ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 18-ին Երևանում՝ «Դիալոգ» ՀԿ մշակութային կենտրոնում, կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) և Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության(ՀԿ)  համատեղ հերթական մշակութային միջոցառումը։ Նշված կառույցների ղեկավարներ Հակոբ Ղազանչյանն ու Յուրի  Նավոյանն ստորագրեցին համաձայնագիր Հայկական և ռուսական ժամանակակից դրամայի թատրոնի վերականգնման ուղղությամբ։  

Ինչպես գիտենք՝ վերջերս ՀԹԳՄ նախագահ Հ․ Ղազանչյանի և «Դիալոգ» ՀԿ նախագահ Յու․ Նավոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է համատեղ «Հայկական և ռուսական ժամանակակից դրամատիկական թատրոն»։ Եվ Հ․ Ղազանչյանն ու Յու․ Նավոյանը հանդիպում ունեցան նորաստեղծ թատրոնի երիտասարդ դերասանական կազմի հետ, որոնք Երևանի Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցի շրջանավարտներ են, իսկ նրանց կուրսի ղեկավարը հենց Հ․ Ղազանչյանն է։ Նման հանդիպում կայացավ նաև այս տարվա հունիսի 11-ին  Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում գործող արցախյան հատուկ կուրսի ուսանողների հետ, որոնք հաջողությամբ ավարտել էին առաջին տարին և փոխադրվել երկրորդ կուրս։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ օգոստոսի 18-ին Յու Նավոյանի նախաձեռնությամբ թատերական խմբի ուսանողներին հատկացվեցին գրքեր՝ հայ և ռուս դասականների ստեղծագործություններ, ինչպես նաև՝ «Դիալոգ»-ի աջակցությամբ հրատարակվածներ։ Ողջունելով երիտասարդ դերասաններին՝ Յու Նավոյանը ներկայացրեց «Դիալոգ»-ի ներկայացուցիչներին, որոնք մասնակցում էին հանդիպմանը։ Տեղեկացրեց, որ «Դիալոգ» մշակութային կենտրոնում իրենց փորձերն են անում արցախյան տարբեր մշակութային խմբեր։ Այստեղ տեղի են ունենում վարպետաց դասեր։ Ուրախությամբ տեղեկացրեց՝ օր առաջ Արարատի գագաթին ծածանվել է «Դիալոգ»- դրոշը։ Կարևորեց Հայկական և ռուսական ժամանակակից դրամայի թատրոնի ստեղծումը որպես ընդհանուր իմաստային տարածք և նոր գեղարվեստական մոտեցման դրսևորման հարթակ։ Նշեց՝  Հայկական և ռուսական ժամանակակից դրամատիկական թատրոնը վարձակալության հիմունքներով կտեղակայվի Հայաստանի թատերական գործիչների միության շենքում, և այդ առթիվ էլ ստորագրվեց համաձայնագիրը։

«Հայ-ռուսական մշակութային կապերը պարզապես անցյալ չեն, դրանք մեր ներկան են։ Այս թատրոնը կդառնա դեպի ապագա ուղղված կամուրջ», -վերջերս նորաստեղծ թատրոնի մասին ասել էր Յու Նավոյանը։ Դիմելով ավարտական խմբի երիտասարդ դերասաններին՝ համոզմունք հայտնեց, որ նորաստեղծ թատրոնը լավ ապագա  կունենա։

 ՀԹԳՄ և «Դիալոգ» ՀԿ կապը կարևորեց Հ Ղազանչյանը։ Նշեց՝ նորաստեղծ թատրոնի կայացումը չէր կայանա առանց «Դիալոգ»-ի աջակցությամբ։ Նախագիծը նպատակ ունի համատեղել դասական ավանդույթներն ու ժամանակակից դրամատուրգիան։ Նոր երևանյան բեմի խաղացանկը հիմնականում կազմված է արդիական պիեսներից, որոնք արձագանքում են XXI դարի մարտահրավերներին՝ համադրվելով համաշխարհային դասական գրականության հետ։ Ասաց՝ թատրոնի մեկնարկը լինելու է 3 պիեսով՝ նաև հրավիրված դերասանների մասնակցությամբ։ Իսկ դերասան դառնալու համար կարևորեց հատկապես խաղը բեմում։ «Երկու տարում իմ աչքի առաջ ուսանողներս դարձան դերասաններ», -ասաց Հ Ղազանչյանը՝ կարևորելով ձգտումը, տաղանդը։ Անդրադարձավ նաև Ստեփանակերտի Վ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերակայացմանը Երևանում, որը նույնպես Յու Նավոյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, ինչպես նաև նրա աջակցությամբ է։ Նույն «Դիալոգ»-ի աջակցությամբ են Երևանում վերակազմավորվել ու շարունակում են իրենց գործունեությունը «Արցախ» ջազը, Արցախի պետական ջազ նվագախումբը, «Վարարակն», «Արցախի բալիկներ» համույթները և այլ խմբեր։

Նորաստեղծ թատրոնի բացումը կկայանա 2026թ սեպտեմբերի 15-ին Երևանում՝ հայտնի դրամատուրգ Ալեքսանդր Վոլոդինի «Բորոդայի յոթ կանայք» ստեղծագործության մոտիվներով ներկայացման պրեմիերայով։ Արդեն հոկտեմբերին այս բեմադրությունը կներկայացվի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնում։ Երկու կառույցների ղեկավարների ելույթներից հետո ներկայացան թատերական խմբի շրջանավարտները, որոնք տարբեր մասնագիտությունների տեր են, սակայն առավել ոգևորված են թատրոնով, երազում են ճանաչված դերասան դառնալ, ու արդեն կա նման հնարավորություն։ Հայտնեցին շնորհակալություն, որ ունեցել են նման հնարավորություն՝ մտնելու թատերական աշխարհ։ Երիտասարդ դերասաններից Պավելն ասաց՝ կաշխատեն նվիրումով։ Մասնագիտությամբ Անահիտը լրագրող է, բայց միշտ հավատացել է, որ դերասան է դառնալու ։ Զրույցի ընթացքում ԵՊՀ կրոնական զբոսաշրջություն մասնագիտության շրջանավարտ Նազելի Ավետիսյանը, որը Ջավախքից է, ասաց՝ զուգահեռաբար մասնակցել է նաև թատրոնի դասընթացներին և առավել գերադասում է թատրոնը։ Իսկ Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի շրջանավարտ Նազանի Գալստյանը, որը Վայքից է, ասաց՝ մանկության երազանքն է դերասան դառնալը։

Հանդիպման վերջում եղավ նաև հյուրասիրություն։  Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ