Մարդ, որ իր արվեստի տերն է՝
Վարպետ է: Եթե այդ գործը իր վրա ունի վարպետության կնիքը,
ժամանակը նրա հանդեպ այլ դատավոր լինել չի կարող.
նա միշտ կունենա, կպահպանի իր արժեքը:
Գրիգոր Խանջյան


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում իրար հանդիպեցին երկու հանճարների աշխարհները: Այդ երկու հանճարների՝ Հովհաննես Թումանյանի բառի և Գրիգոր Խանջյանի վրձնի հզոր երկխոսությունը մեկտեղվեց մի հարկի տակ: Քանի որ Թումանյանի տուն-թանգարանում շինարարական աշխատանքներ են ընթանում, և թանգարանի պահոցների մի մասն էլ Սարյանի տուն-թանգարանում է գտնվում, ,,Խանջյանի Թումանյանը,, ցուցահանդեսը բացվեց այդտեղ, որը նվիրված էր մեծանուն նկարչի ծննդյան 100-ամյակին:
Թումանյանի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Սուսաննա Ադամյանը նշեց, որ Թումանյանի ժողովրդականությունը պայմանավորված էր հենց Գրիգոր Խանջյանի նկարազարդումների շնորհիվ, և Թումանյանի բանաստեղծական աշխարհը ինչ-որ չափով թերի կլիներ, եթե չլինեին խանջյանական պատկերազարդումները:
ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Գրիգոր Խանջյանը Հայաստանի նկարիչների միջին սերնդի ամենաականավոր դեմքերից է: Ունի մեծ ավանդ կերպարվեստի ճկվող շրջանակներում՝ գրաֆիկայից մինչև գեղանկար, գրքային նկարազարդումներից դեպի դեկորատիվ արվեստի այլազան ճյուղեր: Խանջյանի արվեստում կարծես լինի տեսակային խաչասերում.գրաֆիկայից է սերել հենց նկարչի գեղանկարը, իսկ գեղանկարից՝ գրաֆիկա: Նրանք այնքան մեղեդայնորեն համակցված են, սակայն յուրաքանչյուրը՝ ավելի լոկալ ու ֆանտաստիկ:


Արվեստասեր հանրությանը, մշակույթի գործիչներին ու թանգարանի բարեկամներին համախմբել էր շատ հետաքրքիր միջոցառումը:
Ներկաները հնարավորություն ունեցան մոտիկից հաղորդակցվելու Խանջյանի վարպետությամբ կերտված թումանյանական գլուխգործոցներին՝ ,,Անուշ,, , ,,Լոռեցի Սաքոն,, , ,,Մարոն,, պոեմների, ,,Փարվանա,, բալլադի և ,,Գիքորը,, պատմվածքի դրամատիկ ու հոգեբանական խորությամբ հագեցած նկարազարդումներին:
Բացման խոսքով հանդես եկան Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը և Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը, որը նշեց, որ ցուցադրությունից պակասում են միայն ,,Ախթամար,, լեգենդի նկարազարդումները, քանի որ դրանք գտնվում են Ազգային պատկերասրահի պահոցում:
Գրիգոր Խանջյանի ստեղծագործական արվեստի մասին ելույթով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավագյանը:

Ցուցադրությանը ներկա էր նաև Գրիգոր Խանջյանի դուստրը՝ Սեդան: Նա ցուցադրությանը ներկայացրել էր Բրյուսելի միջազգային ցուցահանդեսում Հովհաննես Թումանյանի ,,Լոռեցի Սաքոն,, պոեմի նկարազարդումների համար շնորհված բրոնզե մեդալը և դիպլոմը 1958 թվականին, Հովհաննես Թումանյանի հեքիաթների ռուսերեն ժողովածուի համար արված չորս նկարազարդում, ինչպես նաև ,,Փարվանա,, և ,,Ախթամար,, լեգենդների նկարազարդումների երկու էսքիզ, ,,Գիքորը,, պատմվածքի տպագրության կրկնաշապիկի և ֆորզացի ձևավորում /թուղթ, տուշ, սպիտականերկ, գուաշ, լուսանկարներ նկարչի անձնական արխիվից, Թումանյանի հեքիաթների ռուսերեն պատկերազարդումների գրաֆիկական պատկերները, ,,Գիքորը,, պատկերագրքի կրկնաշապիկը, ,,Լոռեցի Սաքոն,, նկարի համար ստացած բրոնզե մեդալն ու դիպլոմը, որը հանճարեղ նկարիչը շատ էր արժևորում/:
Ահա ինչ էր գրել այդ մասին Գրիգոր Խանջյանը. ,,… հաճելի էր իմ ասպարեզ իջնելու առաջին իսկ տարիներին՝ 1958 թվականին Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում Խորհրդային Միության նկարչության մեջ դրված ,,Լոռեցի Սաքոյի,, իմ նկարազարդումները: Եվ հանկարծ ես իմացա, որ Մարտիրոս Սարյանը ,,Հայաստան,, նկարի համար ստացել է ոսկե շքանշան, Հովհաննես Զարդարյանը ,,Գարուն,, նկարի համար՝ արծաթե շքանշան: Եվ ես էլ ,,Լոռեցի Սաքոյի,, համար՝ բրոնզե շքանշան: Մեծ ուրախություն էր ինձ համար, անակնկալ: Որովհետև այդպիսի մեծ ֆորումում ուշադրության կենտրոն դառնալը փոքր երևույթ չէր: Ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր արվեստի գործ ապրում է իր ժամանակի հույզերի, խոհերի, ցանկությունների մեջ: Ժամանակի ընթացքում դրանք փոփոխվում են, ասենք մի գործ, որ հաջողություն էր ունենում, հետո նույնիսկ մոռացության է տրվում: Գործերը անգամ անմահ են միայն այն ժամանակ, եթե դրանք այդ ամենից զատ իրենց վրա կրում են կատարողական բարձր վարպետությունը՝ պրոֆեսիոնալիզմը…,,:

Գրիգոր Խանջյանը համոզված էր, որ ժամանակը կտա իր գործերի գնահատականը, և չէր սխալվում:
Դեռևս ուսանողական տարիներից է նկարիչը տոգորվել գրքային նկարազարդումներով: Նրա ձևավորմամբ լույս են տեսել Հովհաննես Թումանյանի ,,Սասունցի Դավիթ,, /1950, 1952/ և ,,Անուշ,, /1951/ պոեմները, ,,Գիքորը,, /1953/, ,,Լոռեցի Սաքոն,, , որն առաջին անգամ նկարազարդել է հենց Գրիգոր Խանջյանը 1957-ին: Այս պոեմի նկարազարդումները Խանջյանի գրքային գրաֆիկայի ամենահայտնի շարքերից են, որտեղ նկարիչը մեծ վարպետությամբ փոխանցել է հերոսի ներքին տագնապն ու խելագարության տեսիլքները: ,,Անուշ,,. Անուշի և Սարոյի կերպարներում նկարիչը շեշտում է սիրո մաքրության և նահապետական դաժան օրենքների անհաշտ բախումը: Անուշի հոգեկան կոտրվածքն ու վիշտն արտահայտված են նրա կեցվածքի փխրունությամբ և շրջապատող աշխարհից օտարվածությամբ: ,,Գիքորը,,. Մանկական անմեղության և քաղաքային դաժան միջավայրի բախումը ներկայացված է մեծ ջերմությամբ ու ցավով: Գիքորի հայացքում կուտակված թախիծն ու միայնությունը դառնում են ողջ պատմվածքի հոգեբանական առանցքը: ,,Մարոն,,. Փոքրիկ հերոսուհու վախն ու անօգնականությունը փոխանցվում են փակ ու ճնշող տարածությունների միջոցով, որոնք ընդգծում են նրա հոգեկան մեկուսացումը:
Յուրահատուկ ուշադրության են արժանի Թումանյանի ,,Սասունցի Դավիթ,, պոեմի նկարազարդումները: Խանջյանը ձևավորել է Թումանյանի մշակմամբ ,,Սասունցի Դավիթ,, պոեմը՝ ստեղծելով էպիկական ու հերոսական շնչով լի գրաֆիկական պատկերներ:

Գրիգոր Խանջյանի կողմից Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների նկարազարդումներն առանձնանում են խորը հոգեբանական դրամատիզմով, որտեղ նկարիչը պարզապես չի պատկերում սյուժետային դեպքերը, այլ բացահայտում է հերոսների ներքին հոգեվիճակը, ճակատագրական ողբերգությունն ու բարոյական տառապանքները: Այս մոտեցումն առավել ցայտուն դրսևորվել է ,,Անուշ,, , ,,Լոռեցի Սաքոն,, , ,,Մարոն,, պոեմների, ,,Փարվանա,, բալլադի և ,,Գիքորը,, պատմվածքի գրաֆիկական շարքերում:
,,Ախթամար,, բալլադը չներկայացվեց ցուցադրությանը, քանի որ այն գտնվում է Ազգային պատկերասրահի պահոցում: ,,Ախթամար,, նկարը նկարազարդել է ռոմանտիկական ու ողբերգական շնչով՝ կենտրոնանալով տարերքի /ալեկոծվող ծով/, լույսի և մարդկային անձնազոհ սիրո հակադրության վրա: Նա ստեղծել է լարված գրաֆիկական պատկերներ, որտեղ գիշերային խավարն ու կրակի լույսը դառնում են սյուժեի գլխավոր հոգեբանական ու խորհրդանշական առանցքը:

,, Թումանյանի ստեղծագործությունների ծանրադիր էպիկականությունը փոխանցվել է Գրիգոր Խանջյանին: Եվ այդ ծանրադիր էպիկականությունը արտացոլվել է նրա թումանյանական բոլոր նկարազարդումներում՝ 19-րդ դարավերջի գյուղական կենցաղից մինչև առանձին հերոսների հոգեբանական դրամա…
Պետք է ընդգծել, որ հազարավոր ընթերցողներ տպավորվել են ,,Լոռեցի Սաքոյի,, և ,,Սասունցի Դավթի,, խանջյանական նկարազարդումներով,, ,- իր ելույթում նշեց թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը:
Իրոք, այդ հրաշալի ցուցադրությունը առերեսում էր հայոց երկու հզոր անհատականությունների հետ: Այդ հանճարների գործերով է հարստանում մեր պատմությունը, և այդ բարեբեր ակունքներից են սնվում ապագա սերունդները:
Երկու մեծերի առնչությունը վկայում է, որ Թումանյանի ստեղծագործության շարունակությունն էր դարձել Գրիգոր Խանջյանի վրձինը, որ ավելի ազդեցիկ էր դարձրել սերունդների ընկալումներում Թումանյանի հերոսներին:
Ցուցասրահում ցուցադրված ստեղծագործությունների կողքին վեհորեն տեղ էր զբաղեցրել նաև Մկրտիչ Տիրատուրյանի ,,Հովհաննես Թումանյանի դիմանկարը,, /1952թ./:
Մատաղ սերնդին պետք է միշտ մոտ պահել հանճարների գործերին՝ նրա արժեհամակարգը հավուր պատշաճի ձևավորելու և ազգային գաղափարներով տոգորելու համար:
Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ