1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ Նույն օրը գտնվում էի Լոռիում․ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի արշավախմբի ղեկավար, երջանկահիշատակ Սամվել Մալխասյանի հետ ուսանողներին ծանոթացնում էինք մեր հայրենիքի այդ չքնաղ տարածքին։ Որպեսզի անպայման մասնակցեի ընթացքող հանրաքվեին, կենտրոնական ընտրական հանձնաժողովից թույլտվություն էի վերցրել, որ ՀՀ ցանկացած տարածքում իրավունք ունենամ քվեարկել։ Սանահինից ոտքով գնում էինք Հաղպատ, և իմ քաղաքացիական պարտականությունը կատարեցի Ակներ գյուղի ընտրատարածքում։ Իհարկե, մինչ այդ, Բերդաձորում, Վարդենիսում արդեն մասնակցել էի պաշտպանական մարտերին։
Կայացավ հանրաքվեն, ու անկախացավ մեր երկիրը։ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ արդեն հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։ Բայց դեռ մեծ պայքարի ճանապարհն առջևում էր․ պատերազմ, որը շարունակվեց մինչև 1994 թվականի մայիս։

Թանկ, շատ թանկ վճարեցինք ՀՀ սահմանների պաշտպանության, անկախության, Արցախի ազատագրման, 18-րդ դարակեսից մինչ 20-րդ դարակեսեր հայաթափ եղած մեր հայրենի տարածքներ վերադարձման համար։ Ազատագրված ու անկախ հռչակված Արցախի կազմում ձևավորվեց Քաշաթաղի շրջանը, որտեղ բնակվեցի ու մասնակցեցի հայրենի տարածքների վերահայացման գործընթացին շուրջ 25 տարի, մասնակից եղա նաև 2014, 2016 թթ․ տեղի ունեցած մարտական գործողություններին/՝/ Արցախի սահմաններում, ու պահեցինք մեր երկիրը։ Բայց եղավ 2020թ․ կարծանարար պատերազմը, 2022թ․ Արցախի շրջափակումը, մեկ տարի անց նույն սեպտեմբերին՝ Արցախի բռնի հայաթափումը։
Այդ օրը՝ 2026թ․ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության հռչակման 35-ամյա տարեդարձի օրը, առաջին գործս եղավ հանդիպել «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթի գեղարվեստական ղեկավարին, երեխաներին, ծնողներին։ Արցախի բալիկները, որոնք 3 տարի առաջ այս օրերին, 1-ամյա շրջափակում տեսնելուց հետո, տեսել էին պայթող ռումբներ, մազապուրծ պատսպարվել էին նկուղներում, ապաստարաններում, իսկ Արցախը ռմբակոծվում էր։ Արցախի բալիկներ, ովքեր դուրս եկան նկուղներից, որ բռնեն գաղթի դժոխային ճանապարհը։

«Արցախի բալիկներ» համույթի երեխաները, գեղարվեստական ղեկավար Գայանե Հարությունյանը, բռնի տեղահանվելուց հետո հաստատվեցին Երևանում և ՀՀ տարբեր մարզերում։ Թվում էր՝ վերջ, արդեն 37-ամյա պատմություն ունեցող համույթն այլևս չի գործելու։ Սակայն 2026թ․ հունվարի 23-ին Երևանում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի մեծ դահլիճում, «Արցախի կանչը» խորագիրը կրող համերգով հանդես եկավ «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը։ Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Յուրի Նավոյանի, ինչպես աջակցեց Արցախի մի շարք մշակութային կառույցների, այնպես էլ իր հովանավորության տակ առավ մանկապատանեկան համույթը։ 2026թ․ ընթացքում համույթի երեխաները հանդես են եկել նաև այլ մշակութային խմբերի հետ։ Այս անգամ լուսանկարեցի համույթի երեխաներին, որոնք, դարձյալ «Դիալոգ»-ի հովանավորությամբ ունեն համերգային նոր համազգեստ։ Երևանի տարբեր վարչական շրջաններից, Արմավիրի, Կոտայքի, Արարատի մարզերից եկել էին արցախցի մեր բալիկները՝ լուսանկարվելու և մասնակցելու պարապմունքներին, որ մոտ օրերս դարձյալ հանդես գան համերգով։

Նույն օրն այցելեցի նաև Եռաբլուր։ Ռազմական կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի, նկարիչ Սուրեն Սիմոնյանի և գաղափարակից այլ ազատամարտիկների հետ հարգանքի տուրք մատուցեցինք մեր Անմահ հերոսների հիշատակին, հերոսներ, որոնք կերտեցին Անկախությունը, պաշտպանեցին իրենց կյանքով։ Հերոսներ, որոնց խռովահույզ հոգիները պահանջում են տեր կանգնել երկրի անկախությանը, հետ բերել Արցախը։ Այցելեցինք նաև Գառնո տաճար, որտեղ տեղի էր ունենում Նախնյաց հոգիների ոգեկոչման արարողություն։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ