Ապրիլի 18-ին Եռաբլուր-Ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի աճյունը։ Արցախյան վերջին պատերազմը դարձավ այն չարիքը, որի պատճառով թշնամուն մնաց Հայոց երկիր Արցախի մեծ մասը՝ ներառյալ Քաշաթաղի շրջանը։ Մեծ ցավ է նաև այն, որ հազարավոր հայորդիներ նահատակվեցին, անհետ կորան։ Քիչ չեն գերեվարվածները։ Նորօրյա պատերազմում շուրջ 80 զոհ ու անհետ կորած զավակ ունեցավ նաև Քաշաթաղի շրջանը։ Նրանց շարքում է Արմեն Մանուչարյանը։

Ծնվել է 1975թ․ հուլիսի 8-ին ՀԽՍՀ Շամշադինի շրջկենտրոն Բերդում։ Ընտանիքի երկրորդ զավակն է․ 7 տարի փոքր է ավագ քրոջից։ 1976 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Նույն թվականին ծնվել է կրտսեր քույրը՝ Արմինեն։ 10 տարեկան էր, որ քաղցկեղից մահացավ մայրը։ 1981-91թթ. գրեթե գերազանցությամբ սովորել և ավարտել է Երևանի Գ. Ադդարյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1994-96թթ․ ծառայել է Հայոց բանակում։ Այստեղ ևս իրեն դրսևորել է իսկական զինվորի պես, արժանացել խրախուսանքների, պարգևների։ 1996թ․՝ ծառայությունն ավարտելուց հետո, տեղափոխվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղ, որն ազատագրվել էր 1993թ․ ամռանը։ Աղավնատուն գյուղական համայնքը գտնվում է Հակարի գետր ձախակողմյան բարձրադիր սարալանջերին, բաղկացած է 3 գյուղերից՝ Խաչգետիկ, Աղավնատուն և պատմական անցյալ ունեցող Հարարից։ Այս տարածքով է անցնում Գորիս-Հադրութ տանող ճանապարհը, որը չի շրջանցում Խծաբերդ գյուղը։ Այստեղ ապրեց Արմենը 24 տարի ու դարձավ տարածքի շենացնողներից, պաշտպաններից։ Հայրը՝ Վոլոդյան, Աղավնատուն գյուղի հիմնադիրներից է և առաջին գյուղապետը՝ սկսած 1995 թվականից, այստեղ էր եկել երկրորդ կնոջ ու 2 երեխաների՝ 8-ամյա Արթուրի ու 7-ամյա Անժելայի հետ։ Արմինե դուստրն ամուսնացած էր և 1996 թվականից բնակվում էր Հարար գյուղում։
Արմենը 2008 թվականից աշխատանքի անցավ Քաշաթաղի շրջանի անասնաբուժական կայանում՝ որպես Ծաղկաբերդի տեղամասի անասնաբույժ։ Սովորում էր Երևանի գյուղատնտեսական ակադեմիայի Ստեփանակերտի մասնաճյուղում՝ անասնաբուժության բաժնում։ Մինչ անասնաբույժ աշխատելը՝ գյուղում զբաղված էր գյուղատնտեսությամբ, իր տրակտորով օժանդակում էր համայնքի բնակչությանը, ընդհանուր աշխատանքներին։

Աշխատանքային ընկերոջ մասին ցավով է խոսում անասնաբուժական կայանի աշխատակից Անահիտ Համբարձումյանը։ Որպես անասնաբույժ՝ եղել է պարտաճանաչ և բարեխիղճ։ Նրա աշխատանքից գոհ են եղել տարածքի բնակիչները, անասնապահները։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին օրերից էլ Արմենը կամավոր առաջնագծում էր, ու տուն եկավ հաղթանակած։ Քույրը՝ Արմինեն, ցավով ու հպարտությամբ է խոսում եղբոր մասին, որն եղել է հարգված, հյուրասեր ու ընկերասեր։ Տեղեկացնում է. « 2020թ․ սեպտեմբերի 27-ին դարձյալ շուտ հասավ Բերձոր՝ Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատ ու մեկնեց ճակատ։ Մարտնչում էր Մեխակավան-Ջաբրայիլում։ 2020թ․ հոկտեմբերի 2-ից արդեն կապ չունեինք հետը։ Համարվում էր անհետ կորած։ Վերջերս Բաքվից հայկական կողմին փոխանցված 106 աճյունների մեջ է եղել․ ԴՆԹ-ի ստուգմամբ է հաստատվել ինքնությունը» ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ