ՀԱՎԵՐԺԱՀՈՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

Հովհ. Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ՝ ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով:

Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով,

գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:

Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհ. Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ ու պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայտություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:

Զապել Եսայան

Հովհ. Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի ակադեմիական հրատարակության վերախմբագրված 6-րդ հատորի շնորհանդեսն էր Թումանյանի թանգարանում: Կրկին հավաքվել էին գիտության ոլորտի պատասխանատուներ, բանասիրության վետերաններ ու դեսպաններ՝ մեկ անգամ ևս արժևորելու մեծ հումանիստ Թումանյանի համամարդկային կերպարը ու նրա բեղուն գրիչը:

,,Թումանյանագիտությունը  շարունակում է նոր էջեր բացահայտել: Թումանյանը շարունակում է մնալ անսպառ: Եվ այսօր ակադեմիական շրջանակների ու հատկապես Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ու մեզ համար չափազանց կարևոր ու նշանակալից օր է, քանի որ լույս է տեսել Թումանյանի երկերի վերախմբագրված 6-րդ հատորը: Գիտական աշխատանքները սկսվել են հենց այստեղից, և մեր գիտական հետազոտողներ Լեյլա Ներսիսյանն ու Մարիա Ադամյանը սկսել են տեքստերի մուտքերից: Պիտի նշել, սակայն, որ հատորի գրականագիտական աշխատանքները՝ խմբագրումներ, վերախմբագրումներ ու լրամշակումներ, կատարվել են Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, և մի մեծ թիմ լրջորեն աշխատել է հատորի վրա: Ինչպես Էդ.Ջրբաշյանն է ասել՝ սա Թումանյանի ստեղծագործությունների ետնախորքն է, այսինքն՝ նրա ստեղծագործությունները ավելի լավ հասկանալու համար պետք է անպայման կարդալ սույն հատորում ընդգրկված քննադատական ու հրապարակախոսական նյութերը,, ,- այս խոսքերով բացեց միջոցառումը թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը՝ ողջունելով գիտության բնագավառի թումանյանապաշտ նվիրյալներին:

Գրականագետ, բ.գ.դ. , պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Աելիտա Դոլուխանյանը, վերահաստատելով օրվա միջոցառման կարևորությունը, մեկ անգամ ևս ընդգծեց, որ Թումանյանը մեզ համար սովորական գրող չէ, ինչպես Արշակ Չոպանյանն էր ասում համաշխարհային գրականության մեծերի ու մեր մեծերի մասին. ,,Մեծ  գրողները մարգարեներ են, նրանք սովորական մարդիկ չեն, նրանք տեսնում են ապագան, որ սովորական մարդը չի կարող տեսնել: Թումանյանը նրանցից մեկն էր,,:

Բանախոսը, որը ևս ընդգրկված է այդ հատորի խմբագրակազմում, ուրախությամբ նշեց, որ իրեն բախտ է վիճակվել 30 տարի առաջ լույս տեսած 6-րդ հատորի նյութերն ամբողջությամբ հաճույքով վերընթերցել: Հիշեց, թե խորհրդային տարիներին իրենք ինչպես էին սիրով բաժանորդագրվում Թումանյանի հատորներին, կարևորում ու ընթերցում դրանք, բաժանորդագրության թերթիկներից էլ նվիրում ծանոթ-բարեկամներին՝ որպես թանկագին նվեր: Խոստովանում է, որ այն տարիներին գիրքը մեծագույն արժեք էր ներկայացնում մարդկանց համար, իսկ այժմ մարդիկ հեռացել են գրքից, որի պատճառով էլ այսօրվա իրականության մեջ իշխում են չար ու դաժան արարքները, նահանջում են ազգայինն ու ավանդականը: Շնորհակալություն հայտնելով Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանին ու նրա ողջ թիմին, որն ամբողջ հոգով նվիրված է մեծ գրողի հանրայնացման ու տարածման մեծ ու պատասխանատու գործին՝ Ա.Դոլուխանյանը խոստովանեց, որ չնայած նախկինում կարդացել էր Թումանյանի մասին եղած բոլոր հուշերը, սակայն թանգարանի տնօրենի՝ իրեն նվիրած ամբողջ նամականին՝ Նվարդ Թումանյանի խմբագրությամբ, իրեն մի նոր բացահայտում էր: Եվ քանի որ ինքը ևս ընդգրկված է թանգարանի գիտխորհրդում, առաջարկել է տնօրենությանը, որ այդ գիրքը լույս տեսնի ոչ թե Երևանում, այլ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում, որ այնտեղ ևս իմանան Նվարդ Թումանյանի մասին, որը Թումանյանի աղջիկների մեջ հոր հետ ամենամտերիմն է եղել և հատուկ պատասխանատվություն է կրել՝ նրա մասին բացահայտումներ անելու համար:

Հովհ. Թումանյանը շատ շուտ հեռացավ կյանքից, որին նպաստել է երկու մեծ ողբերգություն՝ Արևմտյան Հայաստանի կորուստը և մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանությունը: ,,Կարդալով Թումանյանի հոդվածները,- շարունակեց բանախոսը,- ինձ թվում է, թե հեղինակը գրել է այսօրվա համար, որով մերժում են ներկայիս իրականությունը: Այո՛, մեծ գրողները վերժամանակյա մարդիկ են, իսկական մարգարեներ: Կարդալով այդ հոդվածները՝ մենք ավելի լավ հայեր կդառնանք մեր հայրենիքի համար, որովհետև իսկական ազգայինը երբեք չի հակասում համամարդկայինին: Խորհրդային տարիներին մենք ավելի ազգային էինք, քան հիմա: Ուրեմն անընդհատ պետք է Թումանյան կարդալ ու միշտ մոտ լինել նրան: Շնորհակալություն այն բոլոր մարդկանց, որոնք աշխատել են այս գրքի վրա, հատուկ շնորհակալություն գլխավոր խմբագրի տեղակալ, բ.գ.դ., դոցենտ Եվա Մնացականյանին, քանի որ բոլոր աշխատանքներն ինքն է համակարգել, և արդյունքում ստացվել է հրաշալի մի գիրք: Թումանյանն աստվածային անհատ էր, աշխատենք միշտ մոտ լինել նրան,,:

Այնուհետև խոսքը փոխանցվեց ժողովածուի վերահրատարակման խմբագրական խորհրդի անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Ազատ Եղիազարյանին, որը մասնավորապես ասաց. ,,Իրոք, շնորհավորելու արժանի է Թումանյանի այս հատորի ծնունդը: Պետք է շնորհավորել բոլոր նրանց, ովքեր նախապատրաստել են այս գիրքը, որում այնքա՜ն հետաքրքիր բան կա կարդալու: Պատահական չեն մեծ գրողի այս խոսքերը.

Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.

Խափան, խոպան ու անպտուղ անցավ առանց արդյունքի:

Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…

Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին…

Ճիշտ էր նաև մեծ Չարենցը, որը Մեծ Լոռեցուն համարում էր ,,Անհաս Արարատը մեր նոր քերթության,,: Թումանյանի ոգին ինքնին լույս է, որ լուսավորում է մարդկանց ու երբեք չի մարում: Երկար տևեց այս գրքի հրատարակությունը, որովհետև ահագին աշխատանք կատարվեց: Այսուհետ ևս պիտի շարունակենք Թումանյանի ժառանգության ուսումնասիրությունը, քանզի այն անսպառ մի շտեմարան է, որը միշտ էլ նորանոր բացահայտումների է տանում հայ բանասիրության նվիրյալներին:

Ռուսներն իրենց հանճարեղ պոետի մասին ասում են՝ Պուշկինը մեր ամեն ինչն է. նույնը մենք կարող ենք ասել Թումանյանի մասին: Թումանյանի մեր հոգևոր աշխարհի կենտրոնն է:

Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև սա մեծ իրադարձություն է մեզ համար,,:

Վերախմբագրված 6-րդ հատորն ամփոփում է հեղինակի 1887-1912թթ. քննադատական, հրապարակախոսական նյութերը և ելույթների՝ պարբերական մամուլում հրապարակված վերաշարադրանքները: Ներկայացված են նաև անտիպ նյութեր: 30 տարի առաջ լույս տեսած 6-րդ հատորի համեմատությամբ այս վերահրատարակությունն ունի ծավալային զգալի տարբերություն՝ 1024 էջ՝ 670-ի փոխարեն: Հատորն անհամեմատ հարուստ է բանասիրական ճշգրտումներով, բնագրային նյութի, տեքստային տարբերակների համալրումներով ու մեկնաբանություններով, նոր հոդվածների, առաջնորդողների ընդգրկումով:

Հայտնի է, որ 1910թ. հունիսից մինչև 1911թ. նոյեմբերի 2-ը բանաստեղծը Լեոյի հետ փաստացի կատարել է ,,Հորիզոն,,-ի խմբագրի պարտականությունները՝ հաճախ տպագրելով առաջնորդողներ՝ առանց ստորագրության: Անստորագիր նորահայտ նյութերի մեծ մասը՝ ,,Կաթողիկոսական հարցը,, , ,,Իզմիրլյանի հրաժարականի շուրջը,, , ,,Չգիտե՞նք… թե՞ անգետ ենք ձևանում,, , ,,Ու՞մ պիտի ընտրել,, , ,,Ու՞մ շուրջը պիտի կենտրոնանան,, , ,,Մամուլ,, , ներկայացնում է ,,Հորիզոն,,-ի խմբագրության ընդհանուր դիրքորոշումն ու տեսակետը կաթողիկոսական ընտրությունների վերաբերյալ: Այդ հոդվածների՝ Թումանյանի գրչին պատկանելը որոշվել է սույն հատորը կազմողների կողմից:

Հոդվածներից մեկում՝ ,,Մեծ ցավը,, , ականատեսն ենք դառնում այն ցավալի իրականության, որը հանգիստ չի տալիս մեծ գրողին. ,,Անցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարևան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ նրանց, ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ: Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մեզ էլ չենք ճանաչում:

Երկիր ունենք – չենք ճանաչում, պատմություն ունենք – չենք ճանաչում, ժողովուրդ ունենք – չենք ճանաչում, գրականություն ունենք – չենք ճանաչում, լեզու ունենք – չենք իմանում: …Պատմություն ունենք – տգետ ենք: Եվ դժբախտաբար դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: …Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դարտարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարքում ոչինչ չի հարգում սկսած իրենից… Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը,,:

Այսօր, ցավոք, մենք ապրում ենք այդ նույն իրականության մեջ, և պատմությունը երբեք դաս չի դառնում մեզ համար:

,,Հայի ոգին,, հոդվածում, անդրադառնալով անհատներին, որոնք բարձր պաշտոն կամ աստիճան ունեն և դրանցից զրկվելով՝ դարձել են ,,օխտը կորածի մինը,, , Թումանյանը նրանց նմանեցնում է մարդկային ցեղերին, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, ,,զենքի զոռ,, ու ֆիզիկական ուժ, բայց դրանք կորցնելով՝ ,,հալվել են ժողովուրդների մեջ ու կորել, և ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնելուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների մեջ,,: Այդքան փորձություն ու տառապանք տեսած ժողովրդին վայել չէ անձնատուր լինել ժամանակի ալեկոծության քմահաճույքին: Եթե այդ վիճակը հասկանալի է խավար բազմության համար, ապա ներելի չէ մտավորականությանը, որը ինչքան էլ խորթ լինի ժողովրդին, իր մեջ պետք է ունենա մարդիկ, որոնք առաջ պետք է անցնեն, որոնեն և ցույց տան, թե որն է ,,էս ժողովրդի ճանապարհը,,: Ամեն ազգի մեջ էլ կան ամեն տեսակի կուսակցություններ ու հոսանքներ, բայց, ինչպես մեծ գրողն է նախանշում, ,,բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը,,:

Թե որն է հայ ազգի ոգին, պետք է որոնենք ու գտնենք մեր պատմության խորքերում՝  Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի, Լոռու, Շիրակի, Արարատի, Մուշի հին վանքերում, Նարեկացու պաղատանքներում, Աբովյանի հայրենասիրական հառաչանքներում ու մորմոքներում:

Անընդհատ Թումանյանի հետ լինենք, որ իմաստնանանք ու անկատարը տարբերենք կատարյալից: Նրա ամեն մի հոդվածը կյանքի մի դաս է ընթերցողի համար:

Հովհ. Թումանյանի թանգարանում կազմակերպված գրքի շնորհանդեսն ավարտվեց գինեձոնով՝ ի նշան Թումանյանի հավերժության և երախտագետ ընթերցողների:

Դու մի անհայտ Բանաստեղծ ես՝ չըտեսնըված մինչ էսօր,

Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:

Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,

Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ