ԳԻՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ  ՄՈՐԴՈՎԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

«Տատյանան ցույց է տալիս, որ մշակույթը ոչ թե ժողովուրդների միջև սահման է, այլ կամուրջ։ Եվ հենց այդպիսի կամուրջներն են այսօր հատկապես անհրաժեշտ մեր աշխարհին»։ Նինո Սպանդերաշվիլի

Մորդովիայի Հանրապետությունը Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր է՝ Սարանսկ մայրաքաղաքով։ Ըստ ռուս գիտնական-ազգաբան, էթնոգրաֆ, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Սարանսկում գործող Մորդովիայի Հանրապետության կառավարությանն առընթեր Հումանիտար գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Տատյանա Իվանովնա Յանգայկինայի ուսումնասիրությունների՝ Մորդովայում հայկական առաջին հետքը թվագրվում է 1924-ով։ Օգոստոսի 11-ին, «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակում, Երևանի «Դիալոգ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Տ․ Յանգայկինայի «Հայաստան-Մորդովիա․ միջմշակութային փոխգործակցություն և մշակույթների երկխոսություն» («Армения – Мордовия: межкультурное взаимодействие и диалог культур») ռուսերեն գրքի շնորհանդեսը։

Հեղինակի երկարամյա արխիվային, վիճակագրական և դաշտային ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված գիտահրապարակախոսական աշխատություն է։ Գրքում տասնյակ ակնարկներ, դիմանկարներ, փաստագրական նյութեր նվիրված են Մորդովայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչներին՝ բժիշկներ, զինվորականներ, մշակութային ու հասարակական գործիչներ, արհեստավորներ, մանկավարժներ և այլք։ Հայ մշակույթի և Մորդովայում հայկական սփյուռքի նկատմամբ Յանգայկինայի հետազոտական հետաքրքրությունը հիմանականում առաջացել է՝ ծանոթանալով Սարանսկում բնակվող ժառանգական արհեստավոր-կոշկակար Իշխան Չախոյանի հետ։ Տ․ Յանգայկինայի՝ Չախոյանին նվիրված առանձին ուսումնասիրությունը 2022 թվականին հրապարակվել է «Դարերի ժառանգություն» («Наследие веков») ամսագրում։ Այս ակնարկի համար 2025-ին Յանգայկինան դարձել է «Հայկական մոտիվներ» VI միջազգային գրական մրցույթի մրցանակակիր՝ «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախաձեռնած նախագծում զբաղեցնելով երրորդ տեղը։ Տ․ Յանգայկինան տարիներ շարունակ ազգագրական արշավներ է իրականացրել իր հայրենի Մորդովայում և ուսումնասիրել հայերի կյանքը, տեղեկացրել՝ որ բնակավայրում քանի հայ կա, որի արդյունք է ներկայացվող գիրքը։

Երևանյան շնորհանդեսին ներկա էին հայ հասարակության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ, հայկական սփյուռքի պատմությամբ հետաքրքրվողներ, վրացական, ինչպես նաև մոլոկան-մորդվական համայնքների ներկայացուցիչներ։ Ինչպես արդեն տարբեր առիթներով տեղեկացրել ենք, Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը, ի դեմս հիմնադիր ու նախագահ Յուրի Նավոյանի, աջակցել է Արցախի որոշ մշակութային կառույցների՝ Երևանում վերակազմավորվելուն ու գործունեությունը շարունակելուն։ Շնորհանդեսին ներկա էին նաև նշված կառույցների ներկայացուցիչներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրքի հեղինակը նաև ուսումնասիրել է հայերի մասնակցությունը և հաղթական ներրդրումը Հայրենական Մեծ պատերազմին, շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը, որը կարևորեց այդ ժամանակներում հայերի, ռուսների և մորդվացիների միջև ձևավորված փոխօգնության և բարեկամության հարաբերությունները։ Տեղեկացրեց նաև՝ Յանգայկինան համագործակցում է «Վետերան» ամսագրի հետ, խմբագրակազմում է։ Իր հրապարակումներում նա անդրադառնում է արխիվային նյութերին և նախկինում քիչ հայտնի պատմական դրվագներին՝ ներկայացնելով հայ զինվորների և սպաների մարտական ուղին ու տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հետ նրանց փոխգործակցությունը։ Այս առթիվ Ս Եսայանը Հայաստանի Հանրապետության մարշալ Բաղրամյանի անվ վետերանների միավորման և ամսագրի խմբագրության կողմից Տ Յանգայկինային հանձնեց շնորհակալագիր և «Վետերան»-ի համարներ։ «Դիալոգ» կազմակերպության խորհրդական, «Վետերան»-ի գլխավոր խմբագիր Ելենա Շուվաևան Տատյանա Յանգայկինային հանձնեց նախագահ Յուրի Նավոյանի անունից շնորհակալագիր՝ բեղմնավոր համագործակցության, Մորդովիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի անձնական ներդրման, միջէթնիկական երկխոսության զարգացման, հայկական սփյուռքի պատմության և արդի վիճակի գիտական ուսումնասիրության, մշակութային-պատմական ժառանգության պահպանման, ինչպես նաև ակտիվ հասարակական և լուսավորչական գործունեության համար։ Տեղեկացրեց՝ օր առաջ միասին բարձրացել են Արագածի գագաթը։

Իր խոսքում Վրաստանի համայնքի ներկայացուցիչ, բանաստեղծ, թարգմանիչ և հասարակական գործիչ Նինո Սպանդերաշվիլին ասաց «Ինձ համար Յանգայկինայի գիրքը միայն գիտական ուսումնասիրություն չէ։ Այն մարդկանց, պատմության, մշակույթի և ժողովուրդներին ու սերունդներին կապող մարդկային հարաբերությունների մասին պատմություն է։ Յանգայկինան նաև կարևոր կապող օղակ է դարձել Հայաստանի վրացական համայնքի և Մորդովայի հայկական համայնքի միջև»։ Նինո Սպանդերաշվիլին տեղեկացրեց նաև՝ Արևշատ Ավագյանի կողմից ստեղծած «Հայկական մշակութային հիմնադրամ»-ը, վերջերս զրկվելով գործունեության վայրից, արդեն տեղ ունի «Դիալոգ»-ի հարկի տակ։ Այս հարցում իրենց օգնել է Յանգայկինան՝ տեղեկացնելով Յու Նավոյանին, որը սիրով է համաձայնվել։ Իհարկե, այժմ նույն հարկի տակ տարբեր մշակութային խմբեր համատեղ գոյակցում են ու փոխլրացնում միմյանց։

Շնորհանդեսի վերջում գրքի հեղինակին հարցեր ուղղեցին ներկաները, եղան ելույթներ՝ կարևորելով մշակութային ու ազգամիջյան երկխոսությունը։ Նորագավիթի վրացական ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ, Հայաստանի ժողովրդական վարպետ, քանդակագործ, բանաստեղծ Ալեքսանդր Շկարբանենկոն իր «Ամեն ինչ հոգևորի և Հայաստանի մասին» («Все об Армении и о духовном») վերնագրով ռուսերեն գիրքը նվիրեց Յանգայկինային՝ նախապես ընթերցելով Արարատին նվիրված բանաստեղծությունը։

Շնորհանդեսի վերջում «Հայաստան-Մորդովիա․ միջմշակութային փոխգործակցություն և մշակույթների երկխոսություն»-ի հեղինակն իր ստորագրությամբ գիրքը նվիրեց ներկաներին։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ