Ամառային երկար արձակուրդից հետո այնքան էլ հեշտ չէ վերադառնալ դպրոցական ռիթմին. շուտ վերկենալը, տնային առաջադրանքները եւ հագեցած ուսումնական օրերը կարող են սթրեսի պատճառ դառնալ երեխաների ու ծնողների համար: Մինչդեռ ճիշտ նախապատրաստվելը կօգնի հանգստից դեպի ուսում անցումը դարձնել հարմարավետ: Պարզաբանենք, թե ինչպես աստիճանաբար վերականգնել դպրոցական ռեժիմը, տրամադրվել ուսմանը եւ հավաքել անհրաժեշտ ամեն բան առանց շտապելու:
Արձակուրդից հետո դպրոց վերադառնալը ոչ միայն սթրես է, այլեւ՝ նոր հնարավորություններ: Աստիճանաբար նախապատրաստվելը, դրական տրամադրվածությունը եւ կազմակերպվածությունը օգնում են երեխային հեշտ եւ հաճույքով մտնել ուսումնական ռիթմի մեջ:

Հաճախ հանդիպող սխալներից է այն, որ ուսումնական տարվա սկիզբը ծնողները կապում են անփոփոխ սթրեսի եւ սարսափի հետ ամբողջ ընտանիքի անդամների համար: Երեխան պատճենում է ձեր պահվածքը եւ վերաբերմունքը. եթե նա զգում է, որ ծնողները նյարդային են եւ վիճում են անգամ գրենական պարագաների գնման հարցում, ապա դպրոցի հանդեպ նրա վերաբերմունքը կլինի դրան համապատասխան:
Արձակուրդից հետո ուսմանը պատրաստվելիս կարեւոր է, որ ծնողները ցույց տան հանգիստ եւ դրական տրամադրվածություն: Խոսեք երեխայի հետ նրա հույզերի եւ զգացմունքների մասին՝ ՙԵրեւի դու անհանգիստ ես դպրոց գնալուց առաջ: Պատմիր, թե ինչ ես զգում: Ի՞նչն է քեզ ուրախացնում գալիք ուսումնական տարում: Իսկ ի՞նչն է տխրեցնում՚: Այդպես է ձեւավորվում փոխադարձ վստահությունը՝ ՙմենք քո կողմից ենք, եւ միասին կհաղթահարենք ամեն ինչ՚:
Խոսեք երեխայի հետ, իմացեք նրա տրամադրության եւ տագնապների մասին ուսումնական տարվա մեկնարկից առաջ: Ինչքան շատ հարցեր դուք քննարկեք, այնքան արագ կանցնի ուսմանը հարմարվելու գործընթացը եւ հեշտ կլինի լուծել առաջացող խնդիրները: Հասկացրեք, որ դուք միշտ նրա կողքին եք եւ պատրաստ եք աջակցել ցանկացած դժվար իրավիճակում:
Եթե երեխան շատ անհանգստացած է դպրոցական պարապմունքներին վերադառնալու առթիվ, փորձեք կիրառել հոգեբանական տեխնիկաներ՝ տագնապները հանելու համար:
Նկարչություն: Առաջարկեք, որ նա նկարի իր վախերն ու զգացողությունները: Անգամ անիմաստ բծերն ու գծերը կօգնեն դուրս նետել հույզերը եւ հավասարակշռության գալ:
Հաջողության իրավիճակ: Պետք է հիշել որեւէ իրավիճակ, երբ երեխան հաջողություն է ունեցել: Հաղթանակ մրցույթում, լավ գնահատական բարդ առարկայից, ուսուցչի խրախուսանք: Հաջորդ քայլով պետք է երեխայի երեւակայության մեջ հստակ վերստեղծել այն հույզերն ու մարմնական արձագանքները, որոնք այն ժամանակ ծագել են: Այս վարժության պարբերաբար կատարումը օգնում է անհրաժեշտ պահին ՙմիացնել՚ այն վիճակը, որտեղ երեխան վստահ է, որ իր մոտ ամեն ինչ ստացվելու է: Երեխան կդառնա ավելի ինքնավստահ եւ կկարողանա հաջողությամբ հաղթահարել վախերն ու տագնապները:
Որոշեք սահման հանգստի եւ ուսման միջեւ: Պլանավորեք, թե օրվա մեջ քանի ժամ է պարապելու երեխան: 5-11-րդ դասարանների համար զբաղվածությունը չպետք է գերազանցի 5-7 ժամը: Թողեք, որ դեռահասն ինքը պլանավորի: Այդ դեպքում ուսման վրա ծախսվող ժամանակը այնքան էլ վախեցնող չի լինի, ինչը թույլ կտա երեխային տրամադրվել դասերին:
Ամռանը երբեմն թույլատրելի է քնել մինչեւ կեսօր եւ պառկել քնելու կեսգիշերից հետո: Ուսումնական տարին մոտենալու վրա ավելի լավ է սահմանել հստակ ժամանակ քնի համար: Քունը կարեւոր դեր ունի երեխայի զարգացման համար: Դեռահասի համար երաշխավորվող քնի տեւողությունը 9,5 ժամ է: Այս փաստը պետք է հաշվի առնել նոր ուսումնական տարվան նախապատրաստվելիս:
Օգնեք կրկնել անցածը: Ավանդական համակարգը չի ներառում դպրոցին ադապտացվելու հատուկ ծրագիր արձակուրդներից հետո: Առաջին պարապմունքներից ուսուցիչը ծանրաբեռնում է երեխաներին նոր նյութով՝ շտապելով հասցնել ծրագիրը: Դպրոցը չունի այնքան ժամանակ, որ հատկացնի անցածն անշտապ կրկնելուն: Կարելի է կանոններ սահմանել, օրինակ կրտսեր դասարանցիների հետ օրական մեկ ժամ կրկնել բազմապատկման աղյուսակը կամ բարելավել ձեռագիրը: Ավագ դասարանցիների հետ կարելի է սահմանել պարտադիր ընթերցանության մեկ ժամ կամ լուծել մաթեմատիկական խնդիրներ: Երեխան պետք է հասկանա պարբերական կրկնողության կարեւորությունը, որ սեպտեմբերի սկիզբը չդառնա սարսափելի ծանրաբեռնված:
Թարմացրեք դաս սովորելու տարածքը: Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ թարմացրեք այն տեղը, որտեղ երեխան դաս է սովորում: Փոփոխությունը կօգնի տրամադրվել աշխատանքային գործընթացին: Կատարեք մաքրություն, դեն նետեք հնացած անպետք իրերը, անհրաժեշտության դեպքում գնեք գրենական նոր պիտույքներ: Ուսումնական տարին սկսելուց առաջ գնումների գնալը արարողակարգ է, որը զուգորդվում է դրական ապրումներով: Կրտսեր դպրոցականի համար իր սիրելի մուլտֆիլմի հերոսներով գրենական առարկան լավ միջոց է տրամադրվելու դասի գնալուն արձակուրդից հետո: Տասը րոպե առաջ նա դպրոց գնալ չէր ուզում, մինչդեռ հիմա ուզում է շուտափույթ գնալ եւ օգտագործել դա: Կարեւոր է, որ դպրոցականը ինքնուրույն ընտրի իրեն անհրաժեշտ դպրոցական պարագաները:
Ստուգեք համակարգչի, հեռախոսի եւ այլ ժամանակակից սարքավորումների վիճակը, որոնք պետք են գալու դաս սովորելիս: Ստուգեք, թե հարմա՞ր է այն սեղանը, որի շուրջ երեխան նստելու է ու գրավոր է անելու: Կարեւոր է, որ նա կարողանա մեջքը ուղիղ պահել դաս սովորելիս: Ստուգեք սենյակի լուսավորվածությունը, հաշվի առեք ձախլիկ կամ աջլիկ լինելը: Պատերից կախեք ուսումնական նյութը՝ օգտակար արտահայտություններ, ֆիզիկայի բանաձեւեր եւ այլն: Այդպես ավելի հեշտ ՝ հիշել եւ կրկնել ինֆորմացիան:
Երբեմն ծնողները շտապում են երեխային բեռնել միանգամից ամեն ինչով: Դպրոցի հետ գրանցում են խմբակներ, կրկնուսուցի մոտ: Ճիշտ չէ: Ամառային ՙոչ մի բան չանելու՚ ռեժիմից ինտենսիվ գրաֆիկին անցնելը պետք է կատարվի սահուն: Լրացուցիչ խմբակները, պարապմունքները, դասապատրաստման կենտրոնները պետք է ծրագրավորել սեպտեմբերի վերջերին:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ