70-ԱՄՅԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ

«1944 թվականին արդեն 47-ամյա բանակի գեներալ Հ. Բաղրամյանը Հայրենական պատերազմի հաղթական ավարտի տասը ռազմաճակատներից՝ ութի հրամանատար-մարշալներ Ժուկովի, Վասիլևսկու, Կոնևի, Ռոկոսովսկու, Տալբուխինի, Մալինովսկու, Մերեցկովի և Գովրովի կողքին էր հավասարապես, դա խոսում է նրա տաղանդավոր և մեծ զորապետ լինելու մասին»։ Մամուլից

Հոկտեմբերի 16-ին Երևանում՝ ՀՀ Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորում հասարակական կազմակերպության դահլիճում, հանդիսավոր նշվեց կառույցի 70-ամյակը։ 2022թ․ դեկտեմբերի 6-ին Վետերանների միությունում անցկացվել է Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել լեգենդար հրամանատարի հարազատները, նաև թոռը՝ Իվան Բաղրամյանը, պաշտպանության նախարարության, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, վետերանների շարժման առաջնորդներ։ Միջոցառման ընթացքում բացվել է հուշատախտակ, որի համաձայն Վետերանների միությունն այդ օրվանից կրում է Հովհաննես Բաղրամյանի անունը: Նիստին ներկա էին միավորման անդամները, տարածքային և քաղաքային խորհուրդների նախագահները, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իննա Կուդրուկը, Երևանում Ռուսական տան և Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը, «Հարմոնիա» և «Անմահ գունդ» հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, «Բերդ» մշակույթի կենտրոնի պատվիրակությունը, այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Առավել ողջունելի էր Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասնակցությունը։ Առաջին շարքում էին 100-103 տարեկան 6 վետերաններ՝ կարմիրբանակային Ներսես Սիմոնյան՝ 103 տարեկան, Մեծ Հայրենականի վետերաններ Վոլոդյա Գալստյան՝ 101 տարեկան, Միշա Սահակյան՝ 100 տարեկան, Ասատուր Բազիյան՝ 103 տարեկան, Իսկ Գալինա Ֆեդերովան ու Գալինա Պետուխովան երկար ժամանակ աշխատել են բլոկադայի պայմաններում։ Ներկա էին նաև Մոսկվայում գործող «Դիալոգ» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը, ներկայացուցիչներ։

Ներկաներին ողջունեց միավորման նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաև պատանի սահմանապահները։ Հնչեց ՀՀ Օրհներգը, եղավ լռության րոպե՝ Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված քաջորդիների հիշատակին։ Անդրադառնալով միավորման պատմությանը՝ Ս․ Եսայանը նշեց․ «1956 թվականին Մոսկվայում մարշալ Ժուկովի նախաձեռնությամբ ստեղծվեց վետերանների միավորում։ Այն ժամանակ յուրաքանչյուր հանրապետությունում այն ուներ իր անվանումը։ Հայաստանում այն կոչվում էր «Խորհրդային վետերանների երևանյան սեկցիա»։ Յոթ տասնամյակ շարունակ վետերանների միավորումն իր գործունեությամբ նպաստել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների համախմբմանը, նրանց վաստակի գնահատմանը, հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ավանդի արժևորմանը և երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործին»։ Այսպիսով, սերնդեսերունդ պահպանվում է հիշողությունն առայժմ պատմության մեջ ամենաարյունալի համաշխարհային պատերազմի մասին և նրանց, ովքեր ջախջախեցին ֆաշիզմը։  Տեղեկություններ տվեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որին մասնակցել են  տասնյակ երկրներ։ Այդ արյունալի տարիներին 70 միլիոնից ավելի մարդ է զոհվել՝ զինվորականներ, խաղաղ բնակիչներ։ Հայ ժողովուրդը Մեծ Հայրենականում նշանակալի դեր է ունեցել։ 600 հազարից ավելի հայ է մասնակցել պատերազմին, գրեթե կեսը տուն չեկավ։ Այս պատերազմում մեր հայրենակիցներից Մարտական շքանշանով ու մեդալով պարգևատրվել է 66802 ռազմիկ, ԽՍՀՄ հերոսի կոչման արժանացել է 107 հոգի։ Զինվորական փառքի շքանշանի են արժանացել 27 հայ ռազմիկ։ Պատերազմին մասնակցել է ավելի քան 10 հազար հայուհի, որոնցից 4000-ը ՀԽՍՀ-ից, 1800-ը՝ Արցախից, մյուսները՝ ԽՍՀՄ այլ հանրապետություններից և սփյուռքից։ Պատերազմին մասնակցել են 64 հայ գեներալ։ Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել պատերազմի մասնակից ևս 83 հայ։ Մեզ համար հպարտություն է ունենալ Խորհրդային Միության մարշալ, կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ծովակալ Հովհաննես Իսակովի՝ Տեր-Իսահակյանի, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի՝ Արմենակ Խամփերյանցի նման հայրենակիցներ։ Ս․ Եսայանը նշեց՝ իր ղեկավարած միավորումը համագործակցում է պետական կառույցների ու տարբեր հասարակական կազմակերպությունների հետ։ Առանձնակի կարևորեց «Դիալոգ» ՀԿ-ի դերը, որի նախագահի հետ հուշագիր են կնքել։ Ասաց․  «Մեզ համար կարևոր փուլ էր 2024 թվականին «Վետերան» ամսագրի հրատարակումը՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։ Առաջին իսկ օրերից հրատարակությանն աջակցում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»։

Իր շնորհավորական խոսքում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորեց Մեծ Հայրենականի վետերանների դերն ու գործունեությունը մեր երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններում՝ նպաստելով ընդհանուր պատմության հիշողության պահպանմանը։ «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն այժմ վերապրում են մի փուլ, որը պահանջում է փոխըմբռնում և նոր հավասարակշռության որոնում։ Սակայն անկախ քաղաքական իրավիճակի փոփոխությունից՝ մեր ընդհանուր պատմությունը, համատեղ հաղթանակները և մարշալ Բաղրամյանի կերպարը մնում են մեր ժողովուրդների համար հզոր միավորող գործոններ։ Հենց միասնության շնորհիվ մենք հաղթեցինք ամենադժվար պատերազմում, և հենց այս միասնության վրա պետք է հույսը դնենք ժամանակակից մարտահրավերներին արձագանքելիս», -ասաց Կոպիրկինը։

ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ի. Ն. Կուդրուկը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով։ «Մենք հպարտանում ենք հայ ժողովրդի հետ մեր ընդհանուր հերոսական պատմությամբ։ 2025 թվականին ԱՊՀ-ում և աշխարհում նշեցին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Խորհրդային յուրաքանչյուր հանրապետություն իր ներդրումն ունեցավ ֆաշիզմի ջախջախման գործում։ Սակայն անվիճելի է նաև այն փաստը, որ «շագանակագույն ժանտախտի» դեմ պայքարում ամենից շատ տուժեց Բելառուսը՝ և՛ մարդկային կորուստներով, և՛ աղետալի ավերածություններով», -ասաց նա։

Իսկ Երևանում Ռուսական տան ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անաստասիա Կուրբատովան, շնորհավորելով հոբելյանի առթիվ, Վետերանների միավորմանը փոխանցեց Ժողովրդական ճակատի «Հիշատակի կրակ» տասներորդ միջազգային շարժման շրջանակում Հայաստան բերված «Հիշատակի կրակի» խորհրդանիշ լապտերը։ «Վետերան» ամսագրի գլխավոր խմբագիր, Վետերանների միության փոխնախագահ Ելենա Շուվաևա–Պետրոսյանը, որը ՀՀ-ում ռուսական սահմանապահների վարչության կողմից արժանացավ պատվոգրի, անդրադարձավ «Դիալոգ» ՀԿ-ի հովանավորությամբ հրատարակված գրքերին, որոնց շարքում են նաև վետերանների աշխատանքներ։ Ասաց՝ 100-ամյա Լաչին Ստեփանյանի և 104-ամյա Հրանտ Պողոսյանի գրքերն արդեն հրատարակվել են։ 2027-ի հունվարին կհրատարակվի 105-ամյա վետերանի գիրքը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Աջափնյակի վետերանների տարածքային խորհրդի նախագահ գնդապետ Ն. Ավանեսյանը։ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչի ելույթից հետո ՀՀ պաշտպանության նախարարի անունից Միավորման աշխատակիցներին, վետերանների տարածքային եւ քաղաքային խորհուրդների նախագահներին պարգևատրեց հուշամեդալներով և պատվոգրերով։ Պատվոգրի արժանացած Ոսկի Զաքարյանն ասաց՝ արդեն 30 տարի է՝ աշխատում է միավորումում և շատ վետերանների է հանդիպել, այդ թվում բարձրաստիճան զինվորականների, հերոսների։

 Եղան այլ ելույթներ նաև ներկաների կողմից։ Հանդիսավոր նիստի վերջում Ս․ Եսայանը միավորման աշխատակիցներին, վետերանների տարածքային և քաղաքային խորհուրդների նախագահներին պարգևատրեց Մոսկվայում ԱՊՀ երկրների համակարգող խորհրդի նախագահի կողմից տրված պատվոգրերով եւ կրծքանշաններով։ Պատվոգրեր ու խորհրդանշական նվերներ հանձնեց նաև Վետերաններին։ Վետերանական շարժմանն աջակցելու, պատմական հիշողությունը պահպանելու և հաղթանակած սերնդի սխրանքն անմահացնելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության ղեկավար, բարերար, մարշալ Ի. Խ. Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման վստահելի գործընկեր, «Դիալոգ» գրքերի մատենաշարի հիմնադիր Յուրի Նավոյանը պարգևատրվեց ԱՊՀ վետերանների (կենսաթոշակառուների) հասարակական կազմակերպությունների միջազգային միության համակարգող խորհրդի պատվավոր նշանով։ Գեներալ-գնդապետ Վ. Պ. Վոլկովի ստորագրությամբ Պատվավոր նշանը Յու․ Նավոյանին է հանձնեց ՀՎՄ նախագահ Ս․ Եսայանը։

Վերջում ընթերցվեց միավորման 70- ամյակին նվիրված նիստ ուղերձն աշխարհի ժողովուրդներին։ Հանդիսավոր մասից հետո ներկաների համար հանդես եկավ Արցախի «Վարարակն» երկսեռ երգչախումբը։ Տեղեկացնեմ՝ համույթը, Արմինե Յախշյանի ղեկավարությամբ, Երևանում վերակազմավորվել ու շարունակում է գործունեությունը «Դիալոգ» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանի նախաձեռնությամբ ու կազմակերպության հովանավորությամբ։ Համերգը վետերաններին նվեր էր «Դիալոգ»-ի կողմից։ Վետերանների միավորումում գործում է նաև Մարշալ Բաղրամյանի թանգարանը, որտեղ ցուցադրված են մեծ զորավարի ու հայրենասերի անձնական իրերը, պարգևները, կիսանդրին։ Միջոցառման ներկայացուցիչներն այցելեցին նաև թանգարան։    

  Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ