Եթե խոսքդ հայրենիքի մասին է, մի՛ խոսիր, այլ խոսեցրու Հայրենիքը:
Այս ձևով վարվիր և՛ հերոսների, և՛ նահատակների նկատմամբ:
Մի՛ խոսիր, այլ խոսեցրու՛ նրանց:
Խոսի՛ր՝ զգալով նրանց սրտի զարկը, շունչը, ներկայությունը:
… Երկիրը հայրենիքի աշխարհագրական զրահն է:
Հայրենիքը այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը:
Գարեգին Նժդեհ
Անհուն ցավից տապակված սրտով, ծանրացած ու անամոք հոգով գրիչ եմ վերցրել՝ կերտելու ու ամբողջացնելու այսօր վաչկատունների ճիրաններում հեծող չքնաղ ծննդավայրիս նկարագիրը, որը դարձել է հուշերիս շտեմարանի հավերժափայլ աստղն ու քայլող երազանքը: Փույթ չէ, որ այսօր այն դարձել է ,,սուրբ նշխար՝ շան բերանում,, , համոզված եմ՝ կգա այն սերունդը, որ արժանապատվորեն տեր կկանգնի իր պապերի անգին ժառանգությանը ու դարերին պահ կտա բազմադարյա մեր գանձերը:
՚Արարատյան արժեքների կրթական հիմնադրամՙ-ի մրցույթը դարձավ այն հարմար ու պատեհ առիթը, որ խորանամ իմ արմատների մեջ և պարզեմ, թե ով եմ ես:
Իմ ծննդավայրը դրախտային Քյաթուկ գյուղն է, որ գտնվում է Արցախի հինգ մելիքություններից մեկի՝ Վարանդայի տարածքում՝ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից մոտ 10կմ և մայրաքաղաք Ստեփանակերտից 22կմ հեռավորության վրա՝ Կարկառ գետի ափին: Ունի նախալեռնային դիրք, տեղակայված է լեռների գրկում, բարձրությունը ծովի մակերևույթից 700 մետր է: Այնպես որ, եթե Ասկերանում գարունն իր լիակատար իրավունքների մեջ է լինում, ապա Քյաթուկում դեռ գարնանամուտ է: Թութը այնտեղ հասնում է օգոստոսին: Թավ անտառներով շրջապատված մի թաս է հիշեցնում տարածքը, որի կենտրոնական մասում վեր է խոյանում գյուղը՝ իր գեղատեսիլ բնությամբ ու հրաշագործ մաքուր օդով. ներս մտնողը դուրս գալու մասին մոռանում է:
Գյուղի անվան ծագման մասին մի քանի մեկնաբանություններ կան: ,,Քյաթուկ,, բառը տեղացիները կապում են քյոթուկ-կոճղ բառի կամ նույնանուն քարի հետ:
16-17-րդ դարերի պատմիչ Առաքել Դավրիժեցին իր ,,Պատմություն,, գրքի մեջ այս բնակավայրը հիշատակում է ,,Քոթուկլու,, անվամբ՝ ներկայացնելով այնտեղ բանակած Շահ-Աբաս թագավորի և եկեղեցի կառուցելու թույլտվություն ստանալու նպատակով Նախիջևանի Գողթան գավառից ժամանած Պողոս վարդապետի հանդիպումը:
Քոթուկլու – Արցախում /Ղարաբաղ/ կա Քոթուկ գյուղ, որ Ս.Ջալալյանը տեղադրում է ,,Քառասնից,, /Քռասնի/ գյուղի մոտերքը՝ Շուշվա դիմաց:
Ներկայիս բնակավայրից 500 մ վերև են գտնվում Հին Քյաթուկի ավերակները, որ Դավրիժեցին անվանել է Քոթուկլու, իսկ Ղևոնդ Ալիշանը՝ Գետիկ:
Արցախի պատմաբան Սլավա Սարգսյանը, սակայն, ,,Արցախի բնակավայրերը,, /Երևան, 2018, էջ 27-28/ գրքում նշում է հետևյալը. ,,Քյաթուկ- Ղևոնդ Ալիշանը գյուղին Գետիկ անունն է տվել /,,Բազմավեպ,, , Վենետիկ, 1989, թ. 1-4, էջ 204/: Սակայն նախախորհրդային քարտեզներում ,,Քյեթուկ,, է կոչվել գյուղին մերձ լեռը, որով էլ ժխտվում է Գետիկ անվան հնարավորությունը: Մեր կարծիքով՝ տեղանունն ունի պարսկական ծագում և ,,Գյադուկ,, անվան ձևափոխված տարբերակն է /հմմտ. Արփագյադուկ, որի մասին խոսք կլինի հաջորդ էջերում/: ,,Գյադուկ,, արցախյան բարբառով և պարսկերեն նշանակում է ,,լեռ-լեռնանցք,, , որն էլ համապատասխանում է գյուղի տեղադրությանն ու անվանը: Պարզ է, որ այս լեռնանցքով է նաև անցել դեպի Արաքս և Պարսկաստան տանող պատմական գլխավոր ճանապարհներից մեկը: Այլապես Շահ-Աբասը դժվար թե հայտնվեր այստեղ: Նշենք նաև, որ բնակավայրն ըստ 1921 թվականի մարդահամարի տվյալների՝ ուներ նաև մեկ այլ անվանում՝ ,,Ակդար,, , որը տվյալ դեպքում վերաբերում է ,,լեռնային աղբյուր,,-ի,,:
Թե երբ են առաջին բնակիչները հայտնվել Հին Քյաթուկում և հիմնել գյուղը, այս մասին վկայություններ չկան, սակայն մի բան պարզ է, որ գյուղը գոյություն ուներ 16-րդ դարի վերջին՝ մինչև Շահ-Աբասի արշավանքը: Քանի որ բնակիչները միանգամից չեն եկել գյուղ, այլ աստիճանաբար, այդ իսկ պատճառով հիմնադրման կոնկրետ տարեթվի մասին խոսք չկա: Փաստն այն է միայն, որ Շահ-Աբասի տիրապետության ժամանակ /1603թ./ ծաղկուն գյուղ է եղել, և Շահ-Աբասն էլ նախընտրել է հանգրվանել այստեղ: Ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղի մելիքությունները հերոսական պայքար էին մղում թուրք հրոսակների դեմ, իսկ Թուրքիան էլ Պարսկաստանի հետ կռվի մեջ էր, Շահ-Աբասը դրա համար համակրում էր արցախահայերին, նրանց չի տեղահանում, այդ թվում՝ քյաթուկցիներին: Քյաթուկում հանգրվանած Շահ-Աբասը /Քյաթուկով ճանապարհ է եղել դեպի Պարսկաստան/ ընդունել է Նախիջևանի Գողթան գավառից ժամանած մի վարդապետի, որը հատուկ խնդրանքով էր եկել այդտեղ: Այս մասին հաստատում է Առաքել Դավրիժեցին իր ,,Պատմության,, մեջ. ,,Թագավորական իշխանությամբ կառավարվող Մելիքսեթ կաթողիկոսի հետ վիճաբանությունից հետո բազում շնորհներով օժտված Պողոս վարդապետը, իր աշակերտների քաջալերանքը ստանալով, Նախիջևանից՝ Շամբից, ճանապարհվեց Շահ-Աբաս թագավորի մոտ՝ եկեղեցի շինելու հրաման ստանալու նրանից: Արաղբար կոչված գավառում /այլազգիների գյուղ էր/ գիշերելու ժամանակ հավատով մի մահմեդական աղաչեց, որ հյուրընկալվեն իր օջախում: Երբ առավոտյան պատրաստվում էին ճանապարհը շարունակել, այլազգին խնդրեց նրանց. ,,Ես զավակ ու հիշատակ չունեմ, խնդրում եմ՝ աղոթեք, որ զավակ ունենամ,,: Սուրբ վարդապետը հատուկ աղոթք է անում նրա համար, որը Աստծո կամոք զավակ է ունենում ու վարդապետի համար ճոխ նվերներ է անում: Սրանից հետո վարդապետը դուրս եկավ այդտեղից, գնաց Աղվանից երկիրը՝ Ղարաբաղ, այն վայրը, որ անվանվում է Քոթուկլու /սա հենց Հին Քյաթուկ գյուղն է/, քանզի այդտեղ էր բանակել Շահ-Աբաս Առաջին թագավորը՝ իր սպայակույտով: Հանդիպելով թագավորին՝ վարդապետը արևշատություն է մաղթում նրան, հայտնում իր գալու նպատակը: Թագավոր Շահ-Աբասը կանչում է իր գրագիրներից մեկին, գրել տալիս հրովարտակը, ստորագրել տալիս իր իշխաններին, կնքում ու հանձնում վարդպետին, որը, հրովարտակը ձեռքին, գալիս է Արևելյան երկիրը /Արցախ և Սյունիք/ ու սկսում ավելի վայելուչ եկեղեցիներ շինել, համարձակ շրջել ու քարոզել…,,:

Հին Քյաթուկում, ըստ Մակար Բարխուդարյանցի տեղեկությունների, 19-րդ դարում կար 500 ծուխ: Հին Քյաթուկի մոտ պահպանվել են Սպիտակ հօլ /ուլ/ եկեղեցու, հարակից գերեզմանոցի և Զինավոր սրբատեղու մնացորդները: 19-րդ դարի երկրորդ կեսին գյուղում կառուցվել է Սբ Աստվածածին եկեղեցին:
Պատմաբան Վահրամ Բալայանի ,,Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր,, գրքում հեղինակը տեղեկացնում է, որ ներկայիս գյուղը հիմնադրվել է 18-րդ դարավերջին և կոչվել է Նոր Քյաթուկ:


Հին Քյաթուկ բնակավայրը բազմամարդ է եղել և դեպի լեռնաշխարհի խորքը տանող ճանապարհը, մասնավորապես Ասկերանի կիրճը, վերահսկող գյուղի դեր է ունեցել: Պատահական չէ, որ 17-րդ դարի սկզբներին պարսից Շահ-Աբաս Ա-ն Հին Քյաթուկում ռազմակայան էր դրել և անձամբ իր հպատակների ընդունելություն կազմակերպել:
1797-1798թթ. ժանտախտի ժամանակ Հին Քյաթուկի բնակիչները հեռանում են ավելի ապահով բնակավայրեր, իսկ մի քանի ընտանիքներ էլ հաստատվում են գյուղի հանդամասում և հիմնում ներկայիս Քյաթուկ բնակավայրը: Մի քանի գերդաստաններ էլ հիմնավորվում են Խաչմաչ գյուղում:
Քյաթուկի բնակիչները 1804-1813 և 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ հայկական կամավորական ջոկատների կազմում պաշտպանել են դեպի Շուշի տանող Ասկերանի կիրճը:
Քյաթուկի հայությունը ծանր ժամանակներ ապրեց 1905-1906թթ. և 1917-1920թթ.՝ հայ-թաթարական ընդհարումների տարիներին: 1906 թվականի հունվարի 16-ին գեներալ Գոլոշչապովի գլխավորությամբ կառավարական զորագունդը Ասկերանի կիրճով հասնում է Շուշի՝ ճանապարհին ռմբահարելով Խրամորթ, Խանաբադ, Քյաթուկ, Ղլիշբաղ, Դաշուշեն և Շոշ գյուղերը:
1917 թվականի դեկտեմբերի 23-ին Արցախում հայկական պետականության վերածննդից հետո Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Հայոց Արևելից հայության դեմ:
1918 թվականի սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը մտան Լեռնային Ղարաբաղ՝ ավերելով Դահրազ, Վարազաբույն, Փիրջամալ, Նախիջևանիկ, Քյաթուկ, Խրամորթ, Խանաբադ, Ղլիշբաղ, Քարագլուխ գյուղերը: Թուրքական զորամասերը Շուշի մտան սեպտեմբերի 25-ին: Բանակի հետևից շարժվում էր ,,տեղական թաթարների հազարավոր խուժանը՝ գրավված գյուղերն ու քաղաքը ավերելու և թալանելու նպատակով,,:
1920-1930թթ. Արցախի մի շարք գյուղերում, այդ թվում՝ Քյաթուկում, ստեղծված ծանր կացության մասին հետաքրքիր տեղեկություններ է պարունակում Խաչենից Պարսկաստան տեղափոխված վտարանդի գործիչներից մեկի հուշերում. ,,… Փամփուշտի կռիվ չկա, սակայն թուրք բեկերի և կալվածատերերի ,,կոմունիստ,, զավակները նոր ձևի փամփուշտներով են կռվում հայ գյուղացու և հայ քաղաքացու դեմ: Անցել եմ հայ գյուղերը՝ Խրամորթ, Խանաբադ, Նորշեն, Հացին, Քյաթուկ, Փիրջամալ և այլն, երբեմնի փարթամ ու հարուստ այդ շեն գյուղերը, որ կարծես այդ դաժան փոթորիկը եկել ու քշել է ամեն բան: Գյուղերի գեղեցիկ տները ավերված ու անտեր են, իբրև կուլակների ու հակահեղափոխականների տներ: Գլխավորապես ծեր կանայք ու տղամարդիկ են երևում, աչքաբաց և առույգ երիտասարդները կամ փախել են բոլշևիկյան զուլումից և կամ իբրև ,,Ղարաբաղը Հայաստանին,, միության անդամ, քշված են դեպի Ռուսաստանի խորքերը: Երեկոյան ժամը 7-8-ին դռները պինդ կողպում և փակվում են խրճիթներում ահ ու սարսափի տակ: Վախենում են և՛ ավազակից, և՛ կոմսոմոլից, և՛ կոմբջջից,,:
1930 թվականին Քյաթուկ գյուղում կազմավորվել է կոլտնտեսություն, իսկ խոշորացման տարիներին միավորվել է Խանաբադի կոլտնտեսությանը: Գյուղը էլեկտրիֆիկացվել է 1960 թվականին:
1870 թվականին Քյաթուկում բացվել է նախակրթարան, 1871թ.-ին՝ եկեղեցական-ծխական դպրոց: Ուսուցիչն էր Հովհաննես Հովսեփյանը, իսկ 20-րդ դարի սկզբին՝ Համազասպ Տեր-Հակոբյանը: 1896 թվականին դպրոցը փակվել է և 1907-1908 ուստարում վերաբացվել, որը պահվում էր բաքվաբնակ քյաթուկցիների հայրենակցական միության և աշակերտների ուսման վարձով: Խորհրդային տարիներին գյուղում տարրական դպրոց է գործել:

Քյաթուկից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 121 մարդ, զոհվել՝ 68-ը: Նրանց հիշատակին հուշարձան է կառուցվել 1970-ականներին:
Գյուղի երիտասարդները մասնակցել են նաև Արցախյան ազատագրական պատերազմներին: Զոհվել է 21 ազատամարտիկ, որոնց հիշատակին նվիրված հուշարձան է կանգնեցվել 2011 թվականին:
Հայրենական մեծ պատերազմից հետո Քյաթուկի բնակչությունը հիմնականում այդ բարձունքից իջել ու հաստատվել է Ասկերան շրջկենտրոնում ջրի պակասության /գյուղի խմելու ջուրը հիմնականում աղի էր/ և անբարեկարգ ու դժվարանցանելի ճանապարհների պատճառով: Աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման հետևանքով 1987 թվականին փակվել է դպրոցը:
Բնակավայրը անմիջականորեն չի տուժել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով, քանի որ գտնվում էր Արցախում՝ Ռուսական կայսրության կազմում: Այդուհանդերձ, կան պատմական մի քանի կարևոր հանգամանքներ, որոնք կապում են գյուղն ու նրա բնակիչներին այդ ժամանակի համազգային աղետի հետ: Թեև գյուղը զերծ է մնացել 1915-ի Ցեղասպանությունից, այն զգալիորեն տուժել է Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած հայ-թաթարական բախումների և թուրք-ադրբեջանական հարձակումների հետևանքով:
Քյաթուկի բնակիչների մի հոծ զանգված արտագնա աշխատանքի էր մեկնել Բաքու. նրանք թիրախավորվեցին և տուժեցին 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում թուրքական զորքերի ու տեղի թաթարների /ադրբեջանցիներ/ կազմակերպած հայերի զանգվածային ջարդերի ժամանակ:
Գյուղը ծանր օրեր է ապրել նաև 1920 թվականի մարտին՝ Շուշիի հայկական մասի հրդեհման ու կոտորածների ժամանակ, երբ ադրբեջանական զորքերը փորձում էին հպատակեցնել ողջ Արցախը:
Բնակավայրի հնագույն անվանի տոհմերից են՝ Արամյանց, Բալասանյան, Ղահրամանյան:
Գյուղը հայտնի է իր նշանավոր մարդկանցով: Ծագումով Քյաթուկից են հայ խոշոր նավթարդյունաբերող, բարերար, 20-րդ դարի սկզբներին Այսրկովկասի նշանավոր մեծահարուստ Միքայել Արամյանցը, որն անձամբ և իր հիմնադրած ,,Հայոց բարեգործական ընկերության,, միջոցով ահռելի նյութական ու կազմակերպչական աջակցություն է ցուցաբերել 1915 թվականի Ցեղասպանությունից մազապուրծ եղած արևմտահայ որբերին ու գաղթականներին, որոնք ապաստան էին գտել Արևելյան Հայաստանում և Թիֆլիսում. երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանը, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, ազգային-ազատագրական շարժման գործիչ, պատմաբան Միքայել Վարանդյանը:
Ի դեպ, իմ տոհմանունը՝ Ղազարյան, սերում է նախապապիս՝ Ղազարի անունից, որը Բալասանյանների մեծ ու հարգված գերդաստանի երևելի ներկայացուցիչներից մեկն էր 19-րդ դարի երկրորդ կեսին: Հորական տատս՝ Սոնա այան, սերում է Արամյանց հարգված տոհմից:
Միքայել Արամյանցը, որ ծննդավայրում հայտնի էր որպես Քյոխանց տոհմի ներկայացուցիչ, միշտ ասում էր. ,,Փողերը վերջանում են, փառքը՝ նույնպես: Սակայն Հայաստանը մեր միակն է: Մի՛ մոռացեք այդ մասին: Արարեք հանուն ձեր երկրի ու նրա ժողովրդի երջանկության,,:

Քյաթուկում 19-րդ դարի սկզբին կար 36 տուն, 19-րդ դարի 90-ական թվականներին՝ 25 տուն, 124 բնակիչ, 1987 թվականին՝ 30 տուն, 73 բնակիչ, 2018 թ.-ին՝ 6 տուն, 7 բնակիչ, 2023-ին՝ 1 բնակիչ:
Գյուղացիների հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունը, կյանքի միջին տևողությունը՝ 75-80 տարի:
Չնայած երբեմնի շեն գյուղը, որ դրախտավայր է հիշեցնում, ծերացել ու դատարկվել էր, սակայն մարդկային հոսքն ու անցուդարձը չէին դադարում: Ու մի օր էլ հայրենաշինական նախաձեռնությունը մեծ արձագանք գտավ:
Բարեկարգվեցին ճանապարհները, կազմակերպվեցին մշակութային միջոցառումներ, մեկնարկեցին արշավներ, սկսվեցին շինարարական ակտիվ աշխատանքներ: Գյուղը սկսեց վերածնվել, աշխարհի ծայրերից հյուրեր ընդունել: Հաջորդ քայլը պետք է դառնար Սբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումը:
ԱՀ կառավարությունը միջոցներ էր ձեռնարկում՝ Քյաթուկը վերաբնակեցնելու համար…
Պատերազմների բովով անցած, շրջափակման դաժան ամիսները հպարտորեն հաղթահարած արցախցին երբեք չի մտածել իր սրբացած հողը լքելու մասին, սակայն… դժոխքի դռները մեզ համար բացվեցին 2023 թվականի սեպտեմբերի 19-ին… Ու մենք դարձանք տարագիր…
Այսօր տգետ ու թշնամի ձեռքերով քանդվում, ավերվում ու ոչնչացվում են հայրենի սրբազան ավանդները, ցեցերի պես կրծում ու անհետացնում են մեր պատմական մարգարտահյուս ձեռագիր արձանագրությունները, սակայն ոչ մի քայլ չի արվում՝ բռնելու հանցագործ ձեռքը…
Ու դառնացած հոգով խորհում եմ. ,,Օտարազգի Շահ-Աբասը խոր ակնածանքով ու մեծահոգաբար խնայեց հպարտ արցախցիներիս՝ որպես թուրքերի դեմ մարտնչող մի հերոսական ժողովրդի, իսկ հայազգի ,,շահ-աբասը,, վաճառեց այդ դրախտ հայրենիքը թուրք հրոսակներին:
Բոլոր հայրենակիցներիս սուրբ երազանքն է՝ վերադառնալ հարազատ դրախտավայրը՝ Արցախ:
Սուրայա Ղազարյան