ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Մարզաշխարհում շարունակվում են ոլորտին բնորոշ մրցաշարերն ու առաջնությունները, իսկ մեր մարզիկները շարունակում են աչքի ընկնել նշանավոր մարզական իրադարձություններում:

Օրերս մուայթայի Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ է ունեցել Դոնի Ռոստովի գավաթի բաց առաջնությունում, որին մասնակցել է 7 երկրի ավելի քան 650 մարզիկ:

Մարզիչ Ալեքսան Աղաբալյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը նվաճել է 8 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե:

Ոսկե մեդալներ են նվաճել Արայիկ Բրուտյանը, Գոռ Հարությունյանը, Վաչիկ Միքայելյանը, Ռաֆայել Ավագյանն ու Արմեն Խաչատրյանը: Արծաթե մեդալակիր է դարձել Գոռ Գաբուզյանը, իսկ Արամ Հակոբյանն ու Գեւորգ Սիմոնյանը արժանացել են բրոնզե մեդալների:

Հայաստանի հավաքականի կազմում էին նաեւ մարզիչներ Հակոբ Գրիգորյանն ու Գեւորգ Գրիգորյանը:

Դոնի Ռոստովի մրցաշարից հետո Հայաստանի մուայթայի հավաքականը կշարունակի նախապատրաստությունը առաջիկա կարեւոր մրցաշարերին: Հոկտեմբերի 17-25-ը Փարիզում կկայանա Եվրոպայի առաջնությունը, իսկ նոյեմբերին Հունաստանում նախատեսված է աշխարհի առաջնությունը:

Հոկտեմբերի 2-ից 4-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվեց Սամբոյի աշխարհի 2026թ. առաջնությունը՝ դեռահասների, պատանիների, երիտասարդների միջեւ: Խաղարկվող 55 հավաքածու մեդալների համար պայքարեցին 713 մարզիկներ ավելի քան չորս տասնյակ երկրից: Ուրախալի է, որ հայ մարզիկները տարվա կարեւորագույն ստուգատեսում նվաճեցին 13 մեդալ:

Դեռահասների՝ 14-ից 16 տարեկանների կազմում Արման Պարսիյանցը մինչեւ 53 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ: Երիտասարդների՝ 18-20 տարեկանների միջեւ մարտական սամբոյի մրցույթում Վիգեն Ավագյանը մինչեւ 71 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ