Քաջ կոչվում է նա,ով անվախ քայլում է դեպի իր գեղեցիկ մահը:
Արիստոտել

Մոնթե Հայրապետյանն Արցախյան վերջին պատերազմի հազարավոր անմահ հերոսներից է, ով Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Պարգեւը 2021 թ. օգոստոսի 25-ին ծնողների ծննդավայր Քարագլուխ գյուղում հանձնվեց` հերոսի հոգեհանգստի արարողության ժամանակ… Գյուղի հանգստարանում է հուղարկավորված։ Հարևանությամբ դարձյալ Կովսականում մեծացած ու 2020թ․ հոկտեմբերի 12-ին հերոսաբար մարտիրոսված Էրիկ Գաբրիելի Սայադյանի շիրիմն է։ Կովսականի միջնակարգ դպրոցը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով էր: Դպրոցի մուտքի մոտ հերոսի քարե կիսանդրին էր, եւ յուրաքանչյուր օր դպրոցականներն առաջինը «ողջունում» էին Մեծն Թաթուլին: Թեկուզ մարտիրոս, Թաթուլը նաեւ այստեղ էր՝ Կովսականում սահմանապահ: Հերոսի անունով էր կոչվում նաեւ քաղաքում գործող ազգագրական երգի ու պարի համույթը՝ Կարեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Թաթուլն իր հերոսությամբ բոլորին էր ոգեշնչել, առանձնապես կովսականցի դպրոցականներին, երիտասարդներին:


Այս դպրոցում սկսեց իր կրթությունը եւ միջնակարգն ավարտեց կովսականցի Մոնթե Ավետիքի Հայրապետյանը: Լավ էր սովորում, մասնակցում էր դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին, հատկապես սիրում էր խաղալ թատերական ներկայացումներում եւ՝ հերոսների դերեր: 2015 թ. նոյեմբերին դպրոցում ներկա եղա Մուրացանի «Ռուզան» դրամայի բեմականացմանը: Դերակատարները կրթօջախի սաներն էին: Կապուտաչյա Մոնթեն կարծես իր կերպարում էր, խաղում էր հայ իշխաններից մեկի դերը: Դասասենյակում, որտեղ տեղի ունեցավ ներկայացումը, ծնողներն էին, ուսուցիչներ, աշակերտներ: Շատ լավ խաղացին մեր աշակերտները, եւ բոլորն էին հուզված, բարձր տրամադրությամբ: Զրուցեցի դերասան-աշակերտների, նաեւ Մոնթեի հետ: Սիրում էին իրենց քաղաքը եւ պատրաստ տեր կանգնելու նրան բոլոր ժամանակներում: Մոնթեն չէր որոշել՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, սակայն գիտեր՝ Կովսականի տերն է մնալու: Նաեւ զբաղվում էր ձյուդոյով: Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի (տնօրեն՝ Գոռ Մանուկյան) հետագայում մանկապատանեկան դպրոցի (տնօրեն՝ Կարինե Մովսեսյան) Կովսականի մասնաճյուղի՝ մարզիչ, այժմ երջանկահիշատակ Տարոն Պողոսյանի սանը շրջանային ու հանրապետական (նաեւ` ՀՀ-ում) մրցումների էր մասնակցել, հաճախ դարձել հաղթող կամ մրցանակակիր: Ձյուդոյի նույն խմբում էր պարապում նաեւ կովսականցի Հովհաննես Մխիթարի Սողոմոնյանը՝ ժամկետային զինծառայող, ով նահատակվեց Արցախյան վերջին պատերազմում, հուղարկավորված է Վայոց ձորի Զառիթափ գյուղում՝ ծնողների ծննդավայրում: Ձյուդոյի մրցումներին նույնպես ներկա եմ եղել, լուսաբանել դրանք: Դարձյալ աչքի էր ընկնում Մոնթեն՝ մրցակիցների (մտերիմ ընկերների) հետ մրցապայքարում: Մրցակից ու հարազատ ընկերն էր նաև Աշոտը Կոստանյանը՝ ծնված 1998թ Վուրգավան գյուղում։ Նա նույնպես հերոսաբար զոհվեց 2020թ․ հոկտեմբերի 3-ին։


Մոնթեն ծնվել է 1999 թ. մայիսի 19-ին, Կովսական քաղաքում: Ծնողներն Արցախի Քաշաթաղի շրջանի հարավային այս քաղաք էին եկել Վայոց ձորի Քարագլուխ գյուղից: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 2017-ին, զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել բարեխիղճ ու նվիրված: Պատահական չէ, որ ինչպես դպրոցում էր արժանանում պատվոգրերի, գովասանագրերի, շնորհակալագրերի, այնպես էլ՝ ծառայության ընթացքում: Մի անգամ երջանկահիշատակ, Արցախյան վերջին պատերազմում նահատակված երգիչ Գեւորգ Հաջյանի հետ եղանք Մոնթեենց տանը: Գեւորգը 1 շաբաթ մնաց Կովսականում եւ տարածքի երեխաների համար Կոմիտասին նվիրված դասընթացներ էր կազմակերպում: Մոնթեի հայրը՝ Ավետիքը, եղբայրը՝ Ահարոնը (Կովսականի քաղաքապետարանի ակումբավար) հպարտորեն էին խոսում Մոնթեի մասին, երբ ծառայում էր բանակում: Բանակից վերադառնալուց հետո զբաղված էր ընտանիքին օգնելով, իրենց տնտեսությունը զարգացնելով: Սակայն 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն առաջնագիծ տարավ նաեւ հազարից ավելի քաշաթաղցիների՝ զորակոչով ու կամավոր, աշխարհազորով, չհաշված 200-ից ավելի ժամկետային զինծառայողները: Մոնթեն էլ հենց առաջին օրը զորահավաքով, որպես պահեստազորային, հասավ առաջնագիծ` Ջրական: Այդ օրերին ամենաթեժ մարտերն էին մղվում այս ուղղությամբ: Առաջին, երկրորդ, երրորդ օրերին արդեն լսում էինք նաեւ քաշաթաղցի նահատակների ու վիրավորների մասին: Ջրականի 21-րդ մարտական հենակետում էր հայրենի սահմանը պահում Մոնթեն: «Նարինջ 1»-ը տարածքի կարեւոր դիրքերից էր, որն էլ մարտական ջոկատի կազմում պաշտպանում էր Մոնթեն: Չի ենթարկվել «Նահա՛նջ» հրամանին. Կովսականը շատ հեռու չէր այստեղից: Ասում են՝ մինչեւ վերջին շունչը կռվում էր մարտադաշտում, դիմադրում իրենցից բազում անգամ ավելի թշնամուն եւ… 2020 թ. հոկտեմբերի 2-ից քաջորդին համարվում էր անհետ կորած: Լուրեր էին պտտվում, որ վիրավոր է եղել: Կար հույս՝ ողջ է, մի օր տուն կգա: Հույսով սպասում էին հարազատներն ու մտերիմները, ողջ Կովսականը: Սակայն… Օգոստոսին գտնվեց հերոսի աճյունը, որը, ըստ հարազատների, փետրվարին էր թշնամու կողմից հանձնվել հայկական կողմին:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ