Շուրջ երեք տարի դադարից հետո իր գործունեությամբ մարզաշխարհում կրկին աչքի ընկավ արցախցի մարզիկ ու մարզիչ, 44-օրյա պատերազմի մասնակից, ձյուդոյի ու սամբոյի միջազգային մեդալակիր Սոսե Բալասանյանը:

Ներկայում Սոսեն Հայաստանի Տավուշի մարզում՝ Բերդավանում, զբաղվում է մարզչական գործունեությամբ՝ շարունակելով իր փորձն ու մարզական հմտությունները փոխանցել նոր սերունդներին:
Սահմանամերձ գյուղում մարզելու իր որոշման մասին Սոսեն հետեւյալն է ասում. ՙ2023թ. Արցախից բռնատեղանվելուց հետո ինձ համար շատ դժվար էր Հայաստանում ինչ-որ աշխատանքով զբաղվել, նամանավանդ հոգեհարազատ գործ գտնել: 15 եւ ավելի տարիներ ձյուդո մարզաձեւով մարզել եմ Արցախում, բայց Հայաստանում ինձ համար դժվար էր վերսկսել մարզումները: Իմ անձնական կյանքում փոփոխություն տեղի ունեցավ՝ ամուսնացա, եւ որոշում կայացրի, որ չեմ ուզում ապրել Երեւանում, այլ ուզում եմ ապրել սահմանամերձ գյուղում: Ամուսնուս հետ միասին տեղափոխվեցինք իրենց գյուղ՝ Բերդավան, որ ապրենք ու շենացնենք գյուղը: Բերդավանում եւ հարակից գյուղերում չկան ձյուդո մարտարվեստի խմբակներ: Լինելով Հայաստանի Հանրապետության եւ միջազգային կարգի սպորտի վարպետ՝ որոշել եմ, որ իմ տարիների մարզական փորձն ու գիտելիքները փոխանցեմ նոր սերնդին: Ուսուցանելով ձյուդո մարտարվեստը՝ նպատակ ունենք մեր սաներին հասցնել բարձունքների, որ նրանք մեդալներ բերեն Եվրոպայի, աշխարհի ու Օլիմպիադայի մրցահարթակներից: Ցանկացած հայ երեխա պետք է սովորի ինքնապաշտպանվել դեռ մանկապարտեզում: Պետք է իմանա մարմնի, հոգու եւ մտքի ու կամքի ուժի մասին, եւ թե ինչպես դրանք պետք է ճիշտ կիրառել կյանքում: Առաջին հերթին մեր սաները սովորում են ինքնապաշտպանվել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանել իրենց ընտանիքն ու հայրենիքը: Ես ցանկանում եմ, որ մեր երեխաները ստանան ճիշտ դաստիարակություն, իմանան իրենց երկու հայրենիքների՝ Արցախի ու Հայաստանի տեղը, եւ ոչ միայն մեծ արդյունքի հասնեն սպորտի ոլորտում, այլեւ իմանան իրենց հերոսների եւ նրանց կատարած սխրագործությունների մասին եւ շնորհակալ լինեն:

Շնորհակալություն եմ հայտնում ՙԼորիկ՚ հիմնադրամին՝ կամք դրսեւորելու եւ մեր սաներին մարզական հանդերձանքով ապահովելու համար: Երախտապարտ կլինենք, որ առաջիկայում հիմնադրամը կարողանա աջակցել նաեւ ամսավճարով, քանի որ սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիքների ֆինանսական վիճակը լավ չէ, եւ շատ երեխաներ հնարավորություն չունեն վճարել մարզվելու համար՚:
Համարձակ մարզչին ու նրա սաներին ցանկանում ենք բեղումնավոր աշխատանք, հաջողություն հայրենամետ գործում:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ