ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Արցախում խառը մենամարտերը (MMA)  լայնորեն տարածված ու զարգացող մարզաձեւերից էր՝ շնորհիվ ճանաչված մարզիչ Գարեգին Աղաբալյանի ջանքերի: 2023թ. բռնատեղահանվելուց հետո Գարեգին Աղաբալյանը վերսկսեց  մարզչական գործունեությունը Երեւանում եւ ներկայում նախագահում է Հայաստանի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիան:  Նրա ներդրած կազմակերպչական եւ մարզչական պրոֆեսիոնալիզմը, փորձը եւ նվիրումը դարձնում են մարզումները արդյունավետ եւ ոգեշնչող, որի համար էլ հաղթող մարզիկների եւ մարզիչների կողմից արժանանում է առանձնահատուկ երախտանքի:

Օրերս Թաիլանդի Բանգկոկ քաղաքում կայացած Խառը մենամարտերի (MMA) One Championship մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ղազարյանը փայլուն հաղթանակ տոնեց: Սա աննախադեպ հաղթանակ էր մեր երկրի համար, քանի որ խառը մենամարտերի պատմության մեջ մեր երկրում ապրող, պարապող որեւէ մարզիկի դեռ չէր հաջողվել հաղթել այս հեղինակավոր մրցաշարում:

– Հանդես եկա 56 կգ քաշային կարգում: Սա պրոֆեսիոնալ մենամարտ էր: Մրցակիցս շատ փորձառու՝ ճապոնացի Հիսաշի Էզակին էր: Տեխնիկական նոկաուտով վաղաժամ հաղթեցի նրան առաջին ռաունդից հետո: Քանի որ դեմքի վնասվածք էր ստացել, հրաժարվեց շարունակել պայքարը: Նա բավականին փորձառու մարզիկ է, բրազիլական ջիու-ջիցուի Աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Խառը մենամարտերում ունեցել է 7 հաղթանակ, առանց որեւէ պարտության, հիմա արդեն դարձավ 7 հաղթանակ ու 1 պարտություն: Իսկ ես խառը մենամարտերում արդեն ունեմ 6 հաղթանակ եւ 1 պարտություն:

Զգացողություններս աննկարագրելի էին հաղթանակից հետո, ասես շոկի մեջ լինեի այդ պահին: Ամենաշատը հպարտության զգացողություններ ունեցա: Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, հարազատներիս, մեր զինվորներին, սա միայն իմ հաղթանակը չէ, այլ՝ բոլորինս: Սա իսկապես մեծ հաղթանակ է ինձ համար: Քանի որ իմ ծննդավայր Գավառում չկան պարապելու պայմաններ, դրա համար ես, հաղթահարելով այդքան երկար ճանապարհը, գալիս հասնում եմ մայրաքաղաք, որ մարզվեմ: Բայց երբեք չեմ ընկճվում, քանի որ հենց այդպիսի դժվարությունների շնորհիվ ենք մենք կոփվում ու հասնում նման տպավորիչ հաղթանակների: Շուրջ երկու ամիս պատրաստվել էի այս մրցաշարին: Հաղթանակով բարձրացավ իմ վարկանիշը դասակարգման աղյուսակում: Ինձ համար շատ մեծ պատիվ է, որ մեր երկրում առաջինն եմ ու դեռ միակը, որին հաջողվեց հաղթել այսպիսի հեղինակավոր մրցաշարում: Շնորհակալ եմ Աստծուն, հենց նրա ու իմ հավատքի շնորհիվ եմ հաղթել: Հատուկ շնորհակալություն նաեւ իմ անձնական մարզիչ Ստեփան Շահմուրադյանին եւ Հայաստանի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանին մշտապես իմ կողքին լինելու համար,-ասել է չեմպիոնը:

Կարեն Ղազարյանը 2018-ին Վրաստանում կայացած Խառը մենամարտերի (MMA) սիրողական միջազգային մրցաշարում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի հանդեպ, ընդամենը 13 վայրկյանում տեխնիկական նոկաուտի ենթարկելով նրան: Այս հաղթանակը եւս անմոռանալի է նրա համար:

Կարենի անձնական մարզիչը՝ Ստեփան Շահմուրադյանը, մեկնաբանեց, որ One Championship-ը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մարտական կազմակերպություններից մեկը, որտեղ հանդես են գալիս MMA-ի, մուայթայի, քիքբոքսինգի եւ գրեփլինգի լավագույն մարզիկները աշխարհի տարբեր երկրներից: Այն երկրորդն է UFC-ից հետո: Իր սան՝ Կարեն Ղազարյանի հաղթանակը պատմական է համարում, քանի որ Հայաստանում ապրող, պարապող որեւէ մարզիկ մինչ այս չէր հաղթել այս հեղինակավոր մրցաշարում: Կարենի հետ միասին երկար ճանապարհ են անցել, նրա առաջին տիտղոսը սիրողական MMA-ում Աշխարհի փոխչեմպիոնությունն էր, որից հետո պրոֆեսիոնալ հարթակում հաղթանակ տոնեց GFC-ում,  NAIZA-ում ու արդեն երկրորդ փորձից, դժվար ու շատ կարեւոր հաղթանակ տոնեց One Championship-ում: Մարզչի խոսքով՝ Կարեն Ղազարյանին արդեն տարբեր տեղեր նկատել են եւ ուզում են հրավիրել մենամարտերի արդեն չեմպիոնական գոտիների համար: Կարենը օժտված է կամային բարձր հատկանիշներով, շատ կարգապահ եւ կշռադատված մարզիկ է, որի հետ մեծ հույսեր է կապում մարզիչը: Առանձնահատուկ շնորհակալություն են հայտնում ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանին, որի ներդրումը շատ մեծ է մարզիկների գրանցած հաջողություններում:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ