ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Վերջերս Երեւանում՝ «Դինամո» մարզադահլիճում կայացավ տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Հայաստանի խառը մենամարտերի (MMA) պաշտոնական առաջնությունը, որը մեկ հարթակում հավաքեց Հայաստանի լավագույն մարզիկներին՝ տարբեր քաշային եւ տարիքային կարգերում: Մրցումներն աչքի ընկան բարձր մակարդակով, լարված մենամարտերով եւ հանդիսատեսի մեծ հետաքրքրությամբ, իսկ մարզադահլիճում տիրում էր իսկական մարզական տոնական մթնոլորտ:

Առաջնությանը մասնակցեցին մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից եւ ակումբներից՝ ցուցադրելով ոչ միայն ֆիզիկական պատրաստվածություն, այլեւ մարտավարական բարձր ունակություններ եւ կամքի ուժ:  Երիտասարդ շատ մարզիկների համար սա կարեւոր հնարավորություն էր իրենց կարողությունները դրսեւորելու եւ ազգային հավաքականի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար:

Ա. Աղաբալյան, մուայթայ

Մրցաշարի կազմակերպիչները նշում են, որ առաջնության նպատակն է զարգացնել MMA մարզաձեւը Հայաստանում, խթանել երիտասարդների հետաքրքրությունը սպորտի նկատմամբ եւ ձեւավորել միջազգային մակարդակով մրցունակ մարզիկներ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաեւ պատանիների եւ երիտասարդների մասնակցությանը, քանի որ հենց նրանք են հայկական MMA-ի ապագան:

Հաղթողները հնարավորություն են ստանում ներկայացնելու Հայաստանը միջազգային խոշոր մրցաշարերում՝ Աշխարհի պատանիների առաջնություն, Աշխարհի գավաթի խաղարկություն, Աշխարհի երիտասարդների եւ մեծահասակների առաջնություններ, միջազգային հեղինակավոր մրցաշարեր:

Ի. Ազիզբեկյան, ձյուդո

Հայաստանի առաջնությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ խառը մենամարտերը երկրում շարունակում են ակտիվ զարգանալ, իսկ հայ մարզիկներն ունեն մեծ ներուժ միջազգային ասպարեզում բարձր արդյունքներ գրանցելու համար:

Լեւոն Հայրապետյանի անվան սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները գրանցել են հերթական հաջողությունը «Ձյուդոյի Բալթյան գավաթում»: 2026 թվականի հունիսի 5-9-ը Լեհաստանի Գդինիա քաղաքում կայացել է «Judo Baltic Cup» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են ավելի քան 2200 ձյուդոիստներ աշխարհի 10 երկրներից:

Մրցաշարին մասնակցել են նաեւ Լեւոն Հայրապետյանի անվան սամբոյի մարզադպրոցի սաները՝ մարզիչ Իվան Ազիզբեկյանի գլխավորությամբ՝ գրանցելով բարձր արդյունքներ: Մասնավորապես, Արման Պարսիյանցը մինչեւ 18 տարեկանների պայքարում 55 կգ քաշային կարգում գրանցել է 6 հաղթանակ եւ դարձել մրցաշարի հաղթող՝ նվաճելով 1-ին տեղը:

Արման Պարսիյանցը մինչեւ 21 տարեկանների մրցապայքարում եւս հաջող է հանդես եկել՝ 55 կգ քաշային կարգում զբաղեցնելով 3-րդ տեղը՝ գրանցելով 3 հաղթանակ:

Մարզիկ Կարեն Վերդիյանը մինչեւ 15 տարեկանների պայքարում 81 կգ քաշային կարգում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Արդյունքում Հայաստանի թիմը զբաղեցրել է 3-րդ տեղը թիմային հաշվարկով:

Մուայթայի դպրոցականների անդրանիկ աշխարհի առաջնությունը անցկացվել է հունիսի 16-ից 26-ը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում՝ Մերդեկա հրապարակում: Այս պատմական սպորտային իրադարձությունը կազմակերպվել է Մուայթայի սիրողական միջազգային ֆեդերացիայի (IFMA) եւ Դպրոցական սպորտի միջազգային ֆեդերացիայի (ISF) համագործակցությամբ:

Հայաստանի Մուայթայի հավաքականը՝ ֆեդերացիայի նախագահ եւ գլխավոր մարզիչ Ալեքսան Աղաբալյանի գլխավորությամբ հունիսի 16-ին մեկնել էր Մալայզիա ՝մասնակցելու աշխարհի առաջնությանը՝ այս հեղինակավոր ստուգատեսին եւ ներկայացնելու մեր երկիրը միջազգային դպրոցական ասպարեզում: Մինչեւ 16 տարիքային խմբում 56 կգ քաշային կարգում Արայիկ Բրուտյանը նոկաուտով հաղթեց մալայզացի մարզիկին եւ անցավ եզրափակիչ: Գոռ Հակոբյանը մինչեւ 18 տարիքային խմբում 71 կգ քաշային կարգում նոկաուտով հաղթելով ուզբեկ մարզիկին՝ անցավ եզրափակիչ: Արայիկ Բրուտյանը եզրափակչում նոկաուտով հաղթեց ուզբեկ մրցակցին եւ դարձավ չեմպիոն: Գոռ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ տեղը:

Արամ Մոսիյան

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող 8-12 տարեկան պատանիների եւ աղջիկների շախմատի աշխարհի գավաթին, որը մեկնարկել էր հունիսի 16-ին, արցախցի Արամ Մոսիյանը՝ Արցախի հերոս հրամանատար Մերուժան Մոսիյանի թոռը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը, հաղթել է թուրք մրցակցին շախմատի աշխարհի գավաթի առաջնությունում:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ