ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՌ ՈՒ ԽՈՆԱՐՀ  ՎԿԱՆԵՐԸ

Ծանրածանր պայքար, վտանգներ և իբրև սրանց բնական հետևանք՝ մշտակա տառապանք. ահա՛ բովանդակությունը հայոց պատմության, ահա՛ եռյակ դաստիարակիչները հայ կամքի: Աշխատանքն է օրենքների օրենքը հայի համար: Կուրորեն կրավորաբար չենթարկվել իր դժխեմ ճակատագրին, այլ պայքարել նրա դեմ, պայքարել շինարարելով: Այսպես են վարվում հայաբարո ժողովուրդները միայն:

Գարեգին Նժդեհ

Գիշերը չէի քնել: Մանկան պես անհանգիստ ու անհամբեր՝ սպասում էի լուսաբացին: Հայրենաճանաչողական արշավի պիտի գնայինք Նախիջևանի սահմանին գտնվող Վայոց ձորի մարզի Կապույտ գյուղը: Արշավը կազմակերպել էլ ,,Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ,,-ը, որը հայտնի է ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած իր հսկայածավալ գործունեությամբ:

Երբ մեքենաները դուրս եկան Երևանից, ու շարժվեցինք դեպի Վայք, հիշողություններիս կծիկը սկսեց գլորվել Արարատի ձյունափառ գագաթների՝ վերահսկող տեսադաշտի հարթությամբ ձգվող մայրուղու լայնարձակ հունով, հասավ Արտաշատ, Արարատ… անցավ Երասխը, բարձրացավ Տիգրանաշենի հայտնի ոլորաններով ու շարունակեց ճանապարհը…

Այս ճանապարհով տարիներ շարունակ՝ ամեն անգամ մայր հայրենիք այցելելուց հետո, ես միայն տունդարձի միտքն էի փայփայում: Ամեն ինչ նույնն էր, ու ես վայելում էի հրաշագեղ բնության զարմանահրաշ տեսարանները. արագիլներն արդեն ձագ էին հանել ու վայելում էին նրանց ներկայությունը, ամենուր գարուն է ու ծաղիկ, զմրուխտյա գարնան թագավորություն:

Մեքենաները սլանում էին առաջ, իսկ ես իմ մտքերի հետ էի ու ապրում էի նույն զգացողությունը, ինչ տարիներ առաջ էր, մինչև որ հասանք ,,Զառիթափ,, ցուցանակին ու թեքվեցինք դեպի աջ… Կարծես ինչ-որ մեկը թրատեց հիշողությանս կծիկը, ընդհատվեց ցնորք-երազս, մնացի կես ճանապարհին /ինձ թվում էր՝ հայրենի տուն էի վերադառնում/:

Վայոց ձորի մարզի Կապույտ գյուղն էինք գնում: Հայրենաճանաչողական այս արշավը բոլորիս սրտով էր: Երկար ու դժվարին ճանապարհը /շինարարական աշխատանքներ էին ընթանում այդ տարածքներում/ հաղթահարելով՝ վերջապես հասանք Նախիջևանին սահմանամերձ Կապույտ գյուղը: Նախ հյուրընկալվեցինք 86-ամյա Արամի ընտանեկան հարկի տակ, որը շատ հյուրամեծար, իր հող ու ջրին նվիրված մի հայ շինական է:

Գյուղը գտնվում է հսկայական ժայռերի միջև՝ մի փոսորակում, իսկ հիմնական բնակատեղին եղել է վերամբարձ ժայռի լանջերին: Ուր ոտք էինք դնում, ամենուր խաչքարեր, գերեզմանաքարեր էին՝ մեր բարբարոս հարևանների ձեռամբ պղծված, փշրտված ու թաղված /հայկական հետքերն էին փորձել ոչնչացնել, սակայն իրականությունը աղաղակում էր/:

Դժվարամատչելի բարձունքը հաղթահարելով՝ հասանք ժայռափոր խաչքարերին, որոնց ոսոխի ձեռքերն անզոր էին հասնելու ու աղարտելու: Ինչպիսի՜ արվեստ, ի՜նչ հրաշալի ու նուրբ ստեղծագործություն. արդյոք ի՞նչ վարպետներ էին հյուսել այդ նախշերը անմատչելի ժայռերին ու ի՞նչ հնարքով: Նայում ես ու զարմանում, թե մարդկային ձեռքը ինչպե՞ս է հասել այնտեղ ու դարերին պահ տվել իր ինքնությունը հաստատող արվեստի անգերազանցելի նմուշները: Մտորում ես՝ ի՜նչ հրաշալի շինարարներ են եղել մեր նախնիները, քարից հիշողություն կերտող ու միաժամանակ քարից հաց քամող մեր նախապապերը:

Կապույտ գյուղը Հայաստանի Վայոց ձորի մարզի փոքր, բայց շատ հարուստ պատմություն ունեցող գյուղերից է /նախկինում հայտնի էր ,,Դարաքանդ,, անունով/: Սա թուրքական տարբերակն է, որը դրվել է 1700-ականներին, դրանից առաջ գյուղն ամբողջությամբ եղել է հայաբնակ՝ հայկական անունով, որը ևս հավանաբար հենց Կապույտ է եղել, որովհետև թուրքերն այն անվանել են Գաբուդ…/: Այն աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ, միջնադարյան վիմափոր խաչքարերով և ,,Կապույտ բերդի,, մնացորդներով: ,,Դարաքանդ,, անվանումը փոխվեց 1989 թվականին, երբ գյուղ սկսեցին տեղափոխվել հայ ընտանիքներ: Տարածքում տեսնելով կապույտ ծաղիկների առատություն՝ վերանվանեցին ,,Կապույտ,,: Գյուղի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղ անցյալից: Հայաստանի հուշարձանների ցանկում ընդգրկված են տասնյակ պատմամշակութային կառույցներ ու խաչքարեր: Ամենահայտնի կառույցներից է ,,Կապույտ բերդ-ամրոցը,, , որը թվագրվում է 13-14-րդ դարերով: Գյուղի գրավչություններից է ժայռին կից միջնադարյան խաչքարերի համալիրը, որը ներկայումս մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար: Գյուղի մոտակայքում է գտնվում նաև ,,Կամարի ձոր,, կոչվող կամուրջը, որի տակով հոսում է գեղեցիկ ջրվեժը: Տեղացիներն ասում են՝ գյուղում ավելի շատ խաչքար կա, քան մարդ:

Շահ Աբասի արշավանքների ժամանակ տեղահանվել են այս գյուղի բնակիչները, և այստեղ սկսել են բնակվել թուրքախոս ցեղեր: 70 տարի շարունակ բնակվելուց հետո նրանք այստեղից հեռացել են 1980-ական թվականներին՝ գյուղը թողնելով իրական տերերին:

Բնակավայրը նախկինում պատկանել է Պռոշյան իշխաններին, եղել է մեծ բնակավայր՝ հարուստ տնտեսությամբ: Կապույտ գյուղի եկեղեցին փլուզվել է 1980-ականներին ադրբեջանական վայրագությունների հետևանքով: Գյուղի այցեքարտը խաչքարապատ ժայռն է: Ամեն խաչքար մի հանգուցյալի կամ ընտանիքի հիշատակին է նվիրված:

1603-1604թթ. Շահ Աբասը, նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում՝ Արցախը, Նախիջևանը և Ջավախքը, պատերազմ սկսեց Թուրքիայի դեմ: Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թուրքախոս ղզլբաշները, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ: Դրանք հետագայում չարիք դարձան նաև պարսիկների համար: 1604 թվականի արշավանքի հետևանքով մոտ 600 հազար հայեր բռնի տեղահանվեցին, որոնց գրեթե կեսը մահացավ դաժան գաղթի ճանապարհին: Ժայռի փեշերով մեկ տարածված խաչքարերը, գերեզմանաքարերը լեզու առած պատմում են ու վերապատմում հայոց անցյալի հպարտության, ցավի ու ավերումի, արարումի, դարեդար հավերժելու, մահվան դեմ կռիվ տալու մասին:

Հայոց սուրբ հողի ամեն մի թիզը մի լեգենդ է, մի ավանդություն, հերոսական մաքառման պատմություն ,,էն չքնաղ էրգրի,,՝ թախիծով, տառապանքով ու ողբերգական շեշտերով լի ճակատագրի մասին:

Այս բոլոր պատմությունները արշավախմբի անդամներիս ներկայացնում էր մեր ,,էքսկուրսավար,, Նաիրի Հոխիկյանը՝ իր հոգում անթեղած հուզախառն զգացողությունները փոխանցելով մեզ:

Հետևում թողնելով այս գողտրիկ թանգարանը՝ հեռացանք գյուղից:

Դեռ չէինք հասցրել ,,մարսել,, Կապույտ գյուղի հարուստ անցյալի մասին պատմող տեղեկությունները, երբ շարժվեցինք դեպի Վայոց ձորի մարզի հաջորդ գյուղ՝ Մարտիրոս…

Սրտիս կապարի ծանրություն էր իջել, հոգիս ուզում էր պոռթկալ անհուն ցավից. ,,Այս զարմանահրաշ երկրի, գեղատեսիլ բնաշխարհի, հուշարձանների առատությունից ավելի ու ավելի սրբացած այս հողի մեկ սանտիմետրն անգամ ո՞նց կարելի է թողնել դարավոր ոսոխին, ինչքա՞ն պիտի զուրկ լինել բանականությունից, որ զիջես նրա մեկ թիզն անգամ..,,:

Կորստի ու կորցնելիքի խառնիճաղանջ մտքերը քրքրում, բզկտում էին հոգիս ու հագիստ չէին տալիս ինձ… Բայց աշխատեմ մնալ լավատես:

Հասանք Մարտիրոս գյուղի եկեղեցուն: Հեռվից նայողին թվում էր, թե լեռան վրա դուռ է բացված: Մոտեցանք, բացեցինք դուռը, մտանք ներս, մոմ վառեցինք մեր երկրի արժանապատիվ խաղաղության համար, ծանոթացանք բացառիկ սրբավայրի, ուխտատեղիի պատմությանը: Մեծությամբ Գեղարդից հետո սա երկրորդ ամենամեծ ժայռափոր եկեղեցին է: ,,Մարտիրոսաց վանք Սուրբ Աստվածածին,, եկեղեցին կառուցել է Մարտիրոս վարդապետը 1286 թվականին: Վանքը բաղկացած  է երկու եկեղեցիներից: Նայում ես ու հիացմունքով արձանագրում, թե ինչպե՞ս է տեղի ունեցել անսահման հավատքի ու ստեղծագործ մարդու հանճարեղ մտքի միաձուլումը այստեղ:

Մինչ օրս պահպանվել են հին գյուղատեղին, վանքի միաբանների կացարանների ավերակները, մինչև գետ փորված 200 մետրանոց հորանցի մուտքը: Սրբավայրն ամեն տարի իր մոտ է բերում հազարավոր ուխտավորների աշխարհի տարբեր անկյուններից: Արժե անպայման այցելել այս ուխտատեղին ու ամրապնդել հավատն առ հայրենիք:

Օրվա վերջին կանգառը Վայոց ձորի մարզի բարձր լեռնային և սահմանամերձ Սերս բնակավայրն էր:

Գյուղն ունի հին ու վաղեմի պատմություն: Անհայտ է, թե երբ է հիմնադրվել: Միայն հայտնի է, որ Սերսը պատկանելիս է եղել պատմական Հայաստանի Սյունիք նահանգին: Պահպանվում է գյուղի եկեղեցին, որի հիմնադրման տարեթիվը նույնպես անհայտ է: Հայտնի է, որ եկեղեցին վերանորոգվել է 1525 թվականին: 1604 թվականին գյուղի բնակիչները գաղթել են Շահ Աբասի արշավանքի հետևանքով: Վերաբնակեցվել է 1828 թվականին պատմական Հայաստանի Սալմաստ գավառի Սաֆրա գյուղից գաղթած հայ ընտանիքներով:

1918-1920թթ.-ի հայ-թուրքական բախումներից գյուղն անմասն չի մնացել՝ տալով բազմաթիվ զոհեր ու ծնելով նոր հերոսներ: Հայրենական մեծ պատերազմ մեկնած 106 սերսեցիներից վերադարձել է միայն 53-ը: Սահմանամերձ գյուղ լինելով՝ 1988-1994թթ. նորից հայտնվել է պատերազմական իրավիճակում, սակայն բնակիչների վճռականության շնորհիվ դարձել է անխոցելի մի ամրոց: Սերսի տարածքում են գտնվում Մեծ Վանք, Սուրբ Հովհաննես /19-րդ դար/ և 17-րդ դարի եկեղեցիներ, իսկ 1,5կմ հարավ-արևմուտք՝ Թուխ Մանուկ մատուռը /17-րդ դար/ և խաչքարեր:

Կեսօրից հետո պարբերաբար սկսվող ու դադարներով ուղեկցվող հորդառատ անձրևը, որոտն ու կայծակը, մերթընդմերթ փայլող արևը խոսում էին հինավուրց այդ երկրի ժողովրդի հարափոփոխ ճակատագրի, մաքառումների ու բնավորության գծերի մասին: Շանթն ու կրակը, ամպերն ու շռնդալից անձրևը, արևն ու լույսը այն հիմնական հատկանիշներն են, որով մեր ժողովուրդը խոսել է աշխարհի ու դարերի հետ:

Օրվա հարուստ տպավորություններով հագեցած ու այդ ամենը հոգում ամբարած՝ երեկոյան բռնեցինք տունդարձի ճանապարհը՝ համոզված, որ, միևնույն է, գալու է այն արժանապատիվ ու հպարտ  սերունդը, որը երբեք չի հանդուրժելու իր սուրբ հայրենիքի մի թիզ հողի կորուստն անգամ:

Տպավորություններ, որ շատ երկար են մնալու մեր հիշողության գանձարանում:

Շնորհակալություն ,,Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ,,-ին՝ հայրենաճանաչողական այս հրաշալի նախաձեռնության համար:

Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք ու տեր լինենք նրան:

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ