ԵՐԲ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՊՐԵԼ

Մարդուն կյանքին կապող միջոցները տարբեր են ու բազմազան: Մեկն ապրում է հանուն վաղը աշխարհ եկող իր շարունակության, մյուսը՝ հանուն իր զավակների ապագայի, ոմանք՝ հանուն իրենց երազանքների կատարման, ոմանք էլ՝ թոռ ու ծոռանը գուրգուրելու ու վայելելու համար: Կյանքը գնահատող մարդը երբեք չի կորցնում իր հավատը և միշտ էլ գտնում է իր ապրելու իմաստը: Հուսահատ ու երերուն հոգիները շուտ են անձնատուր լինում ու ընկղմվում կյանքի հորձանուտը: Ուժեղ մարդիկ միշտ էլ գտնում են ապրելու հնարը:

2023-ի բռնի տեղահանությունից հետո բոլորս դարձել էինք կորստի ու ցավի ծովի մեջ ակամա տարուբերվող մի անղեկ նավակ: Թվում էր՝ այդ սև ու մութ ծովի մեջ պիտի օրորվեինք անընդհատ՝ փրկության ափ չգտնելով:

Երկար ու ծանր մտածումներից հետո աստիճանաբար սկսում էր բացվել Լույսը, ու երևում էր լուսաշող Արևը՝ իր ջերմագին ու ամոքիչ ճառագայթներով:

Սկսեցի հետ նայել ու փորձել գտնել կյանքիս ամենաբաղձալի՝ ուսանողական տարիների իմ ընկերներին, որով փորձ էի անում կյանքին կապվել երիտասարդական անմոռաց ու քաղցր հուշերով: Այդ ժամանակ կապս Արցախի Շահումյանի շրջանի ընկերուհիներից մեկի՝ Էլզայի հետ էր, որը տեղահանությունից հետո առաջին զանգողն էր ու իմ ընտանիքով հետաքրքրվողը, նաև առաջին ձեռք մեկնողը:

Առաջին օրերի ու ամիսների հոգուս ցավը մեղմում էի նրա հետ հանդիպումների ընթացքում, չնայած ինքն էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով երրորդ անգամ էր տեղահանվել:

Հետո ծնվեց մեր ընկերներին որոնելու ու գտնելու գաղափարը: Ուզում էի միավորել բոլորին՝ միասին ապրելու համընդհանուր ցավը: Դժվարին որոնումների արդյունքում գտանք ևս չորսին՝ Անժելային, Նաիրային, Պալինային ու Սվետային:

Որոշեցինք մեր ծանր վիշտը խեղդել Հայաստանի գեղատեսիլ բնության մեջ՝ գողտրիկ անկյուններում անթեղելու մեզ այրող կրակի լեզվակները:

Արշավի տոմսեր ձեռք բերելով՝ մի լուսապայծառ առավոտ հավաքվեցինք վեց հոգով ու բռնեցինք Հառիճավանքի ճանապարհը, այնտեղից էլ՝ Գյումրիի տեսարժան վայրերը:

Արշավի ընթացքում մեր ցավալլուկ հոգիները խաղաղվում էին միմիայն վանքերի ու եկեղեցիների պատերի ներսում, երբ մոմ էինք վառում ու աղոթում կորուստների ու եղածի փրկության համար: Այդ վայրերը մեզ ուժ էին տալիս ու ապրելու իմաստ հաղորդում:

Գնալով ավելի էին ամրապնդվում մեր կապերը, ու մենք մեր փրկությունը տեսնում էինք այդ հանդիպումներում, որոնք մեզ նոր լիցք էին հաղորդում, տպավորություններն անմոռաց դարձնում և հաջորդ հանդիպման փափագով լցնում:

Որոնումների ճանապարհին գտնում էինք նաև մեր մյուս համակուրսեցիներին /10 հոգի/, որոնց այս անգամ իրենց հարկի տակ են հյուրընկալում գեղեցիկ և ամուր ընտանիք կազմած մեր կուրսի երկու ամուսինները՝ Օլեգը և Էլմիրան: Հուշերի ու քաղցր հիշողությունների ժապավենները ժամերով ձգվում էին մեր աչքի առջև, ու չէինք հագենում… Հուշերը մեզ տեղափոխում էին անցյալ դարի 70-ական թվականները, երբ մենք անհոգ երիտասարդներ էինք, ու կյանքն էլ ուրիշ էր: Հեռախոսազանգերով շարունակ տեղեկանում էինք մեր մյուս ընկերների մասին ու անընդհատ առիթներ փնտրում՝ նորանոր հանդիպումների համար: Հետո լսում ենք, որ նրանցից մեկը հիվանդ է, շտապ հավաքվում ու այցելու ենք նրան: Մեկը հիվանդանոցում է /վիրահատել էին/, անմիջապես տեղեկացնում ենք իրար ու մեկնում հիվանդանոց:

Այսպես և՛ մեր շարքերն էին թանձրանում, և՛ հարաբերությունները՝ ավելի ջերմանում: Ընթացքում ցավով լսում էինք մեր որոշ ընկերների մահվան մասին, նրանց համար աղոթում և մոմ էինք վառում եկեղեցում:

Իսկ ես շարունակում էի ընկերներիս որոնումները, ու, ահա, լրիվ պատահական մի տեսանյութի տակ կարդում եմ հերթական մեկնաբանության հեղինակի անուն-ազգանունը՝ Կարինե Բալայան, որին ես վաղուց էի փնտրում, ու ներքին մի զգացողություն ինձ հուշում է, որ նա մեր կուրսեցին է: ՖԲ-ում գտնելով նրա էջը՝ գրում եմ հետևյալ հաղորդագրությունը. ,,Եթե Դուք 70-ականներին սովորել եք Արցախի մանկավարժական ինստիտուտում, արձագանքեք,,:  Արձագանքը չի ուշանում. ,,Բարև, իմ սիրելի ընկերուհի, ես էլ նոր քո հոդվածն էի կարդում, բայց ազգանունդ չէի հիշում, որ համոզվեի՝ դու ես,,: Անմիջապես զանգում ու հաստատում ենք մեր ինքնությունը: Նա էր՝ մեր կուրսի աշխույժ ու կենսախինդ Կարինեն, որին տարիներն անզոր են եղել անճանաչելի դարձնել:

Դա 2026 թվականի ապրիլին էր: Տխրեցի, երբ իմացա, որ բնակվում է արտերկրում. մտածում էի՝ դժվար հանդիպենք: Օրվա մեջ մի քանի անգամ զանգում էր իմ գտածո Կարինեն, որը կարոտից չէր հագենում: Հայտնում է, որ Հայաստան գալու մտադրություն նախապես չի ունեցել այս տարի, սակայն իրար գտնելուց հետո որոշել էր, որ անպայման գալու է հայրենիք և իր շուրջն է համախմբելու բոլոր համակուրսեցիներին. դա իր համար լինելու էր ամենամեծ երջանկությունը:

Ուրախացած զանգեցի ՀՀ-ում գտնվող մեր մյուս ընկեր-ընկերուհիներին ու հայտնեցի բաղձալի լուրը. ,,Կարինեն Երևան է գալու հուլիսի 22-23-ին, ու կայանալու է բոլորիս նոր հանդիպումը,,:

Անհամբեր երեխաների պես սկսեցինք հաշվել ամիսները, շաբաթները, հետո՝ օրերը…

Դա մեզ նոր, երջանիկ օրվա, ապրելու լիցք էր հաղորդում: Սպասումը դառնում էր մեր ցավոտ կյանքի առաջմղիչ ուժը, իսկ կարոտի ծովի սահմաններն ավելի էին ընդարձակվում: Այդ կարոտաբաղձ հանդիպմանը ավելի ընդգծված, զգացմունքային, հուզումնալից ելևէջներով էր սպասում մեր ընկերուհիներից մեկը՝ Եվգենյան /բոլորս էլ սպասում էինք՝ բայց մեր զգացմունքները չարտահայտելով/, որը երեխայի պես անընդհատ դժգոհում էր, թե ինչու՞ են օրերը, ժամերը գնալով երկարում: Զանգում էր ամեն օր. վախենում էր ինչ-որ բանից, վախենում էր, որ չենք հասցնի վայելել այդ օրը: Տարիքն այդ մտավախություններն առաջացնելու սովորություն ունի հատկապես այն ժամանակ, երբ բռնում ես կյանքի մայրամուտի՝ վայրէջքի ճամփան:

Մոտենում էր նախատեսված հանդիպման ժամանակը՝ ավելի ևս անհամբեր դարձնելով բոլորիս:

Վերջապես, հուլիսի 23-ին Կարինեի ինքնաթիռը վայրէջք է կատարում հայրենիքում՝ մեր գիրկը վերադարձնելով նրան: Գիշերը արթուն լուսացրեց ու վաղ առավոտյան զանգեց՝ տեսակցության հրավիրելով մեզ: Երկու հոգով նրան գտանք հյուրասենյակում… Բառերով անբացատրելի մի ջերմ հանդիպում էր դա՝ հուզախառն ակնթարթներով:

Միասին պլանավորեցինք հանդիպման վայրը, ժամանակը: Այս անգամ արդեն դարձել էինք տասնվեց հոգի. ուղղակի մեծ երջանկություն էր, որ կուրսի քսանչորս հոգուց կարողացել էինք միավորել տասնվեցին /ութ հոգի երկնային արքայության մեջ էին/:

Հեռավոր մարզերից ժամանեցին մեր երկու ընկերուհիները՝ Եվգենյան և Նորան, ու 2026-ի օգոստոսի 11-ը մեզ համար դարձավ օրացուցային մի հիշարժան տարեթիվ:

52 երկար ու ձիգ տարիներ անց ցավի ու կարոտի, հայրենազրկման ու դժոխքի անլուր տառապանքները ճաշակած արցախցի տասնվեց համակուրսեցիներ գտան իրար ու ժամերի ընթացքում ,,ապրեցին,, իրենց Արցախում:

Դրախտային ու եդեմական մի վայր էր ընտրել Կարինեն մեզ համար, որ մենք մեզ իրոք զգայինք արցախահամ ու արցախաբույր մի տարածքում: Տարիքն առած մեր ,,տղաներն ու աղջիկները,, հոգով ու սրտով նույնն էին մնացել.նույն համերաշխ կոլեկտիվը, նույն համախմբվածությունը:

Բոլորը մեկ-մեկ ներկայացրին իրենց կյանքի կարևոր դրվագները: Բոլորն էլ դարձել են հայրենիքի ու հասարակության համար պիտանի ու նվիրյալ քաղաքացիներ՝ պահպանելով իրենց մարդկային ու արժեքային համակարգը, նվաճելով իրենց հասանելի բարձունքները: Անկեղծ ու մտերիմիկ մթնոլորտը գնալով ավելի էր ջերմանում, երբ լսում էինք մեկս մյուսի պատմությունները՝ երբեմն ցավոտ, երբեմն ոգևորիչ շեշտերով:

Ուշադրության կենտրոնում Կարինեն էր, քանի որ այդ հիշարժան ու անմոռաց օրվա ,,մեղավորը,, ինքն էր: Անցավ չի եղել նաև նրա կյանքը: Երիտասարդ տարիքում կորցրել է հայրենասեր ու նվիրյալ բժիշկ ամուսնուն, որն իրեն պարգևել է չորս դուստր: Ուսանողական տարիների այդ փխրուն աղջկան կյանքը ծանր բեռ է բաժին հանել: Աստծո տանը ապավինած, դիմակայելով բոլոր դժվարություններին՝ թրծվել է կյանքի բովում ու դարձել ուժեղ կին՝ չկորցնելով իր կանացի հմայքը: Շատ  երջանիկ է նա իր դուստրերով: Նրանց ուղարկել է իրենց երազանքների ետևից, որոնք այդ արժանավոր ընտանիքի հարազատ զավակներ են դարձել և որոնց համար մայրը մնացել է որպես պաշտամունքի առարկա:

Դժվար է բառերով արտահայտել այն ապրումներն ու զգացողությունները, որ մենք ունեցանք այդ հանդիպման ընթացքում: Դա ևս մի կարևոր առիթ էր՝ կյանքին կապված մնալու ու վաղվա հույսը չկորցնելու համար:

Արցախի կորստի ցավը չի կարելի համեմատել ուրիշ ցավի հետ, և չնայած դրան, այնուամենայնիվ, մենք այդ օրն ուրախ ու շատ երջանիկ էինք /յուրայիններով մեղմում էինք  մեր հոգու ցավը/:

Երանի նրանց, որ ապրում են միշտ կյանքին սիրահարված, նրանց, որ ապրում են միշտ՝ ապրելու  տենչը ուսերին առած…

Իրավացի էր մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը, երբ գրում էր այս տողերը.

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,

Սիրեկանը էլի յարին կմնա:

Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,

Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Թող բոլորն էլ կյանքին կապող մի օղակ ունենան:

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ