Հոկտեմբերի 23-25-ը Հայաստանի Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից անցկացվեց միջազգային սեմինար KWF վարկածով՝ կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Պիներոյի կողմից: Սեմինարին մասնակցել է շուրջ 350 մարզիկ, որոնց մեջ սեւ գոտու 55 թեկնածու կար, այդ թվում՝ մարզիկներ Արցախից:

ՙՎերադարձ՚ կիոկուշին կարատեի ակումբի հիմնադիր եւ մարզիչ Արմեն Պետրոսյանը պատմեց, թե ինչպես են մարզիկները դրսեւորել իրենց այդ բարդ ու պատասխանատու փորձության ժամանակ: ՙ5 հոգի իրենց առաջին դանի թեկնածուներն էին, նրանք Արցախի հինգ մարզիկներն են, որոնք հիմա մարզվում են թե´ ինձ մոտ եւ թե´ Հայաստանի ֆեդերացիայի տարբեր մարզիչների մոտ: Նշեմ, որ մենք վերջին անգամ սեւ գոտու համար քննություն ենք հանձնել 2011 թվականին եւ 15 տարի հետո նորից մեզ հնարավորություն տրվեց:

Ուրախալի է այն հանգամանքը, որ արցախցի բոլոր մարզիկները հաջողությամբ հանձնեցին քննությունը: Շուրջ 9 ժամ հաղթահարելով քննության բոլոր դժվարությունները՝ արցախցի մարզիկներին հաջողվել է ստանալ իրենց առաջին վարպետական սեւ գոտիները: Սեւ գոտի առաջին դան են ստացել ՙՎերադարձ՚ կիոկուշին կարատեի ակումբի եւ ՙLion heart ՚ մարտարվեստների ակադեմիայում մարզվող իմ սաներ Աշոտ Ավագիմյանն ու Լեւոն Բարսեղյանը, ինչպես նաեւ Հրաչիկ Գրիգորյանի գլխավորությամբ մարտարվեստների ակադեմիայում մարզվող Մարինա Ներսիսյանը եւ Հրաչիկ Հայրապետյանը, եւ ՙՋիՋի՚ ակումբում մարզիչ Էմիլ Ղազարյանի մոտ մարզվող Վլադիմիր Թառանյանը: Ես՝ Արմեն Պետրոսյանս, նույնպես արժանացել եմ սեւ գոտու երկրորդ դանի, որի համար քննություն էի հանձնել անցած տարվա օգոստոսին:

Որպես արցախյան կազմակերպության պատասխանատու՝ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանին՝ կազմակերպչական աշխատանքի համար, ինչպես նաեւ մեր մարզիկների նախկին ու ներկա մարզիչներին՝ իրենց աշխատանքի համար, որոնց շնորհիվ է նաեւ, որ մենք կարողացանք ունենալ 5 սեւ գոտի՚,-ասում է Արմեն Պետրոսյանը:

Շնորհավորում ենք կարատեիստներին՝ գնահատելով նրանց քրտնաջան աշխատանքը, կարգապահությունն ու նվիրումը մարտարվեստին:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ