Ինն ամիս 120 000 մարդու շրջափակած ու սովի մատնած ադրբեջանցիները 2023թ. սեպտեմբերի 19-ի կեսօրին անցան լայնածավալ հարձակման Արցախի բոլոր ուղղություններով: Ադրբեջանի զինուժը նախ կտրեց կապը պաշտպանական դիրքերի ու բնակավայրերի միջեւ, որպեսզի զինվորականները չկարողանան բնակիչներին տեղեկացնել հարձակումների մասին, հետո թիրախավորեց խաղաղ բնակչությանը հենց այն ժամին, երբ երեխաները դպրոցներում ու մանկապարտեզներում էին:
Հարձակման առաջին իսկ ժամերին հիվանդանոցները լցվեցին վիրավորներով, այդ թվում՝ նաեւ երեխաներ: Կրակի տակ էին վիրավորներին մի կերպ տեղափոխում հիվանդանոց: Բլոկադայի պատճառով Արցախում դեղերի պակաս կար:
Միջազգային հանրությունը «ցավում էր», «մտահոգված էր», «կոչեր էր անում»: Արցախը պաշտպանության փոքրաթիվ բանակով մնաց մեն-մենակ Ադրբեջանի բանակի առաջ: Չնայած Մայր Հայաստանի Սահմանադրության մեջ գրված էր, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության եւ անկախության երաշխավորն է, 2023թ. սեպտեմբերի 19-ին պարզվեց, որ Երեւանը մտադիր չէ ներքաշվել ռազմական գործողությունների մեջ հանուն Արցախի: Մինչ ադրբեջանական հրթիռներ էին պայթում Ստեփանակերտում, հայկական ոստիկանությունը Երեւանում լուսաձայնային նռնակներ պայթեցրեց՝ հրապարակում հավաքված այն քաղաքացիներին ցրելու համար, որոնք լուր չունեին Արցախում մնացած հարազատներից ու իրենց հարցերին պատասխաններ էին փնտրում Հայաստանի կառավարության դիմաց: Ռազմական ագրեսիայի սկսվելուց միայն 2,5 ժամ հետո Երեւանը դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան:
Արցախի բանակը հերոսաբար մարտնչել է՝ մնալով մենակ, 9 ամիս շրջափակման մեջ սովամահ լինելով: Արցախցիները հերոսություն են ցուցաբերել ՝լքված ու դավաճանված լինելով ողջ աշխարհի կողմից :
Շրջափակման 283-րդ, ինտենսիվ հրետակոծության 2-րդ օրը, մինչ Երեւանն ու Մոսկվան իրար էին մեղադրում պատահածի համար, Ստեփանակերտը ստիպված էր համաձայնվել ծանր զիջումներին:
Վերջին ու ամենածանր մարտում Արցախը տվեց 223 զոհ, ավելի քան երկու տասնյակը խաղաղ բնակիչ, նրանցից 5-ը երեխա, 11 մարդ դեռ անհետ կորած է: Արցախի պաշտպանության համար մղված վերջին մարտում իրենց կյանքն են զոհել զինծառայողներ Նվեր Ավանեսյանն ու Անդրանիկ Ավագյանը:
Ավանեսյան Նվեր Արարատի

Ծնվել է 1987թ. դեկտեմբերի 7-ին Ստեփանակերտում: Հայրը Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր, զոհվել էր 1994 թ. մայիսի 26-ին:
1995-2005 թթ. Նվերը սովորել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ.1 դպրոցում: 2000թ. սովորել է Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի գեղարվեստական բաժնում: 2007թ. զորացրվել է բանակից եւ նույն թվականին անցել է պայմանագրային զինվորական ծառայության (ՌԵԲ-ում): Ծառայությունը համատեղել է ուսման հետ: 2009-2013 թթ. սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում՝ «Ագրարային արտադրության էկոնոմիկա եւ կառավարում» բաժնում: 2009թ. պարգեւատրվել է պատվոգրով՝ Զորամասի տարեկան տոն օրվա կապակցությամբ ՝ հայրենիքին մատուցած ծառայությունների եւ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների համար: 2013թ. եւս պարգեւատրվել է: 2016թ. մասնակցել է քառօրյա պատերազմին:
2017 թ. վերապատրաստման է մեկնել Երեւան եւ որպես «Կապավոր», զինվորական կոչումով՝ ավագ լեյտենանտ, վերադարձել է, ծառայությունը շարունակել Հադրութ քաղաքում:
Այնուհետեւ նա տեղափոխվել է ԿՊՇ զորամաս՝ Ստեփանակերտ: 2020թ. սեպտեմբերի 27-ին առավոտյան մեկնել է ռազմաճակատ: Մարտական դիրքը Հադրութում էր: Մարտնչել էր անձնվիրաբար՝ հանուն հայրենիքի: Սակայն հոկտեմբերի 13-ին առավոտյան ժամը 8:00-ին նա վիրավորվեց ողնաշարի գոտկային հատվածում: Իսկ նույն օրը ժամը 15:00-ին ծնվեց իր առաջնեկը՝ դուստրը:
Չնայած նրան, որ ողնաշարում բեկորներ են մնացել եւ չի վիրահատվել, այնուամենայնիվ այդպես էլ շարունակել է ծառայությունը:
Նվեր Ավանեսյանը պարգեւատրվել է «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի եւ 2-րդ աստիճանի մեդալներով: Ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ-ի 20-ամյակի «Հոբելյանական մեդալ»-ով:
Հրամանատար, ավագ լեյտենանտ Նվեր Ավանեսյանը դիրքում էր, երբ 2023թ. սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը, եւ այդ նույն օրը նա անմահացավ, կյանքը զոհեց հանուն հայրենիքի (35-րդ դիրքում):
Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ամուսնացած էր, ունի երկու մանկահասակ դուստր:
Ավագյան Անդրանիկ Իվանի

Ծնվել է 1994 թ. օգոստոսի 13-ին Ստեփանակերտում: 2001թ. ընդունվել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան միջնակարգ 11-րդ դպրոցը: 2012թ. դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, իր դիմումի համաձայն ծառայել է Մատաղիսում՝ որպես հետախույզ, հեռաչափող:
Կամավոր մասնակցել է քառօրյա պատերազմին: Եղել է Մարզիլու գյուղի մոտակայքում:
2016թ. ընդունվել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ֆիզկուլտուրայի բաժինը:
2019-2022 թթ. զբաղվել է տարբեր աշխատանքներով:
2022թ. անցել է ծառայության ՊԲ զորամասերից մեկում:
Անմահացել է 2023թ. սեպտեմբերի 19-ին: Հուղարկավորված է Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում:
Ամուսնացած չէր:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողները Հայաստանի Հանրապետության պաշտոնական պետական մարմինների կողմից զանգվածային կամ առանձին կարգով հետմահու չեն պարգեւատրվել: Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգեւատրումներ սովորաբար տեղի են ունենում պետական տոների առթիվ՝ համապատասխան գերատեսչությունների կամ Վարչապետի միջնորդության հիման վրա: Սակայն 19-20 սեպտեմբերի զոհերի մասով համընդհանուր պարգեւատրման պաշտոնական հրամանագիր դեռեւս առկա չէ:
Ներկայացնելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով հերոսաբար զոհված զինծառայողներին, նպատակ ունենք հանրությանն ավելի ճանաչելի դարձնել մեր հերոսներին, որոնք անշուշտ արժանի գնահատական պետք է ստանան՝ համընդհանուր ջանքերով պատմական արդարությունը վերականգնելուց հետո:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ