Տարազգի-տարալեզու գրականության մեծ աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով, և այդ աշխարհը այլևս մեր հայրենի եզերքն է:
Առանց Թումանյանի՝ այդ եզերքը մերը չէ, այլև մենք այդ աշխարհի առջև կանգնած ենք աղքատ ազգականի մեր խեղճ ու ցածր թշնամանքով…
Թումանյանով՝ մենք կանք: Առանց Թումանյանի՝ մենք չկանք:
Հրանտ Մաթևոսյան
Հաճախ հարց է ծագում՝ եթե մեր աշխարհայացքի, արժեհամակարգի վրա ազդում են մեծերը իրենց գործերով, գաղափարներով, իսկ ովքե՞ր են ազդում այդ մեծերի աշխարհայացքի ու արժեհամակարգի վրա:
Թումանյանի առումով կարելի է ասել, որ այդ ազդեցությունները բազմազան են. օրինակ՝ հայրը, որ առակասաց էր, քահանա, նաև երգել գիտեր, միաժամանակ բանահյուսական աղբյուր էր. մայրը, որից Թումանյանը վերցրեց Լոռվա սարերի, ձորերի ավանդույթները, որ սնուցման աղբյուր դարձան ,,Մարո,,-ի, ,,Անուշ,,-ի, ,,Լոռեցի Սաքո,,-ի համար:

Հետո՝ Ջալալօղլի /Ստեփանավան/. Տիգրան Տեր-Դավթյանը մեծապես ազդեց ապագա գրողի աշխարհայացքի վրա: Հետո՝ Ներսիսյան դպրոց, որը շատ նպաստավոր միջավայր էր նրա համար: Վերջապես, հայ գրականություն, որի նշանավոր մեծերը՝ Ղևոնդ Ալիշան, Խաչատուր Աբովյան, խոր հետք թողեցին նրա վրա, ռուս գրականությունից՝ Միխայիլ Լերմոնտով, Ալեքսանդր Պուշկին, եվրոպական գրականությունից՝ Գյոթե, Հայնե, Բայրոն, Շեքսպիր, որն առանձնահատուկ տեղ է ունեցել Թումանյանի կյանքում. այս ներածականով թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը ներկայացրեց Թումանյանի ստեղծագործական կյանքի վրա ազդեցությունների շրջանակը:
Ավելի մանրամասն այս ազդեցության մասին Թումանյանի թանգարան հրավիրված բանախոս, բ.գ.դ., թումանյանագետ, Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սուսաննա Հովհաննիսյանից բացի, թերևս լավագույնս չէր ներկայացնել: Իրոք, Շեքսպիրը կայուն ու շատ կարևոր դեր է կատարել Մեծ Լոռեցու վեհ գաղափարների ձևավորման գործում:
Սուսաննա Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ գրական ասուլիսի թեման ունի մշակութաբանական և գեղարվեստական խորքային նշանակություն:
Շեքսպիր և Թումանյան… Չնայած երեք դար է բաժանում նրանց իրարից, բայց միավորում են աշխարհընկալման, գեղարվեստական մտածողության, իրենց ազգերի մշակույթի պատմության մեջ ունեցած բացառիկ դերի ընդհանրություններ:
Անհնար է պատկերացնել անգլիական գրականությունն առանց Շեքսպիրի, հունականը՝ առանց Հոմերոսի, գերմանականը՝ առանց Գյոթեի, հայկականը՝ առանց Թումանյանի:

Ամենայն հայոց բանաստեղծը հայ մշակույթի մեջ ստեղծեց մի ամբողջ աշխարհ, և այդ աշխարհի ներսում նրա մշտական ուղեկիցը եղել է Վիլյամ Շեքսպիրը: Շատերն են մեզ բախտավոր ազգ համարում, որ ունենք խորհրդանիշ գրող: Խոսքը տաղանդի, հանճարի մեծության մասին չէ. հարցն այն է, որ ինչ-որ մի գրող դառնում է իր ազգի ոգու, բնավորության արտահայտիչը՝ շարունակելով ազգայինի վրա մնալ համամարդկային:
Շեքսպիրը Թումանյանի համար եղել է ոչ թե պարզապես սիրելի հեղինակ, այլ գեղարվեստական մտածողության չափանիշ, ինքնակրթության առանցք, մարդու ճանաչողության դպրոց ու նաև հոգևոր սնունդ: Շեքսպիրի նկատմամբ Թումանյանի վերաբերմունքն արտահայտվել է ոչ միայն ավարտուն աշխատություններում /,,Համլետ,,-ի հայերեն Մասեհյանի և Բաբազյանի թարգմանությունների գրախոսականներ/, թարգմանությունների մասին տեսական հոդվածներում, այլև սևագիր գրառումներում, բանավոր զրույցներում և այլուր: Շեքսպիրի մասին թումանյանական գնահատականներից շատերը ասույթի արժեք են ձեռք բերել, տպագրվել առանձին գրքով՝ սեղանի գիրք դառնալով յուրաքանչյուր հայ շեքսպիրագետի համար:

Բանախոս Սուսաննա Հովհաննիսյանը Թումանյանի շեքսպիրասիրությունը պայմանականորեն բաժանում է տարբեր շրջափուլերի.
- Կախարդանքի շրջան /1886-1890-ականների սկիզբ, Ներսիսյան դպրոց/
Դպրոցի տարբեր դասարաններում սովորող ընկերների հետ բանաստեղծը գրասերների մի խումբ էր ստեղծել /ընդամենը 15 տարեկան էր/ և առաջին անգամ ծանոթացել Շեքսպիրին բնագրով: Ընկերներից Վրեն Տաշրացին պատմում է. ,,Մեր մեջ ամենափոքրը Թումանյանն էր… Մեր ընթերցասեր ընկերներից մեկն էլ Պոլսեցի էր՝ Հյուսյան Մեսրոպ, մի որբ տղա: Մեսրոպն ազատ կարդում էր անգլերենով Շեքսպիրը, որով տարվեցինք ամենքս էլ, բայց ամենից շատ՝ Թումանյանը,,:
1880-ական թվականներին Թիֆլիսում բեմադրվում էին Շեքսպիրի ,,Համլետ,,-ը, ,,Լիր արքա,,-ն , ,,Օթելլո,,-ն , ,,Մակբեթ,,-ը. գլխավոր դերերում Պետորս Ադամյանն էր: Բանաստեղծը հիշում է, որ 19-րդ դարի 80-ականներին Ներսիսյան դպրոցի աշակերտներին արգելված էր թատրոն գնալ, քանի որ որոշ շրջանակների համար այն ,,անբարոյականության վայր,, էր: Այդ ժամանակ Լոռուց Թիֆլիս մեկնեց Թումանյանի հին ուսուցիչ Տիգրան Տեր-Դավթյանը, որը հավաքեց իր նախկին աշակերտներից մի քանիսին ու տարավ ,,Համլետ,, ներկայացմանը՝ տեսնելու Ադամյանին Համլետի դերում: ,,Էդ գիշեր,- գրում է Թումանյանը,- ես էնքան սիրեցի ,,Համլետ,,-ը և հետո էլ Շեքսպիրին, որ մի քանի դրամա գրեցի ու միշտ ոչնչացրի, որովհետև… Շեքսպիրի գրածների նման չէին դուրս եկել: Սակայն էնքան ուժեղ էր կախարդանքը, որ մինչև օրս էլ /1916թ., հունիսի 3/ ես ինձ դրամատուրգ եմ համարում, քան ուրիշ մի բան,,:
Կյանքի առաջին շրջանում Թումանյանի անձնական գրադարանը հարստանում է շեքսպիրյան հրատարակություններով: Թումանյանի շեքսպիրասիրությունը նաև համլետասիրությունը որոշ չափով առնչվում է Համլետի կերպարը բեմում վերստեղծած անվանի դերասան Պետրոս Ադամյանի, շեքսպիրյան դերերում փայլուն դերակատարի խաղից ստացած պատանի բանաստեղծի տպավորություններին: Ադամյանի խաղը նման էր ,,կայծակի րոպեական շլացնող փայլի,, , որն ամբողջ կյանքում դարձավ Թումանյանի շեքսպիրասիրության կարևոր գործոններից մեկը:
- Երկրորդ շրջան /1890-ականներ/. Շեքսպիրը՝ որպես ինքնակրթության հենք, իմացության հենարան և շարժիչ ուժ
Թումանյանը Թիֆլիսում բաց չի թողել շեքսպիրյան որևէ բեմադրություն: Համլետի դերում հայ բեմի վրա նա տեսել և հնարավորություն է ունեցել համեմատելու վեց հայ /Պետրոս Ադամյան, Կարապետ Գալֆայան, Նիկողայոս Հովհաննիսյան, Սիրանույշ, Ամո Խարազյան, Հովհաննես Զարիֆյան/ և երկու օտարազգի /Էռնեստո Ռոսսի, Մամոնտ Դայլսկի/ դերասանների: Երբ մայիսի 30-ին Ռոսսիի խաղը հանդիսատեսը ունկնդրեց մեծ հափշտակությամբ, և թատրոնը ,,դղրդաց միահամուռ ու անընդհատ ծափահարություններից,, , բայց Թումանյանի կարծիքը համընկավ հանրային կարծիքին. ,,Սքանչելի է… բայց Ադամյանին չի հասնի,,: Ադամյանի ստեղծած Համլետի կերպարը անփոխարինելի մնաց պոետի համար:
1890-ականներին բանաստեղծը ոչ միայն ընթերցում, այլև խորապես ուսումնասիրում էր համաշխարհային դասականներին, մասնավորապես՝ Շեքսպիրին: Այս շրջանը Շեքսպիրի արվեստի գաղտնիքների հայտնաբերման և նրա հանճարը սթափ գնահատելու շրջանն էր:
Ներսիսյան դպրոցը չավարտած Թումանյանը դարձավ ժամանակի ամենազարգացած ու լայնախոհ մտածողներից՝ ինքնակրթության միջոցով, որի հիմքում, իր իսկ խոստովանությամբ, ընկած էր առաջին հերթին Շեքսպիրը: Հենց այս շրջանում նա սկսում է հավաքել Շեքսպիրի երկերի հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով հրատարակությունները, նրան նվիրված գրականություն, մենագրություններ, հոդվածներ և այլն: Հայերեն հրատարակությունները համեմատելով ռուսական մի շարք թարգմանությունների հետ, առանձին արտահայտություններ, բառեր ստուգելով բառարաններով՝ արել է բազմաթիվ դիտողություններ:
- Վերնատան շրջան. Թումանյան-Շեքսպիր /1900-1908/
20-րդ դարասկզբին Թումանյանի բնակարանում ձևավորվում է ,,Վերնատունը,,՝ հայ գրականության ամենանշանակալի գրական սալոնը, որը զբաղվում էր դասականների ուսումնասիրությամբ. ,,Կլասիկները մեր առօրյա, գործնական զբաղմունքն էին: Մենք ձգտում էինք գնալ նրանց ուղիով… /ԹԺՀ, 2019/: ,,Վերնատան,, յուրաքանչյուր անդամ, ըստ իր նախասիրությունների, համաշխարհային գրականությունից ու փիլիսոփայությունից մի անուն էր վերցրել, որոնք երբեմն փոխում էին: Ավ. Իսահակյանն ունեցել է ոչ միայն Նիցշե, այլև Հայնե և Գյոթե անունները: Լևոն Շանթին Հայնեից բացի անվանել են նաև Իբսեն, Դ.Դեմիրճյանին՝ Բայրոնից բացի՝ նաև Գյոթե և Շիլլեր: Միայն Թումանյանի Շեքսպիր անունը միշտ մնաց անփոփոխ, միայն նա հավատարիմ մնաց իր Շեքսպիր անվանը: Նա ,,Վերնատան,, Շեքսպիրն էր՝ իբրև անգլիացի հանճարի ամենամեծ երկրպագու: Գուցե հենց սրանով է բացատրվում, որ Թումանյանը, օժտված լինելով թարգմանչի մեծ տաղանդով, ռուս և օտարազգի հեղինակների բանաստեղծական թարգմանությունների փայլուն նմուշներ տալով հայ գրականությանը, երբեք ոչինչ չթարգմանեց Շեքպիրից: Թումանյանի համար Շեքսպիրը ամենօրյա հոգևոր հաց էր:

- Շեքսպիրի թումանյանական ընկալումը
Բանախոսն անդրադարձավ այն փաստին, որ աշխարհի մեծերի համեմատության մեջ Թումանյանի համար Շեքսպիրը մնաց միշտ բացառիկ ու անմրցակից: Գնահատելով մյուս հանճարներին՝ բանաստեղծը գրումը է. ,,Ամենից մեծը Շեքսպիրն է. բնության բոլոր երևույթները կան նրա մեջ՝ և՛ կայծակ, և՛ հեղեղ, և՛ արև, և՛ ծով, և՛ ամեն ինչ, բայց իշխողը արևն է… Նա ինքը բնությունն է՝ խոշո՛ր, մե՛ծ, անմա՛հ ու համայնապարփա՛կ. ամեն ինչ ընդգրկող, տվող, հասկացող, և բոլորը գտնում են նրա մեջ, ինչ որ ուզում են. նրա գրվածքներում ամեն ինչ կա, և ամենն էլ իր տեղն է,,: Շեքսպիրը բանաստեղծի համար անբացատրելի ու անհասանելի հանճար էր. ,,Շեքսպիր կարդալ, Շեքսպիր հասկանալ՝ կնշանակի մեծանալ, հասկանալու համար պետք է ունենալ մեծ երևակայություն, գրական ուժեղ հոտառություն և ըմբռնում: Շեքսպիր կարդալը հաճույք է… նա տարերք է, համայնապարփակ տիեզերքը…,,: Թումանյանը այն եզակի մտածողներից է, որ բանաստեղծին համեմատում է Աստծու հետ. երկուսն էլ ստեղծում են ոչինչ բաներից մեծ բաներ…
- Շեքսպիրը՝ որպես մի շարք գիտական թումանյանական տեսությունների ձևավորման հիմք.
ա/ Թումանյանը, որ աստվածացրել է Շեքսպիրին, հաշվի չի առել, թե նա ինչ միտք է հայտնել, այլ թե ինչպես է հայտնել: Սա գեղարվեստի նյութի ու ձևի՝ ,,ինչ,,-ի և ,,ինչպես,,-ի մասին մի ամբողջ տեսություն է:
բ/ Թումանյանը Շեքսպիրի միջոցով ձևավորում է նաև հանճարի մասին իր տեսությունը. ,,Բանաստեղծը նոր տիպ է տիեզերքի մեջ. եթե մարդկության հետ գործ ունի՝ հանճար է, օրինակ՝ Շեքսպիրը, եթե ազգի հետ գործ ունի՝ տաղանդ է,,:
գ/ Շեքսպիրի օրինակով է Թումանյանը հստակ ձևակերպում համամարդկային և ազգային արվեստի առնչակցությունը: Շեքսպիրը նրա համար համամարդկայինի մարմնավորումն է: Գրողի ազգային լինելը, նրա կարծիքով, չի որոշվում լեզվով, սյուժեով կամ հերոսներով: Ազգայինը ձև է, համամարդկայինը՝ բովանդակություն: Շեքսպիրը նրա համար օրինակ է այն բանի, թե ինչպես է հնարավոր ազգային հողի վրա ստեղծել համամարդկային արժեք:
- Շեքսպիրը բանավոր զրույցներում
Թումանյանը շատ հաճախ էր բանավոր խոսքում, մասնավոր զրույցներում հիշատակում շեքսպիրյան հերոսներին ու նրանց արտահայտությունները: Այսինքն՝ Շեքսպիրը բանաստեղծի մտավոր զրուցակիցն էր, որին Թումանյանը դիմում էր ոչ թե որպես գրական հեղինակի, այլ որպես մտքի ուղեկցի ու հոգևոր խորհրդատուի:
Պատերազմի տարիներին Թիֆլիսում նա կոչ էր անում թատրոններին՝ ցուցադրել Շեքսպիրի գործերը, կազմակերպել գրական ասուլիսներ: Եվ քանի որ նույն օրն էին մահացել Շեքսպիրն ու Սերվանտեսը, Թումանյանը գրում է. ,,Համաշխարհային գրականության հորիզոնի վրա միաժամանակ մայր մտան երկու հսկայական արեգակ՝ Շեքսպիր և Սերվանտես: Աշխարհում ով էլ ասպարեզ իջնի, միևնույն է, գերազանց է բրիտանական հանճարի փայլը: Պետք է աշխարհում տարածել Շեքսպիրի աստվածային ,,բռնակալությունը,, ,,: Շեքսպիրը հոգևոր հաց էր Թումանյանի համար:


Թումանյանի թանգարանն ամեն անգամ մի նոր բացահայտում է ներկայացնում հանճարեղ Լոռեցու կյանքից, որը անսպառ մի շտեմարան է:
,,Պեղումները,, շարունակվում են…
Սուրայա Ղազարյան