ԲՌՆԱԳԱՂԹ

2023 թվականի սեպտեմբերի 19-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով  տեղի ունեցավ հայ բնակչության բռնագաղթը եւ էթնիկ զտումները: Շուրջ 115 000 արցախահայեր ստիպված եղան լքել իրենց հայրենիքը եւ տեղափոխվել Հայաստան: Տեղահանման ակտիվ եւ հիմնական փուլը սկսվեց 2023 թվականի սեպտեմբերի 24-ին եւ տեւեց մինչեւ հոկտեմբերի 4-ը: Ավելի քան 9 ամիս շարունակվող շրջափակումից, սննդի, դեղորայքի պակասից եւ սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո խաղաղ բնակչությունը հայտնվեց էթնիկ զտումների եւ ֆիզիկական ոչնչացման ուղղակի սպառնալիքի տակ: Հազարավոր մարդիկ Հակարի կամրջով անցան Հայաստան՝ ոտքով կամ մեքենաներով հաղթահարելով տասնյակ կիլոմետրեր՝ անմարդկային պայմաններում: 

Ավտոշարասյունը ասես դանդաղ սողում էր լեռնային գալարապտույտներով, այն ձգվում էր մի քանի տասնյակ կիլոմետրերով: Մի մասը արդեն գտնվում էր Հայաստանի սահմանին՝ Կոռնիձորում, իսկ շարունակությունը դեռ Ստեփանակերտի մերձակայքում էր: Իրար հրմշտող մեքենաների խիտ եւ կիլոմետրերով շարքը մահվան թափորի պես տխուր էր: Հարազատի մահվան հետ համակերպված՝ թաղման արարողությունից հետո հոգեհացի գնալու զգացողություն էր…

Սովորական դեպքում փոքր ավտոմեքենան կանցներ այդ շուրջ 80 կմ-ը առավելագույնը 2 ժամում: Երեսունվեց ժամ տեւեց Ստեփանակերտից այդ չարաբաստիկ անցակետ հասնելը: Դա բոլոր իմաստներով տարօրինակ ավտոշարասյուն էր: Ամենատարբեր մեքենաների շարան. մեծ բեռնատարները, տրակտոր-քարշակները ճնշում էին թեթեւ բեռնատար ավտոմեքենաներին, որոնք ստիպված էին անընդհատ արագ արգելակել կամ պահել ձախ ու աջ (եթե, իհարկե, դա հնարավոր էր), որ չվերածվեին մետաղաջարդոնի կամ չհայտնվեին անդունդում: Բոլորի վերեւում սպառնալից կախվել էին վերամբարձ կռունկներ՝ ծալած սլաքներով, որոնք լրացուցիչ դժվարություններ էին հաղորդում շարժվելու համար: Մինչդեռ այդ անսովոր շարասյան մասնակիցներից ոչ մեկը չէր ուզում խանգարել կամ վնասել երթին, չէր կոպտում անհարմար երթեւեկի համար, հակառակը, բոլորը՝ թե´ խոշոր բեռնատարների, թե´ վերամբարձների եւ թե´ թեթեւ մարդատարների վարորդները ձգտում էին զիջող ու հանդուրժող լինել խախտումների հանդեպ, հատկապես որ որոշ ավտոմեքենաների ղեկին դեռահասներ էին, որոնք չունեին վարելու բավական փորձ եւ բնականաբար նաեւ՝ իրավունք:

Այդ շարասյան մեջ բոլորը հավասար էին: Բոլոր մասնակիցներին այժմ միավորում էր մեկ աննախանձելի ճակատագիր. տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքում էին իրենց հայրենիքը եւ ինչ-որ ուժով օժտված՝ շարժվում էին դեպի անորոշություն, որը նախընտրելի էր, քան նրանց գլխավերեւում ծառացած մահվան իրական վտանգը: Չնայած մահը բաց չթողեց նաեւ  տեղահանման ճանապարհին: Ոչ բոլորի սիրտն էր կարող դիմանալ: Որոշ ավտոմեքենաներով փոքր երեխաների հետ տեղափոխում էին նաեւ ծածկոցի մեջ փաթաթած ընտանիքի անդամի անշնչացած մարմինը…

Սողացող ավտոշարասյունը ասես ժամանակի չար մեքենա լիներ, որը անդարձ տանում էր մեզ հեռու,  թվում է,  թե մեր այսքան մոտիկ անցյալից, որտեղ մնացել են տարիներով վաստակած մեր ունեցվածքը, խնամված այգիները, սիրելի զբոսայգիները եւ փողոցները, մանկությունը, երջանիկ կյանքը եւ հարազատների գերեզմանները: Անհայտ էր, թե ինչ ապագա էր սպասում շրջադարձից այն կողմ…

Ստիպված էինք գիշերը նույնպես անցկացնել մեքենաների մեջ՝ աստղալից, սառը երկնքի տակ, որն անտարբեր էր ներքեւում կուտակված, մարդկային անխոս վշտի հանդեպ: Լուռ սպասում էինք, թե հերթական կանգից հետո երբ պիտի սկսենք կրկին շարժվել: Մոտակա կիրճից միայն լսվում էին շնագայլերի ոռնոցները, ասես երեխաներ էին լացում… Գաղթի դժոխային ճանապարհ եւ նույնքան դժոխային ապրումներ…Լացելու էր…

Հազիվ լուսացել էր, երբ պետք է արդեն առաջ շարժվեինք, բայց դեռ կես կիլոմետր չանցած՝ նորից ստիպված էինք կանգնել: Բնական կարիքները հոգալու համար մարդիկ իրար քողարկում էին ծածկոցներով՝ անմիջապես ճամփեզրին: Իրարից  ջուր էինք խնդրում, դեղ կամ այլ մի բան, բայց ոչ՝ հաց: Հացն արդեն  այլ գին ուներ բոլորիս համար: Ինն ամիս հացի եւ այլ հերթերում կոփված արցախցիներիս  վերջին հերթն էր՝ Հայրենիքից հեռանալու հերթը, որտեղ վերջ չէին հարցնում: Փրկվել էր պետք: Խոսակցություններ էին հասնում, թե անցակետը ժամանակավորապես փակել են, դրա համար էլ խցանում է: Մեկ այլ զրույցում ասում էին, թե մեքենա է վառվել առջեւում, այդ պատճառով է խցանումը: Ցավալի էր նայել ճամփեզրերին թողնված վառվող կամ ջարդված ավտոմեքենաներին, որոնք, շարժմանը զուգընթաց ավելի էին շատանում:

Շարժվում էինք ու կանգնում: Երեկոյին մոտ հեռավոր տեսահորիզոնում երեւաց անցակետը՝ դիմացը կուտակված երկար գծով մեքենաների շարանով: Ակնհայտ էր, որ մարդկանց ու ավտոմեքենաների պարունակությունը մանրազնին ստուգում են:

Հասանք Հակարի:

Անցակետում մեր ավտոմեքենան դիմավորեցին երկու սպա՝ սահմանապահի համազգեստով ադրբեջանցի եւ ռուս խաղաղապահ: Նրանցից յուրաքանչյուրը բարեւեց իր լեզվով:  Ընդգծված քաղաքավարությունը չէր կարող քողարկել ադրբեջանցիների չարախինդ, գոհունակ հայացքները: Գլխաքանակի պես մեզ հաշվելուց, փախստականի մեր իրերը սկանավորելուց հետո թույլատրեցին անցնել: Այն միտքը, որ մազապուրծ փրկվելու համար պետք է շնորհակալ լինենք՝  բարոյապես ոչնչացնող էր:

Սոված, անքուն, հոգեպես հալումաշ եղած՝  ոտք դրեցինք Հայաստան: Կոռնիձորում մեր հայրենակիցների՝ մեր հանդեպ ցուցաբերած հոգատարությունն անչափ հուզիչ էր, կյանք վերադարձնող: Շնորհակալության խոսքեր դժվար է գտնել…Երբեմն հույզերն ու ցավն այնքան շատ են, որ բառերը լռում են:

Լուսացրինք Տեղ գյուղի մերձակայքում՝ կրկին ավտոմեքենայի մեջ, մինչեւ փոքր-ինչ ուժ կհավաքեինք Երեւան հասնելու համար: Տեղ գյուղի  խայտաբղետ, առատությունից ճայթող մարկետը մեր աչքի համար անսովոր էր: Բլոկադայի օրերին քաղցրավենիք շատ էի կարոտել, բայց ամաչում էի քաղցրին կարոտ երեխաների համապատկերում որեւէ կերպ արտահայտել իմ՝ հասուն մարդուս քաղցրի կարոտը: Գիտեի, թե խանութում քաղցրեղեն տեսնելուն պես  իսկույն կիլոգրամներով գնելու էի: Սակայն երբ մտա խանութ, ապշել էի առատ ընտրությունից, չէի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է պետք  գնել: Խանութից այդպես էլ քաղցրավենիք չգնեցի, բավարարվեցի այն մի քանի կոնֆետով, որոնք հացի եւ այլ սննդի հետ տոպրակի մեջ Կոռնիձորում տվել էին մեզ: Գիշերային մթության մեջ հայերեն խոսք լսելով՝ հանգիստ շունչ էինք քաշել:  Ավելորդ ժամանակ չծախսելու համար,  որ առանց այն էլ քրքրված մասնակիցներով շարասյունը կրկին չկանգներ, մեր հայրենակիցները սննդով տոպրակը ավտոմեքենայի պատուհանից  ներս էին տալիս եւ հարցնում էին, թե մեքենայի մեջ երեխա կա՞: Ասացինք՝ ոչ: Երեւի ճշտում էին, որ երեխաների համար հատուկ պատրաստված փաթեթներ տային:  Մինչդեռ որքա՟ն հուզիչ էր այն կարեկցանքը, որ չնայած մեզ հետ երեխաներ չկային, բայց մեզ տված փաթեթներում  կոնֆետ էլ կար. չէ՞ որ հասուն մարդիկ եւս կարող են քաղցրավենիք կարոտել: Կոնֆետները նույնքան անուշահամ էին, որքան՝  մեր հայրենակիցների հոգատարությունն ու ապրումակցումը, որն ասես մեր տառապանքը  փոխհատուցում էր: 

Ապաստանեցինք մեր ընկերների տանը Երեւանում, որոնց միջամտությամբ էլ ծանոթացանք ու հյուրընկալվեցինք հրաշալի մարդկանց ընտանիքում:

Վարձակալության համար տան փնտրտուքները, անմարդկային գները հիասթափեցնեող էին: Մեր գրանցվելու եւ հաշվառվելու հերթերում կանգնելու ժամանակ մարդկանց խոսակցության պատառիկներից մի քանի անգամ լսեցի «մատան փաթաթան» դարձրած՝  «անշնորհակալ ղարաբաղցի» արտահայտությունը, «թողին փախան» ծամծմված խոսույթը, զինվորին ջուր չտվող ղարաբաղցու պատմությունը, լավ պայմաններով տուն ուզելու մեր աչքածակության մասին…Չլսելուն տալ է պետք, քանի որ այդ  խղճուկ մարդիկ չեն կարող արժեզրկել Կոռնիձորում մեզ ընդունած մեր հայրենակիցներին, Հայաստանում ապրող իմ ընկերներին ու հարազատ դարձած՝ սկզբնական շրջանում դեռ անծանոթ, մեզ հյուրընկալած՝  մարդկանց:

 Քաոսից հետո փորձում ենք ինքներս մեր մեջ վերագտնել կյանքը սիրող, արժանապատիվ մարդուն, բայց շատ ջանքեր են պետք կյանք վերադառնալու, փախստականի կերպարը թոթափելու,  նոր միջավայրին համոզելու համար…

Բռնագաղթության մասին ամենամեծ թյուրիմացությունն այն է, որ ժամանակի ընթացքում կհարմարվես: Ո´չ: Անգամ տասը տարի հետո դու կարող ես մնալ «ակցենտով խոսող» մարդը, որը երբեմն բառեր է փնտրում,  չի մեծացել տեղական կատակների վրա եւ մշտապես մնում է մի փոքր «օտար»:

Գաղթականի ցավը միանգամից չես զգում: Առաջին ամիսներն անցնում են վազվզուքի մեջ՝ փաստաթղթեր, բանկեր, կացարանի փնտրտուք, աշխատանք, ոմանք՝ դպրոց ու մանկապարտեզ…Դու այնքան ես զբաղված խղճուկ գոյությունդ պահելով, որ գրեթե չես հասցնում կարոտել: Սակայն աստիճանաբար սկսվում է կարոտը: Եվ հենց այդ ժամանակ է սկսվում այն, ինչին նախապատրաստվել հնարավոր չէ: Հանկարծ հասկանում ես, որ այլեւս չես հիշում քո քաղաքի տուն տանող այն ճանապարհը, որտեղ մեծացել ես: Սկսում ես շփոթել փողոցների անունները: Չես կարողանում հիշել, թե ինչ էր տեղակայված հարազատ վայրի այն խանութի կողքին, որտեղ գնացել ես տարիներ շարունակ: Բայց հիշողությանդ մեջ մնացել են մի ժամանակ գնված տեղաշորի նոր կոմպլեկտը, գեղեցիկ սպասքը տոների համար, բաժակները, որոնք պետք է դառնային ապագա կյանքի մի մասը… Եվ հասկանում ես, որ այն կյանքն այդպես էլ չապրվեց: Այդ ամենը մնացել է այնտեղ՝ գուցե մեկին նվեր է գնացել եւ ինչ-որ մեկն օգտագործում է այն, իսկ միգուցե ոչնչացվե՞լ է շատ ավերված բաների պես, թե՞ մինչեւ հիմա իր տեղում է, մեր բնակարանում, որտեղ սակայն հնարավոր է, որ մենք այլեւս չգնանք:

Ամենածանրը բռնագաղթելու մեջ իրերի կորուստը չէ, այլեւ՝ որ աստիճանաբար անհետանում է այն վայրը, որտեղ դու յուրային էիր, իսկ քաղաքականությունն այնպես է անում, որ անգամ որոշ զրույցներ դառնում են անհնար: Ծանր է, որ  չես կարող նստել ավտոմեքենան կամ տոմս գնել ու պարզապես վերադառնալ: Հետդարձի ճանապարհ չկա: Բայց այստեղ էլ տեղացի չես: Հավանաբար բռնատեղահանության ամենաբարձր գինը ոչ թե իրերով ու գումարով, այլ մեր սեփական պատկանելության մի մասով վճարելն է, եւ այն զգացողությամբ, որ աշխարհում գոյություն ուներ մի վայր, որտեղ պետք չէր բացատրել, թե ով ես դու:   

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ