությունը, Արցախում բոլորին էր տեսանելի։ Մի այլ առիթով նրան համեմատել էի Քրիստոփոր Իվանյանի հետ․ եթե գեներալ Իվանյանը նպաստել էր պաշտպանության բանակի ամրապնդմանն ու արցախյան զինուժի կռած հաղթանակներին, ապա Գրիգոր Գաբրիելյանցն անուրանալի ներդրում ունեցավ Արցախի Հանրապետության գիտատնտեսական ոլորտի կայացման գործում։ Նրա գիտական պատկառելի միտքն ու կառավարման արժեքավոր փորձը հիրավի՛ դժվար է գերագնահատել։

Մարդ, ով երբևէ եղել է հսկա կայսրության  (ԽՍՀՄ )կառավարության անդամ, բազմաթիվ երկրներում իրականացրել լուրջ գիտահետազոտական աշխատանքներ, հաճույքով ստանձնել էր փոքրիկ, միջազգայնորեն չճանաչված  երկրի նախագահի խորհրդականի պաշտոնը։ Այդպիսի խոշոր տրամաչափի գործչի համար գուցե հոգեբանորեն դժվար էր աշխատել պետական կառավարման բնագավառում նվազ փորձ ու ունակություն ունեցող պաշտոնյաների հետ, բայց այն փաստը, որ ավելի քան մեկ տասնամյակ, մինչև Արցախի լրիվ հայաթափումը, վստահաբար մնացել էր իր առաքելության ծիրում, վկայում է Գաբրիելյանցի անսահման հայրենասիրության մասին։ Արցախը նրա համար վերագտնված հայրենիք էր, նա պարզապես վերադարձել էր իր արմատներին։ Պատահական չէ, որ իր հեղինակած՝ «Карабах. Хроника исторических событий» պատմական աշխատությունը ստորագրել էր ԳՐԻԳՈՐ ՂԱՐԱԲԱՂՑԻ կեղծանունով։ Թող ներվի, եթե նրա փոխարեն հիմա ասեմ, որ Արցախում անցկացրած տարիները մեծատառով հայի երկարամյա կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածն էր։

Գրիգոր Գաբրիելյանցն Արցախի Հանրապետության, ցավոք, ընդհատված կենսագրության մեջ իր անջնջելի հետքն է թողել։ Հավատանք, որ նրա վեհանձն հուշարձանը մի օր վեր կհառնի ազատագրված Շուշիում՝ ի նշան արցախցիների անկեղծ սիրո ու հարգանքի։ Նա այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց անմահ է նրա կատարած գործը, որ ինչպես Ամենայն հայոց բանաստեղծն է ասել՝ պիտի խոսի դարեդար։

ԿԻՄ   ԳԱԲՐԻԵԼՅԱՆ