Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի,
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։
Արցախի Օրհներգից

Մայիսի 29-ին Երևանում՝ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) կլոր դահլիճում, տեղի ունեցավ հուշ–ցերեկույթ՝ նվիրված Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր Վարդան Հակոբյանի հիշատակին։ Անհատականություն, ով իր ողջ կյանքը նվիրեց Արցախին։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Վ․ Հակոբյանը նաև Արցախի Օրհներգի հեղինակն է։ Ներկա էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Արցախի գրողների միության նախագահ, ՀԳՄ քարտուղար, բանաստեղծ Նորեկ Գասպարյանը, գրողներ՝ Արցախից ու ՀՀ-ից, մշակույթի գործիչներ, գրականագետներ, Վարդան Հակոբյանի ընտանիքի անդամները, դասախոսներ՝ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանից։ Ցերեկույթը վարում էր բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Ալիսա Բաղդասարյանը։ Բացման խոսքով հանդես եկավ և Վ․ Հակոբյանի մասին խոսեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Բանաստեղծի կենսագրականը հակիրճ ներկայացրեց Ալիսա Բաղդասարյանը։



Արցախի Հադրութի շրջանի փոքրիկ Արփագետիկ գյուղում է 1948 թ․ մայիսի 12-ին ծնվել Վ․ Հակոբյանը։ Վախճանվել է 2023 թ․ փետրվարի 28-ին Ստեփանակերտում՝ Արցախի կորստի տագնապը սրտում։ 1969 թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1969-1983 թթ. աշխատել է Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում, 1976-1983 թթ.՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1983-1991 թթ. Եղել է գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1991 թ.՝ ԼՂՀ գրողների միության նախագահ, միաժամանակ՝ միության պաշտոնաթերթ «Եղիցի լույս»-ի գլխավոր խմբագիր։ 1982 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ Վարդան անունը կնքել է Հովհաննես Շիրազը։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը և Հայաստանի պետական և ժողովրդական թատրոնները բեմադրել են Վ․ Հակոբյանի «Հայելիներ» (1979) և «Քո սերը քո տունն է» (1981) «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» պիեսները։ Հակոբյանը հիմնադրել և խմբագրել է «Արցախ» (1989) երկամսյա և «Պըլը-Պուղի» (1991) երգիծական հանդեսները։ Հիմնադրել է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանը, որի ռեկտորն էր մինչև մահը։ Ճանաչված գրողի ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Գրչակից ընկերոջ մասին պատմեցին Նորեկ Գասպարյանը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը, հոգեբան Արզիկ Մխիթարյանը։ Բանաստեղծ, լրագրող Դավիթ Միքայելյանը, ով մոտ կես դար աշխատել ու ընկերություն է արել Վ․ Հակոբյանի հետ, ջերմ հուշեր պատմեց, ընթերցեց իր գրած բանաստեղծությունը՝ նվիրված երջանկահիշատակ ընկերոջը։
Գարունն աչք բացեց, թե չէ,
Այգետունկը սկսելու եմ
Թթենու դալար շիվից,
Որ հողի մեջ խոր արմատ ձգի,
Զորանա, ձգվի մինչև Արցախ…
Իր ֆեսբուքյան էջում գրել է․ «․․․Երբեմն ինձ (մեզ) մեղադրում եմ, թե ինչու՞ հարազատ օջախներից հեռացանք։ Ու, չնայած մահն էր չոքել մեր դռանը, այնուամենայնիվ, արդարացում չեմ գտնում։ Կարծում եմ՝ ամենաարդարացված վճիռը դու կայացրիր` քո մոտալուտ մահով, Վարդան ջան` անմահանալով քո պաշտելի Արցախի հողում… Երանի քեզ, եղբայր.»։
Արցախ աշխարհի նվիրյալ զավակի մասին խոսեցին նաև հոգեբան Արզիկ Մխիթարյանը, բ․ գ․ թ․, բանաստեղծուհի Զուխրա Երվանդյանը, բ․ գ․ թ․, բանաստեղծուհի Նանար Սիմոնյանը։ Բանաստեղծի ստեղծագործությունները ներկայացրին նաև ժողովրդական արտիստներ Քաջիկ Հարությունյանն ու Սամվել Եվրիյանը։
1997 թվականին, երբ աշխատում էի Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունում, շրջանի Արտաշավի գյուղի դպրոցի տնօրեն, երջանկահիշատակ Վլադիմիր Հարությունյանը ծանոթացարեց Վ․ Հակոբյանի հետ։ Մտերմացանք։ Շատ էր օժանդակում քաշաթաղցի ուսանողներին։ Քաշաթաղի շրջանում բացեցինք Արցախի գրողների միության բաժանմունքը, որը համակարգում էի և մեր հանդիպումները շուտ-շուտ էին լինում։ Իմ հեղինակած նյութերը Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանների մասին տպագրվում էին «Եղիցի լույս» թերթում, որը նաև տարածում էի շրջանի դպրոցներում։ Հաճախ էր Վ․ Հակոբյանը, գրողների հետ այցելում Բերձոր, հանդիպում շրջանում բնակվող գրական ստեղծագործողներին, ծանոթանում դպրոցներին, զրուցում ուսուցիչների, աշակերտների հետ։ Շատ էր սիրում Հարար գյուղի մոտակա Ամուտեղ եկեղեցին։ Պատմում էր մոր հիշողություններն այդ սրբավայրի մասին, որը Հադրութի շրջանի այդ հատվածի բնակավայրերի ընդհանուր սրբավայրն էր, բայց խորհրդային տարիներին Հարար և այլ գյուղեր, նաև սրբատունը՝ ժայռին թառած, բռնակցվել էին Լաչինի շրջանին։ Մայրը եկեղեցին կոչել է Ամըտեղ, այսինքն՝ «Ամեն» ասելու տեղ։ Վերջին տարիներին շատ անհանգիստ էր, չէր համակերպվում կատարվող քաղաքական խաղեր հետ։ Զգում էր վտանգը, որն իրականացավ․․․
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ