Արցախի հայաթափման ու բնակչության բռնատեղահանման 3-րդ տարելիցին ընդառաջ զրուցեցինք տեղահանված արցախցի կնոջ՝ Դիանա Հարությունյանի հետ՝ վերհիշելով հայտնի իրադարձության մղձավանջն ու ծանր ապրումները: Դիանա Հարությունյանը ծնվել ու մեծացել, կրթություն է ստացել, ամուսնացել ու երկու երեխաների մայր է դարձել Արցախի Ասկերան քաղաքում: Ջերմ հիշողությամբ է խոսում հարազատ Ասկերանի եւ նրա բնակիչների մասին: Անչափահաս երեխաների մայրը հուզմունքով է հիշում Արցախի շրջափակումը, սեպտեմբերյան պատերազմն ու բռնատեղահանվելու դառնությունը, բայց հոգու խորքը տունդարձի հույսով է լցված:

Շրջափակում
Սկզբնական շրջանում դեռ չէր զգացվում շրջափակման իրական վտանգը: Շատերս մտածում էինք, որ ուրոր է ապաշրջափակում կլինի: Սակայն քանի գնում, քանի սրանում էր վտանգն ու անապահովության զգացումը: Չգիտես ինչու, մտածում էինք, որ եթե դիմադրում ենք ու այդքան զրկանքներ համբերատար կրում, ապա ինչ-որ լավ բան տրվելու է մեզ ի պատասխան: Միամտաբար կարծում էինք, որ եթե այդքան զրկանքներով հանդերձ մենք մեր հողից ու հայրենիքից չհրաժարվենք, աշխարհը կճանաչի Արցախի անկախությունը եւ մեր ինքնորոշման իրավունքը: Հիմա ենք հասկանում, որ այդպես մտածելը թերեւս անհեթեթ էր: Ինչեւէ, դիմադրել ենք ու պայքարել մեր հայրենիքում ապրելու համար: Բարեբախտաբար սոված օրեր գրեթե չենք ունեցել, կարողացել ենք ցորեն գտնել ու սեւ ալյուր ստանալ, օգտագործել հացի համար: Սուղ պայմաններում էլ մեկս մեկին օգնում էինք: Շատ ծանր էր դեղորայքի բացակայության պայմաններում հիվանդներին բուժելը, խնամելը: Երեխաս ջերմություն ուներ, բայց դեղ չէր գտնվում, շատ էի մտահոգվել: Կայքում գրառում կատարեցի օգնության խնդրանքով, եւ բարի մարդիկ դեղ գտան մեզ համար: Ծանր էր, որ վառելիքի բացակայության պայմաններում ստիպված էինք ոտքով շարժվել, հերթեր կանգնել: Բայց լավատեսությունը չէր լքում մեզ: Մտածում էինք, որ վերջը լավ կլինի:

Սեպտեմբեր, 2023
Դժվարանում եմ մտաբերել, թե որ պահին դաժան իրականությունը այսպես ասած՝ մեզ ՙտեղ հասավ՚: Հիշում եմ, որ սեպտեմբերին մայրս սկսեց բրդերը լվանալ, մշակել: Նախատում էի, որ իզուր է չարչարվում, տագնապ ու մտավախություն ունեի, որ չենք վայելելու: Մայրս վստահությամբ կրկնում էր, որ ռուսը չի թողնի մեզ այս վիճակում, այլ կպաշտպանի մեզ: Ահա սեպտեմբերի 19: Արցախը ռմբակոծվում է, իսկ ռուսը էական քայլեր չի ձեռնարկում: Միայն մեքենաներ է ուղարկում բնակավայրեր բնակչությանը տեղահանելու եւ օդանավակայանում տեղավորելու համար: Մայրս, երեխաներս ու ես բազմաթիվ մեր հայրենակիցների հետ նույնպես ապաստարանեցինք այնտեղ: Դժվար ու անմարդկային պայմաններում ստիպված էինք համակերպվել: Մի կողմից պայթյունների ձայները, վատ լուրերը, սննդի բացակայությունը, իսկ մյուս կողմից էլ անհանգստությունը մեր տղամարդկանց համար, ովքեր դարանակալված թշնամու կողմից շրջափակման մեջ էին հայտնվել, ուղղակի հյուծում էին: Սկզբի երեք օրը ռուս խաղաղապահների կողմից օրական մի անգամ սնունդ էինք ստանում՝ մի քիչ եփած բրինձ, հետո դա էլ չկար: Սոված, անքուն, տագնապային ապրումների մեջ սպասում էինք…Ամուսինս զինծառայող էր, նա էլ էր դեռ շրջափակման մեջ, եւ ոչ մի լուր չունեի: Օդանավակայան եկավ նախագահ Շահրամանյանը եւ մեզ հայտնեց, որ տրամադրվում է բենզին: Նրանք, ովքեր կամավոր ցանկանում են դուրս գալ Արցախից, կարող են դուրս գալ: Նա այնպես բացատրեց, որ բնակչության դուրս գալը ժամանակավոր միջոց է ստեղծված իրավիճակում, եւ շատերը չպատկերացրին, որ Արցախը լքելու են առհավետ: Մենք չէինք պատրաստվում որեւէ քայլի դիմել, քանի դեռ ամուսինս մեր կողքին չէր: Բարեբախտաբար հաջողվում է նրանց դուրս գալ շրջափակումից եւ տուն գնալ: Երբ հեռախոսով կապվում է հետս, նրա տարօրինակ հարցերից հասկանում եմ, որ անտառներում գտնվելով՝ ներկա իրավիճակից տեղեկություն չեն ունեցել: Հարցնում է, թե ինչու տանը չենք եւ հայտնում, որ ինքը տուն է գնում: Մինչեւ այդ քաոսից գլուխ հանեինք, տեղի է ունենում սեպտեմբերի 25-ի ողբերգությունը, Հայկազովի բենզինի պահեստի պայթյունը, որը ավելի է խելագարեցնում մեզ: Իմ վերլուծությամբ՝ պայթյունը կանխամտածված, դիտավորյալ կազմակերպված հանցագործություն էր արցախյան գենոֆոնդի ոչնչացման նպատակով: Այդքանից հետո մարդիկ պարզապես չէին կարող պայքարել եւ նախընտրեցին դուրս գալ Արցախից:
Տեղահանություն
Մեր ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող ընտանիքից տղամարդիկ ենք կորցրել, որոնք գնացել էին բենզին ստանալու: Մեզ է դիմում այդ հարազատ ընտանիքի կինը՝ խնդրանքով, որ իրենց ավտոմեքենան հանենք: Արդեն սեպտեմբերի 28-ը կամ 29-ինն էր: Քաղաքում գրեթե մարդ չկար: Հայրենի Ասկերանս դատարկվել էր, ինչպես երբեւէ: Մենք էլ չէինք կարող մնալ: Այնպես ենք կազմակերպում, որ մեր ընտանիքը հենց այդ մեքենայով դուրս գա: Մեքենան վնասված էր, ապակին ջարդվել էր՝ պայթյունից հետո մեքենան գործի դնելու եւ տեղափոխելու անհրաժեշտությունից ելնելով: Նորոգելու ոչ հնարավորություն կար, ոչ ժամանակ: Ադրբեջանական զինված ուժերն արդեն տեղակայվել էին քաղաքի ներքեւում: Տնից դուրս եկանք սրտնեղած, աննկարագրելի տխուր ապրումների մեջ: Ամուսինս վարում էր, ես նստել էի կողքը՝ փոքր երեխաս ձեռքիս, որը ջերմության մեջ էր: Հետեւին մայրս էր, որը նույնպես ջերմում էր, եւ մեծ երեխաս՝ աղջիկս: Երբ հասանք Ասկերանի բերդապարիսպի մոտ, մեր մեքենան կանգնեցրին ադրբեջանական զինված զինվորները, հավանաբար նրանց հատուկջոկատայիններն էին՝ համազգեստով եւ դիմակավորված: Ամուսնուս ասացին, որ բացի բեռնախցիկը: Մինչ ամուսինս բացում էր բեռնախցիկը եւ ցույց տալիս պարունակությունը, դիմակավորված զինվորներից մեկը մոտենում է ավտոյին եւ կոտրած ապակու արանքով սկսում հայացքով զննել մեզ: Դիմակավորված դեմքից երեւում էին միայն աչքերը եւ նկատվում էր, որ նա կարծես թե ժպտում էր: Ես գունատվել էի: Չէի հասկանում այդ ժպիտը: Նրանցից ամեն ինչ սպասելի է: Մտածում էի, ինչ պետք է անեմ, եթե երեխայիս վերցնեն ձեռքիցս: Դիմադրելն անիմաստ է: Մենք՝ անզեն, իրենք՝ զինված: Մեկիս վնասեն՝ մյուսներին վնասելը չի ուշանա…բոլորիս աչքի առաջ…Չգիտեմ ես որքանով եմ լավ մայր, բայց այդ պահին մտածում էի, որ ավելի լավ է իմ երեխան իմ ձեռքով գնա… Մինչ ես այդ մղձավանջն էի ապրում, լսելի էր բեռնախցիկի փակվելու ձայնը եւ ռուսերեն լեզվով՝ ՙможете езжать՚-ը: Ինչպե՞ս համակերպվել, ո՞նց մարսել այն հանգամանքը, որ ուրախ պետք է լինես այն բանի համար, որ քեզ ՙթույլատրել են՚ դուրս գալ քո բնօրրանից, քո նահատակների արյունով շաղախված հողից, քո հայրենիքից…Շփոթմունքից անգամ հրաժեշտ չտվեցի Մայրաբերդին, այն պարիսպին, որտեղով անցել է մանկապատանեկությունս, երիտասարդությունս, հասունությունս, կյանքս…

48 ժամ տեւեց մեր տնից մինչեւ Հակարիի չարաբաստիկ անցակետը հասնելը: Մի կերպ դիմացանք անմարդկային պայմաններին՝ սոված, հիվանդ, մտահոգ ու տանջված: Հակարին անցնելուց հետո Կոռնիձորում մեր հայրենակիցները մեզ սնունդ ու ջուր տվեցին: Լացեցի: Չգիտեմ նրանց հոգատարության ու կարեկցանքի ազդեցությունի՞ց, թե՞ վերջապես գիտակցելուց, որ ահա եւ վերջ՝ սկսվեց հայրենազուրկներիս բարդ ճակատագիրը:
Կյանքը տեղահանվելուց հետո
Որոշ ժամանակ մնացինք Գորիսում, ուշքի եկանք փոքր-ինչ, հետո տեղափոխվեցինք Երեւան: Ամեն տեղ էլ լավ վերաբերմունքի հանդիպեցինք, չնայած նաեւ բացառություններ կային: Ադապտացիոն շրջանն էր դժվար, աղջիկս դպրոց գնաց, ես չէի կարողանում աշխատել, քանի որ ստիպված էի երեխաների խնամքով ու հոգսերով զբաղվել, իսկ մեծ քաղաքներում դժվար է համատեղել: Սակայն միայն ամուսնուս աշխատավարձով էլ հնարավոր չէր տան վարձի, կոմունալ ծառայությունների եւ ընտանեկան այլ հոգսերի ծախսերը փակել: Որոշեցինք փորձել հիմնավորվել ՌԴ-ում, որտեղ երկու տարի է՝ արդեն ապրում ենք, բայց ուշք ու միտքներս ուղղած դեպի Հայաստան, Եռաբլուր: Ներկայում Հայաստանում եմ, մի քանի օրով եկել եմ Երեւան: Եռաբլուրը լրիվ ուրիշ էր ինձ համար, երբ համարձակվեցի որդուս ձեռքից բռնած այնտեղ այցելել: Որքա՟ն ուժեղ են որդեկորույս մայրերը, որ տանում են իրենց սրտում այդ անտանելի ցավը…Արցախյան առաջին պատերազմից հետո էլ դժվար էր, բայց այն ժամանակ սփոփանք կար՝ ազատագրված հայրենիք: Մի՞թե այսպես անսփոփ էլ պիտի մնանք:
Հույս
Արցախ վերադառնալու մտքեր ունենում եմ, բայց լավատեսություն այդ հարցում չունեմ: Հաճախ եմ երազում տեսնում, թե ինչպես եմ Ասկերանի պարիսպի մոտով գնում մեր տուն տանող ճանապարհով եւ իմ արդեն կնճռոտված ձեռքով բացում եմ մեր տան դարպասը: Գուցեեւ այն պատճառով չեմ հրաժեշտ տվել Մայրաբերդին, որ հոգու խորքում հավատում եմ, թե դեռ վերադառնալու եմ: Աշխարհաքաղաքական բարդ շրջադարձեր են տեղի ունենում, որոնցից դժվար է գլուխ հանել եւ հասկանալ, թե ինչ ճակատագիր կունենան Արցախն ու մենք, միգուցե այնտեղ ապրելու հնարավորություն այլեւս չունենանք, բայց հույս ունեմ, որ նորից ոտք եմ դնելու իմ հայրենի վայրեր: Չեմ ուզում բաց թողնել հիշողությունս, ուզում եմ, որ գոնե մեր հուշերում Արցախը կանգուն մնա:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ