ԱՅՑ  ԻՋԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ԵՎ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ

«Իջևանի գինու և կոնյակի գործարան» ՓԲԸ (սեփականատեր՝ Էմին Եղիազարյան, տնօրեն՝ Մարտին Մարտիրոսյան) տնօրենության հրավերով հունիսի 27-ին ՀՀ ԳԱԱ հնագիտություն և ազգագրության ինստիտուտի տարբեր բաժիների աշխատակիցների խումբը՝ տնօրեն Արսեն Բոբոխյանի գլխավորությամբ, մեկնեց Տավուշի մարզ։ Այցի առաջնահերթ նպատակն էր՝ ծանոթանալ վերջերս «Իջևանի գինու և կոնյակի գործարան»-ում բացված  հնագիտական-ազգագրական թանգարանին և շրջելով գործարանի տարածքում արտադրամասերում՝ ծանոթանալ հայաստանյան խմիչք արտադրող նորարար և տեխնիկապես զինված խոշոր արտադրողի նորույթներին և ավանդական արտադրանքին:

Մինչ Իջևան հասնելը՝ եղավ այցելություն Գոշավանք-Նոր Գետիկ վանք, որը գտնվում է Գոշ գյուղի հարավ-արևմտյան կողմում՝ Գետիկ գետի աջ ափին։ Միջնադարում հայոց հոգևոր ու մշակութային կյանքում կարևոր դեր ունեցած վանական համալիրը հիմնադրել է Մխիթար Գոշը 1188 թվականին։ Երկրաշարժից ավերված ավելի վաղ շրջանի Գետիկ վանքի մոտակայքում նոր վանական համալիրի հիմնմանն աջակցել է ժամանակի նշանավոր իշխան ու զորավար Իվանե Զաքարյանը։ Այս վանական համալիրում ուսանել են միջնադարում մեր մշակույթի նշանավոր շատ գործիչներ, այդ թվում՝ Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին։ 1243 թ վախճանվում է Մխիթար Գոշը, որից հետո վանական համալիրը կոչվում է նրա անունով՝ Գոշավանք։

Տավուշի մարզկենտրոնում՝ Աղստև գետի ձախափնյա տարածքում գործող Իջևանի գինու և կոնյակի գործարանը հիմնադրվել է 1951 թվականին։ ՀԱԻ աշխատակիցներին դիմավորեց գործարանի մարքետինգի բաժնի ղեկավար Ազա Գևորգյանը։ Գործարանի զբոսավար Անիի ուղեկցությամբ ՀԱԻ աշխատակիցներով շրջեցինք արտադրամասերում, ծանոթացանք գործարանի պատմությանը, արտադրության գործընթացին, համտեսեցինք արտադրվող խմիչքներ։ Այժմ գործարանն իր ապրանքատեսականին մեծացրել է՝ հասցնելով շուրջ երեսուն տեսակի: Գործարանն արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և մրգային գինիներ, փրփրուն գինի, օղիներ, հյութեր եւ պահածոների մեծ տեսականի: Գործարանի արտադրած հայկական կոնյակներից հայտնի են հիմնականում 40 տարեկան , «Աբգար թագավոր», 20, 25 և 30 տարեկան « Նեմրութ» , 22 տարեկան «Իջևանի հատուկ թողարկում գործարան» և 15 տարեկան «Արքա»  և այլ որակյալ խմիչքներ։ Գործարանի տարածքում տնկվել է խաղողի նոր այգի, կան ձիթհանք խորհրդանշող եզներ։ Վերջերս տեղադրվել է նաև վիշապաքար հիշեցնող նորաքանդակ կոթող։ 2025 թ սեպտեմբերին, գործարանում անցկացվող Սան Ռեմո հայտնի իտալական երգի փառատոնի  մոտիվներով, գալա համերգի իրականացմանը զուգընթաց, բացվել է հնագիտական և ազգագրական թանգարան՝ «Իջևանի գինու և կոնյակի գործարանի թանգարան» անվանումով՝ հիմնադիր՝ Էմին Եղիազարյան։ Այս կարևոր գործին իր աջակցությունն է ցուցաբերել ՀԱԻ վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Իրեն Քալանթարյանը։

Գործարանի արտադրամասերին ծանոթանալուց, արտադրվող խիմիչքներ համտեսելուց հետո այցելեցինք թանգարան։ Ի Քալանթարյանը տեղեկացրեց, որ թանգարանի հիմնադրման առիթը հանդիսացել են Տավուշի մարզի Գետահովիտ-2 քարայրի պեղումները, որոնք 2018 թ իրականացվել են իր ղեկավարությամբ՝  գործարանի ֆինանսական օժանդակությամբ: Պեղումներից հայտնաբերված նյութերը պահպանելու նպատակով որոշվել է գործարանում հիմնել թանգարան և ցուցադրել դրանք։ Տեղեկություն տալով քարայրի մասին՝ Ի Քալանթարյանը նշեց՝ այն եղել է բազմաշերտ, որտեղ բացվել են վերին պալեոլիթի, ուշ նեոլիթի, էնեոլիթի և միջնադարյան բնակության հորիզոններ: Առավել հետաքրքիր են ամբողջ պղնձի-քարի դարը ներկայացնող շերտերը, որտեղից նաև խաղողի կորիզների գտածոներ են եղել: Դրանք ցուցադրվում են: Հավելեց նաև «Արժևորելով քարայրի գիտական կարևորությունը՝ գործարանը, ի դեմս պարոն Եղիազարյանի, ֆինանսական կարևորագույն աջակցություն է իրականացրել»: Բացի հնագիտական ցուցանմուշներից, թանգարանում ցուցադրվում են նաև տարածաշրջանի ազգագրական նյութեր։

 Այցի ընթացքում ՀԱԻ տնօրեն Ա․ Բոբոխյանի կողմից թանգարանին նվիրվեց կարևոր գիտական գրքեր, ինչպես նաև՝ հնագիտական նյութեր։ Գործարանի կողմից եղավ նաև հյուրասիրություն։

Զոհրաբ Ըռքոյան