ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՊԱՊԵՐԻ ԵՐԿԻՐԸ

Ցուրտ մոխրի տակից մի կրակ հանեմ,

Փչեմ թեժանա, ու ես տաքանամ…

Համո Սահյան

Երևանում՝ «Թեքեյան կենտրոն»-ում, շարունակվում է լուսանկարիչ Հարություն Խաչատրյանի «Պապերիս երկիրը» խորագրով անհատական ցուցահանդեսը, որի բացումը տեղի ունեցավ 2026թ․ սեպտեմբերի 29-ին։ Ներկա էին Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ Ռուբեն Միրզախանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ լոնդոնաբնակ բարերարներ Բագրատ Նազարյանը, Թոնի Կահվեն, մշակույթի և արվեստի գործիչներ, լուսանկարչության սիրահարներ, արվեստագետի ընկերներն ու գործընկերները, արցախցիներ, հիմնականում՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի բնակիչներ, հյուրեր։ Ներկաներին ողջունեց «Թեքեյան կենտրոն»-ի տնօրեն Արմեն Ծուլիկյանը՝ ներկայացնելով լուսանկարչին։

Մասնագիտությամբ ինժեներ Հարություն Խաչատրյանի համար լուսանկարչությունը տարիների ընթացքում դարձել է ոչ միայն սիրելի զբաղմունք, այլև հայրենիքի հանդեպ իր վերաբերմունքն արտահայտելու միջոց։ Նրա աշխատանքներում հայրենիքը ներկայացված է իր գեղատեսիլ բնությունով, պատմամշակութային ու հոգևոր արժեքներով, ավանդույթներով, մարդկանցով ու կենցաղով։ Ցուցադրությունում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Արցախին, հատկապես Տումի գյուղին նվիրված լուսանակարները։ Իր ելույթում լուսանկարների հեղինակը շնորհակալություն հայտնեց ներկաներին, «Թեքեյան կենտրոն»-ի աշխատակազմին՝ սիրով տարածք տրամադրելու և աջակցելու համար, ինչպես նաև լուսանկարիչ Արմեն Ենգոյանին, որն օգնել է ցուցադրությունը կազմակերպելուն։ Ասաց․ «Լուսանկարներում Հայաստան աշխարհն է՝ Պապերիս երկիրը, որի անբաժանելի մասն է Արցախը։ Հայոց երկիրն ավելի լայն հասկացություն է՝ կապված հայ ժողովրդի պատմական հիշողության, ինքնության և մշակութային ժառանգության հետ, ինչը պետք է պահպանել, արժևորել և փոխանցել հաջորդ սերունդներին»։

Ելույթներից հետո Հ․ Խաչատրյանը մեկիկ-մեկիկ ներկայացրեց 100-ից ավելի լուսանկարները, որոնց շարքում իրե տեղն ունի Աստվածաշնչյան Արարատը՝ փշալարերից այն կողմ։ Զրույցի ընթացքում ասաց՝ իր համար ամենաթանկ ցուցանմուշը տատի ու պապի՝ Միրզագյուլ և Հարություն Խաչատրյանների թանգարանային լուսանկարն է՝ արված շատ տարիներ առաջ։ Նաև 2 պապերի՝ Տումիում գտնվող տներն է լուսանկարել։ Իսկ Համո Սահյանի հրաշալի բանաստեղծության բնաբանով արված «Փակ դռներ՝ ժամանակավոր» շարքում Տումի գյուղի այն տների դռներն են, որոնց տերերը ժամանակավոր փակել էին։ Հավատում է լուսանկարների հեղինակը՝ մի օր նորից կբացվեն այդ դռները, ինչպես նաև՝ Արցախ աշխարհի դարպասները։  

Հոգնած տարիքս ուսերիս առնեմ,

Հոգնած ոտքերս քարշ տալով գնամ,

Գնամ, մեր հին տան դռները բանամ,

Հին երազներիս անթեղը խառնեմ։

Կան լուսանկարներ, որոնք դարձյալ պատմական արժեք ունեն․ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված կործանարար պատերազմից հետո Արցախի մայրաքաղաքն ու որոշ շրջաններ դեռ մերն էին, ու կատարվում էին զորակոչեր։ 2021թ․ Ստեփանակերտում տեղի ունեցած երդման արարողություն է լուսանկարել, հարազատ՝ բանակ մեկնելը և այլն։ Նման միջոցառումները նաև առիթ են, որ հայրենի տնից բռնի տեղահանված արցախցիները հանդիպեն միմյանց, լինեն համախումբ, հիշեն հայրենի երկիրը։ Լուսանկարներում կան նաև Հադրութի տարածքի պատմական հուշարձանները՝ վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ։

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործությունների կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանը, ով այսօր էլ շարունակում է աշխատել իր սաների հետ, կարևորեց լուսանկարները, նաև որ որոշ հուշարձաններ, գյուղական փողոցներ  կարելի է դարձնել կտավ։ Ցուցադրությունը շարունակվելու է ևս մի քանի օր։

  Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ