Օգոստոսի 18-ին Երևանում՝ «Դիալոգ» ՀԿ մշակութային կենտրոնում, կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) և Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության(ՀԿ) համատեղ հերթական մշակութային միջոցառումը։ Նշված կառույցների ղեկավարներ Հակոբ Ղազանչյանն ու Յուրի Նավոյանն ստորագրեցին համաձայնագիր Հայ և ռուս արդի դրամայի թատրոնի հիմնադրման ուղղությամբ։ Ինչպես գիտենք, վերջերս ՀԹԳՄ նախագահ Հ․ Ղազանչյանի և «Դիալոգ» ՀԿ նախագահ Յու․ Նավոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է համատեղ «Հայ և ռուս արդի դրամայի թատրոն»։

Եվ Հ․ Ղազանչյանն ու Յու․ Նավոյանը հանդիպում ունեցան նորաստեղծ թատրոնի երիտասարդ դերասանական կազմի հետ, որոնք Երևանի Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցի շրջանավարտներ են, իսկ նրանց կուրսի ղեկավարը հենց Հ․ Ղազանչյանն է։ Նման հանդիպում կայացավ նաև այս տարվա հունիսի 11-ին Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում գործող Արցախյան հատուկ կուրսի ուսանողների հետ, որոնք հաջողությամբ ավարտել էին առաջին տարին և փոխադրվել երկրորդ կուրս։
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ օգոստոսի 18-ին Յու Նավոյանի նախաձեռնությամբ թատերական խմբի ուսանողներին հատկացվեցին գրքեր՝ հայ և ռուս դասականների ստեղծագործություններ, ինչպես նաև՝ «Դիալոգ»-ի աջակցությամբ հրատարակվածներ։ Ողջունելով երիտասարդ դերասաններին՝ Յու Նավոյանը ներկայացրեց «Դիալոգ»-ի ներկայացուցիչներին, որոնք մասնակցում էին հանդիպմանը։ Տեղեկացրեց՝ «Դիալոգ» մշակութային կենտրոնում իրենց փորձերն են անում արցախյան տարբեր մշակութային խմբեր։ Այստեղ տեղի են ունենում վարպետաց դասեր։ Ուրախությամբ տեղեկցրեց՝ օր առաջ Արարատի գագաթին ծածանվել է «Դիալոգ»- դրոշը։ Կարևորեց Հայ և ռուս արդի դրամայի թատրոնի ստեղծումը որպես ընդհանուր իմաստային տարածք և նոր գեղարվեստական մոտեցման դրսևորման հարթակ։ Նշեց՝ Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը վարձակալության հիմունքներով կտեղակայվի Հայաստանի թատերական գործիչների միության շենքում, և այդ առթիվ էլ ստորագրվեց համաձայնագիրը։ «Հայ-ռուսական մշակութային կապերը պարզապես անցյալ չեն, դրանք մեր ներկան են։ Այս թատրոնը կդառնա դեպի ապագա ուղղված կամուրջ», -վերջերս նորաստեղծ թատրոնի մասին ասել էր Յու․ Նավոյանը։ Դիմելով ավարտական խմբի երիտասարդ դերասաններին՝ համոզմունք հայտնեց՝ նորաստեղծ թատրոնը լավ ապագա է ունենալու։

ՀԹԳՄ և «Դիալոգ» ՀԿ կապը կարևորեց Հ․ Ղազանչյանը։ Նշեց՝ նորաստեղծ թատրոնի կայացումը չէր կայանա առանց «Դիալոգ»-ի աջակցության։ Նախագիծը նպատակ ունի համատեղել դասական ավանդույթներն ու ժամանակակից դրամատուրգիան։ Նոր երևանյան բեմի խաղացանկը հիմնականում կազմված է արդիական պիեսներից, որոնք արձագանքում են XXI դարի մարտահրավերներին՝ համադրվելով համաշխարհային դասական գրականության հետ։ Թատրոնի մեկնարկը լինելու է 3 պիեսով՝ նաև հրավիրված դերասանների մասնակցությամբ։ Իսկ դերասան դառնալու համար կարևորեց հատկապես խաղը բեմում։ «2 տարում իմ աչքի առաջ դարձան դերասաններ ուսանողներս», -ասաց Հ․ Ղազանչյանը՝ կարևորելով ձգտումը, տաղանդը։ Անդրադարձավ նաև Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերակայացմանը Երևանում, որը նույնպես Յու․ Նավոյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, ինչպես նաև իր աջակցությամբ է։ Նույն «Դիալոգ»-ի աջակցությամբ են Երևանում վերակազմավորվել ու շարունակում են իրենց գործունեությունը «Արցախ» ջազը, «Վարարակն», «Արցախի բալիկներ» համույթները և այլ խմբեր։
Նորաստեղծ թատրոնի բացումը կկայանա 2026թ․ սեպտեմբերի 15-ին Երևանում՝ հայտնի դրամատուրգ Ալեքսանդր Վոլոդինի «Բորոդայի յոթ կանայք» ստեղծագործության մոտիվներով ներկայացման պրեմիերայով։ Արդեն հոկտեմբերին այս բեմադրությունը կներկայացվի «Թատերական Լոռի» միջազգային փառատոնում։
Երկու կառույցների ղեկավարների ելույթներից հետո ներկայացան թատերական խմբի շրջանավարտները, որոնք տարբեր մասնագիտությունների տեր են, սակայն առավել ոգևորված են թատրոնով, երազում են ճանաչված դերասան դառնալ, ու արդեն կա նման հնարավորություն։ Հայտնեցին շնորհակալություն, որ ունեցել են նման հնարավորություն՝ մտնելու թատերական աշխարհ։ Երիտասարդ դերասաններից Պավելն ասաց՝ կաշխատեն նվիրումով։ Մասնագիտությամբ Անահիտը լրագրող է, բայց միշտ հավատացել է՝ դերասան է դառնալու։ Զրույցի ընթացքում ԵՊՀ կրոնական զբոսաշրջություն մասնագիտության շրջանավարտ Նազելի Ավետիսյանը, որը Ջավախքից է, ասաց՝ զուգահեռաբար մասնակցել է նաև թատրոնի դասընթացներին և առավել գերադասում է թատրոնը։ Իսկ Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի շրջանավարտ Նազանի Գալստյանը, որը Վայքից է, ասաց՝ մանկության երազանք է՝ դերասան դառնալը։ Հանդիպման վերջում եղավ նաև հյուրասիրություն։
Զոհրաբ Ըռքոյան