ՀՐԱԺԵՇՏԻ   ԽՈՍՔԻ  ՓՈԽԱՐԵՆ

Սոկրատ Խանյանն այն քիչ թվով մարդկանցից էր, ում առնվազն երեք սերունդ իր ժամանակակիցն է համարում։ Եւ սա պարզապես երկարակեցություն չէ․ այն ընդարձակ կենսատարածքը, որն ամբողջացել է նաև Խանյանի հասուն կերպարով, առանձնանում է նրա տաղանդի ու նվիրվածության անչափելի պարունակությամբ։

Գրողին, և հատկապես գրողին, չի կարելի հասարակարգային ծանր փոփոխություններ ընդգրկող դարաշրջանի վերջին մոհիկանը համարել։ Ծննդավայրից պարտադրյալ հեռու իր մահկանացուն կնքելով՝ նա բնավ չի փակել այդ դժվար դարաշրջանի վերջին էջը։ Գուցե ժամանակ անց, սերունդների հերթագայության օրինաչափ ընթացքում,  նրա նախկին սաների, Արցախի գիտամանկավարժական ակտիվի հուշերում աստիճանաբար խամրի ուսուցիչ գիտնականի անխոնջ կերպարը, բայց նրա հեղինակած բանաստեղծական հատորները, ուսումնասիրական ուշագրավ ձեռնարկները գալիք սերունդների մոտ արթուն կպահեն ՍՈԿՐԱՏ  ԽԱՆՅԱՆ  անունը։ Այս իմաստով մեր տաղանդաշատ հայրենակիցը կապրի շատ ավելի երկար, քան նրա երկրային կյանքի համար սահմանել էր Արարիչը։

Անկասկած, բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ առնչվել են Խանյանի հետ, ցավով կընդունեն նրա բացակայությունն իրենց շրջապատում, բայց և հպարտությամբ կշեշտեն Սոկրատ Խանյանի անուրանալի տաղանդն ու մարդկային հմայքը։

Մեր լո՜ւռ խոնարհումը․․․

«ԼՈՒՍԱՐԱՐ» ՀԿ