Երեխաների ապագան ամենակարեւոր խնդիրն է ծնողների համար, իսկ բարեկեցիկ ապագան հնարավոր չէ կերտել առանց բարեկեցիկ ներկայի: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ մարզական էջն եւս մեկ անգամ անդրադարձավ սպորտի նշանակության թեմային երեխաների կյանքում, հիշեցնելով, որ մանուկ հասակից երեխային որեւէ մարզաձեւում կոփելով՝ հնարավոր է կանխել ապագայում երեւան եկող բազում խնդիրներ: Սպորտային պարբերական մարզումները հիմնական դեր են խաղում փոքրիկ մարզիկների կյանքում, չէ՞ որ առաջին հերթին դա առողջություն է:

Յուրաքանչյուր երեխա, լինելով դեռ շատ փոքրիկ, ունենում է անսպառ էներգիայի հսկայական պաշար, որն արտացոլվում է նրա առօրյա ակտիվ գործունեությամբ: Դա սովորական բիոլոգիական պահանջմունք է մանուկների մոտ: Ծնողների խնդիրն է՝ ժամանակին ուղղորդել այդ ակտիվությունը անհրաժեշտ ուղղությամբ, որպեսզի ապահովվի երեխայի օրգանիզմի սթրեսադիմացկունությունը եւ հորմոնալ զարգացումը, քանի որ բոլոր հայրերն ու մայրերը երազում են, որ իրենց բալիկները մեծանան առողջ եւ լինեն լիարժեք երջանիկ:
Եթե վաղ հասակից երեխաները ձգտում են սպորտով զբաղվել, ուրեմն պետք է ինչքան հնարավոր է շուտ նրան տանել անհրաժեշտ խմբակ: Իսկ ի՞նչ անել, եթե երեխան ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում սպորտի նկատմամբ: Այդ դեպքում ծնողները պետք է արթնացնեն այդ հետաքրքրությունը՝ հետեւելով որոշ կանոնների:

Երեխային կարելի է նվիրել մարզական իրեր՝ գնդակներ, մարզագնդեր, հեծանիվ, ցատկապարան, բռնցքամարտի տանձիկ, մարզական ձեռնոցներ եւ այլն: Ծնողներն առաջին եւ հեղինակավոր մարզիչներն են իրենց երեխաների համար: Այդ պատճառով պետք է զբաղվել համատեղ խաղերով եւ մարզումներով: Կարելի է խաղալ բադմինտոն, վոլեյբոլ, ֆուտբոլ, քշել հեծանիվ: Մայրիկները կարող են հաճախակի պարել երեխաների հետ եւ կատարել տարբեր վարժություններ: Եթե ծնողներից որեւէ մեկը պարապում է սպորտով, կարելի է երեխային ներգրավել դրա մեջ, եթե հնարավոր է: Պարբերաբար տեսնելով պարապող ծնողին՝ երեխան կսկսի օրինակ վերցնել նրանից:
Եթե 3-4 տարեկանում երեխան դեռ չի ընտրել, թե ինչ մարզաձեւով է ուզում պարապել, ուրեմն գրանցեք նրան ցանկացած մարզական խմբակ: Եթե դուր չգա, շարունակեք փնտրել այնքան ժամանակ, մինչեւ կգտնեք հոգեհարազատ մարզաձեւ: Նախքան երեխային որեւէ խմբակ տանելը, պետք է պատրաստել նրան կյանքի այդ նոր փուլին: Անձամբ ծանոթացեք մարզչի հետ եւ զննեք տարածքը, որտեղ անցնելու են պարապմունքները: Պատմեք ձեր բալիկին, որ մարզական խմբում կան ուրիշ երեխաներ, որոնց հետ պարապելն աշխույժ կլինի ու հետաքրքիր: Ասեք մարզչի նշանակության մասին եւ որ՝ նրան պետք է լսել: Իսկ ամենակարեւորը մոտիվացիան է. բերեք օրինակներ որեւէ մուլտիպլիկացիոն հերոսի վրա, հայտնի ֆուտբոլիստի, ճանաչված չեմպիոնի կամ երկրպագվող որեւէ կերպարի: Երեխան հստակ պետք է իմանա, թե ինչու է դա նրան պետք:

Սպորտով զբաղվելն ակտիվ զարգացնում է երեխայի մեջ այնպիսի արժեքավոր հատկություններ, ինչպիսին են ինքնավստահությունը, անհատականությունը, ընդհանուր լեզու գտնելու կարողությունը եւ կոլեկտիվում ինքնադրսեւորվելը: Ինչպես նաեւ, սպորտը բարձրացնում է ինքնագնահատականը եւ կոփում կամքը:
Գիտնականներն ապացուցել են, որ սպորտով զբաղվող երեխաների առաջադիմությունը դպրոցում ավելի բարձր է, քան այն երեխաներինը, որոնք սպորտով չեն զբաղվում:
Մարզվող երեխաները գրեթե ժամանակ չեն ունենում անօգուտ զբաղմունքների համար:
Պարբերաբար մարզվելն ապահովում է երեխայի առողջ քունը: Դրա շնորհիվ օրգանիզմում արտադրվում են էնդորֆին հորմոններ՝ ազատելով երեխայի օրգանիզմը տարբեր մտահոգություններից եւ սթրեսներից:

Սպորտը դեպի քաջառողջություն տանող ուղիղ ճանապարհն է: Սպորտով զբաղվող երեխաների օրգանիզմի դիմադրողականությունը բարձր է, նրանք հազվադեպ են հիվանդանում: Մարզումների ընթացքում օրգանիզմի բջիջները սնուցվում են ավելի շատ թթվածնով: Սպորտը բարենպաստ ազդեցություն ունի մկանների, հոդերի, թոքերի վրա: Այն բարելավում է նաեւ ուղեղի գործունեությունը:

Սկզբունքորեն մոտեցեք այն հարցին, որ ձեր երեխան դառնա ֆիզիկապես կոփված, հոգեպես ներդաշնակ եւ հետաքրքիր մարդ: Սպորտը թերեւս լավագույն խթանն է դրա համար:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ցանկանում ենք, որ յուրաքանչյուր երեխա ունենա ամուր ընտանիք, խաղաղ երկինք գլխավերեւում եւ այն ամենն, ինչ անհրաժեշտ է անհոգ մանկության համար: Թող մանկական ժպիտները լուսավորեն մեր մոլորակը, իսկ յուրաքանչյուր փոքրիկ բնակիչ լինի առողջ եւ երջանիկ:
Սոնյա ԱՎԱԳՅԱՆ