,,ԵԿԵԼ ԵՄ ՔՆԱՐՈՎՍ…,,

Իմ էջերում ես թափանցիկ եմ՝ անշղարշ ու անպատյան, վճիտ և հասանելի: Այստեղ իմ մտորումներն են՝ իմ ներքին պայքարներով, պարտություններով ու հաղթանակներով: Իմ ներքին կշռույթն է, իմ անխարդախ պարունակությունը՝ դրված նախ Տիրո՛ջ, ապա՝ ի՛մ և քո՛ զոհասեղանին: Ես չե՛մ ամաչում իմ անկումների, հոգևոր ու հոգեկան վայրիվերումների և իմ վերելքների մասին խոսելուց: Եվ, միանշանակ, անկեղծությունն է, որ ուժ ու կշի՛ռ է տալիս ցանկացած խոսքի և գործի: Դա այն ոսկե բանալին է, որ ուղեկցում է ընթերցանության կանաչ ու անխոտոր ճանապարհներով:

Գեղանուշ Աբրահամյան

Երբ հավաքվում  են մոտիկ ու մտերիմ մարդիկ, հարազատներն ու գաղափարակից ընկերները, նշանակում է՝ կարևոր իրադարձություն է ակնկալվում, քանզի այդ միջավայրում են հնչում անկեղծ ու անաչառ գնահատականները, արժանի խոսքերը, որտեղ հոգիդ պարուրվում է ջերմ ու թափանցիկ զգացմունքներով, ու նրանց գնահատականները դառնում են չափանիշ՝ արածիդ ու զգացածիդ, նաև անելիքիդ մասին: Ավելին, կյանքիդ էջերը թերթելիս համոզվում ես, որ նրանք կարևոր դեր են ունեցել քո կյանքում, ու միշտ ձգտում ես այդ ակունքից ծարավդ հագեցնել…

Այս անգամ ևս առիթը իրադարձային էր. հայկական Սփյուռքից՝ Չեխիայից ժամանած արցախցի բանաստեղծուհու՝ Գեղանուշ Աբրահամյանի երկրորդ գրքի՝ ,,Եկել եմ քնարովս…,, բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսն էր:

Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, որը միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն էր, ողջունելով ներկաներին, անդրադարձավ բանաստեղծուհու կերպարին, որը ժամանակակից գրականության պայծառ դեմքերից է, որ բարձր է պահում հայության պատիվը, ով մեր սրտից է խոսում, ով ջուր է խմել հայոց աղբյուրներից, ում ձայնը հայկական նվագներ է հիշեցնում, և այսօր նրա երկրորդ գրքի շնորհանդեսն է: Գրականությունը երկու թևեր ունի՝ գրող և ընթերցող. թռիչքը հաջողվում է երկու թևերի համաժամանակյա ճախրանքով:

Ամեն նոր գիրք յուրովի անակնկալ է ընթերցողների ու մտերիմների համար, իսկ անսպասելի անակնկալը դառնում է բուռն զգացմունքների ալեկոծ մի ծով, որը գոյանում է դահլիճի պատերից ներս: Պարզվում է, որ Գեղանուշ Աբրահամյանի ,,Եկել եմ քնարովս…,, նոր ժողովածուն նվիրված է իր մայրիկին՝ Կարինե Բալայանին, որը հանկարծակիի եկած՝ չէր կարողանում զսպել հուզմունքն ու արցունքները:

Հնչում է Գեղանուշի՝ ականջ շոյող, փաղաքուշ ու քաղցր խոսքը. ,,Գիրքը նվիրում եմ մայրիկիս՝ Կարինե Բալայանին: Անգին մորս, ով իր ո՛ղջ կյանքում ինքնամոռաց սիրո բացառիկ օրինակ է մեզ և շրջապատի համար: Թող քո սիրո բուրվառը բոցավառվի, և անուշաբույր էությունդ ձգտի կատարելության: Իմ ստեղծագործությունների այս փունջը նվիրում եմ քե՛զ, գա՛նձս, հուսալով, որ այն կբալասանի, կշոյի քո միտքը, կթափանցի հոգուդ տիեզերքը և բերկրել կտա… Երախտապա՛րտ եմ քեզ՝ իմ ողջ սրտով, Մամ…,,:

Դահլիճի բուռն ծափահարությունները մայրական ջերմ ու անկեղծ սիրո գնահատանքի վկայությունն են դառնում:

Աբգար Ափինյանը, մեջբերելով Աղասի Այվազյանի նշանավոր միտքը, թե տաղանդը գեղարվեստական խառնվածք է, նշեց, որ Գեղանուշը, իրոք, գեղարվեստական խառնվածք ունի, ու  ներկայացրեց Համահայկական գրողների միության  վարչության որոշումը, որով բանաստեղծուհի Գեղանուշը դարձել է այդ միության լիիրավ անդամ, ու անդամատոմսը հանձնեց նրան:

Աբգար Ափինյանն իր անթաքույց սերն արտահայտեց առ Արցախ ու արցախցի և վստահ հայտարարեց, որ հայ լինել՝ նշանակում է սիրել Արցախը. չսիրեցիր Արցախը՝ փնտրիր ուրիշ երամ…

Էկրանից հանդիսատեսին են ներկայանում Արցախի արժանավոր զավակներն իրենց նշանավոր գործերով՝ արցախյան ,,Հորովել,,-ի սրտակեղեք հնչյունների ներքո:

Անժելա Գաբրիելյանը, օգտագործելով այդ օրվա հաճելի առիթը, անդրադարձավ բանաստեղծուհու աստվածահաճո պոեզիային, որը իր սուրբ պարտքն է համարել երկրորդ գրքի ծնունդը նշել Մայր հայրենիքում, որով կամրջել է Սփյուռքը և Հայրենիքը: Դա իրականություն դարձավ Ա.Ափինյանի շնորհիվ, որը հայտնի է իր լավ ու բարի գործերով: Ազնիվ մտավորականի իր լուսե ու ժայռեղեն կերպարով նա միշտ կանգնած է բարձր արժեքներ կրողների կողքին: Դիմելով Գեղանուշին՝ Անժելա Գաբրիելյանը շարունակեց. ,,Գեղեցիկ և Անուշ. ինչքան ճիշտ ընտրություն են կատարել քո երանելի ծնողները՝ տալով քեզ այդ սքանչելի անունը: Պոեզիան սրտի լեզու է, և Գեղանուշն իր ընթերցողի հետ խոսում է սրտի լեզվով: Նրա պոեզիան ծնվում է այն լռությունից, որտեղ աղոթքն է հնչում, ծնվում է այն անսահման կարոտից, որ հեռու հեռվից թևում են դեպի Հայրենիք, այն ցավ ու մրմուռից է ծնվում, որ ապրել է նա հայրենի Արցախը կորցնելուց հետո: ,,Եկել եմ քնարովս…,, գրքում հեղինակն անդրադարձել է տարբեր թեմաների՝ սեր, հայրենիք, անհատի ճակատագիր, ներքին ապրումներ, Աստծո փառաբանություն և այլն: Գրքի էջերում ամփոփված են հեղինակի անսահման սերը, անսասան հավատը, անպարագիծ բարությունը:

Քնարական հերոսը եկել է՝ սրտերից փուշ հանելու, ցաված սրտերը մխիթարելու, եկել է՝ հոգևոր սնունդ տալու ընթերցողին, բուռ-բուռ լույս ու բարություն է բերել՝ բաժանելու համար.

Ի՞նչ է ուզածս. որ միշտ մարդ մնամ,

Որ չաղտեղանա պատկերս բնավ,

Որ իմ ժպիտը միշտ ինձնից առաջ՝

Ողջույնիս տեղակ՝ բարի լույսը տա:

Ի՞նչ է ուզածս. որ միշտ հա՛շտ մնամ,

Որ չվարարի հոգիս աղմուկից,

Որ աղբի կողքին՝ ես մաքու՛ր մնամ,

Ու մաքու՛ր հասնեմ ես իմ Աղբյուրին…

/,,Ի՞նչ է ուզածս…,,,/

Պոետն իր խոհերով մերժում է սուտը, կեղծիքը. նա փորձում է մեկտեղել իղձն ու իրականությունը: Չպետք է ծնկել դժվարությունների առաջ, այլ աշխարհը շուռ տալ ծնկի վրա…

Գեղանուշ ջան, թող խոսքդ միշտ ծառայի առաքելությանդ: Ստեղծագործական բարձր թռիչք եմ մաղթում քեզ,,:

Հնչում է բանաստեղծուհու թավիշ ասմունքը /,,Սեր մայրս…,,/.

Քո ձեռքերը՝ ամենանուրբ,

Քո մատները՝ հրաշագործ,

Քո պաշտոնը՝ անժամկետ,

Քո կերպարը՝ գեղեցկագույն:

……………………………..

Դու՝ ջերմության անսպառ մարտկոց,

Դու՝ իմ արև ձմռան ցրտում,

Դու՝ երգ ու սեր՝ տրտում հոգուն,

Դու՝ գեղեցկի արար փայլուն…:

Բանաստեղծներն են այն առաքյալները, որ պիտի վառեն համազգային ջահը ու իրենց շուրջը համախմբեն բոլորին. այս կարծիքին է Աբգար Ափինյանը:

Գեղանուշի քեռին՝ Կիմ Բալայանը, որ հայտնի է քաղհասարակության մեջ, չթաքցնելով իր հիացմունքն ու հուզմունքը, նշեց, որ շատերին չի հաջողվում լավ ինքնարտահայտվել, Գեղանուշին դա հաջողվել է: Ուրախ ու հպարտ է նրա համար:

Բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը, որի ստեղծագործությունները վերաբերում են Արցախին, և ինքն էլ արդեն ճանաչված է գրական կյանքում, Գեղանուշ Աբրահամյանի մասին այսպես արտահայտվեց. ,, ,,Եկել եմ քնարովս…,, գրքի միջոցով հեղինակը բացում է իր հոգու ծրարը, ու այնքա՜ն անկեղծ է, այնքա՜ն թափանցիկ ու մաքուր՝ Արցախի սարերից հոսող վճիտ ջրերի պես, որ մենք էլ ենք հայտնվում այդ գեղեցիկ ծրարի մեջ ու սկսում թևածել այնտեղ: Գրողները լույս են սիրում ու լույս են սփռում իրենց շուրջը: Նրա տողերում ցավ ու կսկիծ էլ կա, որ կապված է նրա հայրենազրկության հետ: Ես ուզում եմ, որ այլևս հայը չզգա այդ մեծ ցավը:

Երաշտ է դաժան՝ անջուր եմ, անհաց.

Ալյուրի բույրը մտքիս եմ պահում.

Հիշում եմ այգիս՝ մրգառա՛տ դրախտ.

Հացը ու գաթան հոսու՜մ էր, ծփու՜մ…

………………………………………….

Երա՛շտ է, սաստի՛կ, սաստի՛կ ավելի,

Սրտիս վերքը խորն է ակոսվում,

Աջից ու ձախից՝ մարտեր սուսերի.

Սիրո սուրը պատյանում է մութ…

/,,Ճաքել եմ…,,/

Հայրենիքից հեռու մարդու սիրտն ավելի է մոտենում Հայրենիքին: Պատահական չեն ծնվել այս տողերը.

Արցախում հոգի՛ս եմ թողել,

Թողել եմ հուշերս հազար,

Արցախում իմ սի՛րտն եմ թողել

Ու օրերս՝ անգի՜ն ու բերկրանք…

……………………………………….

Հիմա՝ որտեղ էլ լինեմ՝

Մեր դեղձին հասնող չկա.

Մեր բերքը՝ արև ու որդան՝

Չունի՛ էլ ո՛չ մի աշխարհ:

/,,Արցախս,,/

Բարի երթ եմ մաղթում բանաստեղծուհուն,, ,- ավարտեց իր խոսքը Սուսաննա Ղազարյանը:

Գեղանուշի բժիշկ քեռին՝ Կառլեն Բալայանը, շնորհավորելով իր զարմուհուն, մաղթեց ստեղծագործական նոր թռիչքներ, որպեսզի ընթերցողները հարստացնեն իրենց աշխարհը:

Գրչակից ընկերներից երիտասարդ բանաստեղծուհի Հռիփսիմե Ասատրյանը, որի երկու ժողովածուներն էլ արժանացել են բարձր մրցանակների ու ճանաչվել տարվա լավագույն գիրք, ողջունելով ներկաներին, շնորհավորեց Գեղանուշին ու նրա մայրիկին՝ այդ կարևոր իրադարձության համար՝ ընդգծելով, որ Համահայկական գրողների միությունը Սիրո ընտանիք է, որին անդամագրվել է նաև Գեղանուշը: ,,Ինձ շատ հոգեհարազատ է Գեղանուշի պոեզիան,- ավելացրեց նա.- կարդալով նրան՝ ինձ թվում էր, թե հարյուր տարի արդեն ճանաչում եմ նրան: Իր գրքի մեջ ես տեսա ոչ միայն ըմբոստ հայրենասերին, եռանդուն մայրապաշտին, այլ նաև խոնարհ հոգուն, որ Աստծո արքայության զարդն է:

Մարդկային կատարելությունը, ի վերջո, ամփոփվում է աստվածային կատարելության մեջ: Նա բոլորին կոչ է անում ինքնամաքրման աղերս ունենալ իրենց մեջ: Մենք պետք է մեր աստվածային շնորհները ի բարին օգտագործենք.

Մաքուր էջից սկսենք այսօր.երեկ քամո՛տ էր,

Ու երեկվա ամպը ցրի՜ր, խնդրեմ,

Մաքուր էջից սկսենք.երեկ քաո՜ս էր.

Մեր մեջ փոթորկում էր ցուրտը տձև…

Մաքուր հնչյու՜ն վերցրու բարևի համար,

Մի՛ հիշիր ցուրտ մեղեդին գիշերվա,

Մաքուր քա՛յլ վերցրու նոր օրվա համար,

Մարի՜ր ցասումդ երեկվա…

/,,Մաքուր էջից…,,/

Գեղանուշի պոեզիայի զարդը նրա զղջման, ապաշխարանքի արցունքն է…:

Բարի գալուստ մեր միություն,,:

Գրականության հաղթանակն այն է, երբ սրտերը հալվում են ու կպչում իրար, հազար հոգին դառնում է մեկ, դառնում բանակ, և ոչ ոք չի ուզում շեղվել ընդհանուր կամքից. այս մտքին է Աբգար Ափինյանը: Նա հավատում է, որ բոլոր հայերը կարող են միասնական լինել և ունենալ մեկ կարծիք: Երբ հանճարեղ Համո Սահյանին հարցրել են՝ ի՞նչ է նշանակում բանաստեղծ, երկար մտորելուց հետո պատասխանել է՝ պարզապես լավ մարդ:

Բանաստեղծուհու համակուրսեցի Սիրուն Ավետիսյանն այսօր շատ հպարտ է, որ ունի նման ընկերուհի, որի յուրահատուկ լինելը զգացել էր դեռևս ուսանողական տարիներին: Նրան արդեն ծանոթ է բանաստեղծուհու առաջին ժողովածուն՝ ,,Հոգուս խնկամանից,, , որը նվիրված էր իր երջանկահիշատակ բժիշկ հորը՝ Յուրի Աբրահամյանին, սիրով կընդունի նաև ,,Եկել եմ քնարովս…,, ժողովածուն:

,,Ավետիս-Արտ,, արվեստի միջազգային միության անդամ, Գեղանուշի գրչակից ընկերուհի Աստղիկ Սահինյանը, շնորհավորելով գրքի ծնունդը, միության հիմնադիրի և գործադիրի անունից բանաստեղծուհուն հանձնեց այն պարգևները, որ նա վաստակել է բոլոր գիտաժողովներին հեռավար մասնակցելու համար.հավաստագրեր՝ ,,Ոսկե գրիչ,, մրցանակ, ,,Ավ.Իսահակյան-150. խոսքը՝ որպես մեղեդի,, գիտաժողովին մասնակցելու և թեմատիկ ստեղծագործություն ներկայացնելու համար, ,,Քրիստոնեության 1725-ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցելու, մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում զգալի ավանդի համար,, , ,,Թումանյան. հավերժական արժեքներ,, գիտաժողովին մասնակցության և գրական-մշակութային արժեքների պահպանման համար, պատվոգիր՝ ,,Ակտիվ ստեղծագործական գործունեության համար և ,,Ավետիս-Արտ,, արվեստի միջազգային միության հետ արդյունավետ գործունեության համար,,:

Պարգևները հանձնելուց հետո Աստղիկ Սահինյանը ասմունքեց Գեղանուշի ,,Ապրել,, բանաստեղծությունը.

Ապրել՝ առա՛նց տվայտելու,

Ապրել՝ լոկ սեր հագա՛ծ,

Ապրել՝ միշտ գույն փռելո՛վ,

Ու սիրո սերմեր ցողելով:

Ապրել՝ ծաղկունքի՛ հուսով,

Ապրել՝ աննահանջ,

Ապրել՝ երկինքը գրկած,

Ու՝ երկնքի՛ համար…:

ԱՄՆ հայ գրողների և լրագրողների միության անդամ Ռուզաննա Խաչատրյանը ևս ողջունեց բանաստեղծուհու նոր գրքի ծնունդը, հանձնեց միության պատվոգիրը և ստեղծագործական նոր վերելքներ մաղթեց:

Պրահայի կիրակնօրյա դպրոցում Կարինե Բալայանի հետ միասին հայապահպանության սուրբ առաքելություն իրականացնող Սոնա Ստեփանյանը շնորհավորեց Գեղանուշին՝ նոր գրքի առթիվ՝ ավելացնելով, որ Կարինեի հայտնվելն այդ դպրոցում նոր շունչ է հաղորդել իրենց գործունեությանը:

Ըստ գրող Սլավիկ Միքայելյանի, որը ևս գնահատանքի խոսք հնչեցրեց օրվա գրքի հասցեին՝ նշեց, որ լավ գիրքը մարդուց երկար է ապրում, և այն շատ կարևոր է մանավանդ այսօրվա՝ անորոշ տագնապներով ու հոգեբանական անկումներով լի ժամանակաշրջանում:

Վերջում Գեղանուշը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ իրենց թանկ ներկայության ու գնահատանքի համար:

Գեղանուշ Աբրահամյանի այս գիրքը իր հետ թարմության նոր շունչ է բերում: Ընթերցողն այնտեղ կարող է գտնել իր որոնած լույսն ու ջերմությունը, , սերն ու հոգու խաղաղությունը: Շնորհալի բանաստեղծուհու ապագան խոստումնալից է ու լուսաշող:

,,Եկել եմ քնարովս…,,: Բարո՜վ ես եկել, սիրառատ դուստր հայոց Արցախի, շարունակիր սփռել լույսդ այս մութ աշխարհում, ու վհատ ու ծանծաղ հոգիները չխարխափեն համատարած խավարում: Հնչեցրու՛ հպարտ խոսքդ մայրենի, որ օտար ափերը ցնծան քո ձայնից:

Թող ծիածանվի գալիքդ լուսե, ու անուշաբույր վարդեր փռվեն քո կանաչ ճամփին:

Ես գալիս եմ Քեզ մոտ,

Քարավանս ինձ հետ է.

Բեռներս բեռնած՝ գալիս եմ Քո տուն.

Քո երե՛սն եմ փնտրում:

Հոգիս լալիս է,

Ուլունք է մանրում և աղոթք հյուսում,

Մրմնջում մի երգ՝ ինքնամաքրման

ու ապաշխարանքի…

Ես… Քեզ մոտ եմ գալիս.

Բա՛ց ինձ Քո գիրկը:

Ես Քե՛զ եմ ուզում,

Քո մեղրախորիզ խոսքերն եմ ուզում,

Քո սե՜րն եմ ուզում…

/,,Ես գալիս եմ Քեզ մոտ,,/ Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ