ԵՐԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ ԿԱՊՈՂ ՕՂԱԿ

«Լուսարար»-ը, հետեւելով  «Վերադարձ» կիոկուշին կարատեի ակումբի մարմնակրթական եւ մշակութային գործունեությանը, նկատեց, որ ակումբի ներքո կոփվող մարզիկների մեջ առանձնանում է մի հետաքրքրիր աղջիկ, որն իր   11 տարեկանում հասել է մեծ արդյունքի՝ մարզվելով մարզիչ Արմեն Պետրոսյանի մոտ: Նրա մասին առանձնահատուկ ուրախությամբ մեզ պատմեց մարզիչը, ինչպես նաեւ հաղորդեց, որ մտադիր են ակումբի ներքո աղջիկների առանձին խումբ բացել եւ ներգրավել կիոկուշին կարատեի մարզումների՝ ակումբի դեռեւս միակ, բայց հզոր աղջնակի օրինակով:

– Արմե´ն, Արցախից բռնատեղահանվելուց հետո Ձեզ հաջողվել է համախմբել շատ մարզիկների: Արդյոք կարատեի մարզումները օգնո՞ւմ են տեղահանված երեխաներին հեշտությամբ հաղթահարել պատերազմի եւ տեղահանության սթրեսը:

– «Վերադարձ» կիոկուշին կարատեի ակումբը ստեղծվել է Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի բազայի վրա, եւ հիմնականում ինձ մոտ մարզվում են արցախցի մարզիկներ: Դա պայմանավորված է նրանով, որ առաջինը՝ արցախցիների մեծամասնությունը մեզ ճանաչում է, այդ մարզիկները նախկինում էլ են պարապել եւ տեղահանությունից հետո եկել են շարունակելու մարզվելն  այստեղ: Երկրորդ՝ մենք մշակում ենք մարմնակրթական եւ մշակութային ծրագիր. մարմնակրթականը կարատեի ուսուցումն է, իսկ մշակութայինը՝ կենդանի շփման միջոցով  Արցախի բարբառի պահպանումը: Բայց մեր շարքերը համալրում են նաեւ տեղացի մարզիկներ, ինչը ցույց է տալիս, որ մենք մեր ուրույն տեղն ունենք Հայաստանի մարզական աշխարհում, եւ շատ հաճելի է, որ մեր շարքերը համալրում են նաեւ Արցախի ծագում չունեցող երեխաներ: Տեղահանված երեխաները ինտեգրման կարիք ունեն: Կարատեն երեխաներին միանշանակ ենթարկում է հոգեբանական ռեաբիլիտացիայի: Կարատեի միջոցով նրանք ձեռք են բերում  բազմաթիվ տեղացի ընկերներ: Եվ դա նպաստում է հեշտ ինտեգրմանը, նոր միջավայրում կայացմանը, կարգապահությանը, սթրեսների հաղթահարմանը: Պատահական չէ, որ ուսման մեջ էլ հաջողակ են մեր սաները:  Դպրոցից ստացած իրենց բազմաթիվ գովասանագրերը բերում են կարատեի ակումբ, եւ մենք, ըստ մեր ակումբի ավանդույթի, նորից նրանց շնորհավորում ենք: Այսինքն՝ կարատեն դրական է ազդում նաեւ մեր մարզիկների առաջադիմության վրա:

– Ձեր սաների մեջ առանձնանում է աղջիկ մարզիկ, ի՞նչ կպատմեք նրա մասին:

– Նա 11 տարեկան Մարիամ Մելքումովան է, որի արմատները Զանգեզուրից են, բայց ծնվել ու մեծացել է Երեւանում: Մեր ակումբի բացման օրվանից սկսել է մարզվել մեզ մոտ: Սկզբնական շրջանում կային նաեւ ուրիշ աղջիկներ, բայց ժամանակի ընթացքում նրանք տարբեր պատճառներով դադարել են հաճախել մարզումների, իսկ Մարիամը մինչեւ հիմա շարունակում է: Ունի բավականին բարձր ձեռքբերումներ, Հայաստանի գավաթի չեմպիոն եւ Հայաստանի առաջնության չեմպիոն է, ինչպես նաեւ, անցած տարվա մեր հաշվետու մրցույթին ճանաչվել է լավագույն մարզիկ: Լինելով զանգեզուրցի՝ Մարիամը դարձել է խորհրդանիշ մեր ակումբի համար՝ կարծես միավորելով երկու հայկական աշխարհ՝ Արցախն ու Հայաստանը: Իր օրինակով ցույց է տալիս, որ մեր ակումբի դռները բաց են բոլորի համար: Երբ ես պարապմունքի ժամանակ սկսում եմ գրական հայերենով բացատրել, տեղացի աշակերտներս ասում են, որ կարող եմ նաեւ բարբառով բացատրել, որովհետեւ իրենք հասկանում են եւ նրանց համար հաճելի է, որ արցախցի երեխաները իրենց բարբառով են խոսում, իսկ իրենք կարատեի պարապմունքների գալով՝ սկսել են ավելի լավ ընկալել ու հասկանալ Արցախի բարբառը: Մեզ համար դա շատ հաճելի է: Այսօրվա դրությամբ մենք ունենք 104 աշակերտ, որոնցից 12-ը երեւանաբնակ մեր տեղացի սաներն են, որոնք արցախյան ծագում չունեն: Հաճելի է, որ գնալով  մեզ միանալ ցանկացողները շատանում են: Այն հանգամանքը, որ մենք արդեն կայացած կազմակերպություն ենք, երեւում է ավելի շատ նրանով, որ մենք կարողացել ենք մարզիկների մեծ թվով մասնակցել գավաթի խաղարկությանը, 64 հոգուց 12-ը կարողացել են գրավել առաջին տեղ, 6 մարզիկ երկրորդ տեղ, 22 հոգի երրորդ տեղ: Առաջին տեղում էր նաեւ Մարիամ Մելքումովան, մեր ակումբի միակ աղջիկը, որը ոչ միայն ուժեղ մարզիկ է, այլեւ մնում է միաժամանակ որպես սիրուն աղջիկ:

– Ինչո՞վ են առանձնանում կարատե պարապող աղջիկները մարզումների ժամանակ եւ առհասարակ կյանքում:

– Կարատեն աղջիկների համար շատ ավելի նպաստավոր մարզաձեւ է, քանի որ առողջությանը որեւէ լուրջ վնաս չի հասցվում, բացի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարատեում ձեռքով գլխին հարվածներ չի թույլատրվում, աղջիկները չեն ստանում գլխի եւ դեմքի շրջանում այնպիսի վնասվածքներ, որոնք կարող են բացասական ազդել իրենց գեղեցկության վրա: Եվ ընդհանրապես, կարատեով մարզվող աղջիկները ունենում են լավ կազմվածք, առողջ ու գեղեցիկ տվյալներ եւ ընդհանուր առմամբ նրանք ունենում են առողջ օրգանիզմ: Կարատեն հիմնված է արեւելյան պրակտիկաների, ճիշտ շնչառության վրա, եւ դրա համար էլ կարատեն նպաստում է հենց աղջիկների մարզմանը եւ ես ուրախ եմ, որ աղջիկներն էլ են մեծ ցանկություն հայտնում մարզվելու:  Աղջիկները մենամարտում են հատուկ պաշտպանիչ հանդերձանքով, ինչը զերծ է պահում ծանր վնասվածքներ  ստանալուց:

Մարիամի մարզական գերազանց  արդյունքի հիմքում նաեւ այն է, որ նա, լինելով ակումբի միակ աղջիկը, միշտ մարզվում է տղաների հետ, մենամարտում է տղաների հետ: Բնականաբար տղաները ուժեղ են աղջիկներից, իսկ մրցապայքարի դուրս գալով այնտեղ, որտեղ կա ուժ եւ  դիմադրություն, ավելի են ուժեղանում եւ  դառնում ավելի հզոր:  Ուժը համառության եւ դիմադրության մեջ է, ըստ ինձ: Մեր ակումբն ունի կարգախոս՝ «ՎԱՀԱԳՆ» հաջողության բանաձեւ, որտեղ ամեն մի տառը մի բառ է խորհրդանշում՝ վարպետություն, աշխատասիրություն, համառություն, անընդհատություն, գերազանցություն, նպատակասլացություն: Այս հատկություններն են ձեւավորվում կարատե պարապող տղաների ու աղջիկների մեջ: Մարիամն այդ ճանապարհն է ընտրել, իսկ մենք գիտենք, որ մեկի հաջողությունը կարող է դառնալ վարակիչ եւ նրա օրինակով նպատակ ունենք առաջիկայում աղջիկների առանձին խումբ բացել: Ի դեպ ուրախությամբ պատրաստ կլինենք ընդունել բոլոր դիմողներին:

Մարիամի եւ նրա նման երեխաների շնորհիվ բռնատեղահանված մեր երեխաները ավելի հեշտ են ինտեգրվում նոր պայմաններին: Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթակիր, Հայաստանի չեմպիոն Մարիամ Մելքումովան կապող օղակ է  դարձել  երկու հայկական աշխարհի՝ Արցախի եւ Հայաստանի միջեւ:

Սոնյա ԱՎԱԳՅԱՆ