Վաչագան Վալերայի Դադալյան

Ծնվել է 1998 թ. հուլիսի 20-ին Արցախի Մարտունի քաղաքում: Սովորել է Մարտունու Մեսրոպ Մաշտոցի անվան հիմնական դպրոցում, հետո՝ Նելսոն Ստեփանյանի անվան հ.1 միջնակարգ հոսքային դպրոցի բնագիտական հոսքում:
Զբաղվում էր սպորտով, շատ անգամ Պատանիների ազատ ոճի ըմբշամարտի անհատական առաջնության իր քաշային կարգում 1-ին տեղը գրավելու համար պարգեւատրվել է պատվոգրերով եւ արժանացել մեդալների: 2015թ ընդունվել է ԱրՊՀ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինը:
2016-2018թթ. ժամկետային զինծառայող էր Արցախի ՊԲ-ի 3-րդ պաշտպանական շրջանի զենիթահրթիռային մարտկոցում: 2017թ. եղել է ջոկի հրամանատար:
Ծառայության ժամանակ մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ ցուցաբերելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար Վաչագանը պարգեւատրվել է պատվոգրերով եւ մեդալներով:
2018-2020թթ. ծառայել է Ստեփանակերտի ոստիկանության ՊՊԾ-ի գումարտակում:
Մասնակցել է 2016թ. քառօրյա, 2020թ. 44-օրյա եւ 2023թ. մեկօրյա պատերազմներին: 2020թ. սեպտեմբերի 27-ից եղել է ամենաթեժ կետերում, մասնակցել Ջաբրաիլի, Հադրութի, Շուշիի մարտական գործողություններին: Վաչագանի մարտական ընկեր Վիլեն Արզանգուլյանը պատմում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Վաչագանի հետ միասին Հադրութում կարողացել են թշնամուն մեծ վնասներ հասցնելով՝ դուրս գալ շրջափակումից եւ մարտի դաշտից իրենց հետ դուրս բերել վիրավորներին եւ զոհված ընկերներին:
2021թ. ավարտել է ուսումը՝ ինֆորմատիկայի բակալավրը ՏՏ մասնագիտությամբ: 2021թ. ընդունվել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարանը եւ 2023-ին ավարտել այն՝ արժանանալով մագիստրոսի աստիճանի: 2021թ. Վաչագանն անցել էր պայմանագրային ծառայության: 2023-ից դասակի հրամանատար էր, սակայն չհասցրեց ստանալ սպայի կոչում: 2023թ. սեպտեմբերի 19-ին Վաչագան Դադալյանը «լեյտենանտ» սպայական կոչման սպասումներով մեկնեց առաջնագիծ եւ զոհվեց «Լուսնյակ» կոչվող բարձունքում: Հուղարկավորված է Մարտունի քաղաքի գերեզմանոցում:
Վաչագանը տան միակ զավակն էր: Փոքր տարիքում կորցրել էր հորը՝ մնալով մոր խնամքին: Մեծացել էր հայրենասեր, ազգին նվիրյալ զավակ: Ստանձնելով ընտանիքի գլխավորի դերը՝ նա պատվով ու մեծ պատասխանատվությամբ էր կատարում իր պարտականությունները՝ չկոտրվելով ոչ մի դժվարությունից: Նշանված էր, պիտի ամուսնանար: Այնքան լուսավոր կլիներ նրանց՝ միասին կերտվելիք ապագան, եթե չլիներ դաժան պատերազմը:
Նորայր Միքայելի Հաջիյան

Ծնվել է 1976 թ. հուլիսի 17-ին Բաքվում, լրագրողի ընտանիքում: 1988թ. հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվել էին Երեւան:
1992թ. դեկտեմբերից մինչեւ 1995թ. օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում (Արամո-114 ԵԿ գումարտակ, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակ, Արծիվ-24 ԵԿ ջոկատ) մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) եւ Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քելբաջար, Օմարի բարձունք, Ղուբաթլու, Մարտակերտ):
1997-1999թթ. ժամկետային զինծառայության է անցել ԼՂՀ Պաշտպանության բանակում (Ասկերանի պաշտպանական շրջան): 2015թ. օգոստոսին, Ադրբեջանի հերթական ագրեսիայի օրերին, կամավորագրվել եւ ակտիվորեն մասնակցել է Արցախի պաշտպանական մարտերին: Կրթությամբ տնտեսագետ էր:
2016թ. ապրիլի 2-ին Նորայրը կրկին առաջիններից էր, որ կամավորագրվեց եւ մեկնեց մարտի դաշտ: Արցախյան պատերազմի վետերանն այլ կերպ չէր էլ կարող վարվել: Եվ ահա արդեն ապրիլի 2-ի գիշերը նա Թալիշում էր ու մասնակիցն էր մարտական գործողությունների:
Հերոսի մահով Նորայրն ընկավ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում:
Պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», ԼՂՀ «Մայրություն» ՀԿ «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ՀՀ «Արամազդ» հուշամեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալով: Ամուսնացած էր, ունի երկու որդի:
Դավիթ Արայիկի Սարգսյան

Ծնվել է 2001թ. հուլիսի 15-ին Ստեփանակերտում: 2008-2017թթ. սովորել է Ստեփանակերտի հ.4 միջնակարգ դպրոցում: 2017-ին ընդունվել է Թ. Քամալյանի անվան բժշկական քոլեջի Ռազմաբժշկական ֆակուլտետ: Փոքր հասակում հաճախել է ֆուտբոլի խմբակ, «Թումո» ստեղծագործական կենտրոն, հետո՝ փայտագործության դասերի: Դպրոցում սովորել է գերազանց, մասնակցել է մաթեմատիկայի օլիմպիադաների, մի անգամ նաեւ գրավել է առաջին տեղը:
Ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է ծառայության, քանի որ ցանկացել է իր ընկերների հետ ծառայել եւ 2020թ.-ի հունվարի 20-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության: Ծառայել է Արցախում: 2020թ. մարտի 2-ին տեղափոխվել է ՀՀ Արագածոտնի մարզ՝ Մուղնի համայնքի զորամասերից մեկում սերժանտական դասընթացներ անցնելու նպատակով: 2020թ. հուլիսի 20-ին վերադարձել է Արցախի զորամաս՝ որպես հակաօդային պաշտպանության ստորաբաժանման հրամանատար: Սեպտեմբերի 20-ին բարձրացել է Թալիշի դիրքեր՝ հերթափոխության:
Վերջին անգամ ընտանիքի անդամները Դավիթի հետ խոսել են հենց սեպտեմբերի 27-ին: Այդ օրվանից հետո կապն ընդհատվել է Դավիթի հետ: Ընտանիքի անդամներին հայտնել են, որ հնարավոր է լինի գերիների ցանկում, սկսել են փնտրել, հետո ծառայակից ընկերները փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին զոհվել է՝ անօդաչուի հարվածից: Դավիթն անմահացել է 2020թ. հոկտեմբերի 1-ին մարտական գործողություն իրականացնելու ժամանակ ծանր աստիճանի վիրավորում ստանալու հետեւանքով: Դավիթի վերջին խոսքերն են եղել՝ «Կռվելու ենք մինչեւ վերջ ու չենք նահանջելու»:
Ցուցաբերած արիության, կամային բարձր որակների եւ խիզախության համար հետմահու պարգեւատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» եւ «Արիության համար» մեդալներով:
Արթուր Արմենի Ասրյան

Արթուր Արմենի Ասրյանը ծնվել է 2000թ. հուլիսի 22-ին Ստեփանակերտում, սովորել է 3-րդ դպրոցում, ավարտել՝ 11-րդ դպրոցը: Ընդունվել էր ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, որտեղ պետք է ուսումը շարունակեր բանակում ծառայությունն ավարտելուց հետո: Պարտադիր զինվորական ծառայությունն անցնում էր ԱՀ ՊԲ ԿՊՇ-ում, որտեղից պետք է զորացրվեր 2021թ. հունվարին…
Արթուր Ասրյանը տասը տարեկանից զբաղվում էր կիոկուշինկայ կարատե մարտարվեստով՝ սկսելով մարզիչ Արմեն Պետրոսյանի մոտ եւ շարունակելով մարզիչ ու ընկեր Արթուր Առուշանյանի մոտ: Քիչ չեն նրա մարզական ձեռքբերումները հայրենիքում եւ երկրից դուրս: Կիոկուշինկայ կարատե դո առաջնությունների ՀՀ բազմակի չեմպիոն է: 2014թ. երեխաների միջեւ Հունաստանում կայացած Եվրոպայի կիոկուշինկայ կարատեի առաջնության արծաթե մեդալակիր է: 2016թ. պատանիների միջեւ Հոլանդիայում կայացած Եվրոպայի կիոկուշինկայ կարատեի առաջնության արծաթե մեդալակիր է: 2016թ. ապրիլին կայացած ՌԴ պատանիների կիոկուշին կարատեի առաջնության հաղթող է: Արժանացել էր շագանակագույն գոտու՝ ոսկե գծիկով: Սեւ գոտու թեկնածու էր: Պարգեւատրվել էր ԱՀ նախագահի կողմից: 2019թ. ծառայության ընթացքում մասնակցել է ՀՀ միջազգային բաց առաջնության:
Մարզչի խոսքով՝ նրանք պայմանավորվել էին, որ զորացրվելուց հետո սպորտում ավելի բարձր արդյունքի պետք է գնային: Ինչքա՜ն նպատակներ ու երազանքներ ուներ տաղանդավոր մարզիկը, որոնք այդպես էլ անկատար մնացին: Դեռ ինչքա՜ն պիտի լսվեր նրա անունը միջազգային պատվանդաններից:
Ծառայությանը մնացել էր երեք ամիս, որ Արթուրը տուն դառնար ու շարունակեր մարզական ուղին: Բանակում հրետանավոր էր: Վրա հասավ պատերազմը: Հայտնի է, որ հոկտեմբերի սկզբին մասնակցել է Ֆիզուլի-Հադրութ առաջին գծում մղված թեժ մարտերին, որտեղ էլ հոկտեմբերի 10-15 –ը ժամանակահատվածում քաջաբար հավերժացավ իր զինակից ընկերների հետ միասին: Երկար ժամանակ չէին կարողանում գտնել նրան: Ընկերների ու հարազատների մոտ դեռեւս հույս կար, որ կարող է ողջ լինել: Ցավոք, ԴՆԹ-ի արդյունքների հիման վրա բազմաթիվ նահատակների մարմինների մասունքների մեջ հայտնաբերվեց նաեւ իրենը: Մարտի 11-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ հուղարկավորության արարողությունը:
Արցախի մարզական աշխարհը կորցրեց սպորտը սիրող ու կիոկուշինկայ կարատեում մեծ հաջողություն ունեցող մարզիկ Արթուր Ասրյանին, որն իր հաղթանակներով դեռ երկար պետք է բարձր պահեր Արցախի անունը: 44-օրյա պատերազմում զոհելով կյանքը՝ Արթուրը դարձավ հավերժ հերոս, այդպիսով դրսեւորելով իր հզոր կամքը, պայքարի բարձր ոգին ու սերը հայրենիքի հանդեպ:
Սերունդները պարտավոր են միշտ բարձր գնահատել նվիրյալ հերոսների՝ փառքով կատարած անմահ գործը:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ