Արցախյան գոյամարտի բոլոր ժամանակներում՝ սկսած 1988-ից, շատ քաջորդիներ են վիրավորվել, որոնց մեծ մասը դարձել է հաշմանդամ։ Այսօր շատ է կարևոր, որ բացի պետական հոգածությունից, նույն քաջորդիների ճակատագրով հետաքրքրվեն, զբաղվեն նաև հասարակական կազմակերպությունները, անհատները, հայ ազգը։


Արդեն տարիների պատմություն ունեցող «Վահագն» ռազմահայրենասիրական հասարակական բարեգործական կազմակերպությունը (ՌՀԲՀԿ) մշտապես հայրենիքի պաշտպանների հետ է։ ՀԿ հիմնադիր նախագահ Կորո Մորուք Կարապետյանի նախաձեռնությամբ ու կազմակերպմամբ՝ հուլիսի 7-ից վիրավոր ու հաշմանդամ դարձած ազատամարտիկների, ժամկետային զինծառայողների համար Սևանա լճի ափին գործում է 10-օրյա ճամբար։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղի հարևանությամբ գտնվաղ «Լոռի-Սևան» հանգստյան վայրում Արցախյան բոլոր պատերազմների 30-ից ավելի մասնակիցներ իրենց հանգիստն են անցկացնում։ Մասնակիցների թվում են տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Մորուք Կարոն տեղեկացրեց՝ «Լոռի-Սևան»-ի տերը՝ Հարություն Իզմիրյանը, մեծ սիրով ու անվճար է տարածքը տրամադրել հայրենիքի պաշտպան վիրավոր ու հաշմանդամ ազատամարտիկների հանգիստը կազմակերպելու համար։ Իր աջակցությունն է ցուցաբերել «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ը՝ ի դեմս հիմնադիր ու գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանի։ Աջակցել են նաև այլք։ Ասաց նաև՝ կարևոր է, և պարտավոր ենք նման միջոցառումներով տոն դարձնել նաև հաշմանդամների օրերը։ Մեծ կարևորություն ունի օգտակար լինել առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկին, վերջին պատերազմների ընթացքում ծանր վիրավորում ստացած ու հաշմանդամ դարձած ժամկետային զինծառայողներին։ Տղերքը պետք է իմանան՝ միայնակ չեն, իսկ միասին լինելով առավել ուժեղ ու առողջ են լինելու։ Շնորհակալություն հայտնեց աջակից և մասնակից հասարակական կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաև բուժքույր, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից Նազանի Հովականյանին, որը փրկել է բազում կյանքեր, վիրավորվել։ Մշտապես նման ճամբարների մասնակից է նաև բուժքույր Գայանե Միրզոյանը, որը օգնում է նաև խոհարար Վլադիմիր Նիկողոսյանին։


Ճամբարի բացման առաջին օրը մասնակիցների համար իրենց հեղինակային ու ռազմահայրենասիրական երգերով հանդես եկան «Հայ Լաո» հայկական երաժշտական ռոք-դուետի հիմնադիրներ՝ երկվորյակ եղբայրներ Տիգրան և Վարդան Թադևոսյանները։ Եղավ նաև «Իշխանի շղթա»-ի հանձնում ռեժիսոր Սամվել Թադևոսյանին։ Ճամբարի աջակից ու մասնակից «Հրադադար մարդկային Կորստի ցավ» ՀԿ նախագահ Աղունիկ Ղուկասյանը ծնվել է Ալավերդի քաղաքում։ Այժմ բնակվում է Երևանում։ Որդիները՝ Արթուր (ծնվ․ 1986թ) և Նարեկ(ծն․ 17․ 01․ 1990թ) Մերուժանի Մարգարյանները, ծառայել են Հայոց բանակում՝ Արցախի ՊԲ-ում։ Նարեկը ծառայում էր Ասկերանի զորամասում։ 2010 թ․ հունվարի 25-ին թիվ 173 դիրքերում թշնամու դիվերսիոն խմբի հետ մարտում հերոսաբար նահատակվել է։ «Երազում էր որդիս, որ դառնար 20 տարեկան։ Իրականացավ երազանքը, բայց օրեր անց եղավ ցավալին․․․ փրկել է վիրավոր ընկերոջը, ինքը և էլի 12 հոգի զոհվել են», -ասաց որդեկորույս մայրը, որն իր մեջ ուժ է գտել ու աջակցում է շատերին։ Իր հարազատ որդիների պես է վերաբերվում հայ զինվորին, հատկապես՝ վիրավորներին, հաշմանդամներին։ Ճամբարի օրերին իր ղեկավարած ՀԿ-ի կողմից պատվոգրեր, շնորհակալագրեր ու մեդալներ հանձնեց մասնակիցներին, ինչպես նաև՝ Գուրգեն Մելիքյանին։ Ճամբարի կայացման գործում ցուցաբերած աջակցության համար Գ․ Մելիքյանը պարգևատրվեց նաև «Սպիտակ» կամավոր ազատամարտիկների միություն ռազմահայրենասիրական ՀԿ-ի շնորհակալագրով ու «Խաչ պահապան» հուշամեդալով։


ՀԿ նախագահ Հայկ Եղիազարյանը ծնվել է 1966թ․ Սպիտակ քաղաքում։ Այստեղ ստացել է միջնակարգ կրթություն։ Արցախյան գոյամարտի առաջին օրերից մասնակցել է մարտական գործողությունների՝ Գետաշեն, Մարտունաշեն, Խոջալու, Մարտունի, Երասխ և այլ վայրերում։ Մասնակցել է նաև 2016 թ․ ապրիլյան մարտերին։ Որդին՝ Հովհաննեսը, 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի կամավոր մասնակից է։ Նույն ՀԿ-ի «Խաչ պահապան» մեդալով պարգևատրվեցի նաև ես։ Արցախյան ազատամարտի մասնակիցներին, զոհվածների ընտանիքներին, վիրավոր ու հաշմանդամ քաջորդիներին աջակցող «Հաղթանակ ազատամարտիկների բրիգադ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, գնդապետ Արսեն Ամիրխանյանը (ծնված 19․ 09․ 1970թ․ Երևանում) մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։ Իր ղեկավարած ՀԿ-ի կողմից պատվոգրեր, շնորհակալագրեր, մեդալներ պարգևեց ճամբարի որոշ մասնակիցների։ Եղել է ՀԱԲ-ի, Մալաթիայի ջոկատի, այնուհետև «Հաղթանակ» ջոկատների մարտիկ։ 1993թ․ ծանր վիրավորվել է Մարտակերտի տարածքում, մեկ տարի անց՝ Աղդամում։ Այժմ ունի առողջական լուրջ խնդիրներ, սակայն այս օրերին գաղափարակից տղերքի հետ է։ Ա․ Ամիրխանյանի հետ ճամբարում էր նաև նույն ՀԿ անդամ, ազատամարտիկ Բուրավետ Խաչատրյանը։ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի առաջին մարտիկներից, 2 զավակների հայր Լևոն Բարսեղյանը, որը մարտնչել է նաև այլ մարտական ջոկատների, ոստիկանության զորքերի կազմում, 3-րդ կարգի հաշմանդամ է, վերջերս մահացել է նրա մայրը։ Ճամբարում էր գտել ծանր խոհերից, իրավիճակից ազատվելը։ «Փառապանծ մարտիկներ» ՀԿ փոխնախագահն է։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ԱՀ «Արիություն» մեդալով, «Տիգրան Մեծ» և այլ մեդալներով, պատվոգրերով։ Ասաց՝ Մորուք Կարոյի հետ ծանոթ է 1988-ից։ «Մեծ պատիվ է մասնակից լինել նման հրաշք ծրագրի։ Հայ եմ ու շատ եմ սիրում իմ հայրենիքը։ Իսկ Հայրենիքն իր զավակներով է ապրում։ Սերունդներին թողնենք ապրելու և ապրեցնելու բանաձևը։ Քո մասին չես կարող շատ խոսել, այլ մեր մասին պետք է իմանան սերունդները․ այդ նպատակով պետք է օրինակ ծառայենք», -ասաց Լևոնը, որի կրտսեր եղբայրը նույնպես եղել է Արցախյան գոյամարտի մասնակից։ Ճամբարում են նաև 2016 թ․ Ապրիլյան քառօրյայի մարտերի մասնակից ու հրաշքով ողջ մնացած տղաներ՝ Դանիելը, Հովոն, Հայկոն։ Չնայած առողջական դժվարություններին՝ տղաներն իրենց զգում են շատ լավ, ուրախ են, որ կա նման ճամբար։ Տղերքի և մնացած ազատամարտիկների, ինչպես նաև կայացող միջոցառումների մասին կգրեմ առանձին։ Տարբեր օրերին կազմակերպվում են նաև դասախոսություններ բժիշկների, մշակութային գործիչների կողմից, ինչպես նաև՝ էքսկուրսիաներ տարածքի պատմական հուշարձաններ։ Իր հեղինակային, ռազմահայրենասիրական, ազգագրական, գուսանական երգերով ճամբարականներին մշտապես ոգևորում է ճանաչված աշուղ Ռազմար Սասունցին։
Ճամբարի հագեցած օրերը նաև նկարահանվում են, լուսանկարվում։ Այս գործում իրենց մասնակցությունն ունեն ճանաչված ռազմական ռեժիսոր, «Չկրակված փամփուշտներ» գեղարվեստական ֆիլմի, «Խոնարհ հերոսներ» և այլ վավերագրական ֆիլմաշարերի ռեժիսոր Սամվել Թադևոսյանը, նկարիչ Սուրեն Արենց Սիմոնյանը, տողերիս հեղինակը։ Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ