ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ ԳՐԻԳՈՐԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՑԻՆ

Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է ականավոր գիտնական, պետական գործիչ, բարերար և Արցախի մեծ բարեկամ Գրիգորի Գաբրիելյանցի մահվան մասին։

Իր կյանքի նշանակալի մասը նա նվիրել է նախնիների պատմական հայրենիքին՝ Արցախին՝ մեծ ներդրում ունենալով նրա մշակութային և կրթական կյանքի զարգացման գործում։

Նրա անմիջական մասնակցությամբ Շուշիում հիմնադրվեցին Գ. Ա. Գաբրիելյանցի անվան պետական երկրաբանական թանգարանը և Կերպարվեստի պետական թանգարանը։ Նա թանգարաններին նվիրաբերեց իր անձնական հավաքածուների մի մասը՝ հարստացնելով դրանց ֆոնդերը։

Նա նաև աջակցել է դպրոցների կառուցմանն ու վերականգնմանը, գրադարանների համալրմանը, Շուշիի պատմական շինությունների վերականգնմանը և մարզական ենթակառուցվածքների ստեղծմանը։

Գրիգորի Գաբրիելյանցը թողել է հարուստ գիտական և հրապարակախոսական ժառանգություն։ Լինելով երկրաբանական և հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարարը՝ նա իր գիտելիքներն ու հնարավորությունները ծառայեցրել է նաև նախնիների հայրենիքի զարգացմանը։

Նրա մահը մեծ կորուստ է Արցախի համար։ Նրա հիմնած թանգարաններն ու հայրենիքին մատուցած ծառայությունները մշտապես կմնան մեր պատմության և մշակութային հիշողության անբաժան մասը։

Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը ցավակցություն է հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են իրեն։