ՙՄարզչական կուլտուրա՚ հասկացությունը դեռեւս գիտական տերմին չի համարվում: Այն բավարար կերպով հետազոտված ու նկարագրված չէ հատուկ գրականության մեջ: Հնարավոր է այդ պատճառով է, որ տարբեր դպրոցների ու կոլեկտիվների մարզիչների հարցումը ցույց է տալիս, որ մարզչական կուլտուրայի մասին պատկերացումները տարբեր են:

Որոշ մարզիչներ խորապես հավատում են, որ եթե նրանք մարզիկներին սովորեցնեն քաղաքավարություն, լավ վարվելաձեւի կանոններ, նրանց միջից հանեն իրար մականուններ տալու սովորությունը, սերմանեն նրանց մեջ գեղեցիկը ընկալելու հետաքրքրությունը, ապա կարելի է համարել, որ գործն արված է՝ մշակութային ծրագիրը կատարված է: Փորձառու մարզիչներն այլ հայացք ունեն հարցին: Նրանք գտնում են, որ իրենց պարտականությունների մեջ են մտնում ոչ միայն մարզիկների ֆիզիկական հատկությունների զարգացումը եւ իրենց սպորտաձեւի տեխնիկայի ու մարտավարության ուսուցումը, այլ նաեւ պատանիներին ու դեռահասներին օգնելը, որ նրանք գտնեն օրինակելի կերպար իրենց համար,ինչպես նաեւ՝ սպորտում բարձր իդեալների հասնելու ցանկության սերմանումը, որի մեջ է մշակույթի նախահիմքը:
Իսկ ի՞նչ է կուլտուրան, կուլտուրական մարդը, մարզչական կուլտուրան:
Կուլտուրական մարդը, դասական կարծիքով, նա չէ, ով շատ է կարդացել դասական ստեղծագործություններ, շատ է լսել դասական երաժշտություն եւ այլն, այլեւ նա է, ով հարստացել է այդ ամենով, ում համար բացվել է անցյալ դարերի մտքի խորությունը, ուրիշների հոգեւոր կյանքը, ով շատ բան է հասկացել, հետեւաբար դարձել է համբերատար ուրիշներիի հանդեպ, սկսել է հասկանալ ուրիշը:

Մարզչական կուլտուրայից խոսելիս պետք է հաշվի առնել նաեւ այն, ինչը մտել է դրա մեջ համամարդկային մշակույթից եւ այն, ինչը վերածնվում է անմիջապես մարզչական աշխատանքով: Ոմանք այդ հասկացության տակ ընկալում են մարզչական կրթության բարձր մակարդակ, ոմանք՝ մարզչի անձնային այլ հատկություններ՝ առանձնանշելով մանկավարժական տակտն ու մարզիկի անձի հանդեպ հարգանքը, մյուսները՝ մարզչական վարպետությունը եւ այլն: Ավելի փորձառու մարզիչները գտնում են, որ մարզչական կուլտուրան ընդգրկում է մարզչի անձնային բոլոր ոլորտները, նրա կյանքի փորձը:
Մարզչի անձնային բարդ հատկությունները, որոնք կազմում են մարզչական կուլտուրայի էական հիմքը հետեւյալն են.
Հետաքրքրությունների եւ պահանջմունքների հստակ արտահայտված, կայուն ուղղվածություն,
Մտավոր, բարոյական եւ գեղագիտական զարգացում,
Մարզչական վարպետություն,
Բարյացկամ բնավորություն, շփվողականություն, աշխատանքով տարվածություն,
Անդադար ինքնակատարելագործում,
Գիտական եւ գեղարվեստա-գեղագիտական լայն աշխարհայացք,
Ստեղծագործական վիճակ հեշտ եւ բնական մտնելու կարողություն, հուզական վիճակի, բանական եւ կամային գործընթացների մեջ վարպետորեն մտնելու հատկություն:
Իհարկե, մարզչական կուլտուրան չի ներառում մարդկային կուլտուրայից առանձին արտահայտված հատկություններ, ոչ էլ դրանց գումարը: Հիմքում ընդհանուր մարդկային կուլտուրայի տարրերն են՝ աշխարհայացք, բարոյական, գեղագիտական, ինտելեկտուալ հատկությունները:

Մարզչական մշակութային ծրագիրը առաջին հերթին պետք է ուղղված լինի սաներին սովորեցնելու զգալ ուրիշի ցավը, ինչպես իրենը, հարգել մարդկային անձը, ատել եսասիրությունը, սուտն ու կեղծիքը:
Մարզչի կուլտուրան անձնականը հանուն սաների ու մարզիկների զոհաբերելու կարողությունն է, անկեղծ, ոչ թե ցուցադրաբար, հարգանքը մարզիկի նկատմամբ, թեկուզ եթե մարզիկը 5 կամ 7 տարեկան է: Մարզչական կուլտուրան բարձր համբերատարության, զգայունության եւ ապրումակցելու ընդունակության մեջ է: Մարզիչը չպետք է մոռանա պարզ իրականությունը, այն է՝ մարզիկը մեծանալու հատկություն ունի, կարող է գալ ուրիշ կոլեկտիվից՝ իր գաղափարներով ու սովորություններով, եւ մարզիչը ստիպված է երբեմն իր սաների հետ միասին հարմարվել նոր պայմաններին: Պատկերացրեք, թե որքան ջանք պետք է գործադրվի մարզչի կողմից նոր կոլեկտիվում իր տեսակետը պահպանելու համար: Եթե կարողացավ, ուրեմն նրա մարզչական կուլտուրայի աստիճանը բարձր է:
Կուլտուրական լինել չի նշանակում կուտակել թվերի, անունների, ամսաթվերի, մի խոսքով՝ տարաբնույթ եւ անհրաժեշտ ինֆորմացիայի պաշար, որը տալիս է կրթությունը: Դա բավարար չէ: Կուլտուրական լինել նշանակում է անդադար կատարելագործվել, դառնալ ավելի լավը: Դաստիարակված լինելու դերը թերեւս քիչ չէ, քան կրթված լինելունը:

Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում կուլտուրական մարզիչը:
Առաջին հերթին նա իրական ինտելիգենտ է, որը կրում է մարդկային կուլտուրայի բոլոր արժեքները: Երկրորդ հերթին նա անխախտորեն հետեւում է բարոյական օրենքներին առօրյա կյանքում: Երրորդ՝ նա իմանում ու հասկանում է կյանքն իր բոլոր օրենքներով: Չորրորդ՝ նա միշտ հետաքրքրասեր է: Հինգերորդ՝ նա տարբերություն չի դնում իր եւ սաների միջեւ: Վեցերորդ՝ նա անկասկածորեն հավատում է ճշմարտությանը եւ բարությանը: Յոթերորդ՝ նա անդադար բարձրացնում է իր մասնագիտական վարպետությունը: Ութերորդ՝ նա ձգտում է լինել իր պետության ակտիվ շինարարը: Իններորդ՝ անդադար աշխատում է իր անձի զարգացման վրա: Տասներորդ՝ իր սաներին կուլտուրա սովորեցնելով՝ նա էլ է միաժամանակ սովորում: Դա է կյանքի հրամայականը. սովորեցնում ես՝ սովորի´ր:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ